Ռուբիկոն

Նկարչի տեքստը, Աստիճաններ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Թվում է, որ դա միշտ այդպես էլ եղել է և որ շնորհիվ,– ժամանակի ընթացքում ձեռք բերված,– արտաքին ֆորմալ միջոցների, ես միշտ նկարել եմ միևնույն «նատուրան», և միայն իմ ձևն է կատարելագործվել իր առավել էականությամբ ու առավել արտահայտչականությամբ: Կողմնակի ոստյունները, որ ունեցել եմ այս համենայն դեպս ուղիղ ճանապարհին, ինձ համար, վերջին հաշվով, վնասակար չեն եղել, իսկ տարաբնույթ մեռյալ պահերը, երբ անզորություն եմ զգացել և որոնք երբեմն համարել եմ իմ աշխատանքի վախճանը, հաճախ եղել են ընդամենը նոր թափ և ներքին ուժերի համախմբում, հետագա քայլը պայմանավորող նոր աստիճան:

Մյունխեն, հունիս–հոկտեմբեր 1913

Մոսկվա, սեպտեմբեր 1918

1 Նախաձեռնությունը, կամ ինքնագործունեությունը, կյանքի արժեքավոր կողմերից մեկն է (ցավոք, չափազանց քիչ արմատավորվող), սեղմված կարծր ձևերի մեջ: Յուրաքանչյուր (անձնական կամ խմբակային) արարք լի է հետևանքներով, քանզի խախտում է կենսաձևերի ամրությունը, անկախ «գործնական արդյունքներ» բերելուց կամ չբերելուց: Ստեղծում է սովորական երևույթների քննադատության մթնոլորտ` իր բութ սովորականությամբ հոգին դարձնելով առավել անճկուն ու անշարժ: Այստեղից էլ զանգվածների բթությունը, որից ավելի ազատ հոգիները շարունակ դառնությամբ գանգատվում են: Գեղարվեստական հատուկ միավորումները պետք է որ մատակարարվեին հնարավորինս ճկուն, ոչ կարծր ձևերով, որոնք ավելի հակված են տրվելու նոր պահանջներին, քան ղեկավարվելու «նախադեպերով», ինչպես եղել է մինչև օրս: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ընկալվի միայն որպես անցում դեպի առավել մեծ ազատություն, առայժմ լոկ որպես անխուսափելի կապ, համենայն դեպս օժտված այնպիսի ճկունությամբ, որը բացառում է հետագա զարգացման խոշոր քայլերի արգելակումը: Ինձ հայտնի չէ որևէ ընկերություն կամ գեղարվեստական միավորում, որ ամենակարճ ժամանակի ընթացքում դարձած չլինի կազմակերպություն ընդդեմ արվեստի, փոխանակ լինելու կազմակերպություն հանուն արվեստի:

2 Սրտագին երախտագիտությամբ եմ հիշում պրոֆեսոր Ա. Ն. Ֆիլիպովի (այն ժամանակ դեռևս պրիվատ-դոցենտ) ճշմարիտ ջերմությամբ ու եռանդով լի աջակցությունը, որից ես առաջին անգամ լսեցի «նայած մարդուն» կատարելապես մարդկային սկզբունքի մասին, որ ռուս ժողովուրդը դրել է հանցավոր արարքների դասակարգման հիմքում և այն կիրառել ոլոստային դատարաններում: Այդ սկզբունքը դատավճռի հիմքում դնում է ոչ թե գործողության արտաքին առկայությունը, այլ նրա ներքին սկզբնաղբյուրի հատկությունը` մեղադրյալի հոգին: Ինչպիսի¯ հարազատություն արվեստի հիմքին:

3 Իմպրեսիոնիստների «լույսի և օդի խնդիրը» ինձ այնքան էլ չէր զբաղեցնում: Ինձ միշտ թվացել է, որ այդ թեմայով խելացի խոսակցություններն ընդհանուր քիչ բան ունեն արվեստի հետ: Հետագայում ինձ շատ ավելի նշանակալի էր թվում նեոիմպրեսիոնիստների տեսությունը, որն ի վերջո արծարծում էր գույնի ազդեցության հարցը և հրաժարվում օդի քննարկումից: Այդուամենայնիվ ես սկզբում խուլ կերպով, հետո գիտակցաբար զգում էի, որ ամեն մի տեսություն` հիմնված արտաքին միջոցների հողի վրա (իսկ բոլոր տեսություններն առհասարակ այդպիսին են), ընդամենը եզակի դեպք է, որի կողքին միաժամանակ կարող են լինել նաև շատ ուրիշները: Ավելի ուշ ես հասկացա, որ արտաքինը, եթե ներքինի ծնունդ չէ, մեռելածին է:

4 Միայն հետագայում ես զգացի Վագների այդ ամենաթույլ օպերայի ողջ քաղցր սենտիմենտալությունն ու մակերեսային զգայականությունը: Նրա մյուս օպերաները (ինչպես «Տրիստանը», «Մատանին») դեռ երկար տարիներ իրենց ուժով և յուրօրինակ արտահայտչականությամբ գերության մեջ էին պահում քննադատության իմ զգացմունքը: Դրա համար ես գտա օբյեկտիվ արտահայտություն «Բեմական կոմպոզիցիայի մասին» իմ հոդվածում, որ առաջին անգամ տպագրվել է 1913 թ. գերմաներեն (ՙԿապույտ հեծյալ՚-ում, հրատ. Ռ. Պիպեր, Մյունխեն):

5 Հայրս ամբողջ կյանքիս ընթացքում արտասովոր համբերությամբ էր վերաբերվում բոլոր քմահաճույքներիս և մի բնագավառից դեպի մյուսն իմ ցատկումներին: Սկզբից ևեթ նա ձգտում էր իմ մեջ զարգացնել ինքնուրույնություն. դեռ տասը տարեկան չկայի, երբ ինձ ներքաշեց, որքան դա հնարավոր էր, ընտրություն կատարելու դասական գիմնազիայի և ռեալական ուսումնարանի միջև: Երկար տարիներ, չնայած համեմատաբար համեստ միջոցներին, արտակարգ շռայլորեն սատարում էր ինձ նյութապես: Ամեն անգամ, երբ մի ճանապարհից անցնում էի մյուսին, նա հետս խոսում էր ավագ ընկերոջ նման և ամենակարևոր հանգամանքներում բռնության նշույլ անգամ չէր գործադրում ինձ վրա: Նրա դաստիարակության սկզբունքը եղել է կատարյալ վստահությունը և բարեկամական վերաբերմունքը: Նա գիտե, թե որքան երախտապարտ եմ իրեն:

6 Ժամանակի օգտագործման սովորական կարգ:

7 Այդ շրջանին է վերաբերում իմ սովորությունը գրի առնելու գլխումս հայտնվող առանձին մտքեր: Հենց այնպես, կարծես ինքնաբերաբար,– ինձ համար գրեթե աննկատ,– ձևավորվում էր «Հոգևորն արվեստում» գիրքը: Նշումներս կուտակվել էին առնվազն տասը տարվա ընթացքում: Գույների գեղեցկության մասին առաջին նշումներից մեկը հետևյալն էր. «Գեղանկարչական հրապույրը պետք է յուրահատուկ ուժով գրավի դիտողին, սակայն միաժամանակ այն կոչված է սքողելու խորը թաքնված բովանդակությունը»: Սրա տակ հասկացվում էր գեղանկարչական բովանդակությունը, բայց ոչ իր հստակ ձևով (ինչպես հիմա եմ հասկանում), այլ նկարչի զգացմունքը կամ զգացմունքները արտահայտված գեղանկարչորեն: Այդ շրջանում դեռևս իմ մեջ խոսում էր մոլորությունը, թե դիտողը բաց սրտով ընդառաջ է գնում նկարին, նրանում որոնում հարազատ խոսք: Այդպիսի դիտողներ իրոք կան (որ բնավ մոլորություն չէ), բայց նրանք հազվադեպ են, ինչպես ոսկու հատիկները ավազի մեջ: Կան նույնիսկ այնպիսի դիտողներ, որոնք անձնատուր են լինում ստեղծագործություններին և ընդունում ստեղծագործությունը` չնայելով, թե արդյոք լեզուն հարազատ է իրենց հոգուն, թե ոչ:

8 Այժմ էլ շատ քննադատներ տաղանդավոր են համարում իմ հին նկարները, մի բան, որ մեծավ մասամբ հիանալի ապացույց է դրանց թուլության: Հետագա, հատկապես վերջին գեղանկարչական աշխատանքներում նրանք տեսնում են մոլորություն, փակուղի, անկում, հաճախ նաև խաբեություն, ինչը մեծ մասամբ ապացուցում է այդ նկարների անընդհատ ավելացող ուժը: Փորձառությունն ու տարիները անտարբերություն են առաջացնում այդ կարգի գնահատականների նկատմամբ: Իմ գեղանկարչության այս ու այնտեղ հայտնվող գովերգերը (որոնց վիճակված է հնչելու ավելի բարձր) այլևս ի զորու չեն հուզելու ինձ, ինչպես լինում էր իմ դեբյուտների ժամանակ. թերթերի, նույնիսկ ամսագրերի գեղարվեստական քննադատությունը երբեք «հասարակական կարծիք» չէր ստեղծում, այն միշտ ստեղծվում էր սրանով: Եվ հենց այդ կարծիքն էլ նկարչի ականջին է հասնում թերթային սյունակներից շատ ավելի վաղ: Սակայն ինձ թվում է նաև, թե այդ կարծիքը հաստատ և որոշակի կռահում է հենց նկարիչը, դրա ձևավորումից շատ առաջ: Որ կողմն էլ սխալվելիս լինի սկզբում (երբեմն շատ ու շատ տարիներ), և՛ այդ կարծիքը, և՛ դրա ստեղծած քննադատական գնահատականը, նկարիչն ընդհանուր առմամբ, իր հասունության շրջանում, միշտ գիտե իր արվեստի արժեքը: Եվ պիտի որ նրա համար սարսափելի լինի ոչ թե արվեստի արտաքին թերագնահատումը, այլ դրա արտաքին գերագնահատումը:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ Ջորջ Սանտայանա ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…