Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Որքա¯ն պիտի չքնաղը չքնաղ թվար ավելի,
Եթե լիներ զարդարված վեհ ու ազնիվ գծերով.
Վարդը այնքան գունագեղ և հմայիչ տեսք ունի,
Բայց ավելի դյութիչ է իր կոկոնի բուրմունքով:
Փշակալված մասրենին գունագեղ է ավելի,
Քան թե վարդի թերթերը, պատած հենց նույն փշերով,
Որոնք այնքան մեղմորեն օրորվում են բերկրալի,
Երբ որ նրանց ամառը արթնացնում է իր շնչով:
Բայց քանի որ մասրենին լոկ դեմքից է սխրալի,
Առանց նույնիսկ սիրվելու, թառամում է մոռացված.
Մինչդեռ վարդին սիրասուն նույն բախտը չի վիճակված,
Նա մինչև իսկ թորշոմած դեռ բուրում է հաճելի:3
Մեկ հավելյալ զարդանախշը, ինչպես տեսնում ենք, վերածում է խորին գունավորումը, որը, սակայն, ներկայացում և պարզապես զգացողություն էր սկզբում, գեղեցկության ու իրականության տարրի, և քանի որ ճշմարտությունն այստեղ ընկալումների համագործակցությունն է, ապա գեղեցկությունը հաճույքների համագործակցությունն է: Եթե գույնը, ձևը և շարժումը դժվար թե գեղեցիկ են առանց բույրի թարմության, ապա որքան ավելի են անհրաժեշտ, որ թարմությունն ինքնին գեղեցկություն դառնա: Եթե մենք սրվակով օծանելիք ունենայինք, ոչ մեկի մտքով չէր անցնի այն գեղեցիկ անվանել, այն մեզ կտար չափազանց առանձնակի և վերահսկվող մի զգացողություն: Չէր լինի որևէ առարկա, որին այն հեշտությամբ կկարողանար միախառնվել: Սակայն եթե այն տարածվի պարտեզից, ևս մի զգայական հմայք կավելացնի միաժամանակ ըմբռնված առարկաներին, կօգնի դրանց գեղեցիկ դարձնելուն: Այսպիսով, գեղեցկությունը ստեղծվում է հաճույքի օբյեկտիվացմամբ: Այն օբյեկտիվացված հաճույքն է:
ՄԱՍ II
ԳԵՂԵՑԻԿԻ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդկային բոլոր ֆունկցիաները կարող են նպաստել գեղեցիկի զգացողությանը
Մեր խնդիրն է այժմ աչքի անցկացնել մեր գիտակցականության բազմատեսակ տարրերը և տեսնել, թե ինչպես է դրանցից յուրաքանչյուրին նպաստում աշխարհի գեղեցիկը: Մենք պարզելու ենք, որ իրոք այդպես է, երբ դրանք անքակտելիորեն փոխկապակցվում են գիտակցման օբյեկտիվացման գործողության հետ: Երբ հաճույքի ոսկե թելը թափանցում է իրերի այն սարդոստայնի մեջ, որ մշտապես ջանասիրաբար հյուսում է մեր գիտակցությունը, այն տեսանելի աշխարհին հաղորդում է մի խորհրդավոր ու անըմբռնելի հմայք, որը մենք գեղեցկություն ենք անվանում:
Մեր էության մեջ չկա մի ֆունկցիա, որը չկարողանա իր նպաստը բերել այս ներգործությանը, սակայն յուրաքանչյուր ֆունկցիա իր համագործակցության մեծությամբ և անմիջականությամբ բավականին տարբերվում է մյուսից: Աչքի և ականջի, երևակայության և հիշողության հաճույքները ամենից հեշտ են մարմնավորվում և միաձուլվում գաղափարներում, սակայն աններելի անշրջահայացությամբ և թերարժևորմամբ կդավաճանեինք ընտրած սկզբունքին, եթե դրանք անվանեինք գեղեցիկի միակ պարագաներ: Մեր ջանքերը պիտի առավելապես ուղղենք բացահայտելու գեղեցիկի այլ աղբյուրներ, որոնք ընդհանրապես անտեսվել են, և ցույց տալու դրանց կարևորությունը: Քանզի հինգ զգայարանները և հոգու երեք ուժերը, որոնք ավանդական հոգեբանության մեջ այնքան մեծ դեր ունեն, ոչ մի դեպքում գիտակցության միակ աղբյուրները կամ գործոնները չեն, այլ սոսկ դրա պարունակության շատ թե քիչ արտաքին մասերը, որոնք, սակայն, նույնիսկ դրա ամբողջությունը չեն կազմում: Բնությունը և մեր կյանքի փոփոխությունները ավելի խոր արմատներ ունեն և ղեկավարվում են պակաս ակնառու պրոցեսներով:
Մարդկային մարմինը կենսական որոշակի ֆունկցիաներով միավորված մի սարք է, որոնց գործունեությունը դադարելիս այն կործանվում է: Սրանցից մի քանիսը, ինչպես արյան շրջանառությունը, հյուսվածքների աճն ու քայքայումը առաջին հայացքից անգիտակցական են: Այնուամենայնիվ, այս հիմնական պրոցեսների ցանկացած էական խախտում միանգամից մեծ և ցավալի փոփոխություններ է առաջացնում գիտակցության մեջ: Թեթևակի փոփոխություններն իսկ առանց գիտակցական արձագանքի չեն մնում, և մեր մտքի ամբողջ խառնվածքն ու էությունը, մեր կրքերի ուժգնությունը, սովորույթների տիրապետությունն ու հերթագայությունը, մեր ուշադրության ուժը և մեր երևակայության ու կապվածության աշխուժությունը պայմանավորված են այս կենսական ուժերի ներգործությամբ: Դրանք գուցեև որևէ գաղափարի կամ զգացմունքի ողջ հիմքը չեն, սակայն այդ ամենի գոյության և էության պայմանն են:
Կենսական ուժերը հատկապես անհրաժեշտ են մեր փորձառության արժևորման համար: Դրանք առողջության հիմքն են, առանց որի ոչ մի հաճույք չի կարող ամբողջական լինել: Դրանք են պայմանավորում մեր մղումները ժամանցների ընտրության մեջ և լրացուցիչ էներգիա մատակարարում, որը մենք ծախսում ենք խաղի, արվեստի և մտորումների համար: Այս ձգտումների ձգողականությունը և բուն էսթետիկական ոլորտի գոյությունը մեր կենսական պրոցեսների արդյունավետության և կատարելության հետևանք են: Դրանց վերաբերող հաճույքները բացառապես կապված չեն որևէ մասնակի առարկայի և, հետևաբար, չեն բացատրում առարկաների հարաբերական գեղեցկությունը: Այդ հաճույքները ազատ են և չտեղայնացված, չունեն հատուկ կամ մարմնի մեջ գտնվող ընկալման մի ներքին օրգան: Դրանք, այդպիսով, գիտակցության մեջ մնում են անզանազանելի և կարող են ծառայել որևէ առարկայի հանդեպ հետաքրքրություն ավելացնելուն կամ առհասարակ աշխարհին հմայված հայացք գցելուն:
Կենսական պրոցեսների էսթետիկական արժեքը զանազանվում է ըստ նրանց բնախոսական զուգակցության. գաղափարների կազմավորման և ընկալման կարողության համար առավել նպաստավոր պրոցեսներն, անշուշտ, ավելի հակված են իրենց ներքին ջերմության մի մասը սփռելու մտածական հաճույքների վրա և այդպիսով ուժգնացնելու գեղեցկության զգացողությունն ու մտավոր հափշտակվածությունը: Մյուս կողմից` գաղափարների ձևավորմանն ու ընկալմանը խոչընդոտող տարրերը, որ շեղում են ուշադրությունը դեպի բութ ու անարտահայտիչ զգացումները, պակաս բարենպաստ են էսթետիկական գործունեության համար: Քնկոտության և երազկոտության կրկնակի ազդեցության օրինակը կլուսաբանի այս տարբերությունը: Քնի խորությունը, թվում է, առաջին հերթին ազդում է արտաքին զգայարանների վրա և, իհարկե, դրանց անկարող դարձնում անմիջական տպավորություններ ընկալելու, սակայն եթե այն չի խորանում, ապա ավելի ազատում է երևակայությունը և խտացնելով երևակայության գույները` հաճախ առաջ է բերում և ի ցույց դնում հրաշալի պատկերներ:
Բանաստեղծության և հայտնագործության մի տեսակ կա, որ հայտնվում է միայն այսօրինակ պահերի: Այդ պահերին են առաջին անգամ լսելի եղել բազմաթիվ հիասքանչ մեղեդիներ և ի սկզբանե պատկերացվել կենտավրոսն ու հրեշտակները:
Սակայն եթե լեթարգիան ավելի ամբողջական է կամ եթե պատճառն այն է, որ երևակայությունն արգելակված է, միչդեռ զգայարաններն արթուն են, ինչպես գերսնված և գերմարզված մարմնի դեպքում, ապա մենք ականատես ենք լինում էսթետիկական անընկալունակության վիճակի:
Աշխուժությունը, որը հետևանք է մաքուր և թարմացնող մթնոլորտի, նկատելի ազդեցություն ունի մեր արժևորումների վրա: Նրան ենք մեծապես պարտական վաղորդայնի գեղեցկությունը, որի հմայքը կատարելապես տարբեր է երեկոյի ընկալումից: Բոլոր ֆունկցիաների հակադիր վիճակն այստեղ հակադիր հույզ է ավելացնում արտաքնապես համանման երևույթներին` երկուսն էլ դարձնելով անսահմանորեն, սակայն տարբեր կերպ գեղեցիկ: