Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Զգայական գեղեցկությունն ազդեցության ամենամեծ կամ ամենակարևոր տարրը չէ, սակայն ամենից նախնականն ու հիմնականն է, ինչպես և ամենահամապարփակը: Գոյություն չունի ձևի ազդեցություն, որը նյութի ազդեցությամբ հնարավոր չլիներ ուժեղացնել, և նյութի այս ներգործությունը, ստորադաս լինելով ձևի ներգործությանը, վերջինիս ավելի մեծ զորությամբ է օժտում, և առարկայի գեղեցկությանը հաղորդում է որոշակի յուրահատկություն, ավարտունություն և անսահմանություն, ինչը հակառակ դեպքում կպակասեր նրան: Եթե Պարթենոնը կառուցված չլիներ մարմարից, իսկ թագավորական թագը` ոսկուց, աստղերն էլ չլինեին կրակից, ապա դրանք խղճուկ և առօրեական կլինեին: Ավելի մեծ իշխանությունը, որ նյութիգեղեցկություննունիմերզգայարանների վրա, խթանում է մեզ այնտեղ, որտեղ ձևը նույնքան վսեմ է և բարձրացնում ու ուժգնացնում է մեր զգացմունքները: Մեզ անհրաժեշտ է այս խթանիչը, եթե մեր ընկալումները պետք է հասնեն ուժգնության ու սրության գագաթնակետին: Ոչինչ չի կարող հիացմունք պատճառել, եթե լիակատար գեղեցկություն չունի:
Մեկ տեսակետ ևս: Զգայական գեղեցկության ավելի լայն տարածումը այն ասես դարձնում է «աղքատի զարդարանք»: Ավելի քիչ գործոններ են անհրաժեշտ այն ստեղծելու համար և պակաս փորձառություն` այն գնահատելու:
Զգայարաններն աշխատանքի կարևոր գործիքներն են, որ զարգացել են կենսական անհրաժեշտության շնորհիվ, սակայն դրանց կատարյալ զարգացումը ներդաշնակություն է ստեղծում օրգանի ներքին կառուցվածքի ու բնազդի և այն գործածելու արտաքին հնարավորությունների միջև, և այս ներդաշնակությունը հաճույքների անվերջ աղբյուր է: Զգացումների ոլորտում, հետևաբար, մարդու որոշակի մշակվածությունն անհրաժեշտ է, ընդ որում, հաճախ իհարկե ավելի մեծ չափով` անկիրթ մարդկանց, կենդանիներին, քան նրանց, որոնց հուզող հարցերն ավելի լայն ընդգրկում ունեն և որոնց մտքերն ավելի վերացական են: Հետևաբար առանց պահանջելու, որ մարդ բարձրանա իր դիրքից, կամ զարգացնի ունակություններ, որոնք նա, պայմաններից ելնելով, հազվադեպ է կիրառելու, մենք, այնուամենայնիվ, կարող ենք հագեցնել նրա կյանքը էսթետիկական հետաքրքությամբ, եթե նրան զգացական գեղեցկության բավականության հնարավորություն ընձեռենք: Այն կհարստացնի նրան առանց լրացուցիչ աշխատանքի և հաճույք կպատճառի` առանց իր միջավայրից օտարելու:
Ճաշակը, երբ ինքնաբուխ է, միշտ սկիզբ է առնում զգայարաններից: Երեխաներն ու վայրենիները, ինչպես հաճախ ասում են, ուրախանում են վառվռուն և բազմերանգ գույներով, հասարակ մարդիկ սիրում են միտկալե վարագույրների պարզությունը, շողշողացող լաքն ու փայլփլուն ամանեղենը: Գյուղական այգին վառվռուն ծաղիկների մի պարզ խճանկար է, առանց այն զսպվածության և սառնության, որ հաղորդում են տարածությունն ու բազմությունը: Մանկական երաժշտությունը միայն աղմուկ ու աշխուժություն է պարունակում, իսկ պարզագույն երգերը կառուցվածքով մի քիչ են ավելի, քան պահանջվում է մի քանի միալար ռիթմեր ստեղծելու համար: Այս սահմանափակության համար չարժե ափսոսալ, դրանք անկեղծության ապացույց են: Այսօրինակ պարզությունը ոչ թե ճաշակի բացակայություն է, այլ դրա սկիզբը: Ճշմարիտ էսթետիկական ընկալումներ ունեցող մարդիկ ստեղծում են ավանդական ձևեր և պատկերում են այդ կյանքի պարզ պաթոսը չփոփոխվող, սակայն բազմանշանակ թեմաներով, որոնք կրկնվում են սերնդե սերունդ: Երբ անկեղծությունը կորչում է, և փոխարինելու է գալիս փառասիրական-պճնամոլական պատվասիրությունը, ի հայտ է գալիս վատ ճաշակը: Դրա էությունը էսթետիկական արժեքների փոխարինումն է ոչ էսթետիկականով: Ապակե ուլունքներ սիրելը, որովհետև դրանք գեղեցիկ են, գուցեև պարզունակ է, բայց գռեհիկ չէ, թանկարժեք իրեր սիրելը միայն այն բանի համար, որ դրանք արժեքավոր-թանկ են, գռեհիկ է, իսկ մղումով անտեղի դավաճանությունը` ճաշակի վիրավորանք է: Ստուգում ենք միշտ նույն կերպ. իրականում արդյո՞ք առարկան ինքնին բավականություն է պատճառում: Եթե այո, ապա ձեր ճաշակն անկեղծ է. այն կարող է տարբերվել մյուսներից, սակայն հավասարապես հիմնավորված և ամրագրված է մարդկային էությամբ: Եթե ոչ, ապա ձեր ողջ դատողությունը կեղծ է, և դուք մեղավոր եք ոչ թե հերետիկոսության մեջ, ինչը էսթետիկայի պարագայում ինքնին օրթոդոքսալ է, այլ երեսպաշտության, որը ինքնաբանադրանք է գեղագիտության ոլորտում:
Եվ ահա, այս երեսպաշտության առանձնահատուկ նշանը անզգայունությունն է զգայական գեղեցկության հանդեպ: Երբ մարդիկ անտարբեր են ձևանում նախնական և հիմնական ներգործությունների նկատմամբ, երբ նրանք անկարող են շրջանակներից դուրս նկարներ տեսնել կամ մեծ վարպետների գործերից բացի այլ գեղեցկություն, մենք իրավացիորեն կարող ենք կասկածել, որ նրանք թութակներ են, և նրանց բառային ու պատմական գիտելիքները թաքցնում են գեղագիտական զգացողության բնատուր պակասը: Մինչդեռ, ընդհակառակը, գեղեցկության բարձր ձևերի նկատմամբ անընկալունակությունը չի բացառում բնական սերը ավելի ցածրերի նկատմամբ, մենք բոլոր հիմքերն ունենք քաջալերելու. ահա ճշմարիտ ու առողջ ճաշակ, որը կատարելագործելու համար անհրաժեշտ է միայն փորձառություն: Եթե մարդ կարիք ունի լույսի, ձայնի և փայլի, նա ապացուցում է, որ ունի գեղագիտական հաստատունություն, որ արտաքինը, որպես այդպիսին, հետաքրքրում է նրան և որը նա կարող է կասեցնել` գիտակցված ընկալումը վայելելու համար: Մենք պարզապես պիտի բազմազան դարձնենք նրա տեսադաշտը, մեծացնենք նրա մտահորիզոնը, բազմապատկենք նրա տարբերակումները, ինչը լիովին ի զորու է անելու կրթությունը, և այդ նույն էսթետիկական հակումը նրա համար կբացահայտի գեղեցիկի յուրաքանչյուր նրբերանգը: Իսկ եթե այդպես չլիներ և պարզվեր, որ զգայապես օժտված մարդն, այնուամենայնիվ, երևակայությունից թույլ է, ծայրահեղ դեպքում նա գոնե կկարողանար որսալ տպավորության էական ու տարածված տարրը: Նյութի գեղեցկությունն, այսպիսով, ողջ բարձր գեղեցկության գրավականն է. թե՛ առարկայի, որի ձևն ու իմաստը պետք է ամփոփվեն որևէ զգայական ձևի մեջ, և թե՛ մտքի, որտեղ զգայական գաղափարներն, առաջինը հայտնվելով` նաև առաջինն են, որ կարող են բավականություն առաջացնել:
Անգլերենից թարգմանությունը`
Աշխեն Բախչինյան
The Sense of Beauty, George Santayana