Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Գեղեցիկի բնույթը
Գեղեցիկի փիլիսոփայությունը արժեքների տեսություն է
Հեշտ կլիներ գտնել գեղեցիկի սահմանումը, որը մի քանի բառով կտար տվյալ բառի բացատրությունը: Հեղինակավոր աղբյուրներից գիտենք, որ գեղեցկությունը ճշմարտությունն է, իդեալի արտահայտությունը, աստվածային կատարելության խորհրդանիշը և բարու զգացական մարմնավորումը: Պատվավոր անվանումների այս երկար թվարկումը հեշտությամբ կարելի է շարունակել և կրկնել մեր աստվածային գովաբանության մեջ: Այսօրինակ արտահայտությունները խթանում են միտքը` մեզ վայրկենական բավարարվածություն տալով, սակայն հազիվ թե մտքի որևէ մշտական լուսաբանություն բերեն: Սահմանումը, որն իսկապես կբնութագրի, պետք է լինի առնվազն գեղեցիկի` որպես մարդկության փորձառության առարկայի, ծագման, տեղի և տարրերի մեկնաբանություն: Այն պետք է սովորեցնի, որքանով որ հնարավոր է, թե ինչու, երբ և ինչպես է գեղեցկությունն առաջանում, գեղեցիկ համարվելու համար ինչ պայմանների պիտի բավարարի առարկան, մեր էության ինչ տարրեր են մեզ զգայուն դարձնում գեղեցկության հանդեպ, և ինչ հարաբերության մեջ են գտնվում առարկայի կազմությունը և մեր ընկալունակության հուզականությունը: Պակաս բացատրությունն իսկապես չի կարող սահմանել գեղեցիկը կամ թույլ տալ հասկանալու գեղագիտական արժևորման իմաստը: Այս ելակետից գեղեցիկի սահմանումը տալն այս ամբողջ գրքի խնդիրն է, խնդիր, որը տվյալ սահմանների շրջանակներում կարող է միայն շատ անլիարժեք ձևով իրականացվել:
Մեր առարկայի պատմական վերնագրերը որոշ չափով կարող են հուշել մեզ` նման մի սահմանում սկսելու: Անցյալ դարի մի շարք հեղինակներ գեղեցկության փիլիսոփայությունն անվանել են Քննադատություն, և այդ բառը դեռևս կիրառվում է արվեստի գործերի հիմնավորված արժևորման համար: Այնուամենայնիվ, մենք հազիվ թե կարողանանք քննադատություն համարել բնության հանդեպ հիացմունքը: Մայրամուտը չի քննադատվում, այն զգում և նրանով զմայլվում են: «Քննադատություն» բառը տվյալ դեպքում չափից ավելի կշեշտի կշռադատված դատողության տարրը և համեմատությունը ստանդարտների հետ: Գեղեցիկի (որն չնայած հաճախ այսպես մեկնաբանվելով, համենայն դեպս, հազվադեպ է այսկերպ ընկալվում) և բնության ու արվեստի բոլոր մեծագույն կատարելությունները չափազանց հեռու են մի սկզբունքով վավերացվելուց, որի համար հենց իրենք են չափանիշ ու կատարելատիպ, որոնցով քննադատները չափում են ավելի երկրորդական երևույթներ:
Այս գիտության և եզրաբանության դարը, հետևաբար, յուրացրել է ավելի գիտական մի բառ` Էսթետիկա, որն ընկալման և ընկալունակության տեսությունն է: Եթե քննադատությունն իր իմաստով չափազանց նեղ է, քանի որ մատնանշում է բացառապես մեր առավել արհեստական դատողությունները, ապա էսթետիկան չափազանց լայն է թվում և իր շրջանակներում ներառում է բոլոր հաճույքներն ու տանջանքները, եթե ոչ բոլոր հնարավոր զգացումները: Կանտը, ինչպես գիտենք, այն օգտագործել է ժամանակի և տարածության` որպես բոլոր ընկալումների ձևերի իր տեսության համար, և այդ իմաստը ժամանակի ընթացքում նեղացել է` դառնալով արվեստի փիլիսոփայության համարժեք:
Եթե մենք, այնուամենայնիվ, միավորենք քննադատության և էսթետիկայի ծագումնաբանական նշանակությունը, կմիավորենք գեղեցկության տեսության երկու անքակտելի հատկանիշները: Քննադատությունը նշանակում է դատողություն, էսթետիկան` ընկալում: Նման ընկալումներում (որոնք քննադատական են) կամ դատողություններում (որոնք ընկալումներ են) հաջողության հասնելու համար պիտի լայնացնենք կշռադատված քննադատության մեր պատկերացումն այնքան, որ ներառենք արժևորումների բնազդային և անմիջական դատողությունները, այն է` հաճույքներն ու տառապանքները: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է սահմանափակել էսթետիկայի մեր պատկերացումը` բացառելով բոլոր այն ընկալումները, որոնք արժևորումներ չեն, որոնք չեն գտնում իրենց առարկաների արժեքը: Այսպիսով, մենք հասնում ենք քննադատական կամ արժևորող ընկալման, որը, կոպիտ ասած, այն է, ինչի հետ որ պիտի գործ ունենանք: Եվ անդրադառնալով «էսթետիկա» բառին, որ կիրառվում է այժմ, մենք, հետևաբար, կարող ենք ասել, որ այն զբաղվում է արժեքների ընկալմամբ: Հենց արժեքի նշանակությունն ու պայմաններն էլ պիտի քննարկենք առաջին հերթին:
Դեկարտի ժամանակներից ի վեր փիլիսոփաներին հայտնի էր մի կոնցեպցիա, որ բնության յուրաքանչյուր տեսանելի իրադարձություն կարելի էբացատրել մի նախկին տեսանելի երևույթի օգնությամբ և որ բոլոր շարժումները, ինչպես օրինակ, լեզվի շարժումը խոսելիս կամ ձեռքի շարժումը նկարելիս, պետք է որ ունենան միայն ֆիզիկական պատճառներ: Այսպիսով, եթե գիտակցությունը լրացնում է կյանքը, այլ ոչ թե կյանքն է ներհատուկ նրան, ապա մարդկային ցեղը պիտի որ գոյատևեր երկրի վրա և ձեռք բերեր իր գոյության համար անհրաժեշտ բոլոր արվեստները` առանց որևէ ընկալում, հասկացություն կամ զգացում ունենալու: Բնական ընտրությունը պետք է ապահովեր այն գործարանների գոյությունը, որոնք օգտավետ ազդեցություն են ունեցել իրենց շրջակա միջավայրի վրա: Ինքնապահպանության բնազդը պետք է զարգանար, վտանգից կխուսափեին առանց վախի և վնասվածքը կվերականգնվեր առանց զգալ տալու:
Նման աշխարհում պիտի որ լիներ ամենակատարյալ կարգը: Այնտեղ կգործեր այն, ինչ մենք կանվանեինք ամենախոր հետաքրքրությունների արտահայտություն և հնարավոր բարիքների ակնառու ձգտում: Քանի որ այնտեղ կգործեին ինքնաբուխ և արմատացած միտումներ` խուսափելու որոշակի անկանխատեսելի պատահականություններից և ստեղծելու ուրիշները, խորհելու բոլոր լռելյայն ցուցադրություններն ու վկայությունները մատչելի կլինեին դիտողին: Ինչպես նաև ողջ պրոցեսում վստահաբար չէր լինի ո՛չ մտածողություն, ո՛չ ակնկալիք և ո՛չ էլ գիտակցական նվաճում:
Դիտորդը կկարողանար կանխատեսությամբ կեղծել հետևանքներն ու առարկաները, ինչպես մենք ենք վարվում իր մակարդակին ձգտող ջրի կամ էլ վակուումի դեպքում, որը բնությունը չի հանդուրժում: Սակայն նյութի մասնիկներն իրենց դասավորության մասին անգիտակից էին մնալու, և ողջ բնությունը կմնար անընկալունակ նրանց փոփոխվող համակարգվածության հանդեպ: Միայն մենք` այդ պրոցեսի հնարավոր դիտորդներս, մեր սեփական հետաքրքրությունների և սովորությունների շնորհիվ կարող էինք դրա մեջ որևէ առաջընթաց կամ գագաթնակետ տեսնել:
Բայց մենք կտեսնենք բարձրագույն աստիճանը, երբ արդյունքը կհասցնի բավարարել մեր գործնական կամ էսթետիկական պահանջները, ինչպես նաև առաջընթացը, երբ կհասնենք նման բավարարվածության: Սակայն մեզանից և մեր մարդկային կանխակալությունից զատ, այսօրինակ տեխնիկական-մեքենայացված աշխարհում մենք չենք կարող տեսնել բացարձակ արժևորման ոչ մի տարր: Վերացնելով գիտակցությունը` մենք վերացնում ենք արժեքի հնարավորությունը:
Սակայն արժեքը կվերանար աշխարհից ոչ միայն ամեն գիտակցականի բացակայության պարագայում. մարդկային փորձառության ամբողջությունից պակաս բռնի վերանալու դեպքում, մեզ պիտի պատկերացնեինք իբրև սոսկ բանական արարածներ, որոնցում բնության փոխակերպումներն արտացոլված կլինեին առանց որևէ զգացմունքի: Այդ դեպքում յուրաքանչյուր իրադարձություն պիտի ուշադրության արժանանար, դիտարկվեին դրա կապերը, անգամ կարող էր ակնկալվել դրա կրկնությունը, բայց այս ամենը տեղի կունենար առանց ցանկության, հաճույքի կամ ափսոսանքի ստվերի: Ոչ մի իրադարձություն տհաճ չէր համարվի, ոչ մի իրավիճակ` սարսափելի: Մի խոսքով, կունենայինք միայն մտքի աշխարհ` առանց ցանկության աշխարհի: Այս դեպքում, ինչպես եթե գիտակցականությունը բացարձակապես բացակայեր, ամեն արժեք և կատարելություն ամբողջովին կանհետանար: