Ռուբիկոն

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Որոշակի առումով այսօրինակ հետաքրքրությունը կենտրոնանում է սիրո կրքի համապատասխան օբյեկտի և հակառակ սեռի բնորոշ առանձնահատկությունների վրա, և մենք համապատասխանաբար համարում ենք, որ կինը ամենից ցանկալի օբյեկտն է տղամարդու համար, և տղամարդը, եթե կանացի ամոթխածությունը խոստովանի դա, ամենից հետաքրքրականն է կնոջ համար: Սակայն այսքան հիմնավոր և նախնական ռեակցիայի հետևանքները շատ ավելի ընդհանրական են: Սեռը սիրային կրքի միակ առարկան չէ: Երբ սերը չի գտել իր հատուկ օբյեկտը, երբ այն դեռ ինքն իրեն չի հասկացել, կամ զոհաբերվել է ինչ-որ այլ հետաքրքրությունների, մենք տեսնում ենք, թե ինչպես է զսպված կրակը տարբեր ուղղություններով բոցավառվում: Դրանցից մեկը կրոնական նվիրաբերությունն է, մյուսը` եռանդուն բարեգործությունը, երրորդը` սերն ընտանի կենդանիների հանդեպ, սակայն բնության և արվեստի սերն էլ նվազ հաջողություն չունի, քանի որ բնությունը հաճախ երկրորդ տիրուհին է, որ սփոփում է մեզ առաջինի կորստի դեպքում: Ապա կիրքը դուրս է գալիս ափերից և նկատելիորեն հեղեղում հարևան շրջանները, որոնք միշտ ոռոգել է գողունի: Քանի որ սեռի ներգրաված միևնույն նյարդային համակարգը ուղեղում իր անխուսափելիորեն լայն ճյուղավորումներով և միացություններով պետք է մասամբ խթանվի տարբեր օբյեկտների, և ոչ առանձին կամ կատարյալ օբյեկտի կողմից, հատկապես մարդու պարագայում, որի բնազդները, ի տարբերություն ինչ-ինչ ավելի ցածրակարգ կենդանիների, որոշակիորեն հստակեցված և պարբերականացված չեն, այլ անընդհատ մասամբ արթուն են և երբեք ակտիվ չեն մեկուսացման դեպքում: Կարող ենք, ուրեմն, ասել, որ մարդու համար ողջ բնությունը սիրո կրքի երկրորդական օբյեկտ է և որ բնության գեղեցկությունը մեծապես պարտական է այս փաստին:

Հասարակական բնազդները և դրանց էսթետիկական ազդեցությունը

Վերարտադրության ֆունկցիան իր մեջ կրում է ոչ միայն ուղղակիորեն մարմնի և մտքի վերափոխություններ, այլև հասարակական կառույցների ամբողջ համակարգի, որոնց գոյության համար մարդուն անհրաժեշտ են հասարակական բնազդներն ու սովորույթները: Այս հասարակական զգացմունքները` ծնողական, հայրենասիրական կամ պարզապես ամբոխային, ուղղակիորեն արժեք չեն էսթետիկայի համար, այնուամենայնիվ, ինչպես երևում է ձևի դեպքում, դրանք կարևոր են արդեն կազմավորված ճաշակի տևականության և լայն ընդունելության կարգավորման համար: Անուղղակիորեն դրանք չափազանց անհրաժեշտ են և կարևոր դեր են խաղում արվեստի տեսակներում, ինչպես պոեզիայում, որտեղ ազդեցությունը կախված է ավելի շատ նրանից, թե ինչ է խորհրդանշում, քան թե ինչ է ներկայացվում զգայարաններին: Մարդկային հետաքրքրությանն ուղղված ցանկացած կոչ անդրադառնում է արվեստի գործում, որտեղ այն հաջողությամբ արարվել է: Ինքնին ոչ էսթետիկական այդ հետաքրքությունն օգնում է ուշադրությունը սևեռել և առարկա-նյութն ու մղիչ ուժը տրամադրել արվեստներին և արժևորման մեթոդներին, որոնք էսթետիկական են: Այսպիսով, սիրային կրքի ըմբռնումն անհրաժեշտ է գնահատելու համար անհամար երգերը, պիեսներն ու վեպերը, ոչ պակաս մեծաքանակ երաժշտական և պլաստիկ արվեստի գործերը:

Այս հարցերին անդրադառնալը պետք է հետաձգել, մինչև որ մենք նախապատրաստված կլինենք գործ ունենալու արտահայտչականության` ներգործության ամենից բաղադրյալ տարրի հետ:

Այստեղ բավարար կլինի ցույց տալ, թե ինչու հասարակական և ամբոխային ազդակները, որոնց բավարարելու համար գլխավորապես անհրաժեշտ է երջանկությունը, ամենից քիչ են օժանդակում գեղեցկությանը: Այս հարցը կօգնի մեզ ավելի լավ հասկանալու էսթետիկայի ու հեդոնիզմի հարաբերությունները և առարկայացման էությունը, որի վրա հիմնվում է գեղեցիկի և հաճույքի տարբերությունը:

Այնքան ժամանակ, քանի դեռ երջանկությունն ըմբռնում ենք բանաստեղծի պատկերացմամբ, այսինքն` դրա անմիջականորեն զգայական և հուզական գործոններով, այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ենք տվյալ պահով և երջանկությունը կազմված ենք համարում ամենապարզ բաներից` շնչելուց, տեսնելուց, լսելուց, սիրելուց և քնելուց, մեր երջանկությունը բաղկացած կլինի միևնույն նյութից, միևնույն տարրերից, ինչպես և մեր էսթետիկական վայելքը, քանի որ հենց էսթետիկական բավականությունն է ստեղծում մեր երջանկությունը: Այնուամենայնիվ, բանաստեղծներն ու նկարիչներն իրենց անմիջական ու գեղագիտական հիացմունքով հանդերձ երջանիկ մարդիկ չեն համարվում. հենց նրանք են հակված բարձրաձայն տրտնջալու և իրենց համարելու առավելապես ու ցավալիորեն ապերջանիկ: Պատճառը նրանց հույզերի ուժգնությունն ու անկայունությունն է, նրանց անհեռատեսությունն ու սոցիալական սովորույթների տարօրինակությունը: Մինչդեռ զգայական և կենսական ֆունկցիաները նրանց համար առաջնային են, ամբոխային ու հասարակական բնազդները` ստորադաս և հաճախ խախտված, և դժբախտ զգալու պատճառը անհամապատասխանության զգացումն է ապրելու աշխարհում, որտեղ ծնվել են:

Սակայն մարդն առաջին հերթին քաղաքական կենդանի է, և հասարարական կարիքները համարյա նույնքան հիմնավոր են, որքան կենսական ֆունկցիաները, և հաճախ ավելի գիտակցված: Ընկերությունը, բարեկեցությունը, համբավը, իշխանությունն ու ազդեցիկությունը, իբրև ընտանեկան կյանքի լրացում, անշուշտ կազմում են երջանկության հիմնական տարրերը: Այժմ սրանք միայն շատ մասնակիորեն են կազմված առարկաների որոշակի պատկերներից: Դրանց ձգտելը, դրանց բացակայության կամ տիրանալու գիտակցությունը համակում է մեզ միայն երբ խորհրդածում ենք, ծրագրում, քննարկում ապագան, երբ ի մի ենք բերում այլոց ասածները, վերհիշում մեր հանդեպ նրանց ծաղրանքը կամ հիացմունքը, պատկերացնում հնարավոր իրավիճակներ, որոնցում մեր արժանիքները, փառքը կամ ուժը աչքի կընկնեին, մեր վիճակը` ուրիշների հետ համեմատ, և քննում մտքի այլ դատողական պրոցեսներ: Մտավախությունները, կասկածը, մեկուսացումը այն երևույթներն են, որոնց մենք կտրուկ բախվում ենք մեր կյանքի շուրջ մտորելիս. դրանք չեն կարող հեշտությամբ վերածվել որևէ առարկայի հատկանիշի: Եթե դիպվածը դրան է հանգեցնում, ապա դա գեղագիտական մեծ արժեք է ձեռք բերում: Օրինակ` «տունը», որ իր հասարակական իմաստով երջանկության գաղափար է, տնակի ու պարտեզի տեսքով նյութականանալիս, վերածվում է էսթետիկական հասկացության, դառնում գեղեցիկ առարկա: Երջանկությունն առարկայացված է, և առարկան դառնում է գեղեցիկ: Հասարակական առարկաներն, այնուհանդերձ, հազվադեպ են այս աստիճան էսթետիկական լինում, քանի որ դրանք համապատասխանաբար որոշակիորեն երևակայելի չեն: Դրանք անորոշ են ու վերացական և իրենց էությամբ ավելի շուտ խոսքային են, քան զգայական: Հետևաբար դրանց զուգորդող բարձր զգացմունքներն անմիջապես չեն վերածվում գեղեցիկի: Եթե բանաստեղծներն ու նկարիչները երջանիկ չեն, պատճառը նաև այն է, որ երջանկությունը չի հետաքրքրում նրանց: Նրանք չեն կարող լրջորեն ձգտել երջանկության, որովհետև դրա բաղադրիչները գեղեցկության բաղադրիչներ չեն, և սիրահարված լինելով գեղեցկությանը` նրանք անտեսում ու արհամարհում են այս ոչ էսթետիկական հասարակական արժանիքները, որոնց տնօրինելու մեջ է երջանկությունը: Մյուս կողմից նրանք, ովքեր փնտրում են երջանկություն` կազմված սոսկ վերացական և պայմանական տարրերից, ինչպիսիք են փողը, հաջողությունը կամ հարգանքը, հաճախ աչքաթող են անում երջանկության այն իրական և հիմնական մասը, որը բխում է զգացմունքներից ու երևակայությունից: Այս տարրն է, որ էսթետիկան ավելացնում է կյանքին, քանի որ գեղեցիկը նույնպես կարող է լինել երջանկության և՛ պատճառ, և՛ գործոն: Չնայած գեղեցիկը սիրելու երջանկությունը թե՛ չափազանց զգայական է`անփոփոխ լինելու համար, թե՛ նաև չափազանց բարձր, չափազանց սրբազան` աշխարհիկ մտքի կողմից երջանկություն համարվելու համար:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Նկարչի տեքստը, Աստիճաններ Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…