Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ
Երկրորդ մեթոդը պարունակում է վարքի կամ արվեստի` որպես մարդաբանության մի մասի, պատմական բացատրությունը և ջանում է բացահայտել տարբեր տեսակի բնավորության պայմանները, պետական կառուցվածքի ձևերը, արդարության ընկալումները և քննադատության ու արվեստի դպրոցները: Էսթետիկայի վերաբերյալ աշխատությունների մեծամասնությունը այս կարգի է եղել: Արվեստի փիլիսոփայությունը հաճախ դրսևորվել է որպես ճաշակի հոգեբանությունից ավելի հրապուրիչ առարկա հատկապես այն մտածողների համար, որոնք այնքան հմայված չէին ինքնին գեղեցկությամբ, որքան մարդու գեղարվեստական բնազդի հետաքրքրական խնդրով և պատմության ընթացքում դրա բազմազան դրսևորումներով:
Երրորդ մեթոդը բարոյագիտության մեջ և էսթետիկայում հոգեբանականն է, քանի որ նախորդ երկուսը համապատասխանաբար ուսուցողականը և պատմականն են: Այս մեթոդը գործ ունի բարոյական և գեղագիտական դատողությունների հետ, որպես հոգու երևույթի և հոգեկան էվոլյուցիայի արդյունքի: Խնդիրն այստեղ այս զգացումների ծագումն ու պայմանները, ինչպես նաև մեր համակարգի մնացած մասի հետ նրանց փոխհարաբերությունները հասկանալն է: Այսպիսի մի ուսումնասիրությունը, հաջողությամբ ընթանալու դեպքում, թույլ կտա հասկանալ պատճառը, թե ինչու ենք մտածում ճիշտ կամ գեղեցիկ, սխալ կամ տգեղ, այսպիսով այն կբացահայտի խղճի և ճաշակի արմատները մարդու էության մեջ և հնարավորություն կտա զատորոշելու վաղանցիկ նախապատվությունները և իդեալները, որոնք պայմանավորված են անհատական հատկություններով, որոնք էլ, սերելով բոլոր մարդկանց բնորոշ հոգեկան տարրերից, համեմատաբար մշտագո և համընդհանուր են:
Այս հարցերի քննությանը, որքանով որ դրանք վերաբերում են գեղագիտությանը, նվիրված են հետևյալ էջերը: Մասնավոր արժևորումներ պարտադրելու փորձ չի արվելու, ոչ էլ արվեստի և պատմության հետքերով ենք գնալու: Հետազոտությունը կսահմանափակվի մեր գեղագիտական դատողությունների բնույթով և տարրերով: Այս ուսումնասիրությունը տեսական է և ոչ անմիջականորեն ուսուցողական: Սակայն մեր նախապատվությունների հիմքերի խորքը թափանցելը, եթե հնարավոր լիներ դրան հասնել, չէր կարող բարերար և մաքրագործող ազդեցություն չունենալ դրանց վրա: Այն մեզ ցույց կտար դոգմատիզմի ապարդյունությունը, որը կպարտադրեր մեկ այլ մարդու կարծիքներ ու զգացմունքներ, որոնց համար նրա խառնվածքի և փորձառության մեջ պակասում է անհրաժեշտ հողը, միևնույն ժամանակ այն կազատեր մեզ ճաշակի շեղումների հանդեպ ամեն կարգի անտեղի համեստությունից կամ ավելորդ հանդուրժողականությունից, երբ մեզ հայտնի են նախապատվությունների ակնհայտ պատճառներն ու սովորույթները, որոնք ուժեղացնում և ավելի բազմազան են դարձնում գեղագիտական վայելքը:
Ուստիև, չնայած հիմնականում ոչինչ պակաս գրավիչ չէ, քան գեղեցիկի վերաբերյալ քննախոսությունները, իսկ ճաշակի համար պակաս ուղենշող` դրա մասին ուսումնասիրությունները, մենք, այնուամենայնիվ, կարող ենք դրանցից ակնկալել որոշ ոչ սոսկ տեսական օգուտ: Դրանք բավական հաճախ մնացել են առանց գործնական ազդեցությունների, քանի որ եղել են անբարենպաստ պայմաններում: Հեղինակները մեծ մասամբ եղել են համարձակ մետաֆիզիկներ և մասամբ ոչ իրազեկ քննադատներ, որոնք ներկայացրել են իրենց փիլիսոփայությունների այլ բաժիններում առաջադրվող համընդհանուր և անորոշ սկզբունքներ, որպես գեղարվեստական վարպետության և գեղեցկության էության պայմաններ: Սակայն եթե ուսումնասիրությունը մոտ է զգացողության իրողություններին, կարող ենք հուսալ, որ իբրև արդյունք հանդիսացող տեսությունը պարզաբանող ազդեցություն կարող է ունենալ այն փորձառության համար, որի վրա հիմնված է: Այս է, ամեն դեպքում, տեսության օգուտը: Քանի որ երբ տեսությունը վատն է, այն սահմանափակում է դիտողականության մեր կարողությունը և ճանաչումը դարձնում փոխարինող ու ձևական. երբ այն լավն է, բարենպաստ է ներգործում մեր ընդունակությունների վրա, ուշադրությունն ուղղորդում դեպի այն, ինչն իսկապես կարող է զբաղեցնել մեզ, և նոր համաբանությունների միջոցով ավելացնում է մեր հետաքրքրությունների շարքը: Տեսությունը չարիք է, եթե այն պարտադրում է մեր հոգևոր կյանքին խորթ կառուցվածք, այն ընդունելի է, եթե միայն լուսավորում է և ուսուցանելով ավելի կատարյալ դարձնում նրա արդեն իսկ ներհատուկ կառուցվածքը:
Հետևաբար մենք պիտի ուսումնասիրենք մարդկային զգայունակությունն ինքնին և գեղեցկության մեր իրական զգացումները և չփնտրենք մեր էսթետիկական ինքնագիտակցության ավելի խոր, անգիտակցական պատճառները: Նման մի արժեք, պատկանելով գեղեցիկի էության մետաֆիզիկական սկզբնաղբյուրներին, դրանց է հանգում ոչ այն պատճառով, որ բացատրում է մեր նախնական զգացմունքները, ինչը դրանք չեն կարող անել, այլ քանի որ դրանք արտահայտում և փաստորեն հաստատում են մեր որոշ հետագա արժևորումները: Ոչ մի բացատրություն չունի, օրինակ, գեղեցկությունը երկնային էանիշերի խորհուրդ անվանելը: Նման վերաբերմունքը, առօրեական լինելու դեպքում, բոլորովին չէր օգնի մեզ հասկանալու, թե ինչու են աստվածային խորհրդանիշերը հաճելի: Բայց խորհրդածության որոշակի պահերի, երբ հուզական փորձառությունը մեծ մասամբ քողարկված է մնում, և մենք հանգում ենք թե՛ բնության և թե՛ կյանքի վերաբերյալ շատ ընդհանուր գաղափարների, որևէ մասնակի առարկայի հանդեպ մեր հիացմունքը կարող է կազմված լինել ոչ այլ բանից, քան մտքից, որ այս առարկան համընդհանուր սկզբունքների մարմնավորումն է: Կապույտ երկինքը կարող է բավականություն պարգևել գլխավորապես այն պատճառով, որ այն կարծես անխռով հոգու կամ հավերժական երիտասարդության և բնության մաքրության արտահայտություն է հազարավոր մասնակի աղավաղումներից հետո: Բայց երկնքի այսպիսի արտահայտչականությունը պայմանավորված է ընկալման որոշակի հատկություններով, որ երկինքը կապում են երջանիկ ու մաքուր ամենայն բանի և մտքում, որտեղ մաքրության և երջանկության էությունը մարմնավորվում է Աստծո գաղափարի մեջ, այն առնչակցվում է նաև այդ գաղափարին:
Այսպիսով հնարավոր է, որ առավել պատահական և անիրական տեսությունները, որոնք պիտի մերժվեն որպես գեղագիտական կյանքի ընդհանրականացված բացատրություններ, կարող են վերհաստատվել մասնավորեցնող պահերի դեպքում: Այսպիսի ներըմբռնումները, որ մենք անվանում ենք պլատոնական, հազվադեպ են գիտական լինում, դրանք հազվադեպ են լուսաբանում երևույթը կամ հայտնաբերում իրերի իրական կանոնները, սակայն դրանք հաճախ այդ գործունեության բարձրագույն արտահայտությունն են, անկախ այն բանից, որ հազիվ թե հասկանալի են դարձնում այն: Երկրպագող սիրահարը չի կարող հասկանալ սիրո զարգացման ընթացքը, քանի որ ամբողջապես գտնվում է դրա զարգացման վերջին և բարձրագույն փուլում: Հետևաբար աշխարհը միշտ տարակուսել է պլատոնականներին տրված գնահատականից, որոնց տեսությունները, չնայած դրանց ողջ իմաստնությանը, չափազանց անհեթեթ են: Պլատոնականությունը մեր կենսական բնազդների չափազանց վեհ և գեղեցիկ արտահայտությունն է, այն խղճի մարմնացումն է և մեր նվիրական հույսերի արտահայտությունը: Պլատոնականներն, այդպիսով, վայելում էին իսկական հեղինակություն, ասես կանգնած լինելով բարձունքին, ուր հասարակ մահկանացուն չի կարող հասնել, որին, սակայն, նրանք բնականաբար և մասամբ գիտակցաբար ձգտում են: