Նկարչի տեքստը, Աստիճաններ
Առարկայականի անջատումը գեղանկարչությունից առաջադրում է, բնականաբար, խիստ մեծ պահանջներ – ընդունակություններ ներքուստ վերապրելու զուտ գեղարվեստական ձևը: Հետևաբար դիտողից անխուսափելիորեն պահանջվում է հատուկ զարգացում այդ ուղղությամբ: Այդպես են ստեղծվում նոր մթնոլորտ կազմավորող պայմաններ: Իսկ նրանում, իր հերթին, շատ, շատ ավելի ուշ ստեղծվում է զուտ արվեստը, որ այսօր աննկարագրելի հմայքով ներկայանում է մեզնից խույս տվող երազներում:
Ժամանակի ընթացքում հասկացա, որ ուրիշի արվեստի նկատմամբ իմ աստիճանաբար մեծացող հանդուրժողականությունը ոչ միայն չի կարող վնասակար լինել ինձ, այլև բացառիկ նպաստավոր է անձնական ձգտումներիս համար:
Ահա ինչու ես մասամբ սահմանափակում եմ, մասամբ ընդլայնում սովորական արտահայտությունը, թե «արվեստագետը պետք է միակողմանի լինի», ասելով «արվեստագետը պետք է լինի միակողմանի սեփական ստեղծագործության մեջ»: Ուրիշների գործերը վերապրելու կարողությունը (որն, անշուշտ, կատարվում է և պետք է կատարվի յուրովի) հոգին դարձնում է առավել ընկալունակ, ընդունակ թրթռումների, որի շնորհիվ հոգին ավելի է հարստանում, դառնում ավելի ընդգրկուն, նրբազգաց և ավելի է հարմարվում իր նպատակներին հասնելուն: Ուրիշի ստեղծագործության վերապրումը, բառի լայն իմաստով, նման է բնության վերապրմանը: Իսկ նկարիչը կույր ու խուլ լինել չի կարող: Ընդհակառակը, նա շատ ավելի ուրախ սրտով և շատ ավելի վստահ եռանդով է անցնում սեփական աշխատանքին, տեսնելով այլ հնարավորություններ (իսկ դրանք անհամար են), որոնք ճիշտ (ավելի կամ պակաս ճիշտ) են օգտագործվում արվեստում: Ինչ անձամբ ինձ է վերաբերում, ապա ինձ սիրելի է ոգու պահանջով անհրաժեշտաբար ստեղծված յուրաքանչյուր ձև: Եվ ատելի է ոգուն խորթ որևէ ձև:
Կարծում եմ, որ ապագա փիլիսոփայությունը, առարկաների էությունից անկախ, հատուկ ուշադրություն կդարձնի դրանց ոգուն: Այնժամ ավելի կխտանա մթնոլորտը, որ մարդուն անհրաժեշտ է առարկաների ոգին ըմբռնելու ընդունակության համար, վերապրելու այդ ոգին, թեկուզ անգիտակցորեն, ինչպես որ դեռ այսօր էլ արտաքուստ անգիտակցորեն է վերապրվում առարկաների արտաքինը, ինչով և բացատրվում է առարկայական արվեստի հաճույքը: Այդ մթնոլորտը անհրաժեշտ պայման է, որպեսզի մարդը նախ նյութական իրերի մեջ ընկալի հոգևոր էությունը, իսկ հետո նաև` վերացական առարկաների մեջ: Եվ այս նոր ունակության ճանապարհով, որը կլինի «Ոգի» նշանի տակ, կծնվի աբստրակտ` բացարձակ արվեստի հաճույքը:
Իմ «Հոգևորն արվեստում» գիրքը, նաև «Կապույտ հեծյալը» նպատակ են հետապնդում նյութական և աբստրակտ առարկաների մեջ հոգևոր էությունն ընկալելու ապագայում այդ անշուշտ անհրաժեշտ, անհատնում ապրումներ պայմանավորող ունակությունը: Այդ բերկրալից ունակությունը դեռ չունեցող մարդկանց մեջ այն կյանքի կոչելու ցանկությունն է եղել այս երկու հրատարակությունների գլխավոր շարժառիթը18:
Այդ երկու գրքերն էլ հաճախ հասկացվում էին, այժմ էլ դեռ հասկացվում են սխալ, այսինքն` դիտվում են իբրև «ծրագրեր», որոնց հեղինակները` նկարիչները, մոլորվել են տեսական, դատողական աշխատանքի մեջ և կործանվում են դրանում: Սակայն ես ամենից ավելի քիչ էի փորձում դիմել դատողությանը, ուղեղային աշխատանքին:
Այդ խնդիրն այսօր կլիներ վաղաժամ. դա նկարչի համար դեռ նոր-նոր է դառնում մոտակա, կարևոր ու անխուսափելի նպատակ (= քայլ): Ամրապնդված, հզոր արմատներ ձգած ոգու համար չի կարող լինել և չի լինի վտանգավոր ոչ մի բան, հետևաբար նաև արվեստում դատողական աշխատանքի վախ ներշնչող մասնակցությունը, նույնիսկ դրա գերակշռությունը ինտուիտիվ մասի նկատմամբ և, վերջիվերջո, թերևս նաև առհասարակ անջատված «ներշնչանքով»: Մենք գիտենք միայն այսօրվա օրենքը, այն սակավ հազարամյակների, որոնցից աստիճանաբար աճել է (նկատելի շեղումներով) ստեղծագործության գենեզիսը: Մենք գիտենք միայն մեր «տաղանդի» հատկությունները իր անխուսափելի անգիտակցական տարրով և այդ անգիտակցականի որոշակի երանգով: Բայց «անվերջության» մշուշներով մեզանից հեռու երկը միգուցե կստեղծվի թեկուզ հաշվարկով, ընդ որում ճշգրիտ հաշվարկը թերևս կբացահայտվի միայն ՙտաղանդին՚, ինչպես, օրինակ, աստղագիտության ասպարեզում: Եվ եթե դա տեղի կունենա նույնիսկ միայն այդպես, ապա այդ ժամանակ անգիտակցականի բնույթը կգունավորվի այլ կերպ, քան մեզ հայտնի դարաշրջաններում:
Մեր, արդեն հիշատակված, իտալական ճամփորդությունից և մի կարճ ժամանակ Մոսկվայում մնալուց հետո, երբ ես հինգ տարեկան էի, ծնողներս Ե. Ի. Տիխեևայի հետ, որին ես շատ բանով եմ պարտական, հորս հիվանդության պատճառով պետք է տեղափոխվեին հարավ, այն ժամանակ դեռևս ոչ բարեկարգ Օդեսա: Այնտեղ ես սովորում էի գիմնազիայում, շարունակ ինձ զգալով ժամանակավոր հյուր մեր ընտանիքին խորթ այդ քաղաքում, որի լեզուն անգամ մեզ զարմացնում էր և միշտ չէր, որ հասկանում էինք: Մոսկվա վերադառնալու ձգտումը երբեք չէր լքում մեզ: Տասներեք տարեկանից ամեն ամառ հորս հետ մեկնում էի Մոսկվա, իսկ տասնութ տարեկանից տեղափոխվեցի Մոսկվա հայրենիք վերադառնալու զգացումով: Հայրս ծնունդով Ներչինսկից է, որտեղ, ինչպես պատմում են մեր ընտանիքում, իր նախնիները քաղաքական պատճառներով աքսորվել էին Արևմտյան Սիբիրից: Իր կրթությունը ստացել է Մոսկվայում և Մոսկվան սիրել է իր ծննդավայրից ոչ պակաս: Նրա խորապես մարդկային հոգին կարողացել է հասկանալ «մոսկովյան ոգին», որ այնքան աշխուժորեն արտահայտվում է յուրաքանչյուր մանրուքում: Ես իսկական հաճույքով եմ լսում, թե ինչպես է նա առանձնահատուկ սիրով թվարկում, օրինակ, մոսկովյան անթիվ-անհամար եկեղեցիների հնավանդ, բուրավետ անվանումները: Նրանում անտարակույս տրոփում է նկարչի կենդանի երակը: Նա շատ է սիրում գեղանկարչություն և պատանի հասակում զբաղվել է գծանկարով, որի մասին մշտապես հիշում է սիրով: Երբ փոքր էի, ինձ համար շատ էր նկարում: Դեռ այսօր էլ լավ հիշում եմ նրա փափուկ, նուրբ և արտահայտիչ գիծը, որն այնքան նման է իր բարեկազմ մարմնին և զարմանալի գեղեցիկ ձեռքերին: Նրա ամենասիրելի հաճույքներից մեկը ցուցահանդեսներ հաճախելն է, որտեղ նա երկար և ուշադիր դիտում է նկարները, երբեք չի պարսավում չհասկացածը, այլ աշխատում է հասկանալ` հարցնելով բոլոր նրանց, որոնցից հույս ունի գտնելու պատասխանը: Մոսկվացի մայրս իր մեջ ամփոփում է բոլոր այն հատկությունները, որոնք իմ աչքին կազմում են Մոսկվայի ողջ էությունը. աչքի ընկնող արտաքին, խորապես լուրջ և խիստ գեղեցկություն, տոհմիկ պարզություն, անսպառ եռանդ, նյարդայնությունից և վսեմ հանգստությունից կազմված յուրօրինակ ինքնատիրապետում, ավանդականության և ճշմարիտ ազատության միահյուսում:
Մոսկվա. երկակիություն, բարդություն, վերին աստիճանի շարժունություն, առանձին արտաքին տարրերի բախում և խառնաշփոթ, վերջին հաշվով իրենից ներկայացնելով անօրինակ, ինքնատիպ միասնական կերպարանք, միևնույն հատկությունները նաև ներքին կյանքում, որ շփոթեցնում են օտար դիտողին (այստեղից էլ արտասահմանցիների բազմատեսակ, հակասական կարծիքները Մոսկվայի մասին), այնուամենայնիվ, վերջին հաշվով, նույնպիսի ինքնօրինակ, միասնական կյանք: Այս արտաքին և ներքին Մոսկվան ես համարում եմ իմ որոնումների ելակետը: Մոսկվան իմ գեղանկարչական կամերտոնն է: