Ռուբիկոն

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ցածրակարգ զգացմունքներ

Շոշափելու, համի, հոտի զգացողությունները, անգամ եթե անկասկած ունակ են մեծ զարգացման, այնուամենայնիվ, չեն ծառայել մարդու մտավոր ձգտումներին այնքան, որքան տեսողությունն ու լսողությունը: Քանի որ դրանք սովորաբար մնում են գիտակցության հետին պլանում և նվազագույն չափով են ներկայացնում մեր առարկայացված գաղափարները, բնականաբար, դրանց հետ կապված հաճույքները նույնպես պետք է որ մնային մեկուսի ու չօգտագործվեին բնությունն արժևորելիս: Դրանք կոչվել են ոչ էսթետիկական, ինչպես նաև ցածրակարգ զգացողություններ, սակայն այս մակդիրների տեղին լինելու պատճառը, որ անհերքելի է, ոչ թե այս զգացումների ինչ-որ հատուկ զգայականությունը կամ ստորակարգությունն են, այլ մեր փորձառության մեջ դրանց ունեցած հնարավոր դերը: Հոտառության և համի համար, ինչպես լսողության, մեծ խոչընդոտ է բնույթով տարածական չլինելը. ուստիև դրանք չեն կարող ծառայել բնություն պատկերելուն, այն թույլ է տալիս իրեն պատկերել միայն տարածական արտահայտչամիջոցներով4: Բացի այդ, դրանք չեն հասել այնպիսի կազմավորման, ինչպես ձայները, և հետևաբար չեն կարող ներկայացնել սուբյեկտիվ ընկալման որևէ խաղ, որը հետաքրքրությամբ համեմատելի լիներ երաժշտության հետ:

Երաժշտական կառույցների առարկայացումն արդյունք է դրանց կայուն ու բաղադրյալ լինելուն. բառերի պես դրանք համարվում են հասարակական միջավայրում գոյություն ունեցող և կարող են գեղեցիկ լինել առանց տարածական լինելու: Համերը, սակայն, երբևէ այսպես կանոնավորապես կամ համընդհանուր կերպով չեն դասակարգվել և տարբերակվել, տվյալ զգացողության գործիքը թույլ չի տալիս այնպիսի մանրակրկիտ ու հաստատուն սահմանազատում, ինչպես ականջի պարագայում: Ճաշատեսակների ու գինիների համադրության արվեստը, որ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք կիրառում է առավել կամ պակաս վարպետությամբ ու խնամքով, գործ ունի մի նյութի հետ, որն այնքան էլ պատշաճ չէ գեղեցիկ անվանել: Արվեստը տվյալ դեպքում մնում է հաճույքի ոլորտում և հետևաբար համարվում է ավելի ստորակարգ, քան բարձր:

Կյանքի արվեստագետները, եթե այդ արտահայտությունը կարելի է կիրառել նրանց համար, ովքեր գեղեցիկ հասարակական ու ընտանեկան կենցաղավարություն ունեն, մշտապես դիմել են այս ցածրակարգ զգացումներին: Անուշաբույր պարտեզը, ախորժաբեր ճաշատեսակները, խունկերն ու օծանելիքները, փափուկ գործվածքներն ու դյութիչ գույները արևելյան պերճանքի մեր կատարելատիպն են կազմում, որը չափազանց շատ է դյութում մարդկային էությանը` իր հմայքը երբևէ կորցնելու համար: Այնուամենայնիվ, հյուսիսային բանաստեղծները հազվադեպ են փորձել արթնացնել այս պատկերները իրենց զգայական ուժգնությամբ, չդիմելով երևակայական որոշ գունավորման օգնությանը: Քիթսի մոտ, օրինակ, գտնում ենք հետևյալ տողերը.

Եվ աղջիկը դեռ քնած է` սուզված կապույտ

երազում,

Պառկած է ճերմակ սավանի վրա, անուշ, հեշտօրոր.

Մինչ տղան գնաց, մառանից բերեց` գիրկն առած

բազում

Շաքարաջրած խնձոր, սերկևիլ, դդմիկ ու սալոր,

Սերուցքով դոնդող` կաթնաշոռից էլ փափուկ,

երերուն,

Նաև դարչինով համեմված քաղցրիկ օշարակ

զուլալ,

Արմավ, մանանա, որ Ֆեզայից են բերում նավերով,

Տարբեր խորտիկներ և համեմունքներ, որ մետաքսափայլ

Սամարղանդից են հասնում Լիբանան` մայրիների ծով5:

Անգլիական բանաստեղծներից ամենազգացմունքայիններն անգամ, ում մեջ գեղեցկության հանդեպ սերն ամենազորեղն է, չեն կարող տևականորեն կառչած մնալ գեղեցկության պարզագույն տարրերից, ավելի բարձր թռիչքն անխուսափելի է նրանց համար: Եվ խիստ անհավանական է, որ Ֆեզի գանձարանի իրերի նկատմամբ հակումը, որն ավելի է սաստկանում, երբ անդրադառնում ես Սամարղանդի և մասնավորապես Լիբանանի մայրիների գեղեցկությանը, որոնց գովքն առանց ամաչելու կարող է անել նույնիսկ խիստ բարեպաշտը, որևէ բան կարող է ավելացնել մեր անկայուն բավարարվածությանը և մեր գիտակցությունը հաշտեցնել բավականություններով տարվելու այս ոչ քրիստոնեական զգացողության հետ:

Սակայն գուցե հեռու չէ այն ժամանակը, երբ այսօրինակ բծախնդրությունը պակաս ընդհանրական կլինի, և մեր պոեզիան, մեր մյուս արվեստների հետ միասին, ավելի մոտ կգտնվի ներշնչանքի սկզբնաղբյուրին: Քանզի եթե զգացողության մեջ երբևէ չհանդիպած և ոչ մի բան չես կարող գտնել բանականության մեջ, ապա առավել անհավանական է, որ այն կարողանաս գտնել երևակայության մեջ: Եթե Լիբանանի մայրիները հաճելի ստվեր չտարածեին կամ քամիները չսոսափեին նրանց ճյուղերի լաբիրինթոսում, եթե Լիբանանը երբևէ գեղեցիկ չլիներ ընկալման համար, այն այժմ ոգևորող հիշողություն կամ բանաստեղծական նյութ չէր դառնա: Եվ Ֆեզ բառը երևակայական արժեք չէր ստանա, եթե ոչ մի ճանապարհորդ զգացած չլիներ կիզիչ արևի արբեցումն ու արևելյան պերճության քնքշանվաղությունը, կամ բրիտանական զինվորի նման չգոչեր իր հայրենի երկրի մռայլ բարոյախոսության միջից.

Տարեք ինձ ինչ-որ տեղ, Սուեզից արևելք,

որտեղ լավագույնը վատագույնն է,

որտեղ չկան տասը պատվիրաններ

և մարդ կարող է սաստկացնել ծարավը:

Ոչ էլ Սամարղանդը կլիներ ավելին, քան անապատի գաղտնիք և քարավանների գունեղ երանգավորում, ոչ էլ նավը կլիներ բանաստեղծական, եթե ծովը չունենար ձայներ ու փրփուր, և քամիներն ու թիակները` դիմադրություն, և ղեկն ու ձիգ առագաստները` պրկվածություն: Այս իրական զգացողություններից է երևակայությունը ստանում իր կյանքը, իսկ ներշնչանքը` իր զորությունը: Երևակայության սլացքն ինքնին նույնպես հաճելի է, սակայն հեռավորի գերազանցությունը ներկայի հանդեպ այն բազմաքանակ ու բազմազան հաճույքների շնորհիվ է միայն, որ կարող են առաջարկվել զգացումների աղքատության համեմատությամբ:

Ձայն

Ձայնը ցածրակարգ զգացմունքների հետ միևնույն դիրքում է գտնվում ներքին տարածական հատկանիշ չունենալու առումով, հետևաբար այն ամբողջապես մտահայեցողական արտաքին աշխարհի ոչ մի մաս չի կազմում, և լսողական հաճույքները չեն կարող բառացի իմաստով դառնալ առարկա­ ների հատկանիշներ: Սակայն ձայների մեջ կա այնպիսի նրբին ու շարունակական աստիճանավորում` ըստ բարձրության, և այնպիսի չափողական հարաբերություն` ըստ երկարության, որ դրանցից կարող է կառուցված լինել համարյա նույնպիսի բաղադրյալ ու նկարագրելի առարկա, ինչպիսին տեսանելի առարկան է: Միջավայրի նկարագրության մեջ տարածական ձևերին արժեք է հաղորդում պարզությունը, որը թույլ է տալիս տարբերակումներ և համեմատություններ անել տարածական առարկաների միջև. դրանք չափելի են, մինչդեռ ոչ տարածական զգացողությունները սովորաբար այդպիսին չեն: Բայց ձայները չափելի են նաև իրենց ուրույն տեսակի մեջ. դրանք ունեն համեմատելի բարձրություններ ու տևողություններ, և այս զգացական տարրերի որոշակի ու ճանաչելի զուգակցումները նույնպիսի իրական առարկաներ են, ինչպես աթոռներն ու սեղանները: Ոչ այն պատճառով, որ երաժշտական ստեղծագործությունը գոյություն ունի ինչ-որ առեղծվածային ձևով, որպես երկնային երաժշտության մի պատառիկ, որը ոչ ոք չի լսում, այլ` որ քննադատական փիլիսոփայության համար տեսանելի առարկաները ոչ այլ ինչ են, եթե ոչ զգացողությունների հնարավորություններ: Իրական աշխարհը սոսկ հնարավոր փորձառության ստվերն է, որն ուղեկցում է առողջ դատողությանը: Այս առարկայականությունը բավականաչափ ամբողջական ցանկացած մտավոր պատրանքի կարող է ավելացնել բովանդակություն և առանձնահատկություն` նկարագրելի և ճանաչելի դառնալու համար, և այս հատկանիշները որքան տարածական, նույնքան էլ լսելի գաղափարներին են պատկանում:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Նկարչի տեքստը, Աստիճաններ Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…