Ռուբիկոն

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Տեսողությունն, այսպիսով, չափազանց բնութագրական զգացողություն է, քանի որ տեսողական գործունեության շնորհիվ և տեսողական արտահայտությամբ մենք չափացանց հեշտ տեղեկանում ենք առարկաների գոյության մասին: Այժմ, քանի որ ընկալման արժեքներն այն արժեքներն են, որոնք անվանում ենք էսթետիկական, և թերևս գեղեցկությունը չէր չլինի, եթե չլիներ առանձին առարկաների պատկերացումը, մենք կարող ենք ակնկալել, որ գեղեցիկը ծնվում է գլխավորապես տեսողական հաճույքներից: Եվ փաստորեն ձևը, որը գրեթե գեղեցիկի հոմանիշն է, մեզ համար սովորաբար ինչ-որտեսանելիբանէ.դա տեսածիհամադրությունն է: Սակայն ստեղծագործ երևակայության մեջ հայտնվող ձևի ներգործությունը, նախորդում է գույնի ներգործությունը, այն բացառապես զգացական է և ոչ ավելի ներհատուկ, քան որևէ այլ զգացողության ազդեցությունները. բայց մյուսներից առավել ներգրավված լինելով առարկաների ընկալման ընթացքում, այն ավելի հեշտությամբ է դառնում գեղեցիկի տարր:

Գույների արժեքներն էականորեն տարբեր են և նմանվում են մյուս զգայությունների տարբեր արժեքներին: Ինչպես քաղցր ու սուր հոտերը, բարձր ու ցածր նոտաները, մաժորային ու մինորային ակորդներն են իրարից տարբերվում մեր զգացողությունները տարբեր կերպ խթանելու իրենց հատկությամբ, նույնպես և կարմիրը տարբերվում է կանաչից, իսկ կանաչը` մանուշակագույնից: Դրանցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի նյարդային ընթացք և, հետևաբար, մի առանձին արժեք: Այս հուզական հատկանիշը համանմանություն ունի այլ զգացողությունների հուզական հատկանիշների հետ: Զարմանալու կարիք չկա, որ սուր ձայնն ականջին հասցնող բարձր հաճախականության տատանումները հանգեցնում են այնպիսի զգացումի, որն աչքի պարագայում առաջանում է մանուշակագույն գույնից: Այս նմանությունները շատերի ուշադրությունից են վրիպում, սակայն, հնարավոր է, որ այդ զգացողությունը պետք է զարգանա դիպվածով կամ կրթությամբ: Գույնի որոշակի ներգործություններ կան, որոնք կամ բոլորին հաճույք են պատճառում, կամ նյարդայնացնում են, համարյա ինչպես երաժշտական դիսոնանսը: Այս զգայունակության ավելի համընդհանուր զարգացումը հնարավոր կդարձներ մի նոր վերացական արվեստի ի հայտ գալը, արվեստ, որը գործ կունենար գույնի հետ, ինչպես երաժշտությունը` ձայնի:

Մենք այս ներգործություններն, այնուամենայնիվ, բավարար ուշադրությամբ չենք ուսումնասիրել, թույլ չենք տվել դրանց չափազանց ներթափանցել մեր հոգու մեջ, չենք համարել չափազանց նշանակալից: Հրավառությունների և գեղադիտակի էֆեկտի խրախուսումը մեզ տափակ է թվում: Սակայն բազմազան բովանդակություն ունեցող ամեն բան կարող է ինչպես ձև, այնպես էլ նշանակություն ստանալ: Ձևը բավականություն կպատճառի, հենց որ ուշադրությունը վարժեցնի մեզ զանազանել և ճանաչել դրա տարատեսակները, իսկ իմաստը կավելանա, երբ այս ձևերի զանազան հուզական արժեքները նոր առարկան կմիավորեն համանման զգացումներ պարունակող բոլոր մյուս փորձառություններին և այդպիսով հիշողության մեջ դրան համապատասխան միջավայր կհատկացնեն: Մայրամուտի

գույներն իրենց փառահեղությամբ գրավում են ուշադրությունը, իսկ մեղմությամբ ու պատրանքայնությամբ հրապուրում աչքը, քանի որ երեկոյի և երկնքի բազում զուգորդություններ, խմբվելով այս հմայքի շուրջ, ավելի են խորացնում այն:

Այսպիսով, գեղեցկություններից ամենազգայականը կարող է հարուստ լինել զգացմունքային նշաններով: Գունավորված ապակին նույնպես գույների բազմազանության օրինակ է, որոնք ազդում են իրենց հզոր, ուղղակի ներգործությամբ, ուժեղացնում են զգացումը, որպեսզի այն ի վերջո ամրագրվի չափազանց կատարյալ առարկաների. այն, ինչ ինքնին հիասքանչ ու աննպատակ զարդանախշ է, իր բացարձակ արտահայտչականության շնորհիվ վերածվում է այլ տարրերի վառ խորհրդանիշի, որոնք համանման ազդեցություն ունեն հոգու վրա:

Նյութերի քննումը

Մենք արդեն քննեցինք ընկալման այն օրգանները, որոնք մեզ տալիս են նյութ, որից կառուցում ենք առարկաները, և հիշատակեցինք ամենից ակնառու հաճույքները, որոնք այդ օրգաններում սկիզբ առնելու պատճառով հեշտությամբ միաձուլվում են գաղափարների հետ, որ ստեղծվում են իրենց իսկ կողմից: Մենք նաև նկատեցինք, որ մեր զարգացած և գործուն գիտակցության մեջ գտնվելու պատճառով ակնառու այս գաղափարները լիակատար շարժիչ ուժ կամ գործոն չեն մեր մտածողության համար, այլ դրա անկախ օգնականներն են, քանի որ դրանք իրենց բովանդակությամբ տարբերակումներ և անջատումներ են, որոնք իրագործվելուց հետո դեռևս կենսական զգացողության մի ֆոն են թողնում: Քանզի արտաքին զգայարանները կազմում են մեր զգայական կենտրոնի միայն մի մասը, իսկ յուրաքանչյուրի կամ բոլորի ընկալումները` մեր գիտակցականության մասը:

Մենք նաև պարզեցինք, որ հաճույքները, որոնք ուղեկցում են գաղափարների ձևավորման և ըմբռնման ունակությանը, միասնական և կենսական են: Սոսկ գործնական նպատակներից ելնելով պետք է վերացարկել ու տարբերակել մի զգացողության ներդրումը մյուսից և այդպիսով զգալ մասնակի և որոշելի տպավորությունները, այնպես որ բնական է, որ մարմնի տարածած հուզական զգացողությունը նույնպես պիտի մասնատվեր և յուրաքանչյուր գաղափարի վերագրվեր հաճույքի կամ ցավի որոշակի փոքր չափաբաժին: Մեր հաճույքներն, այսպիսով, բնութագրվում են իբրև շոշափելիքի, համի, հոտոտելիքի, լսողության ու տեսողության զգայարանների հաճույքներ և կարող են գեղեցիկի տարր դառնալ այն ժամանակ, երբ գաղափարները, որոնց դրանք կցված են, դառնան առարկայի տարրեր: Այնուամենայնիվ, գոյություն ունի զգացմունք հիշեցնող, ինչպես որ կա զգայություն հիշեցնող, և այս հիշեցնողի կարևորությունը, – շարունակականություն, որի մեջ են բոլոր առանձին հաճույքներն ու տառապանքները, – հաստատված է սկզբնապես:

Աշխարհի գեղեցկությունն, անշուշտ, չի կարող ամբողջությամբ կամ գլխավորապես վերագրվել հաճույքներին, որոնք համապատասխանաբար հարակից են վերացարկված զգացողություններին: Միայն առարկաների, նյութերի գեղեցկությունն է, որ բխում է զգացողության հաճույքներից: Ակնհայտորեն, ամենից կարևոր ազդեցությունները չեն վերագրվում այս նյութերին, այլ` դրանց համակարգվածությանը և կատարյալ հարաբերություններին: Մենք դեռևս պիտի ուսումնասիրենք մեր մտածողության այն պրոցեսները, որոնց միջոցով այս դասակարգումն ու այս հարաբերությունները իրականացվում են, և հաճույքները, որոնք կարող ենք կապել այս պրոցեսների հետ, հետագայում կարող են գումարվել այն հաճույքներին, որոնք հարակից են զգացողությանը որպես գեղեցկության հավելյալ և առավել նրբին տարրեր:

Բայց նախքան ավելի խրթին առարկայի վերլուծությանն անցնելը, պետք է նշենք, որ որքան էլ գեղեցկությունը, որ հագուստը, կառույցը կամ բանաստեղծությունը ստանում են իրենց զգայական նյութից, ստորադաս լինի, այնուամենայնիվ, այս զգայական նյութի ներկայությունը պարտադիր է: Կառուցվածքը չի կարող լինել ոչնչի կառուցվածք: Ուրեմն, եթե գեղեցիկը գտնելիս կամ ստեղծելիս մենք անտեսենք առարկաների նյութը և ուշադրություն դարձնենք միայն նրանց ձևի վրա, բաց կթողնենք մեր տպավորությունները ավելի վառ դարձնելու համատարած հնարավորությունը: Քանզի այն բավականությունը, որ կարող էր պատճառել ձևը, նյութն արդեն իսկ պատճառած կլիներ, ուստի և արդյունքում այնքան ավելի շահած կլիներ հանրագումարային արժեքը:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Նկարչի տեքստը, Աստիճաններ Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…