Ռուբիկոն

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Բավականությունները, որոնք իրար միաձուլված` կազմում են եսասիրությունը, առանձին վերցրած պարզ ու անկեղծ են և ոչ ավելի էգոիստական, քան ամենից ալտրուիստական ու անանձնական զգացմունքները: Եսասիրության բաղադրության մեծ բաժինը այլասիրությունն է: Ասվածը չի վերաբերում անվանական էությանը, որ կոչվում է ինքնություն, և կամ մեկի պահանջներին կամ նրա բնական կապվածություններին, մինչդեռ իր սննդով ու խմիչքով, իր տներով ու հողերով, իր երեխաներով ու շներով տարված մարդուն եսասեր են անվանում այս հետաքրքրությունների պատճառով, որոնք չնայած բնական ու բնազդական են նրա համար, սակայն չեն համընկնում մյուսների հետ: Ոչ եսասեր մարդը նա է, որի էությունը ավելի համապարփակ ուղղվածություն ունի, որի հետաքրքրություններն ավելի լայն ընգրկում ունեն: Սակայն անդեմ զգացմունքներն այդպիսին են միայն իրենց առարկայի պարագայում, այլ ոչ սուբյեկտի կամ միջնորդի, քանի որ բոլոր խորհրդածություններն ինչ-որ մեկի մտածմունքներն են. ուրեմն ոչ եսասիրական հետաքրքրությունները ևս պետք է որ մեկի հետաքրքրությունները լինեն: Եթե մեզ չհետաքրքրեր գեղեցիկը, եթե այն կապ չունենար մեր երջանկության հետ` կախված առարկաների գեղեցիկ կամ այլանդակ լինելուց, մենք կդրսևորեինք էսթետիկական ունակության ոչ թե առավելագույն, այլ լիակատար բացակայություն: Այս հաճույքի անշահախնդրությունը, համենայն դեպս, նույնն է բոլոր պարզագույն և բնազդական բավականությունների դեպքում, որոնք որևէ կերպ պայմանավորված չեն արհեստական ընդհանուր պատկերացմամբ, ինչպես ես-ի դեպքում, որի ամբողջ զորությունն ինքնին առաջանում է նրա բաղադրիչ տարրերի առանձին էներգիայից: Ինձ հետաքրքրում է ՙես ինքս՚-ը, քանի որ «ես ինքս» նշանակում է այն, ինչ ես ունեմ հոգուս խորքում: Սահմանելով անհատականության բառացի պատկերացումը և այն ուսումնասիրելով անկախ հետաքրքրություններից, որոնք նրա բաղադրիչներն ու էությունն են կազմում, բարոյախոսին դարձնում ենք բծախնդիր, իսկ բարոյագիտությունը` նախապաշարմունք: Ես-ը, որ amour propre-ի (ինքնասիրության) հարց է, ցեղի կուռքն է և կարիք ունի տրոհվելու իր հիմքում ընկած պարզագույն առարկայական հետաքրքրությունների, մինչև որ գիտակցությունը կկարողանա արդարացնել դրա պաշտամունքը:

Էսթետիկական բավականության տարբերակումը, նրա ոչ ընդհանրականությունը

Գեղեցիկի հանդեպ մեր սիրո կարծեցյալ անշահախնդրությունը հանգեցնում է դրա մեկ այլ, հաճախ էական համարվող բնորոշման` նրա ընդհանրականության: Ասում են, թե զգացումների հաճույքներն իրենց մեջ դոգմատիզմ չեն պարունակում, թե ինձ հաճույք պարգևող ցանկացած բան չի ներառում մեկ ուրիշին հաճույք պատճառելու իր կարողության վերաբերյալ պնդում: Սակայն երբ ես ենթադրություն եմ անում, որ առարկան գեղեցիկ է, իմ դատողությունը նշանակում է, որ առարկան գեղեցիկ է ինքնին կամ (որ միևնույն բանն է` ավելի քննադատաբար արտահայտված) որ այն յուրաքանչյուրին պետք է այդպիսին թվա: Ընդհանրականության հավակնությունը, այս տեսության համաձայն, գեղագիտականի էությունն է, ինչը գեղեցիկի ընկալումն ավելի շուտ դատողություն է դարձնում, քան զգացողություն: Բոլոր էսթետիկական զգացողություններն անհնարին կլինեն և ողջ քննադատությունը` պայմանական ու սուբյեկտիվ, մինչև որ մեր դատողություններում չընդունենք պարադոքսալ ընդհանրականությունը, որի փիլիսոփայական հետևությունները մենք հետո կշարունակենք զարգացնել: Սակայն մեզանից, բարեբախտաբար, չի պահանջվում մտնել լաբիրինթոսը, ուր տանում են այս մեթոդները. այսօրինակ հարցերն ուսումնասիրելու շատ ավելի պարզ ու հասկանալի ուղիներ կան, այսինքն` քննարկել և վերլուծել մեր առջև եղած դատողությունը, փորձել գտնել դրա հիմքը մարդկային էության մեջ: Քանի դեռ դա չենք արել, կարող ենք վտանգի ենթարկել բնական թյուրըմբռնումը կամ մտքի անճշտությունը հասցնել արմատացած և կործանարար կանխակալության` դարձնելով այն հետևողական կառուցման կենտրոն:

Դժվար չի լինի ցույց տալ, որ ընդհանրականության հավակնությունն այսպիսի մի բնական անճշտություն է: Ակնհայտ է, որ առանձնահատուկ փոխհամաձայնություն չկա էսթետիկական հարցերի շուրջ, և այս համաձայնությունը, ինչպիսին որ կա, հիմնված է մարդկանց ծագման, բնույթի և պայմանների նմանության վրա, նմանություն, որը որտեղ էլ գոյություն ունենա, ձգտում է նույնացնել բոլոր դատողություններն ու զգացմունքները: Անիմաստ է ասել, թե այն, ինչ գեղեցիկ է մեկի համար պարտադիր պիտի գեղեցիկ լինի նաև մյուսի համար: Եթե նրանց զգացողությունները նույնն են, նույնական են նրանց հարաբերությունները և հակումները, ապա միևնույն առարկան, անշուշտ, գեղեցիկ կլինի երկուսի համար էլ: Եթե տարբեր են նրանց բնությունները, մեկի համար հրապուրիչ ձևը մյուսի կողմից կարող է անգամ չնկատվել, քանի որ այլ են ընկալումների նրա դասակարգումներն ու տարբերակումները, և նա կարող է առանձին տգեղ մասեր կամ առարկաների անձև բազմություն դիտել այն, ինչը մյուսի համար կատարյալ ամբողջություն է, այդպիսին են բոլոր առարկաները, ֆունկցիաներն ու կիրառությունները միասին վերցրած: Անհեթեթություն կլինի ասել, թե այն ինչը աննկատել է մեկի համար, պարտադիր պիտի գեղեցիկ համարվի մյուսի կողմից: Փաստորեն միևնույն հատկանիշները ճանաչելու այս պարտադրվածությունը պայմանավորված է միևնույն ընդունակություններով օժտված լինելով: Սակայն չկա միևնույն հատկություններով օժտված երկու մարդ, և ոչ էլ առարկաները ճշգրտորեն միևնույն արժեքը կարող են ունենալ երկու հոգու համար:

Անփույթ արտահայտությունը, թե ցանկացած մարդ պարտավոր է տեսնել այս կամ այն գեղեցիկը, նշանակում է, որ նա կտեսներ այն, եթե նրա հակումները, դաստիարակությունը կամ ուշադրությունը լինեին այնպիսին, ինչպիսին մեր կատարելատիպն է պահանջում նրանից, իսկ մեր կատարելատիպը մարդու ինչպիսին լինելու վերաբերյալ ունի բաղադրյալ, սակայն ըմբռնելի աղբյուրներ: Վերցնենք, օրինակ, մի որոշակի բավականություն, երբ այլոց դատողություններում գտնում ենք մեր սեփական դատողությունների հավանությունը: Մենք անհանդուրժող ենք մեր սեփական բնությունից տարբեր բնության եթե ոչ գոյության, ապա առնվազն դրա բառացի և դատողական արտահայտության նկատմամբ: Մենք վստահանում կամ երջանկանում ենք, երբ տեսնում ենք, որ մեր կասկածելի կարծիքները համընդհանուր ընդունելություն են գտնում: Մենք անկարող ենք մեր ճաշակի հիմքը գտնել մեր սեփական կյանքի փորձառության մեջ, հետևաբար և հրաժարվում ենք նրա մեջ փնտրել այն: Եթե մենք վստահ լինեինք մեր իրավացիության մեջ, ապա պատրաստ կլինեինք լռելյայն համաձայնել այլոց բնականոն տարբեր զգացմունքների և ուղիների հետ, ինչպես իր լեզվի մայրաքաղաքային առոգանությունը գիտակցող մարդն է հեշտորեն խոստովանում լեզվի քմահաճությունը և հաճույքով ու հետաքրքրությամբ նկատում դրա տարբերակները գավառներում, մինչդեռ գավառականը միշտ նախանձախնդրորեն ցույց է տալու, որ իր յուրօրինակություններն արդարացնող պատճառ և վաղեմի իրավասություն ունի: Այսպիսով, մարդիկ, որոնք չունեն տվյալ զգացողությունը և չգիտեն, թե ինչու են իրենք դատում, միշտ փորձում են ցույց տալ, որ իրենք դատում են համընդհանուրի նկատառումներով:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Նկարչի տեքստը, Աստիճաններ Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…