Ռուբիկոն

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այնուամենայնիվ, անգամ ճշմարտության գիտական արժեքը վերջնական և բացարձակ չէ: Այն հիմնվում է մասամբ գործնական, մասամբ էլ էսթետիկական հետաքրքրությունների վրա: Քանի որ մեր գաղափարներն աստիճանաբար համաձայնեցվում են փաստերի հետ ընտրության տանջալի պրոցեսի միջոցով, – որովհետև ներըմբռնումը հավասարապես բախվում է ինչպես ճշմարտությանը, այնպես էլ մոլորությանը և չի կարող ոչինչ հաստատել, եթե չղեկավարվի փորձառությամբ, – մենք նշանակալի հաղթանակի ենք հասնում մեր տնօրինության տակ եղած միջավայրի հանդեպ: Սա բնական գիտությունների տված մեծագույն արժեքն ու արդյունքն է մեր օրերում: Բնության և կյանքի մեր պատկերացումներն ավելի լավը չեն, քան մեր նախնիներինը, սակայն մենք ավելի մեծ նյութական ռեսուրսներ ունենք: Այս իսկ պատճառով պետք է իմանալ ճշմարտությունը իրերի կազմության ու պատմության մասին: Սա անհրաժեշտ է նաև մեզ ընձեռվող ավելի լայն հորիզոնի տեսանկյունից, քանի որ բնություն ուսումնասիրելը հիասքանչ ու հրաշալի է, լի խորիմաստ թախիծով և մեծ խաղաղությամբ, այն մեզ է վերադարձնում ժառանգորդի` որպես մոլորակի զավակների մեր իրավունքը և երկրագնդի վրա քաղաքացիություն է տալիս: Սա գիտական աշխարհայացքի բանաստեղծական արժեքն է: Այս երկու` գործնական ու երևակայական, շահերից է առաջանում ճշմարտության ամբողջ արժեքը:

Էսթետիկական և բարոյական դատողությունները համապատասխանաբար պետք է միասին դասակարգվեն. ի տարբերություն մտավոր դատողությունների, երկուսն էլ արժևորման դատողություններ են, մինչդեռ մտավոր դատողությունները փաստի դատողություններ են: Եթե այս վերջինը որևէ արժեք ունի, ապա միայն ածանցյալ, և մեր ամբողջ մտավոր կյանքի միակ արդարացումը նրա կապն է մեր հաճույքների և ցավերի հետ:

Բարոյական և էսթետիկական արժեքների տարբերությունը

Էսթետիկական և բարոյական դատողությունների, գեղեցիկի և բարու միջև կապը սերտ է, սակայն նրանց միջև սահմանազատումն անհրաժեշտ է: Այս տարբերակման մի գործոնն այն է, որ էսթետիկական դատողությունները հիմնականում դրական են, այսինքն` բարու ընկալումներ են, մինչդեռ բարոյական դատողությունները հիմնականում և արմատապես բացասական կամ չարի ընկալումներ են: Տարբերակման մեկ այլ գործոն է այն, որ երբ գեղեցիկի ընկալման մեջ մեր դատողությունն անպատճառ առկա է և հիմնված է անմիջական փորձառության բնույթի, բայց ոչ երբեք առարկայի հնարավոր օգտակարության գաղափարի գիտակցության վրա, ապա բարոյական արժանիքների վերաբերյալ դատողություններն, ընդհակառակը, միշտ հիմնված են, երբ դրանք դրական են, հավանական օգուտի գիտակցության վրա: Այս երկու տարբերակումներն էլ կարիք ունեն որոշ պարզաբանման:

Հեդոնիստական բարոյագիտությունն անընդհատ ստիպված է եղել պայքարել մարդկության բարոյական զգացումի դեմ: Լուրջ անհատները, որ զգացել են կյանքի կշիռն ու մեծությունը, ապստամբում էին այն կարծիքի դեմ, թե ճիշտ վարքի նպատակը վայելքն է: Հաճույքը սովորաբար նրանց ներկայանում էր որպես փորձություն, և նրանք երբեմն հասնում էին այն բանին, որ հաճույքից խուսափելը համարում էին առաքինություն: Ճշմարիտ է, որ բարոյականությունը հիմնականում ոչ միայն մտահոգված չէ հաճույքի ձեռքբերմամբ, այլև իր ամենախոր և առավել հեղինակավոր սկզբունքներին համապատասխան` ավելի շուտ զբաղվում է տառապանքների կանխարգելմամբ: Ինչ-որ հակաբնական բան կա հաճույքի կանխամտածված հետապնդման մեջ, ինչպես և անհեթեթ է վայելքի պարտադրանքը: Մենք պարտավորվածություն չենք զգում այդ առումով, այլ բնականորեն տրվում ենք վայելքին այն բանից հետո, երբ կյանքի անհրաժեշտ աշխատանքն արված է, և մեր հաճույքների ազատությունն ու ինքնաբուխ լինելն այն է, ինչ առավելապես ներհատուկ է դրանց:

Կյանքում տխուր գործերից է որոշակի ահասարսուռ չարիքներից հնարավորինս խուսափելը, որոնց մեզ ենթարկում է մեր բնությունը. դրանք են` մահը, սովը, հիվանդությունը, ձանձրույթը, մեկուսացումը և անարգանքը: Յուրաքանչյուր բարոյական հրահանգի ետևում ուրվականների նման կանգնած այս երևույթների սարսափելի հեղինակության կողքին իրականում խոսում է խիղճը, իսկ միտքը, որի վրա դրանք բավականին ազդեցություն են թողել, չի կարող ի հակադրություն հաճույքի չզգալ փնտրտուքի անհույս ճղճիմությունը: Այն չի կարող չզգալ, որ անսանձ զվարճությանն ու փոփոխվող ցանկություններին թողնված կյանքն աննկատելիորեն կգլորվի ճակատագրական վտանգների գիրկը: Այդուհանդերձ, այն պահին, երբ հասարակությունը ազատվում է միջավայրի սկզբնական ճնշումից և հուսալիորեն պաշտպանվում հիմնական չարիքներից, դանդաղորեն զարգանում է բարոյականությունը: Կյանքի ձևերը, որ հետագայում կընդունվեն, չպետք է բռնի ներմուծվեն բարոյական հեղինակության կողմից, այլ սահմանվեն ցեղի հանճարով, պահի հնարավորություններով և առանձին անհատների ճաշակներով ու ներքին հնարավորություններով: Պարտականության տիրապետությունն իր տեղն է զիջում ազատության իշխանությանը, իսկ իրավունքն ու պարտավորությունը` նրբագեղության տիրապետությանը:

Գեղեցիկի արժևորումը և նրա մարմնավորումն արվեստներում գործունեություն է, որ պատկանում է մեր տոնական կյանքին, երբ մենք մի պահ ազատվում ենք չարիքի ստվերից ու վախի ստրկությունից և հետևում մեր էության ձգտմանը, ուր որ այն կորոշի առաջնորդել մեզ: Արժեքներն, ուրեմն, որոնց հետ գործ ունենք այստեղ, դրական են, մինչդեռ բարոյականության ոլորտում դրանք բացասական էին: Այլանդակը հազիվ թե բացառություն լինի, քանի որ այն պատճառ չէ որևէ իրական տառապանքի: Այն ինքնին ավելի շուտ զարմանքի աղբյուր է: Եթե նրա առաջարկը կենսականորեն վանող է, նրա ներկայությունն իսկական չարիք է դառնում, որի դեմ մենք որոշակի գործնական և բարոյական վերաբերմունք ենք դրսևորում: Համապատասխանաբար, ինչպես տեսանք, հաճելին երբեք չի դառնում իսկապես ճշմարիտ բարոյական հրահանգի առարկա:

Աշխատանք և խաղ

Այստեղ մենք ունենք, ահա, էսթետիկական և բարոյական արժեքների տարբերակման համար մի կարևոր տարր: Այն նույնն է, ինչ ցույց ենք տվել հայտնի աշխատանք-խաղ հակադրության մեջ: Այս տերմինները կարող են օգտագործվել տարբեր իմաստներով, և բարոյական դասակարգման մեջ դրանց կարևորությունը տարբերվում է իրենց ունեցած նշանակությունից: Կարող ենք խաղ անվանել ցանկացած անօգուտ գործունեություն, կիրառություն, որ բխում է հոգեբանական շարժառիթից` սպառելու համար այն էներգիան, որը կյանքի ծայրահեղ անհրաժեշտությունն ի հայտ չի բերել: Այդ դեպքում աշխատանք կլինի ցանկացած գործողությունը, որն անհրաժեշտ և օգտակար է կյանքի համար: Ակնհայտ է, որ եթե աշխատանքն ու խաղն, այսպիսով, օբյեկտիվորեն սահմանվեն իբրև համապատասխանաբար օգտակար և անօգուտ գործողություններ, ապա աշխատանքը կլինի գովաբանական, իսկ խաղը` արհամարհական տերմին: Անշուշտ, ավելի լավ կլիներ, որ մեր ամբողջ էներգիան շահութաբեր լիներ, և ոչինչ չկորչեր աննպատակ գործունեության պատճառով: Խաղն այս առումով անլիարժեք համարվելու նշան է: Այն հատուկ է մանկությանը, երբ մարմինն ու միտքը դեռևս չեն կարող հարմարվել միջավայրին, սակայն անվայել է հասուն տարիքին և ամոթալի է ծեր տարիքում, քանի որ այն նշան է մարդկային բնության թուլացման և կյանքի ընձեռած հնարավորություններից օգտվելու անկարողության:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Նկարչի տեքստը, Աստիճաններ Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…