Ռուբիկոն

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հետևաբար մեր սեփական դատողությունների անկայունությունը և մակերեսայնությունը չեն կարող դիմանալ հակասությանը: Մենք չենք հանդուրժում ուրիշի կասկածանքը, երբ չենք կարող բացատրել նրան, թե ինքներս ինչու ենք հավատում: Ուրիշ մարդու մեր կատարելատիպը ձգտում է, համենայն դեպս, ներառել նրա և մեր սեփական դատողությունների փոխհամաձայնությունը, և չնայած, որ ընդունում ենք այս պահանջի անիմաստությունը մարդկայինից չափազանց տարբեր բնությունների պարագայում, կարող ենք բավական անխոհեմ գտնվել պահանջելու, որ բոլոր ռասսաները հիանան ճարտարապետության միևնույն ոճով և բոլոր դարերը` միևնույն պոետներով:

Մարդկային ճաշակի փաստացի մեծ ընդհանրությունը ավանդական պատմության սահմաններում նպաստում է այս հավակնությանը: Սակայն այն, ըստ էության, անհիմն է: Չկա երևակայության աշխատանքի իրական արժանիքի հետ ավելի քիչ կապված բան, քան այն գնահատելու բոլոր մարդկանց կարողությունը: Ճշմարիտ ապացույցը բավականության աստիճանն ու տեսակն է, որ ստանում է նա, ով ամենից բարձր է արժևորում այն: Սիմֆոնիան ոչինչ չի կորցնի, եթե մարդկության կեսը խուլ լինի, քանի որ նրա ինը տասներորդը փաստորեն դժվարանում է ընկալել դրա հարմոնիաները, բայց այն շատ կտուժեր, եթե գոյություն չունենար Բեթհովեն: Ավելին, որոշակի տեսակի գեղեցկություն արժևորելու անկարողությունը կարող է sine qua non (անխուսափելի պայման) լինել մեկ ուրիշ տեսակի արժևորման համար. թե՛ հաճույքի և թե՛ ստեղծագործելու մեծագույն կարողությունը գլխավորապես մասնագիտացված և արտոնյալ է, հետևաբար և արվեստի մեծագույն դարերը հաճախ տարօրինակորեն անհանդուրժողական են եղել:

Մի ուղղության հարձակումները մյուսի դեմ, լինելով փիլիսոփայական դրույթների խեղաթյուրում, հաճախ գեղարվեստական առողջության նշաններ են, որովհետև կենսական արժևորումն են գեղեցիկի որոշ տեսակների, որոնց հանդեպ սերը վերաճել է ջերմեռանդ կրքի: Ճարտարապետները, որ անտիկ կառույցների անկատարությունը համալրել են իրենց սեփական մտքերով, ինչպես Չարլզ V-ը, երբ Ալհամբրայի կողքին բարձրացրեց իր վիթխարի պալատը, որոշակի տեսանկյունից կարող են դատապարտվել: Իրենց միջամտությամբ նրանք մեծ վնաս հասցրին, սակայն սեփական ինտուիցիայի նկատմամբ դրսևորեցին հրաշալի վստահություն, իսկ սեփական ճաշակի հպարտ հաստատումը էսթետիկական անկեղծության մեծագույն ապացույցն է: Ընդհակառակը, մեր սեփական որոնումները, էկլեկտիզմը, հնագիտությունը անկարողության հայտանիշերն են:

Եթե մենք պակաս ուսյալ և պակաս բարեպաշտ լինեինք, ավելի գործունյա կլինեինք: Եթե մեր արժևորումը պակաս ընդհանրական լիներ, այն ավելի իրական կլիներ, և մեր երևակայությունը բացառիկության վարժեցվելու դեպքում կվերածվեր խորհրդանիշի:

Էսթետիկական բավականության տարբերակումը. դրա օբյեկտիվացումը Այնուամենայնիվ, էսթետիկական դատողությունների ընդհանրականության պահանջի մեջ կա ավելին, քան մեր սեփական կարծիքներն ընդհանրացնելու ցանկությունը: Գոյություն ունի մի տարօրինակ, բայց հայտնի հոգեբանական երևույթի ձևակերպում` զգացողության տարրի փոխակերպումն առարկայի հատկանիշի: Երբ մենք ասում ենք, թե մեկ ուրիշը պետք է տեսնի այն գեղեցկությունները, որոնք մենք ենք տեսնում, պատճառն այն է, որ, մեր կարծիքով, այդ գեղեցկությունները գտնվում են առարկայի մեջ, ինչպես նրա գույնը, համամասնությունը կամ չափսը: Մեր դատողությունը թվում է մեզ սոսկ ընկալում և մի արտաքին գոյության հայտնագործում, իրական գերազանցություն, որ մեզնից դուրս է: Սակայն այս պատկերացումը հիմնավորապես անհեթեթ և հակասական է: Գեղեցիկն, ինչպես տեսանք, արժեք է, այն չի կարելի պատկերացնել որպես անկախ գոյություն, որն ազդում է մեր զգացումունքների վրա, ինչի արդյունքը ընկալումն է: Այն կա զգացողության մեջ և այլ կերպ չի կարող գոյություն ունենալ: Չգիտակցված գեղեցկությունը չզգացված հաճույք է և ընդհակառակը: Սակայն ժամանակակից փիլիսոփայությունը սովորեցրել է մեզ նույնն ասել ընկալվող աշխարհի յուրաքանչյուր տարրի մասին. ամեն ինչ զգացողություն է, և դրանք մշտական ու արտաքին թվացող առարկաների խմբավորելը մեր մտքի որոշակի սովորույթների աշխատանքի արդյունքն է: Մենք ի վիճակի չենք լինի ուսումնասիրել կամ պահպանել կյանքի ցաքուցրիվ փորձառությունները, մինչև որ չհամակարգենք և չդասակարգենք դրանք. տպավորություների քաոսից է ձևավորվում սովորական և ճանաչելի առարկաների աշխարհը:

Թե ինչպես է դա կատարվում, բացատրում են ընկալման այս տեսությունները: Արտաքին առարկաները սովորաբար ազդում են միաժամանակ տարբեր զգայարանների վրա, որոնց զգացողություններն, այդպիսով, փոխներգործում են իրար վրա: Միևնույն առարկայի կրկնվող փորձառությունները նույնպես փոխկապակցված են իրենց համանմանության շնորհիվ, հետևաբար կրկնակի միտում կա մեկ զգացողության մեջ միաձուլվելու և միավորվելու, որին առանձին անուն է ամրագրվում, սա հիշողությունների և փոխազդեցությունների մի խումբ է, որոնց պատճառը, փաստորեն, արտաքին առարկան է: Սակայն այս ընկալումը, մի անգամ կազմավորվելով, բոլորովին տարբեր է այն մասնավոր փորձառություններից, որոնցից ստեղծվել է: Այն մշտական է, իսկ նրանք փոփոխական են: Նրանք միայն դրա մասնակի ու թռուցիկ առկայծումներն են: Հաստատված պատկերացումը, հետևաբար, իրականություն է դառնում, իսկ դրա նյութը` պարզապես արտաքին կողմ: Նյութի և հատկանիշի, իրականության և դրսևորման, էության ու պատկերացման միջև տարբերակումը այլ ծագում չունի:

Առարկաներն, այսպիսով, սկզբնավորված և տարանջատված նրանց մասին ունեցած մեր գաղափարներից, սկզբում կազմված էին բոլոր տպավորություններից, զգացմունքներից և հիշողություններից, որոնք առաջարկվում են զուգորդման համար և մուտք են գործում դրա մեջ` միախառնվելով երևակայության շրջապտույտին: Առարկայից ստացած յուրաքանչյուր զգացողություն սկզբնապես դիտվում է որպես նրա հատկանիշներից մեկը: Այնուամենայնիվ, փորձը և առարկայի կառուցվածքն ավելի հստակ պատկերացնելու գործնական անհրաժեշտությունը աստիճանաբար մեզ առաջնորդում են առարկայի հատկանիշները մինչև նվազագույնը կրճատելու և զգացողությունների մեծ մասը այդ հատկանիշների մեզ վրա թողած ազդեցություն համարելու ուղղությամբ: Մի քանի առաջնային հատկանիշներ կան, ինչպես տարածականությունը, որը մենք շարունակաբար դիտարկում ենք որպես օբյեկտիվորեն իրական և որպես առարկայի հատկանիշ, որոնք բավական են բացատրելու համար մեր փորձառությունների կարգը: Մնացած հատկանիշները, ինչպես գույնը, վերաբերում են սուբյեկտիվ ոլորտին, քանի որ ուղղակի ազդում են մեր մտքի վրա, ուստի և առարկայի արտաքին և երկրորդական հատկանիշներն են:

Սակայն այս տարբերակումը միայն գործնական արդարացում ունի: Բացառապես մտքի հարմարությունն ու հաշվենկատությունն են պայմանավորում, թե մեր զգացողությունների ինչպիսի զուգորդում ենք մենք շարունակելու առարկայացնել և համարել մնացածի պատճառը: Օբյեկտիվ լինելու իրավունքն ու ձգտումը ամեն ինչում հավասարազոր են, քանի որ դրանք բոլորն էլ նախորդում են մտքի հնարքին, որի միջոցով մենք սահմանազատում ենք գաղափարը նյութերից, իսկ առարկան` մեր փորձառություններից:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Նկարչի տեքստը, Աստիճաններ Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…