Ռուբիկոն

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ջատագովների խիստ պահանջներն, անկասկած, նպաստել են նրանց այս դիրքորոշմանը, երբ գարնան շունչը կամ մի գեղեցիկ արարածի տեսքը բավական կլիներ նրանց դիրքերը խարխլելու համար: Նրանց հոգեկան զսպվածությունը և երևակայության կապանքներն արգելում են նրանց վերանայել իրենց սկզբնական կարծիքը և ըմբռնել, որ բարոյականությունը միջոց է և ոչ նպատակ, որ այդ է մարդկության չհարմարվելու գինը և անպիտանիության առաջին մեղքի հետևանքը: Դա մարդկային վարքի խտացումն է ապահովության և հնարավորի նեղ շրջանակներում: Վերացրեք վտանգը, վերացրեք տառապանքը, վերացրեք կարեկցության առիթները, և կվերանա բարոյականության անհրաժեշտությունը:

Անտեղի կդառնա «դու չպետք է անես» արտահայտությունը:

Սակայն այս պատվիրանների վերացումը չի հանգեցնի կյանքի դադարի: Զգայարանները կշարունակեն ընկալել, բնազդները կշարունակեն գործել և բոլոր արարածներին առաջնորդել դեպի իրենց համապատասխան վայրերն ու զբաղմունքները: Բնության բազմազանությունը և արվեստի անսահմանությունը մեր ընկերների ընկերակցությամբ կլրացնեն այդ իդեալական գոյության ազատ ժամանակը: Սրանք են մեր դրական երջանկության տարրերը, որոնք հազարավոր տհաճությունների և հոգսերի մեջ կազմում են կյանքից ստացվող «մաքուր շահույթը»:

Ընդհանուր սկզբունքների էսթետիկական լուսաբանումը

Զանազան բավականությունները, որոնք նկատի ուներ բարոյականությունը` պաշտպանելով էսթետիկան նախորդ վերլուծության մեջ, միակը չեն: Երբ ձևավորվում է խիղճը և ճշմարիտ սկզբունքներն անմիջական կշիռ են ձեռք բերում, մեր վերաբերմունքը այդ սկզբունքների հանդեպ նույնպես էսթետիկական է դառնում: Պատիվը, ազնվությունը և մաքրակենցաղությունը ակնառու օրինակներ են: Երբ այս առաքինությունների բացակայությունը ենթագիտակցական նողկանք է առաջացնում, ինչպես լինում է բարեկիրթ մարդկանց դեպքում, ռեակցիան բացառապես գեղագիտական է, քանի որ այն հիմնված է ոչ թե խորհրդածության ու բարյացակամության վրա, այլ բնահատուկ զգայունության: Էսթետիկական զգայունությունը, փաստորեն, շատ թե քիչ անվանվել է բարոյականություն, քանի որ հետևանք է գիտակից ուսուցման և ավելի զորավոր է հասարակության մեջ բարու համար, քան տառապալից առաքինությունը, քանի որ շատ ավելի հաստատուն է և գրավիչ: Դա Կալոկագաթիան1 է, բարու էսթետիկական պահանջը, որը հավանաբար մարդկային էության գեղեցկագույն մասն է:

Սակայն տիպական սկզբունքների` անկախ ուժեր դառնալու և ներհատուկ արժեք ձեռք բերելու այս միտումը երբեմն վնասակար է: Դա զգացմունքի և ճշմարտացիության, ներըմբռնողական և օգտապաշտական բարոյականությունների միջև հակասության հիմքն է: Յուրաքանչյուր մարդկային վերափոխում մարդու առաջնային հետաքրքրությունների վերահաստատումն է ընդդեմ ընդհանուր սկզբունքների, որոնք օբյեկտիվորեն դադարել են ներկայացնել այդ հետաքրքրությունները, չնայած մարդկության կողմից դեռևս արժանանում են պաշտամունքային երկրպագության: Այլևս ո՛չ ասպետությունը, ո՛չ էլ կրոնը միայնակ չեն կարող վայելել այդ բարոյական վստահությունը: Դա տեղի է ունենում, երբ մի վերացական բարիք փոխարինվում է իր իրական համարժեքով: Տիպիկ օրինակ է ժլատի մոլորությունը, և դրան շատ նման է մեր հարգարժան բնակչության կեսի բարոյական սկզբունքը: Որոշակի օգտակար սովորույթների կիրառման համար մարդ զոհաբերում է շահը, որն այս սովորույթների նախնական հիմքն ու արդարացումն էր: Չնչին գիտելիքներն ուսումնասիրվել են հանուն լայնախոհության և հարստանում են հարմարավետության և ազատության հաշվին:

Այս սխալն առավել ևս ճշմարտանման է, երբ ածանցված նպատակն իր մեջ որոշ էսթետիկական հմայք ունի, ինչպիսին է իրադարձությունների անսահման դրամայում ինչ¬որ մեկի դերը ստանձնելու ստոիկների գաղափարը, անկախ որևէ մեկի համար այդպիսով ավելացող առավելությունից, ինչպես որ ժլատի կիրքը որոշ չափով փոխհատուցվում է, երբ նրա աչքը հիացնում են ոչ թե բանկային հաշվի թվանշանները, այլ դեղին ոսկու փայլը: Եվ թե՛ ողբերգական դեր խաղալու ունայնությունը, թե՛ գիտակցված ինքնազոհաբերության գիտակցությունն ունեն միևնույն չմիջնորդված հրապույրը: Բազմաթիվ իռացիոնալ սկզբունքներ, այսպիսով, որոշ ազնվականություն են ձեռք բերում: Առարկան ընտրվում է որպես բարձրագույն բարիք, որն ունի ոչ միայն որոշակի ներկայանալի արժեք, այլև ներքին մի արժեք, որը ոչ միայն այլ արժեքներն իմաստավորելու մեթոդ է, այլև ինքն իրեն իմաստավորող արժեք: Քրիստոնյաների համար հնազանդությունը Աստծուն, ինչպես բնությանը կամ բանականության օրենքներին ենթարկվելը ստոիկների համար, մի վերաբերմունք է, որն ունի որոշակի զգացմունքային և կրքոտ արժեք` անկախ օգտակարության սկզբունքների նախնական արդարացումից: Այս զգացմունքային և կրքոտ ուժը մոլեռանդության էությունն է կազմում, այն հրամանները դարձնում է կտրուկ, գիտակցության հանդեպ նրանց տալիս է բացարձակ իշխանություն, չնայած մարդկային էության բազմատեսակ պահանջների նկատմամբ նրանց միակողմանիությանը և անարդարությանը:

Աստծո կամ բանականության հանդեպ հնազանդությունը կարող է սկզբնապես մարդուն առաջարկվել միայն որպես ամենաապահով և, վերջին հաշվով, ամենից պակաս ծանր ճանապարհ` հավասարակշռելու իր նպատակներն ու համադրելու իր իղձերը: Այս օժանդակությունն այնքան անհրաժեշտ է անգամ ամենից բռնկուն-կրքոտ էակներին, որ ոչ մի նահատակ չէր գնա գիտակցված մահվան, եթե չհավատար, որ բնության ուժերը դատաստանի օրը իր կողմը կլինեն: Սակայն մարդկային միտքն անհնազանդ տերություն է, և օրենքները, որ գործում են մեծագույն բարու համար, չեն կարող հաստատվել այնտեղ առանց որոշ մասնավոր զոհողությունների, առանց բազմաթիվ առանձին ազդակների զսպման: Հետևաբար բանականության ձայնը կամ Աստծո իշխանությունը, որ նպաստում է առավելագույն բավարարվածությանը, հայտնվում է բազմաթիվ ցրված և համառ ուժերի դեմ, որոնք այնուհետև գերակշիռ կերպով չար են դառնում: Չխորհրդածող խիղճը, մոռանալով իր գերազանցության լիազոր աղբյուրը, հետագայում ինքն է ստանձնում հանդիսավոր և անբացատրելի անմիջականությունը, կարծես թե նրա որոշումները բացարձակ են և էությամբ հեղինակավոր, այսօրվա կամ երեկվա համար չեն, և որևէ մեկը չի կարող բացատրել նրանց առաջացման պատճառը: Բնազդն ավելի հեշտությամբ է կարողանում առաջացնել այս պատրանքը, երբ ի մի է բերում հետաքրքրությամբ և ակտիվ կրքով լի երևակայական գործունեությունը: Այս ներգործությունը ակնառու կերպով ազդում է միաժամանակ թե՛ բարեպաշտ և թե՛ ռացիոնալիստ աբսոլյուտիստի խղճի վրա, ինչպես նաև սիրո կրքի ժամանակ: Քանզի այս ամենի մեջ որոշակի անհատականություն, որոշակիություն և բացառիկություն է տրված քննվող առարկային, որը չափազանց նպաստում է ջերմեռանդությանը, իսկ բուռն կիրքը իրար է ձուլում կամային զանազան պրոցեսները` վերածելով հմայքի մեկ ազդեցության գիտակցման:

Այնուամենայնիվ, որքան էլ այս մոլորեցնող բարդությունները կարող են հավաստի թվալ գործունյա ու պերճախոս մարդկանց, դրանք չպետք է պարտադրվեն մարդկային էության քննադատներին: Փաստորեն ընդհանուր բարիքների արժևորումը պայմանավորված չէ դրանց առաջարկած մասնակի բավականություններով, դրանք ինքնին որպես գաղափարներ հաճելի և ազդեցիկ են երևակայության համար: Մի շարք սկզբունքների և մեթոդների ներքին առավելությունը, համենայն դեպս, իրական է` որոշ իմաստով էսթետիկական լինելու համար: Միայն ստոր օգտապաշտությունը, որ անջատում է երևակայությունը մարդկային էությունից կամ առնվազն անուշադրության մատնում դրա անսահման ներդրումը մեր երջանկության մեջ, չէր կարող այս սկզբունքներին նախապատվություն տալ որպես ուրիշների հանդեպ գործնականում բարի:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Նկարչի տեքստը, Աստիճաններ Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…