Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Այնպես որ, բարու ցանկացած ձևի մեջ գոյություն ունենալու համար ոչ թե սոսկ գիտակցություն, այլ զգացմունքային գիտակցականություն է անհրաժեշտ: Պարզ դիտարկումը չի գործի, պահանջվում է արժևորում:
Նախապատվությունն ի վերջո իռացիոնալ է
Մենք, հետևաբար, պիտի միանգամից ընդունենք այս աքսիոմը, որն անհրաժեշտ է ողջ բարոյական փիլիսոփայությանը և անխուսափելի` մտքի վճռական անհետևողականությունը որոշակի դարձնելու համար, որ չկա որևէ արժեք առանց դրա որոշակի գնահատման, և որևէ բարիք` դրա հանդեպ որոշ նախապատվությունից զերծ, դրա բացակայությունից կամ հակադրության ի հայտ գալուց առաջ: Գնահատման, նախապատվության մեջ են ցանկացած կատարյալի հիմքն ու էությունը: Կամ ինչպես Սպինոզան է հստակ արտահայտվել` մենք չենք ցանկանում մի բան, քանի որ այն լավն է, այլ այն լավն է միայն, քանի որ ցանկանում ենք դա: Ճշմարիտ է, որ բնազդական ռեակցիայի բացակայության դեպքում մենք դեռ կարող ենք կիրառել այս մակդիրները` հետևելով սովորությանը: Մենք կարող ենք համաձայնվել, որ գործողությունը վատն է, կամ շինությունը լավն է, որովհետև դրանցում ճանաչում ենք մի հատկանիշ, որը սովոր ենք անվանել այդ ածականով, բայց քանի դեռ մեր մեջ կրքոտ մերժման կամ զգայական վայելքի որոշ հետքեր կան, չի կարող լինել բարոյական կամ էսթետիկական դատողություն: Այդ ամենը խոսքի առանձնահատկության և իրերի դատարկ անվանումների հարց է: Բառացի և մեխանիկական արտահայտությունը, որ հարմար է արժեքի դատողության համար, այս հարցի անկարողության լուրջ պատճառ է: Անընկալունակությունը շատ հպանցիկ է բառերի ավանդական գործածման դեպքում: Եթե մենք ավելի հաճախ դիմեինք իրական զգացմունքին, մեր դատողություններն ավելի բազմազան կլինեին, նաև` ավելի իրական և ուսանելի: Բանավոր դատողությունները հաճախ մտքի օգնական գործիքներն են, սակայն դրանցով չէ, որ արժեքը կարող է, վերջին հաշվով, սահմանվել:
Արժեքները հայտնվում են կենսական ազդակի նկատմամբ անմիջական ու անըմբռնելի ռեակցիայից և մեր էության իռացիոնալ մասից: Ռացիոնալ մասն իր էությամբ հարաբերական է, այն առաջնորդում է մեզ փաստից դեպի եզրակացություն կամ մասերից դեպի ընդհանուրը, այն երբեք չի ՙհղկում՚ փաստերը, որոնց հետ գործ ունի: Եթե ինչ-որ նախապատվություն կամ պատվիրան հռչակվել է հիմնական և ելակետային, այն, այդպիսով, հռչակվել է որպես իռացիոնալ, մինչդեռ մտորումը, եզրահանգումը և սինթեզը ռացիոնալության էությունն են կազմում: Ռացիոնալության գաղափարն ինքնին նույնքան պայմանական է, նունքան կախված սահմանափակ կառուցվածքի կարիքներից, որքան որևէ այլ գաղափար: Միայն որպես մտքի ծայրագույն խաղաղ անխռովություն, որին անգիտակցորեն ձգտում է փիլիսոփան, այն որևէ կարևորություն ունի նրա համար: Որքան էլ ճշմարիտ լինի արտահայտությունը, թե բանականությունը պահանջում է ռացիոնալություն, այն, ինչ իրականում պահանջում է ռացիոնալությունը, ինչը դարձնում է նրան ընդունելի ու անհրաժեշտ և օժտում լիակատար հեղինակությամբ, ոչ թե նրա սեփական բնույթն է, այլ միաժամանակ ապահով ու հաշվարկվածառարկայական գործունեության և հասկանալու հաճույքների մեջ ռացիոնալության մեր կարիքը:
Ակնհայտ է, որ գեղեցիկը արժեքի տարատեսակ է, և այն, ինչ ասել ենք արժևորման մասին, ընդհանուր առմամբ վերաբերում է նաև այս մասնավոր տեսակին: Այդպիսով, գեղեցիկը սահմանելու համար սկզբում բացառվել են բոլոր մտավոր դատողությունները, բոլոր փաստացի կամ վերաբերական դատողությունները: Փաստացի դատողություններն արժևորման դատողություններով փոխարինելը բծախնդրության և փոխառյալ քննադատության նշան է: Եթե մենք արվեստի ստեղծագործությանը կամ բնությանը գիտականորեն ենք մոտենում հանուն նրա պատմական կապերի կամ առանձնահատուկ դասակարգման պահպանման, ապա մեր մոտեցումը էսթետիկական չէ: Այլապես դրա ստեղծման ժամանակաշրջանը կամ հեղինակին պարզելը հետաքրքիր կարող էր լինել. դա միայն աննշան կերպով է ազդում մեր էսթետիկական գնահատումների վրա` ուղղակի ազդեցությանը միայն որոշակի զուգորդումներ ավելացնելով: Եթե ուղղակի ազդեցությունը բացակայեր, և առարկան էլ ինքնին հետաքրքիր չլիներ, հանգմանքները ոչ մի դեր չէին ունենա: Մոլիերի Միզանտրոպն ասում է պալատական բանաստեղծին, որը գովում է նրա սոնետը քառորդ ժամում գրված լինելու համար. «Դե ի՛նչ, պարոն, ժամանակը երբեք ոչինչ չի փոխի…», և հնագիտության մեջ խորացած քննադատին էլ այսպես պետք է ասեինք. «Մեզ ցույց տուր գործը և հանգիստ թող թվականը»:
Հակառակ ուղղությամբ փաստերի արժեքների նույն փոխարինումն ի հայտ է գալիս, երբ փաստի վերարտադրությունը կատարվում է արտիստական վարպետության բացառիկ ստանդարտին համապատասխան: Բազմաթիվ կիսավարժ դիտորդներ արհամարհանքով խոտանում են որոշ պրիմիտիվ կամ արտասովոր վարպետների գործերը, քանի որ, ինչպես նրանք են անկեղծորեն ասում, վատ է նկարված: Ենթադրվում է, թե բնօրինակի ճշգրիտ ընդօրինակությունը ամեն գեղեցիկի անհրաժեշտ պայմանն է: Ճշգրտությունն իսկապես ազդեցիկության տարրերից է, և հատկապես գրեթե պարտադիր, երբ վերաբերում է խիստ ծանոթ առարկաներին, քանի որ դրա բացակայությունը հիասթափություն և անբավարարվածություն կպատճառեր, ինչն անհամատեղելի է վայելքին: Մենք սովորում ենք ավելի ու ավելի արժևորել ճշմարտությունը, բնության հանդեպ մեր սիրո ու գիտելիքների բազմապատկման համեմատ: Սակայն ճշգրտությունը միայն արժանիք է, քանի որ այն, այսպիսով, մեր հաճույքի գործոններից է: Այն միևնույն հարթության վրա է հայտնվում ազդեցության մյուս բոլոր բաղադրիչների հետ միասին: Երբ մարդ բարձրացնում է այն մինչև բացառիկ նախապատվության աստիճան և անընդունակ է դառնում որևէ այլ բան գնահատել, նաբացահայտումէ իր խարխլվածգեղագիտական կարողությունը: Գիտական ավանդը նրա մեջ խոչընդոտում է գեղարվեստականին:
Այն, որ փաստերն իրենց ուրույն արժեքն ունեն, միաժամանակ բարդացնում և պարզաբանում է այս հարցը: Մեզ, բնականաբար, հաճելի է յուրաքանչյուր ընկալում, իսկ ճանաչումն ու զարմանքը հատկապես սուր զգացողություններ են: Երբ մենք ակնառու ճշմարտություն ենք տեսնում ցանկացած նմանակման մեջ, հիանում ենք. այս կարգի հաճույքը բավական տրամաբանական է և դասվում է բոլոր ներկայացուցչական արվեստների լավագույն էֆեկտների շարքին: Ճշմարտացիությունը և ռեալիզմն, այսպիսով, էսթետիկորեն հաճելի են, սակայն միայն դրանք բավարար չեն, քանի որ ամեն ինչի արտահայտությունը հավասարապես հաճելի և տպավորիչ չէ: Այն փաստը, որ նմանությունը բավականության աղբյուր է, արդարացնում է այդպիսի պահանջ ներկայացնող քննադատին, մինչդեռ այսօրինակ ճշգրտության էսթետիկական անբավարարությունը ցույց է տալիս ճշմարտացիության արժեքի տարբերությունը գիտության մեջ և արվեստում: Գիտությունը արձագանք է ինֆորմացիայի պահանջին, և նրանից մենք պահանջում ենք բացարձակ ճշմարտություն և ոչինչ ճշմարտությունից բացի: Արվեստն արձագանք է ժամանցի պահանջին` մեր զգացողություններն ու երևակայությունը խթանելու համար, և ճշմարտությունը մուտք ունի այնտեղ, եթե միայն նպաստում է այս նպատակներին: