Նկարչի տեքստը, Աստիճաններ
Վասիլի Կանդինսկի
ՏԵՍՆԵԼ
Կապույտ, կապույտն է բարձրացել,
բարձրացել է և ընկել:
Սրածայր, բարալիկ սուլոցով խփվել է,
բայց չի խոցել:
Որոտն է պատել ամենուր:
Թանձր դարչնագույնն է կախվել կարծես ընդմիշտ:
Կարծես: Կարծես:
Լայն բաց արա թևերդ:
Լայն: Լայն:
Եվ ծածկիր դեմքդ ալ գլխաշորով:
Եվ գուցե այն չի շարժվել տեղից,
շարժվել ես միայն ինքդ:
Ճերմակ թռիչք, ճերմակ թռիչքի ետևից:
Եվ այդ ճերմակ թռիչքի ետևից դարձյալ ճերմակ թռիչք:
Եվ այդ ճերմակ թռիչքի մեջ ճերմակ թռիչք:
Յուրաքանչյուր ճերմակ թռիչքի մեջ ճերմակ թռիչք:
Վատն էլ հենց դա է, որ դու չես տեսնում մշուշը,
Հենց մշուշի մեջ է այն նստած:
Այստեղից էլ սկսվում է ամեն բան…
……. Ճայթել է…….
Իմ մեջ տպավորված առաջին գույները եղել են լուսեղ-հյութալի-կանաչը, սպիտակը, կարմինի կարմիրը, օքրայի սևն ու դեղինը: Այդ տպավորությունները սկսվել են կյանքիս երրորդ տարում: Այդ գույները տեսնում էի տարբեր առարկաների վրա, որոնք աչքի առաջ են` թեպետ ոչ այնքան պայծառ, որքան իրենք գույներն են:
Բարակ ճիպոտներից պարուրաձև կտրում էինք կեղևն այնպես, որ առաջին շերտից հեռանար միայն վերին մաշկը, երկրորդից` նաև ներքևինը: Այդպես ստացվում էին փայտե եռագույն ձիուկներ. դարչնագույն շերտիկը (խեղդուկ էր, որը ես այնքան էլ չէի սիրում և հաճույքով կփոխարինեի այլ գույնով), կանաչ շերտիկը (որ հատկապես սիրում էի և որը նույնիսկ թոշնած վիճակում պահպանում էր հրապուրիչ մի բան) և սպիտակ շերտիկը, այսինքն լիովին մերկ, փղոսկրի նման փայտիկը (տամուկ տեսքով անսովոր բուրումնավետ,– ուզում ես լիզել, թե լիզես, դառն է,– բայց թոշնելիս արագորեն դառնում է չոր ու խղճալի, և դա անմիջապես մթագնում էր սպիտակի իմ ուրախությունը):
Հիշում եմ, որ ծնողներիս Իտալիա մեկնելուց ոչ շատ առաջ (ուր մեկնել եմ նաև ես` երեքամյա տղա), մայրիկիս ծնողները տեղափոխվել էին նոր բնակարան: Եվ հիշում եմ, բնակարանը դեռևս լրիվ դատարկ էր, այսինքն նրանում ո՛չ կահույք կար, ո՛չ մարդ: Միջին մեծության սենյակում պատից միայնակ կախված էր ժամացույցը: Ես նույնպես միայնակ կանգնում էի ժամացույցի դիմաց ու զմայլվում սպիտակ թվատախտակով և վրան նկարված վառ կարմիր վարդով:
Ամբողջ Իտալիան ներկվում է երկու սև տպավորությամբ: Մայրիկիս հետ սև կառքով անցնում ենք կամրջով (կամրջի տակ ջուրը թվում է պղտոր-դեղին). ինձ տանում են մանկապարտեզ Ֆլորենցիայում: Եվ դարձյալ սևը,– սանդուղք սև ջրի մեջ, իսկ ջրի վրա սարսափազդու սև, երկար նավ` մեջտեղում սև արկղ,– մենք գիշերով գոնդոլ ենք նստում:
Իմ ամբողջ զարգացման վրա մեծ, անջնջելի ազդեցություն ունեցավ մայրիկիս ավագ քույրը` Ելիզավետա Իվանովնա Տիխեևան, որի լուսավոր հոգին երբեք չեն մոռանա նրա հետ առնչված մարդիկ իր խորապես այլասիրական կյանքում: Ես նրան եմ պարտական իմ մեջ առաջացած սերը երաժշտության, հեքիաթի, հետագայում նաև գրականության և ռուս ժողովրդի խոր էության նկատմամբ: Մանկական ամենավառ հիշողություններիցս մեկը` կապված Ելիզավետա Իվանովնայի հետ, անագե դեղձանագույն ձիուկն էր խաղալիքային ձիարշավարանից. նրա մարմինը օքրայի գույնի էր, բաշն ու պոչը բաց դեղին էին: Մյունխեն գալու առաջին իսկ օրերից, ուր եկել էի գեղանկարչություն ուսանելու երեսուն տարեկանում, խաչ քաշելով անցյալ տարիների երկարատև աշխատանքիս վրա, փողոցներում հանդիպեցի ճիշտ նույն դեղձանագույն ձիու: Նա անշեղորեն հայտնվում է ամեն տարի, հենց որ ջրում են փողոցները: Ձմռանը խորհրդավոր կերպով չքանում է, գարնանը հայտնվում է ճիշտ այնպիսին, ինչպիսին եղել է մեկ տարի առաջ, իր բաշից չկորցնելով ոչ մի մազ. նա անմահ է:
Եվ կիսագիտակից, բայց արևաշող խոստումը շարժվեց հոգուս մեջ: Վերակենդանացավ իմ անագե դեղձանագույն ձիուկը և Մյունխենը հանգույցով կապեց մանկությանս տարիների հետ: Ես դեղձանագույն ձիուն եմ պարտական այն սիրո համար, որ ունեցա Մյունխենի նկատմամբ. Մյունխենը դարձավ իմ երկրորդ տունը: Երեխա ժամանակ շատ եմ խոսել գերմաներեն (մորս մայրը գերմանուհի էր): Մանկությանս տարիների գերմանական հեքիաթները արթնացան իմ մեջ: Այժմ անհետացած Promenadeplatz-ի, այժմյան Lenbachplatz-ի բարձր, նեղ տանիքները, հին Schwabing-ը և հատկապես Au-ն, որ հայտնաբերել էի քաղաքի մերձակայքում զբոսնելիս, այդ հեքիաթները դարձրին իրականություն: Կապույտ ձիաքարշն էր պտտվում փողոցներում` որպես հեքիաթներից մարմին առած ոգի, ինչպես կապույտ օդ, կուրծքս լցնելով թեթև, բերկրալի շնչով: Վառ-դեղին փոստարկղերը փողոցների անկյուններում երգում էին դեղձանիկների իրենց զիլ երգը: Ես հրճվում էի «Kunstmühle» մակագրով, և ինձ թվում էր, թե ապրում եմ արվեստի քաղաքում, ուրեմն նաև հեքիաթի քաղաքում: Այդ տպավորություններից հետագայում բխեցին Միջնադարից առնված իմ նկարները: Հետևելով մի բարի խորհրդի` մեկնեցի Rothenburg o. T.: Հիշողությանս մեջ անջնջելի կմնան անհատնում տեղափոխությունները ճեպընթացից մարդատար գնացք, մարդատարից տեղական երկաթուղու պստլիկ գնացքիկը` խոտածածկ ռելսերով, երկարավիզ, բարալիկ ձայնով շչացող շոգեքարշիկը` քնատ անիվների ծղրտոցով ու դղրդոցով, և ծերուկ գյուղացին (հագին թավշյա բաճկոն խոշոր, արծաթյա նրբահյուս կոճակներով), որը, չգիտես ինչու, համառորեն ձգտում էր հետս խոսել Փարիզի մասին և որին ես հազիվ էի հասկանում:
Դա արտասովոր ուղևորություն էր` ասես երազում: Թվում էր, թե ինչ-որ հրաշալի ուժ, հակառակ բնության բոլոր օրենքներին, ինձ շարունակ ետ-ետ է տանում, հարյուրամյակ հարյուրամյակի ետևից, դեպի անցյալի խորքերը: Ես դուրս եմ գալիս փոքրիկ (ինչ-որ անիրական) կայարանից և մարգագետնով գնում հին դարպասների կողմը: Դարպասներ, էլի դարպասներ, խանդակներ, նեղ տներ` նեղ փողոցների միջից միմյանց դիմաց գլուխները հանած և խորազնին միմյանց աչքերին նայող, պանդոկի վիթխարի դռներ, որոնք բացվում են ուղիղ հսկայական մռայլ ճաշասրահի մեջ, որի ճիշտ կենտրոնում ծանր, լայն, խոժոռ կաղնեփայտե սանդուղքը տանում է դեպի համարները, իմ նեղ համարը և լուսամուտի առջև բացվող վառ կարմիր կղմինդրե թեք տանիքների անշարժ ծովը: Շարունակ անձրևոտ եղանակ էր: Ներկապնակիս վրա ընկնում էին անձրևի առատ, կլոր կաթիլները:
Ցնցվելով ու օրորվելով, հանկարծ նրանք միմյանց էին մեկնում ձեռքերը, վազում էին միմյանց ընդառաջ և անմիջապես ու անսպասելի վերածվում բարալիկ թելերի, չարաճճի, փութկոտ վազելով ներկերի արանքով կամ հանկարծ թռչելով թեզանիքիս մեջ: Չգիտեմ, որտեղ մնացին բոլոր այդ էտյուդները: Ամբողջ շաբաթվա ընթացքում ընդամենը մի կես ժամով էր երևում արևը: Եվ ամբողջ այդ ուղևորությունից մնացել է լոկ մի նկար, որ արել եմ Մյունխեն վերադառնալուց հետո` տպավորության տակ: Դա «Հին քաղաքն» է: Քաղաքն արևոտ է, իսկ տանիքները,– որքան ուժերս բավարարել են,– ներկել եմ վառ կարմիր:
Ըստ էության, այդ նկարում ևս հետամտում էի այն ժամը, որ կար և կմնա մոսկովյան օրվա ամենահրաշալի պահը: Արեգակն արդեն ցածր է և հասել է իր բարձրագույն ուժին, որին ձգտել է ամբողջ օրը, որին ամբողջ օրը սպասել է: Երկար չի շարունակվում այդ պատկերը. ևս մի քանի րոպե, և արեգակի լույսը լարվածությունից դառնում է կարմրավուն, ապա կարմիր, սկզբում սառը կարմիր, հետո ավելի ու ավելի տաք: Արեգակն ամբողջ Մոսկվան հալեցնում, վերածում է տուբայի պես հնչող մի ձուլակտորի, որն ուժեղ ձեռքով տակնուվրա է անում հոգիդ: Ոչ, այդ կարմիր միասնությունը չէ Մոսկվայի լավագույն ժամը: Դա լոկ սիմֆոնիայի վերջին ակորդն է, սիմֆոնիա, որը յուրաքանչյուր տոնի մեջ զարգացնում է բարձրագույն կյանքը, ամբողջ Մոսկվային ստիպելով հնչել ասես հսկայական նվագախմբի fortissimo: Վարդագույն, յասամանի գույնի, սպիտակ, կապույտ, երկնագույն, պիստակի գույնի, բոցկլտուն-կարմիր տներ, եկեղեցիներ,– դրանցից յուրաքանչյուրն իբրև առանձին երգ,– կատաղորեն կանաչ խոտ, հանդարտ շրշացող ծառեր, կամ հազարավոր եղանակներով երգող ձյուն, կամ մերկ ճյուղերի ու ոստերի allegretto, կրեմլյան պատի կարմիր, կոշտ, անսասան, լռակյաց օղակ, որի վերևում, որպես ամբողջ աշխարհը մոռացող ՙալելուիայի՚ հաղթական ճիչ, բարձրանում է Իվան Մեծի սպիտակ, երկար, խիստ ու բարեկազմ ուրվագիծը: Եվ նրա երկար, երկնքի հավերժական կարոտից լարված, ձգված պարանոցին` գմբեթի ոսկե գլուխը, այլ գմբեթների ոսկյա, արծաթյա, խայտաբղետ աստղերի շրջապատում իրենից ներկայացնելով Մոսկվայի Արեգակը: