Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Եթե հնարավոր լիներ ցույց տալ, օրինակ, թե միապետությունը, որպես իշխանության մեկ այլ ձև, ի վիճակի կլիներ, տվյալ դեպքում, ապահովելու հասարակական բարեկեցությունը նախապատվությունը կտրվեր միապետությանը, և աներկբայորեն կհաստատվեր նրա երևակայական և դրամատիկ գերազանցությունը: Սակայն եթե ինչ-որ չափով երկնային այս գերազանցությամբ կուրացած, մասամբ զոհաբերում են հասարակական կարևոր շահեր, անարդարությունն ակնհայտ է դառնում: Կասկածահարույց դեպքում ազգը որոշում է, ոչ առանց լուրջ տարաձայնությունների, թե որքան է պատրաստ զոհաբերելու հօգուտ իր զգացմունքների: Չափազանց կարևոր է հիշել, որ խորհրդանշական կամ գործնական արժեքը այլ բան է, իսկ նրա ներքին կամ էսթետիկական արժեքը` մեկ այլ բան, և որ վերջինս կարող է արդարացիորեն հաշվի առնվել միայն որպես առանձին միավոր` համեմատվելու համար հնարավոր արտաքին արգելքների հետ: Ամեն անգամ, երբ բոլոր հիմնական շահույթների համեմատությունը և համակշռությունը ցասումով մերժվում է հանուն որոշ բացարձակ սկզբունքի` հաստատված ի հեճուկս մարդկային տառապանքի և երջանկության, մենք ունենք բարոյականության անհատական և տարօրինակ համակարգ` առանց իրավական հաստատման: Սա ապացույց է, որ նախապաշարված երևակայությունը գրավել է բարոյականության դատողական և գործնական տիրույթը:
Էսթետիկական և ֆիզիկական հաճույքների հակադրությունը
Այժմ մենք հանգամանորեն առանձնացրել ենք մտավոր և բարոյական դատողությունները մեր առարկայի ոլորտից և պարզել, որ պետք է գործ ունենանք միայն արժեքի ընկալումների հետ և միայն այն դեպքում, երբ դրանք դրական են ու անմիջական: Սակայն անգամ այս տարբերակումներով հանդերձ գեղեցիկի զգացողության ամենանշանակալից բնութագրական հատկանիշը մնում է չորոշված: Բոլոր հաճույքները ներքին և դրական արժեքներ են, բայց բոլոր հաճույքները գեղեցիկի զգացողություններ չեն: Հաճույքն իսկապես այդ զգացողության էությունն է, սակայն այս մասնավոր հաճույքում ակնհայտորեն առկա է մի բարդություն, որը գոյություն չունի մյուսների դեպքում և որը հիմք է հանդիսանում գիտակցության և լեզվի կողմից դրա ու մնացածի տարբերակման համար: Ուսանելի կլինի նշել այս տարբերության աստիճանները:
Մարմնական հաճույքները նվազագույն նմանություն ունեն գեղեցիկի զգացողության հետ: Մարմնական հաճույքներ ասելով նկատի ունենք, իհարկե, ավելին, քան մարմնական տեղակայում ունեցողները, քանի որ տվյալ պարագայում դասակարգումը կներառի այդ ամենը, ինչպես նաև գիտակցության բոլոր ձևերն ու տարրերը: Էսթետիկական հաճույքների համար անհրաժեշտ են ֆիզիկական պայմաններ, դրանք կապված են աչքի կամ ականջի գործունեության, հիշողության և ուղեղի այլ մտավոր գործառույթների հետ: Սակայն մենք չենք զուգորդում այս հաճույքներն իրենց տեղակայության հետ, բացառությամբ բնախոսական հետազոտությունների. գաղափարները, որոնց հետ զուգակցվում են գեղագիտական հաճույքները, դրանց մարմնական պատճառների գաղափարները չեն: Հաճույքները, որ մենք անվանում ենք ֆիզիկական և համարում ցածրակարգ, ընդհակառակը, մեր ուշադրությունը հրավիրում են մեր սեփական մարմնի որևէ մասի վրա, ինչի հետևանքով մեր ուշադրությունն այնպես չի սևեռվում որևէ առարկայի վրա, ինչպես այն օրգանի, որի մեջ դրանք առաջացել են:
Ուրեմն, չափազանց նշանակալից մի տարբերություն գոյություն ունի ֆիզիկական և էսթետիկական հաճույքների միջև: Վերջինիս դեպքում օրգանները պետք է սոսկ միջնորդ լինեն, չպետք է շեղեն կամ գրավեն մեր ուշադրությունը, այլ ուղղորդեն դեպի որոշակի արտաքին առարկա: Էսթետիկական հաճույքի առավել կարևոր արժանիքը և ոլորտը, այսպիսով, դառնում են բավականին պարզորոշ: Հոգին գոհ է և ձգտում է մոռանալ իր կապը մարմնի հետ, երևակայել, որ կարող է շրջել աշխարհով մեկ ազատության մեջ, որի շնորհիվ նա փոխում է իր մտքի առարկաները: Միտքը Չինաստանից անցնում է Պերու` առանց մարմնի տեղային որևէ զգացողության փոփոխության: Մարմնական թաղանթից անջատվելու այս պատրանքը չափազանց զվարճալի է, մինչդեռ մարմնականով հրապուրվելն ու որևիցե օրգանով սահմանափակվելը գռեհկություն և եսասիրություն է հաղորդում մեր գիտակցությանը: Ֆիզիկական հաճույքների մեծ մասամբ խղճուկ զուգորդումները նույնպես օգնում են բացատրել նրանց համեմատական կոպտությունը:
Էսթետիկական հաճույքի տարբերակումը, նրա ոչ անաչառությունը
Հաճույքի և գեղեցիկի զգացողության տարբերությունը երբեմն համարվել է էսթետիկական բավականության անշահախնդրությունը: Այլ կարգի հաճույքներում, ասում են, մենք խրախուսում ենք մեր զգացողություններն ու կրքերը, իսկ գեղեցիկի մտահայեցության ժամանակ բարձրանում ենք մեզնից վեր, կրքերը լռեցված են, մենք երջանիկ ենք բարու գիտակցությամբ, որին չենք փորձում տիրանալ: Նկարիչը ծարավ մարդու աչքերով չի նայում ջրի աղբյուրին և ոչ էլ գեղեցիկ կանանց` վավաշոտ մարդու աչքերով: Տարբերությունը, ասում են, վայելքի անդեմ լինելու մեջ է: Սակայն այս տարբերակումը վերաբերում է խնդրի ուժգնությանն ու նրբությանը, բայց ոչ էությանը, և բավարար է թվում միայն քիչ թվով էսթետների2 :
Երկրորդ, գեղագիտական վայելքի հնարավոր անշահախնդրությունը բավական հիմնավոր չէ: Նկարի արժևորումը նույնական չէ այն գնելու ցանկության հետ, սակայն արդեն մոտ է կամ պետք է այդ ցանկությանը շատ մոտ և նախապատրաստական հարաբերության մեջ լինի: Բնության և պլաստիկ արվեստների գեղեցկությունները չեն սպառվում բավականություն պատճառելուց, դրանք շարունակում են իրենց ողջ զորությամբ տպավորություն գործել հաջորդ դիտողի վրա: Բայց այս հանգամանքը պատահական է, և այն էսթետիկական առարկաները, որոնք փոփոխությունների են ենթարկվում և ժամանակի ընթացքում սպառվում, ինչպես բոլոր ներկայացումները, օբյեկտներ են, որոնք վայելելը մրցակցության հարց է դառնում և փափագելի է ցանկացած այլ բավականության նման: Եվ պլաստիկ գեղեցկություններն անգամ հաճախ շատ քչերն են կարողանում վայելել` ճանապարհորդելու անհրաժեշտության կամ այցելելու հետ կապված այլ դժվարությունների հետևանքով. ուրեմն, այս էսթետիկական բավականությունը մյուսների նման նույնքան եսասիրաբար հետապնդվում է:
Ճշմարտությունը, որ տվյալ տեսությունը փորձում է ձևակերպել, թվում է, այն է, որ էսթետիկական վայելքների ձգտելիս մենք մտքում դրանցից զատ ուրիշ վայելք չենք ունենում, որ չենք խառնում փառասիրության ու սեփականության իրավունքի պատճառած բավականությունը և մտահայեցության հաճույքը: Սա ճշմարիտ է, բայց ճշմարիտ է բոլոր ձգտումների և վայելքների հիմքում: Յուրաքանչյուր իսկական հաճույք որոշակի առումով անշահախնդիր է: Դրան չեն ձգտում այլ գաղտնի մղումներից ելնելով, և միտքը լցնողը հաշվարկները չեն, այլ առարկայի կամ իրադարձության` զգացումներով լի պատկերը: Ճարտար միտքն իր նախապատվությունների համար հաճախ որպես փորձաքար կարող է վերցնել ես-ի գաղափարը, սակայն այս ես-ը, որի բավականության և ծավալման համար է մարդ թերևս ապրում, ինքնին նպատակների և հիշողությունների մի ամբողջություն է, որ ժամանակին ունեցել է իր ուղղակի օբյեկտները, որոնց նկատմամբ անձը դրսևորել է ինքնաբուխ և անշահախնդիր հետաքրքրություն: