Նկարչի տեքստը, Աստիճաններ
Այնուհետև. չկա բացարձակ հանցանք (ինչպիսի~ հակասություն nulla poena sine lege` «չկա զանցանք առանց օրենքի» դրույթին):
Այնուհետև. ոչ թե արարքը (իրականը), այլ դրա արմատն է (վերացականը) ստեղծում չարիք (և բարիք): Եվ վերջապես. ամեն արարք բարոյապես չեզոք է: Այն կանգնած է սահմանի վրա: Կամքը խթան է տալիս` այն ընկնում է աջ կամ ձախ: Արտաքին խախուտությունը և ներքին ճշգրտությունը այս առումով խորապես զարգացած են ռուս ժողովրդի մեջ, և հազիվ թե սխալվեմ, ենթադրելով ռուսների առանձնահատուկ ուժեղ ընդունակության մասին այս ուղղությամբ: Ահա ինչու զարմանալի չէ, որ ժողովուրդները դաստիարակվելով,– շատ կողմերով արժեքավոր,– ֆորմալ, արտաքուստ արտակարգ ճշգրիտ հռոմեական ոգու սկզբունքներով (նորից հիշեցնեմ վաղ շրջանի jus strictum-ը [ամուր իշխանություն]), կա՛մ ռուսական կյանքին նայում են ուսերը թոթվելով, կա՛մ թիկունք են դարձնում նրան արհամարհական կշտամբանքով: Հատկապես մակերեսային դիտորդները այդ օտար աչքի համար տարօրինակ կյանքի մեջ տեսնում են միայն փափկություն և արտաքին խախուտություն, դրանք համարելով «անսկզբունքայնություն», ընդ որում նրանց աչքից վրիպում է խորքում թաքնված ներքին ճշգրտությունը: Այստեղից է ազատամիտ ռուսների ներողամտությունն ուրիշ ժողովուրդների նկատմամբ, որն այդ նույն ժողովուրդները մերժում են ռուսներին: Ներողամտություն, որ շատ հաճախ ռուսների մեջ փոխվում է հիացմունքի: Ոգու աստիճանական ազատագրմամբ եմ,– մեր ժամանակի երջանկությամբ,– ես բացատրում այն խոր հետաքրքրությունն ու ավելի հաճախ նկատվող ՙհավատը՚ Ռուսաստանի նկատմամբ, որոնք գնալով ավելի են ընդգրկում Գերմանիայի ազատ մտածողությանն ունակ տարրերը: Նախապատերազմական վերջին տարիներին սկսեցին ինձ մոտ` Մյունխենում, գալ երիտասարդ, ոչ պաշտոնական Գերմանիայի նախկինում ինձ անհայտ ներկայացուցիչները: Նրանք ոչ միայն ներքին աշխույժ հետաքրքրություն էին ցուցաբերում ռուսական կյանքի էության նկատմամբ, այլև որոշակի հավատ` «Արևելքից փրկության» հանդեպ: Մենք հստակ հասկանում էինք միմյանց և պարզորոշ զգում, որ ապրում ենք միևնույն հոգևոր ոլորտում: Այդուամենայնիվ ինձ հաճախ զարմացնում էր «երբևէ Մոսկվան տեսնելու» նրանց երազանքի ուժգնությունը: Եվ մի տեսակ տարօրինակ և ուրախալի էր այցելուների մեջ տեսնել ճիշտ միևնույն ներքին կառուցվածքի տեր շվեյցարացիների, հոլանդացիների, անգլիացիների: Արդեն պատերազմի ժամանակ, Շվեդիայում իմ ապրած տարիներին, դարձյալ ինձ բախտ վիճակվեց հանդիպելու նաև նույն ոգով օժտված շվեդների: Ինչպիսի դանդաղությամբ ու անշեղորեն վերանում են լեռները, նույնքան դանդաղ ու անշեղորեն ջնջվում են սահմանները ժողովուրդների միջև: Եվ «մարդկությունն» այլևս դատարկ հնչյուն չի լինի:
18 «Հոգևորը» մոտ երկու տարի մնացել էր սեղանին: «Կապույտ հեծյալն» իրագործելու բոլոր փորձերս ավարտվում էին անհաջողությամբ: Ֆրանց Մարկը, որի հետ ծանոթացել էի այդ ժամանակ իմ նկատմամբ եղած ընդհանուր թշնամանքի պայմաններում, հրատարակիչ գտավ առաջին գրքիս համար: Երկրորդի իրագործմանը նույնպես նա աջակցեց իր խելացի և տաղանդավոր համագործակցությամբ: