Ռուբիկոն

Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հատկանիշները, որոնք մեր պատկերացմամբ պատկանում են իրական առարկաների, մեծ մասամբ տեսողության և շոշափելիքի պատկերներ են: Որպես երկրորդական բնութագրված ազդեցությունների առաջին տեսակներից են, բնականաբար, վայելքները, հաճույքները և տառապանքները, քանի որ մեր հաճույքներն ու տառապանքները առարկաներին ներհատուկ պատկերացնելը առհասարակ չափազանց քիչ կարող է նպաստել գիտակցված և արդյունավետ գործունեությանը: Սակայն հույզերն, ըստ էութան, ենթակա են օբյեկտիվացման, ինչպես և զգացողությունների տպավորությունները, և, հետևաբար, մարդ կարող է հավատալ, թե պարզագույն ու անփորձ գիտակցությունն ավելի շուտ կբնակեցնի աշխարհն իր սեփական սարսափների ու կրքերի տեսիլքներով, քան հստակ և մաթեմատիկական գաղափարներով, որոնք դեռ հազիվ թե ի վիճակի է ձևավորել:

Մտքի այս ոգեպաշտական և առասպելային սովորույթը դեռևս դիմանում է գիտելիքի սահմաններում, ուր ընդունված չեն տեխնիկական պարզաբանումներ: Մեր մեջ, որտեղ փոքր հեռավորությունը դժվարացնում է դիտումը, կենդանական և մարդկային կյանքի խրթին քաոսում, ինչպես նաև տիեզերական և կրոնական հիմնահարցերի հեռավոր խավարում, մենք դեռ դիմում ենք կամքի ու գաղափարների զորությանը: Սակայն օրվա ճղճիմության ողջ միջանկյալ թագավորությունում, որտեղ մեխանիկական գիտությունները զարգացում են ապրել, իրականության պատկերացման մեջ հուզական և կրքոտ տարրերի հավելումը այժմ խենթություն կլիներ: Այստեղ առարկաների մեր գաղափարը բաղկացած է բացառապես ընկալական տարրերից, ձևի և շարժման գաղափարներից:

Առարկաների գեղեցկությունը, այնուամենայնիվ, այս կանոնի բացառությունն է: Գեղեցկությունը հուզական տարր է, մեր վայելքը, ինչն, այդուհանդերձ, համարում ենք առարկաների հատկանիշ: Բայց այժմ մենք նախապատրաստված ենք հասկանալու այս բացառության էությունը: Դա սկզբնապես համապարփակ միտումի վերապրուկն է` առարկայի մեզ վրա գործած յուրաքանչյուր ազդեցություն դարձնել ըմբռնված բնության բաղկացուցիչ մաս:

Առարկայի գիտական պատկերացումն այդ առարկայի առաջացրած բազմազան ընկալումների և հակազդեցությունների մեծ ընդհանրացումն է, գեղագիտական պատկերացումը պակաս վերացական է, քանի որ բովանդակում է հուզական հակազդեցությունը, ընկալման հաճույքը, որպես ընկալված առարկայի անբաժանելի մաս:

Դժվար չէ գեղեցիկի զգացողության մեջ գտնել զգացումի օբյեկտիվացման այս գոյատևման պատճառը, որն այլուր անհետացած է: Առարկաների պատճառած հաճույքների մեծամասնությունը հեշտությամբ տարբերակվում և առանձնացվում է առարկայի ընկալումից. առարկան պետք է վերաբերի առանձին օրգանի, ինչպես օրինակ` քիմքին, կամ կուլ տրվի, ինչպես գինին կամ օգտագործվի և կիրառվի ինչ-որ ձևով, մինչև որ առաջանա հաճույք: Հետևաբար, թույլ է կապը հաճույքի և զգացողության մյուս փոխկապակցված տարրերի միջև, հաճույքն առանձնանում է զգացողությունից ժամանակով կամ տեղայնացվում է այլ օրգանում և, արդյունքում, անմիջապես ճանաչվում է որպես ազդեցություն, այլ ոչ առարկայի հատկանիշ: Սակայն երբ ընկալման պրոցեսն ինքնին հաճելի է, ինչպես, անշուշտ, կարող է պատահել, երբ մտավոր գործունեությունը, որի միջոցով փոխազդում և արտացոլվում են զգացողության տարրերը, և ստեղծվում է ձևի գաղափարն ու առարկայի էությունը, բնականաբար գրավիչ է, ապա մենք ունենում ենք առարկայի մեջ սերտորեն պարփակված, իր հատկությունից և կազմությունից անբաժան հաճույք, որի տեղայնացումը մեր մեջ նույնն է, ինչ որ ընկալման ժամանակ: Նման հանգամանքներում մեզ բնականաբար չի հաջողվում հաճույքն անջատել այլ օբյեկտիվացված զգացումներից: Այն դառնում է, ինչպես դրանց դեպքում, առարկայի որակ, որը մենք տարբերակում ենք առարկաների ընկալումների մեջ ոչ այսպես մարմնավորված հաճույքներից` այն անվանելով գեղեցիկ:

Գեղեցիկի սահմանումը

Մենք այժմ հասել ենք գեղեցիկի մեր սահմանմանը, որը, հաշվի առնելով մեր հետևողական վերլուծությունը և գաղափարի սահմանների նեղացումը, դրական, ներհատուկ և օբյեկտիվացված արժեք է: Կամ, պակաս տեխնիկական լեզվով ասած, գեղեցիկը հաճույք է` որակված որպես առարկայի հատկանիշ:

Այս սահմանումը նախատեսված է ամփոփելու տարբերակիչ և ճանաչելի նշանների բազմազանությունը, որոնք այստեղ թերևս ավելի մանրամասն կշարադրվեն: Գեղեցիկն արժեք է, այն իրականության կամ վերաբերմունքի ընկալում չէ, այն զգացմունք է, մեր կամային և ընկալունակ էության ապրումը: Առարկան չի կարող գեղեցիկ լինել, եթե չի կարող ոչ մեկին հաճույք պատճառել. գեղեցիկը, որի հանդեպ բոլոր մարդիկ անտարբեր են, հակասություն է սահմանման մեջ:

Երկրորդ` այս արժեքը դրական է, ինչ¬որ լավ բանի ներկայության զգացումն է, իսկ այլանդակության պարագայում` դրա բացակայության: Այն երբեք դրական չարիքի ընկալում չէ, երբեք բացասական արժեք չի լինում: Գեղեցիկի զգացումով օժտված լինելը անխառն օգուտ է, որը չարիք չի բերում իր հետ: Երբ այլանդակությունը դադարում է զվարճացնել կամ թեկուզ հետաքրքրություն առաջացնել և նողկալի է դառնում, այն իսկապես դառնում է բացահայտ չարիք, սակայն` բարոյական և գործնական, բայց ոչ երբեք էսթետիկական: Էսթետիկայի մեջ ճշմարիտ է այն ասույթը (որը հաճախ այնքան կեղծ է հնչում բարոյագիտության մեջ), թե չարիքը ոչ այլ ինչ է, քան պարզապես բարու բացակայություն: Քանզի անգամ գոյության ձանձրույթն ու գռեհկությունն առանց գեղեցկության ինքնին ոչ այնքան նողկալի են, որքան ողբալի ու ստորացուցիչ: Էսթետիկական բարիքների բացակայությունը բարոյական չարիք է, էսթետիկական չարիքը բացառապես հարաբերական է և ենթադրում է պակաս էսթետիկական բարիք, քան սպասվում էր տվյալ տեղի ու ժամանակի համար: Ոչ մի կառուցվածք ինքնին ցավ չի պատճառում, չնայած որոշ ձևեր տհաճություն են առաջացնում` անակնկալ ցնցում պատճառելով նույնիսկ իսկապես գեղեցիկ լինելու պարագայում, ինչպես, օրինակ, եթե մայրն իր երեխայի օրորոցում մի հրաշալի հորթուկ գտներ և նրա տառապանքն իր բնույթով էսթետիկական չլիներ:

Բացի այդ, այս հաճույքը պետք է ի հայտ գա ոչ թե առարկայի կամ իրադարձության շահավետության արդյունքում, այլ նրա անմիջական ընկալման. այլ կերպ ասած` գեղեցիկը մեծագույն բարիք է, որը բավականություն է պատճառում որևէ բնական ֆունկցիայի, որոշակի հիմնարար կարիքի կամ մեր մտավոր ունակությանը: Գեղեցիկն, այսպիսով, դրական արժեք է, որը ներհատուկ է. այն հաճույք է: Այս երկու հանգամանքները էսթետիկայի ոլորտը բավականաչափ սահմանազատում        են բարոյականության ոլորտից: Բարոյական արժեքները մեծ մասամբ ժխտողական և մշտապես հեռակա են: Բարոյախոսությունը գործ ունի չարիքից խուսափելու և բարուն ձգտելու հետ, գեղագիտությունը` միայն վայելքի:

Վերջապես, զգացական հաճույքները տարբերվում են գեղեցիկի ընկալումից, ինչպես զգացողությունն է ընդհանրապես տարբերվում ընկալումից, այն է` տարրերի օբյեկտիվացմամբ և ապա դրանց` ավելի շուտ առարկաների, քան գիտակցության հատկանիշների հանդես գալով: Անցումը զգացողությունից դեպի ընկալում աստիճանական է, և երբեմն հնարավոր է հետևել ընթացքին. դա վերաբերում է և՛ գեղեցկությանը, և՛ զգացական հաճույքներին: Կտրուկ սահման չկա դրանց միջև, սակայն այն կախված է օբյեկտիվության աստիճանից, որին հասել են իմ զգացումներն այն պահին, երբ ես ասում եմ. «Դա ինձ հաճելի է» կամ «Դա գեղեցիկ է»: Եթե ինքնագիտակցությունս արթուն է, և քննադատական մոտեցում ունեմ, ես հավանաբար այդ արտահայտություններից կօգտագործեմ առաջինը, եթե իմպուլսիվ եմ, և երկրորդը` եթե տպավորվող եմ: Որքան ավելի հեռակա, խճճված և անբացատրելի է հաճույքը, այնքան ավելի օբյեկտիվ է երևալու, և երկու հաճույքների միությունը հաճախ ստեղծում է մեկ գեղեցկություն: Շեքսպիրի LIV սոնետում հետևյալ բառերը կան.

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Նկարչի տեքստը, Աստիճաններ Վասիլի Կանդինսկի ՏԵՍՆԵԼ Կապույտ, կապույտն է բարձրացել, բարձրացել է և ընկել: Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է, բայց չի խոցել: Որոտն է պատել ամենուր: Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ: Կարծես: Կարծես: Լայն բաց արա թևերդ: Լայն: Լայն: Եվ ծածկիր դեմքդ ալ… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…