Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Այսպիսով, որոշ արդարացում կա Շոպենհաուերի այն մտահայեցական պնդմանը, թե երաժշտությունը կրկնօրինակում է զգացմունքի կատարյալ աշխարհը և դրա հիմքում եղած էության կամ կամքի արտահայտության համարժեք մեթոդն է: Ձայնի աշխարհն, անտարակույս, ենթադրում է անսահման բազմազանություն, և եթե մեր զգայարանը զարգացած է, թույլ է տալիս նաև անսահման տարածականություն. դա նյութական աշխարհի չափ ուժ ունի մեզ հետաքրքրելու և ալեկոծելու մեր զգացմունքները: Այն, համենայն դեպս, ներուժային տեսանկյունից նշանակալից է: Սակայն ձայնը դրսևորել է պակաս կիրառելի ու հաստատուն կերպարանք, և հետևաբար երաժշտությունը, որ ստեղծվում է նրա ՙնյութերով՚, լինելով արվեստների մեջ ամենից անխառնն ու ազդեցիկը, նաև ամենից քիչ հասարակականն ու օգտակարն է:
Ձայների ախորժալուր լինելը պարզ ֆիզիկական հիմք ունի: Բոլոր զգացողությունները հաճելի են միայն ուժգնության որոշակի սահմաններում: Սակայն ականջը կարող է առանց դժվարության տարբերակել աղմուկները, որոնք ինքնին անհետաքրքիր են, եթե տհաճություն չեն պատճառում, և մեղեդիները, որոնք անշփոթելի հմայք ունեն: Ձայնը մեղեդի է, եթե օդի թրթիռը, որի շնորհիվ այն ստեղծվում է, կրկնվում է կանոնավոր ինտերվալներով: Եթե ալիքների կանոնավոր կրկնություն չկա, ապա աղմուկ է: Այս կանոնավոր ռիթմերի արագությամբ է պայմանավորվում տոնի բարձրությունը: Հատկանիշը կամ տեմբրը, որով մի ձայնը տարբերվում է միևնույն բարձրության և ուժգնության մեկ ուրիշ ձայնից, պարտական է օդում ալիքների տարբեր բարդությանը: Թրթռացող օդի մեջ զանազան ալիքներ տարբերակելու ընդունակությունը, հետևաբար, դրա մեջ երաժշտություն գտնելու պայմանն է, քանի որ յուրաքանչյուր ալիք իր պարբերույթն ունի, իսկ այն, ինչ մենք աղմուկ ենք անվանում, նոտաների խճճվածություն է` չափազանց բարդ , որպեսզի մեր օրգանների և ուշադրության համար ընկալելի լինեն: Այստեղ, մեր առարկայի քննարկման նախաշեմին, գտնում ենք սկզբունքների հակասության մի պարզ օրինակ, որ էսթետիկայի մեջ հայտնվում է ամենուրեք և ճաշակի հարցում բազմաթիվ տարաձայնությունների աղբյուր ու բացատրություն է: Քանի որ նոտան լսելի է, երբ ձայնային քաոսում հնարավոր է կանոնավոր թրթիռների մի հաջորդական շարք զանազանել, թվում է, որ այս գեղարվեստական տարրի ընկալումն ու արժեքը կախված են այս պարզ օրենքին չհամապատասխանող բոլոր տարրերը տարանջատելուց, ուշադրության դաշտից հեռացնելուց: Սա կարելի է անվանել մաքրության սկզբունք: Սակայն եթե այն լիներ միակ գործող սկզբունքը, ապա կամերտոնի ձայնից ավելի գեղեցիկ երաժշտություն չէր լինի: Այդպիսի ձայները, չնայած որ երեխայի համար գուցեև հիասքանչ են, շուտով ձանձրացնում են: Մաքրության սկզբունքը որոշ փոխզիջման պետք է գնա մեկ այլ սկզբունքի հետ, որը կարելի է անվանել հետաքրքրության սկզբունք: Առարկան պետք է բավականին բազմազանություն և արտահայտություններ ունենա` մեր ուշադրությունը որոշ ժամանակ գրավելու և մեր էությունը նշանակալիորեն ալեկոծելու համար:
Քանի որ մենք ավելի զգայուն ենք արդյունքների կամ պրոցեսների նկատմամբ, ապա ամենից ընդունելի ներգործությունը գտնում ենք մեկ կամ մյուս հակադրությունների` ձանձրալի գեղեցկության կամ ոչ գեղեցիկ արտահայտչականության մեջ: Սակայն այս սկզբունքները, պարզ է, համահավասար չեն: Երեխան, որին հաճույք է պատճառում իր զանգուլակը կամ շեփորը, գեղագիտական հաճույք է ստանում, թեպետ կոպիտ հաճույք, սակայն բոլորովին առանց զգացողական հմայքի ներկայացում տվող, կատարող վարպետն ավելի շուտ մարզիկ է, քան երաժիշտ, իսկ այն գրողը, որի վեպերն ու բանաստեղծություններն արտահայտիչ ու հետաքրքրական են սոսկ իրենց նշանակությամբ ու բարոյախոսությամբ, պատմագիր կամ փիլիսոփա է, ոչ թե արվեստագետ: Պարզության սկզբունքը հետևաբար, առաջնային է գեղարվեստական ազդեցության համար, իսկ հետաքրքրության սկզբունքը` հավելյալ, և առանձին կիրառելու դեպքում չի կարող գեղեցկություն ստեղծել:
Սահմանազատումն, այնուամենայնիվ, բացարձակ չէ. քանի որ պարզ զգացողությունն ինքնին հետաքրքրական է, և բարդությունը, եթե գնահատվում է զգացողությամբ և ըմբռնման համար չի պահանջում խոհական դատողություններ, ինքնինգեղեցիկ է: Հնարավոր է հանդիպել արվեստի մի գործի, որի մեջ զգացական նյութերը գոհացնող չեն, ինչպես խոսքը առանց բարեհնչունության, երբ կառուցվածքն ու արտահայտչականությունն են բավականություն պատճառում, և կարող է լինել հետաքրքրիր առարկա` առանց ըմբռնելի կառուցվածքի, ինչպես երաժշտական նոտաները կամ կապույտ երկինքը: Կատարելություն կլիներ, անշուշտ, ողջ էությամբ գեղեցիկ տարրերի միասնականությունը` բնույթով նույնպիսի ձևի մեջ ամփոփված, սակայն երբ դա անհնար է, տարբեր բնության տեր մարդիկ գերադասում են զոհաբերել մեկ կամ մյուս առավելությունը:
Գույնը
Ի դեմս աչքի մենք ունենք այնքան հարմարեցված մի օրգան, որը զգայուն է շատ ավելի նրբին ներգործության հանդեպ, քան նույնիսկ օդային ալիքներն են: Թվում է, թե միջաստղային տարածության մեջ ինչ-որ ներթափանցող ճառագայթներ կան, որովհետև ամենահեռավոր աստղի լույսն արագորեն մեզ է հասնում, և մենք դժվարությամբ կարող ենք հասկանալ, թե ինչպես է հնարավոր մեր մթնոլորտից անդին առաջացող այս լույսի ճառագայթումն առանց որևէ միջնորդի: Այս ենթադրյալ միջնորդին մենք անվանում ենք եթեր: Այն ունակ է չափազանց արագ թրթիռների, որոնք ձայնային ալիքների պես սփռվում են բոլոր ուղղություններով, միայն թե շատ ավելի արագ: Բավական հասարակ դիտարկումների շնորհիվ, ինչպես կայծակի և որոտի միջև եղած տեսանելի դադարն է, մենք տեղեկանում ենք լույսի ավելի արագ շարժման մասին: Այժմ, երբ բնությունը լցված է այս նրբազգաց ֆլյուիդով, որը բոլոր ուղղություններով տարածում է ցանկացած կետում առաջացող այս թրթիռները, և բացի այդ, քանի որ թրթիռները, պինդ մարմնի կողմից կասեցվելով, անդրադարձվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն, ակնհայտորեն յուրաքանչյուր արարածի համար չափազանց օգտակար է դառնում զարգացնել այս թրթիռների, այսինքն` լույսի նկատմամբ զգայուն մի օրգան: Չէ՞ որ այդպիսով միտքը կարող է անհապաղ պատկերացում կազմել հեռավորության վրա գտնվող առարկաների գոյության և բնույթի վերաբերյալ:
Այս հանգամանքին պետք է վերագրենք մեր զգացողության մեջ տեսողության գերազանցությունը, գերազանցություն, որը լույսը դարձնում է գիտելիքի իսկական խորհրդանիշ: Երբ մեր բանականության համար եկավ մետաֆիզիկայի մեծ խոչընդոտը հաղթահարելու և դրա բովանդակությունը որպես մշտագո և ինքնուրույն ընդունելու, կամ, այլ բառերով ասած, առարկաները պատկերացնելու ժամանակը, ապա այս առարկաների գաղափարը պետք է կառուցված լիներ մտքում արդեն առկա նյութերից: Իսկ այդպիսի կառույցի համար ամենահամապատասխան նյութը աչքի կողմից առաջարկվող նյութն էր, քանի որ աչքն է մեր ուղեկիցը իրական շրջապատի հետ ունեցած մեր ամենալայն հարաբերությունների մեջ և ամենաարագ ազդանշանն է տալիս մոտալուտ զգացողությունների մասին: Տեսողությունը կանխազգացող ֆունկցիա ունի: Մենք այնքան հետաքրքրված չենք դրանով ինքնին, որքան այն հանգամանքով, որ այն կարող է ինչ-որ բան հուշել հետագա ընթացքի մասին: Տեսողությունը գործնականում բացակա առարկան ֆիզիկապես ներկայացնելու միջոց է, և քանի որ առարկայի էությունը մեր բացակայությամբ գոյություն ունենալն է, ապա առարկան ինքնըստինքյան ըմբռնվում է իբրև տեսողական տարր: