Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Հետաքրքրական և հավանաբար զարմանալի կլիներ բացահայտել, թե շնչելու հաճույքը որքանով է կապված մեր բարձրագույն և առավել անդրիմացական իդեալների հետ: Սոսկ փոխաբերություն չէ, որ մենք իրար ենք կապում եթերայնությունն ու նրբագեղությունը և շնչարգելությունն ու սարսափը. կոկորդում և թոքերում եղած զգացողության իրական կրկնությունն է, որ ակնթարթորեն ուժ է հաղորդում այս տպավորություններին և նախորդում դրանց արժեքայնության բոլոր արտացոլումներին: Հետևաբար խոր կամ արգելակված շնչառության այս կենսական զգացողությունն է անմիջականորեն ազդում տվյալ երևույթների արտահայտչականության վրա:
Սիրո կրքի ազդեցությունը
Կենսական և հասարակական ֆունկցիաների միջև ընկած է սեռական բնազդը: Եթե բնությունը վերարտադրության խնդիրը լուծած լիներ առանց սեռական տարբերակումների, մեր հուզական կյանքն արմատապես այլ կլիներ: Այս ֆունկցիան այնքան խորին և այնքան ներթափանցող ազդեցություն է թողնում հատկապես կնոջ վրա, որ մենք մարդկային էության բացարձակապես անիրական կարծիք կներկայացնեինք, եթե մեր գեղագիտական ընկալունակությունը ուսումնասիրենք առանց սեռերի հարաբերություններին անդրադառնալու: Այդուհանդերձ, մենք չպետք է տղամարդու և կնոջ միջև գեղագիտական հետաքրքրության հնարավորություններում կամ առարկաներում ինչ-որ մեծ տարբերություններ ակնկալենք. հուզական կյանքում կարևոր է ոչ թե արարածի սեռական պատկանելությունը, այլ` որ նա ընդհանրապես սեռ ունի: Քանի որ, հաշվի առնելով դժվարին խնդիրը, որ բնությունը պետք է լուծի ի դեմս սեռական վերարտադրության, և դրա համար պահանջվող բնազդի համապատասխան կենսանախադրյալը, մենք կտեսնենք, որ ռեակցիաներն ու ընկալունակությունը, որոնք պետք է արմատավորված լինեն անհատի մեջ, մեծ մասամբ նույնական են երկու սեռերում, ինչպես և սեռական կարգավորումն ինքնին հիմնավորապես միանման է երկուսի դեպքում էլ: Իսկապես, տեսակների բազմազանությունը և ողջ կենդանական թագավորությունը միևնույն սեռական նախահակվածություններն ունեն, այնուամենայնիվ, առանձին օբյեկտը, որ նախատեսված է սեռական ռեակցիայի համակարգ դրսևորելու, անշուշտ տարբեր է յուրաքանչյուր տեսակի և յուրաքանչյուր սեռի դեպքում:
Եթե մենք գործ ունենայինք ոչ թե գեղեցիկի, այլ սիրո փիլիսոփայության հետ, մեր խնդիրը կլիներ բացահայտել, թե ինչպիսի մեխանիզմով է այս հիմնական զգայունակությունը, որ ընդհանուր է երկու սեռի բոլոր արարածների համար, աստիճանաբար ուղղվում դեպի ավելի ու ավելի որոշակի օբյեկտներ. սկզբում` մի տեսակի և մի սեռի, և վերջապես` մեկ անհատի: Սեռական օրգանների տարբերակված լինելը բավարար չէ. պետք է կապ հաստատվի դրանց և արտաքին զգայարանների միջև, այնպես որ արարածը կարողանա ճանաչել և հետամտել բնորոշ օբյեկտին:
Զուգընկերոջն ամբողջ կյանքում հավատարիմ լինելու դեպքը, նույնիսկ չբավարարված և անհույս սիրո դեպքում, առավելագույն տարբերակումն է, որն անցնում է անգամ բնության մեջ հենակետ եղած օգտակարության վրայով, և խաչ է քաշում սեփական օբյեկտի վրա: Բնազդի տարբերակումը ըստ սեռի, տարիքի և տեսակի ակնհայտորեն անհրաժեշտ է իր` որպես վերարտադրության միջոցի, հաջողության հասնելու համար: Քանի դեռ այս տարբերակումն ավարտուն չէ, ինչպես որ լինում է հաճախ, այն փնտրտուքի ու կորուստների մեծ բաժին ունի, և բնազդի ուժն ու վճռականությունը պետք է միանան որոշակիության պակասի պատճառով: Այս չկարգավորված ֆունկցիան, այսպիսով, կենսական էներգիայի մեծ բաժին է կլանում: Ամենից խնայողական կարգավորումը, որ կարելի է պատկերացնել, այն կլիներ, ըստ որի` միայն մի կին, որ ամենահարմարը կլիներ սերունդ պարգևելու տվյալ տղամարդուն, արթնացներ նրա ցանկությունը, և միայն այնքան անգամ, որքան որ անհրաժեշտ կիներ, որ նա հղիանար, այդպիսով մնացած ժամանակն ազատելով և ուղղելով տղամարդու էներգիան և ուշադրությունը իր էությունից բխող այլ հմտությունները կյանքի կոչելու:
Եթե այս իդեալին հասած լինեինք, բնազդը մյուս բոլոր կատարելապես կարգավորված ֆունկցիաների նման միտում կունենար անգիտակցական դառնալու, և մենք կկորցնեինք հենց այն կողմնակի ազդեցությունները, որոնք մեզ հետաքրքրում են էսթետիկայում: Քանի որ հատկապես շռայլելուց, սեռական կրքի ճառագայթումից է գեղեցկությունը ջերմություն փոխառում: Ինչպես տավիղը, որը ստեղծված է թրթռալու մատների հպումից, երաժշտություն է պարգևում յուրաքանչյուր քամու, այնպես էլ անխուսափելիորեն կնոջ հանդեպ ընկալունակ տղամարդու բնությունը, միաժամանակ զգայուն է դառնում այլ ներգործությունների նկատմամբ և ունակ` նրբազգացություն դրսևորելու յուրաքանչյուր օբյեկտի հանդեպ: Սիրելու կարողությունը մեր հայեցողությանը տալիս է այն կրակը, առանց որի հաճախ կարող էր ձախողվել գեղեցկության փառաբանումը, և մեր էսթետիկական զգայունակության ողջ զգացմունքային մասը, առանց որի այն ավելի շուտ ըմբռնողական և մաթեմատիկական կլիներ, քան էսթետիկական, արդյունք է մեր սեռական կառուցվածքի անփոփոխ մնալու:
Սեռի ձգողականությունը չէր կարող արդյունավետ դառնալ, եթե նախ և առաջ չներգրավվեին զգայարանները: Աչքը պետք է հմայվի և ականջը` հրապուրվի առարկայով, որին բնության պահանջով ձգտելու են: Երկու սեռերն էլ այս պատճառով զարգացրել են երկրորդական սեռական հատկանիշներ, և սեռական զգացմունքները միաժամանակ տարածվում են զանազան երկրորդական առարկաների վրա: Գույնը, վայելչությունը, ձևը, որոնք սեռական կրքի խթան և սեռական ընտրության ուղենիշեր են դառնում, ձեռք են բերում, նախքան այդ պարտավորությունը իրագործելու հնարավորությունը, մի որոշակի ներքին հմայք: Այս հմայքն առկա է մի պատճառով, որն ընդունելի իմաստով, կարող ենք անվանել նպատակաբանական` հաշվի առնելով վերարտադրության համար ունեցած օգտակարությունը, իսկ դրա ինտենսիվությունն ու զորությունը հետևանք են խոր սեռական իմպուլսների միաժամանակյա ալեկոծության: Ոչ, իհարկե, ցանկացած սեռական գաղափար կապված չէ այս զգացումների հետ, այսօրինակ գաղափարները բացակայում են զուսպ և անփորձ ուղեղում, անգամ ակնհայտ սեռական կրքերի և խանդի պահին: Հետաքրքրություն ներկայացնող այս երկրորդական առարկաները, որոնք գեղեցիկի ամենից աչքի ընկնող տարրերից են, սեռական են կոչվելու հետևյալ պատճառներով. քանի որ սեռական ֆունկցիայի հանգամանքներն են նպաստել մեր ցեղի մեջ դրանց հաստատվելուն և քանի որ իրենց ձգողականությամբ դրանք մեծապես պարտական են մեր սեռական կյանքում իրենց առաջացրած ռեակցիաներին:
Եթե որևէ մեկը ցանկանար ստեղծել գեղեցիկի մեծ ընկալունակությամբ օժտված մի արարած, նա չէր կարող ավելի համապատասխան գործիք հնարել այդ օբյեկտի համար, քան սեռն է: Առանձնյակները, որ ամեն սերնդին կյանք տալու և մեծացնելու համար կարիք չունեն միավորվելու, բացարձակ անկախություն կպահպանեին: Նրանց համար անհրաժեշտություն չէր լինի, որ որևէ պատկեր հրապուրիչ լիներ, կամ որևէ քնքշանվաղություն մեղմացներ հետաքրքրասեր աչքի անխիղճ զննողականությունը: Սեռը սակայն օժտում է անհատին համր ու հզոր բնազդով, որը նրա մարմինն ու հոգին անընդհատ ուղղորդում է դեպի մեկ ուրիշը, ուղեկից ընտրելն ու հետամտելը դարձնում կյանքի ամենահաճելի զբաղմունքներից մեկը, և միավորվում է` ստանալու համար ամենասուր հաճույքը, մրցակցելու ամենակատաղի խելահեղությամբ և առանձնանալու հավերժական թախիծի հետ: Ի՞նչն է է՛լ ավելի անհրաժեշտ աշխարհը ամենախոր իմաստով ու գեղեցկությամբ պարուրելու համար: Ուշադրությունը սևեռվում է խիստ որոշակի օբյեկտի վրա, և հոգում դրա առաջացրած բոլոր ներգործությունները աներկբայորեն դիտվում են իբրև այդ օբյեկտի հատկություններ ու հատկանիշներ: Սակայն այս ազդեցություններն այստեղ զորեղ ու հիմնավոր են: Հոգին ալեկոծվում է մինչև խորքերը: Նրա թաքնված գանձերը դուրս են բերվում գիտակցության մակերևույթ: Երևակայությունն ու սիրտն արթնանում են առաջին անգամ: Բոլոր այս նոր արժեքները բյուրեղանում են առարկաների շուրջ, ապա առաջարկվում մտքին: Եթե երևակայությունը զբաղեցնում է մի առանձին անհատի պատկեր, որի հատկանիշներն ի զորու են եղել արագացնելու այս հեղափոխությունը, բոլոր արժեքները հավաքվում են այդ պատկերի շուրջը: Օբյեկտը դառնում է կատարյալ. սովորաբար ասում ենք, որ մենք սիրահարված ենք: Եթե խթանը չի հայտնվում որոշակի պատկերի տեսքով, արժեքները տարաբաշխված են աշխարհով մեկ, ապա ասում ենք, որ մենք դարձել ենք բնության սիրահարներ և որ հայտնաբերել ենք առարկաների գեղեցկությունն ու իմաստը: