Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Խաղն, այսպիսով, իր էությամբ անկարևոր է: Որոշ անհատներ, տերմինն այս իմաստով հասկանալով, անհարմար են զգում, – և դրան համամիտ է ցանկացած ազատամիտ մարդ, – խաղի կարգը դասել հասարակության հաճույքները, արվեստը, նաև կրոնը, և այդ մակդիրով դատապարտել դրանք (ինչպես, թվում է, անում է մի դպրոց), մինչև որ ցեղը կհասունանա: Սակայն եթե հարմարվելու պրոցեսում վերացվեր մեր կյանքի ամբողջ անօգուտ զարդարանքը, զարգացումը մեր էությունը հարստացնելու փոխարեն կաղքատացներ: Հավանաբար սա է էվոլյուցիայի զարգացման միտումը, և մեր բարբարոս նախնիներն իրենց տքնաջան աշխատանքով ու պատերազմներով, իրենց բոցավառ կրքերով ու դիցաբանությամբ հանդերձ ավելի լավ կյանքով էին ապրում, քան բաժին է հասել մեզ` կյանքին լավ հարմարված հետնորդներիս:
Մենք թերևս կարող ենք հուսալ, որ, այնուամենայնիվ, երևակայության ինչ-որ մասնիկ կարող է մակաբուծաբար գոյատևել անգամ ամենաօգտապաշտ ուղեղում: Ինչ ուղի էլ ընտրի պատմությունը, իսկ մենք մարգարեությամբ չէ, որ զբաղվում ենք այստեղ, հարցը, թե որն է ցանկալի, մնում է չարծարծված: Դատապարտել ինքնաբուխ և գեղեցիկ զբաղմունքները, լոկ որովհետև դրանք անօգուտ են ինքնապահպանման համար, նշանակում է կուրորեն բարձր գնահատել կյանքը` անկախ նրա բովանդակությունից: Այսօրինակ համակարգի համար ամենաարժեքավոր ֆունկցիան պետք է սահմանվեր հավերժական շարժման հաստատումը: Անօգտակարությունն անխուսափելի մեղադրանք է, որ ուղղվում է հավանական օգուտ հետապնդող ցանկացած գործողության դեմ, սակայն այն գործողությունները, որ կատարվել են հանուն իրենց, հենց իրենց իսկ արդարացումն են: Միևնույն ժամանակ անհերքելի ճշմարտություն կա մարդու բոլոր ազատամիտ և երևակայական գործունեությունները խաղ անվանելու մեջ, քանի որ դրանք ինքնաբուխ են, այլ ոչ թե իրագործվում են արտաքին անհրաժեշտության ճնշման կամ վտանգի հետևանքով: Ինքնապահպանման համար դրանց օգտավետությունը կարող է չափազանց անուղղակի կամ երկրորդական լինել, սակայն դրանք այդ պատճառով անօգուտ չեն դառնում: Ընդհակառակը, մենք կարող ենք չափել ցանկացած ազգի երջանկության և քաղաքակրթության աստիճանը ազատ և ազնիվ զբաղմունքների, կյանքի զարդարանքների և երևակայության կուլտուրայի վրա ծախսած էներգիայի հարաբերությամբ: Քանզի մարդ իր շնորհքների ինքնաբերական խաղի մեջ է գտնում ինքն իրեն և իր երջանկությունը: Ստրկությունն ամենից նվաստացուցիչ պայմանն է, որին մարդ ենթարկվում է, և նա այնքան հաճախ է դառնում երկրի ժլատության և երկնքի դժկամության ստրուկը, որքան տիրոջ կամ հաստատության: Մարդ ստրուկ է, երբ իր ամբողջ ներուժը ծախսվում է տառապանքներից կամ մահից խուսափելու համար, երբ նրա ողջ գործունեությունը թելադրված է, և շունչ կամ ուժ չի մնում ազատ վայելքների համար:
Աշխատանքն ու խաղն այստեղ այլ իմաստ են ստանում և դառնում ստրկության ու ազատության համարժեք: Փոխարինումը տեղի է ունենում սուբյեկտիվ տեսանկյան մեջ, որից և այժմ արվում է տարբերակումը: Մենք այսուհետև աշխատանք ասելով նկատի չենք ունենա այն ամենը, ինչ օգտավետ է, այլ այն, ինչ արվում է կամքին հակառակ և անհրաժեշտության դրդմամբ: Խաղ ասելով այսուհետ չենք նշի աննպատակ արվածը, այլ` ինքնաբերաբար և ինքնանպատակ արվածը, անկախ նրանից, թե այն չարտահայտված օգուտ ունի, թե ոչ: Խաղն այս տեսանկյունից կարող է լինել մեր ամենաօգտակար զբաղմունքը: Եվ աստիճանական ընտելացումը միջավայրին հեռու կլիներ այսպիսի խաղը հնացած համարելուց, կձգտեր վերացնել աշխատանքը, իսկ խաղը դարձնել համընդհանուր: Քանի որ բնազդի բոլոր հակասություններն ու սխալները վերացնելով, մարդկային ցեղն ինքնաբերաբար կաներ իր բարօրությանը նպաստող ամեն ինչ, և մենք կապրեինք ապահով ու բարգավաճ, առանց արտաքին խթանների կամ սահմանափակումների:
Բոլոր արժեքները որոշ առումով էսթետիկական են
Այսպիսով, երկրորդ և սուբյեկտիվ իմաստով աշխատանքն արհամարհական, իսկ խաղը գովաբանական հասկացություն է: Բոլոր նրանք, ովքեր զգում են երևակայական երևույթների արժանիքն ու կարևորությունը, կարիք չունեն տատանվելու` ընդունելու համար խաղ անվան տակ առաջարկված սահմանումը: Մենք, այսպիսով, մատնանշում ենք ոչ թե այն, որ նրանք արժեք չունեն, այլ որ նրանց արժեքը ներքին է, որ նրանցում է առհասարակ արժեքի աղբյուրներից մեկը: Փաստորեն բոլոր արժեքները պետք է իրենց հիմքում ներքին լինեն: Օգտակարը լավն է իր վերջնական արդյունքների գերազանցության պատճառով, սակայն դրանք պետք է ինչ-որ տեղ դադարեն բացառապես օգտակար լինելուց կամ գերազանց լինեն որպես միջոց միայն. համենայն դեպս, մենք պետք է հասնենք լավին, որ լավ է ինքնին և ըստինքյան, այլապես ամբողջ գործընթացն անօգուտ է, և մեր սկզբնական առարկայի օգտակարությունը` խաբուսիկ: Ահա այստեղ մենք հասնում ենք գեղագիտական և բարոյական արժեքների մեր տարբերակման երկրորդ գործոնին, որն ուսումնասիրում է նրանց անմիջականությունը:
Սակայն եթե մենք ջանանք կյանքից հեռացնել նրա բոլոր չարիքները, ինչպես մարդկային երևակայությունն է փորձել անել տարբեր ժամանակներում, կգտնենք, հազվագյուտ էսթետիկական հաճույքներ, որոնք մնում են կազմելու արգելված երջանկությունը: Կրքերի և բնազդական կարիքների բավարարումը, որոնց հետ է հիմնականում կապված մեր երկրային երջանկությունը, էսթետիկական երանգավորում է ստանում, երբ մենք մտովի վերացնում ենք կորստի կամ փոփոխության հնարավորությունը: Ո՞ր հատկությունների համար կարող էին օլիմպացիները մեծարել իրար կամ սերովբեները երկրպագել Աստծուն, եթե ոչ հավերժական այն հատկանիշների, որոնց բնույթը, ինչպես գեղեցկության դեպքում, մեզ երջանկություն է պարգևում սոսկ մտահայեցմամբ: Երկնքի փառքը չէր կարող այլ կերպ խորհրդանշվել, քան լույսով ու երաժշտությամբ: Անգամ ճշմարտության իմացությունը, որ ամենազուսպ աստվածաբանները համարում են երանելի տեսիլքի բնույթը, էսթետիկական վայելքի աղբյուր է հանդիսանում, քանի որ երբ ճշմարտությունը հետագա գործնական օգտակարություն չունի, այն դառնում է բառացի նկարագրություն: Դրա պատճառած բավականությունը երևակայական է, իսկ արժեքը` գեղագիտական:
Բոլոր արժեքների այսպիսի կրճատումը մինչև անմիջական արժևորումներ, զգայական կամ կենսական գործունեություն, այնքան անխուսափելի է, որ ապշեցնում է նույնիսկ ամենախիզախ ռացիոնալիստ անհատներին: Միայն թե նրանց համար այս վերլուծությունը, փոխանակ առաջնորդելու դեպի էսթետիկական բարիքների ազատագրում գործնականի խճճվածությունից և դրանց հաստատում կյանքում` որպես միակ անխառն և դրական արժեքների, ավելի շուտ հանգեցրել է միանգամից հրաժարման բոլոր անխառն ու դրական բարիքներից: Այսօրինակ մտածողները բնականաբար համարում են, որ բարոյական արժեքները ներհատուկ են ու գերադաս, և քանի որ այս բարոյական արժեքները դրսևորվելու էին միայն ֆիզիկական չարիքների գոյության կամ անխուսափելիության դեպքում, ապա նրանք ընդունում են այն պարադոքսը, որ առանց չարիքի բարին բոլորովին անհնար է: