Նկարչի տեքստը, Աստիճաններ
Այս պահին հիշում եմ իմ անցյալից մի դրվագ, որ եղել է տառապանքներիս աղբյուրը: Երբ, կարծես երկրորդ անգամ ծնված, Մոսկվայից Մյունխեն եկա, թիկունքիս զգալով հարկադրական աշխատանք ու առջևում տեսնելով բերկրալի աշխատանք, շուտով բախվեցի իմ ազատության սահմանափակմանը, որն ինձ դարձրեց, թեկուզ ժամանակավոր և նոր տեսքով, բայց այնուամենայնիվ նորից ճորտ, – աշխատանք բնորդով:
Ես հայտնվեցի Անտոն Աշբեի13 նկարչության ժամանակին նշանավոր, լեփ-լեցուն դպրոցում: Երկու, երեք «բնորդներ» կեցվածք էին ընդունում գլխի և մերկ մարմնի համար: Տարբեր երկրներից եկած աշակերտներն ու աշակերտուհիները խմբվում էին այդ գարշահոտ, անտարբեր, արտահայտչությունից, հաճախ նաև բնույթից զուրկ, ժամում հիսունից մինչև յոթանասուն պֆենիգ ստացող բնության այդ երևույթների շուրջը, և զգուշորեն, թուղթն ու կտավը կամաց, շչական հնչյունով ծածկում էին նրբագծերով ու բծերով և ձգտում էին անատոմիական, կառուցվածքային, բնութագրական հնարավոր ճշգրտությամբ վերարտադրել իրենց խորթ այդ մարդկանց: Աշխատում էին գծերի տրամախաչումով նշանակել մկանների դրվածքը, առանձնահատուկ նրբագծերով ու հարթություններով հաղորդել ռունգերի, շուրթերի կերտվածքը, գլուխը կառուցել «գնդի սկզբունքով», և թվում էր, թե ոչ մի րոպե չէին մտածում արվեստի մասին: Մերկ մարմնի գծերի խաղը երբեմն ինձ շատ էր հետաքրքրում: Երբեմն էլ վանում էր: Որոշ մարմինների որոշ կեցվածքները ուժեղացնում էին գծերի ինձ համար տհաճ արտահայտությունը, և ես ստիպված էի լինում ընդօրինակել այն` բռնանալով ինձ: Ապրում էի գրեթե անընդհատ պայքարելով ինքս իմ դեմ: Միայն նորից փողոց դուրս գալիս ազատ շունչ էի քաշում և հաճախ տրվում էի դպրոցից «ծլկելու» գայթակղությանը, որպեսզի թափառեմ էտյուդնիկով և քաղաքի արվարձաններում, այգիներում կամ Իզարի ափին յուրովի անձնատուր լինեմ բնությանը: Երբեմն մնում էի տանը և փորձում հիշողությամբ, կա՛մ ըստ էտյուդի, կա՛մ պարզապես ենթարկվելով երևակայությանս, հաճախ բավականաչափ շեղվելով «նատուրայից», որևէ բան նկարել իմ ճաշակով:
Թեև ոչ առանց տատանումների, համենայն դեպս ինձ պարտավորված էի զգում զբաղվել անատոմիայով, որի համար, ի միջի այլոց, բարեխղճորեն հետևեցի ամբողջ երկու դասընթացին: Երկրորդ անգամ բախտ վիճակվեց գրանցվելու Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Moillet-ի կյանքով ու խանդավառությամբ լի դասախոսություններին, որ հատուկ կարդում էր նկարիչների14 համար: Ես գրի էի առնում դասախոսությունները, արտանկարում էի պատրաստուկները, շնչում դիակների օդը: Եվ միշտ, թեև մի տեսակ կիսագիտակցորեն, հոգուս խորքում արթնանում էր տարօրինակ զգացում, երբ լսում էի արվեստի հետ անատոմիայի ուղղակի կապի մասին: Դա ինձ տարօրինակ էր թվում, գրեթե վիրավորական:
Սակայն շուտով պարզ դարձավ, որ յուրաքանչյուր «գլուխ», որքան էլ սկզբում «այլանդակ» թվա, իրենից ներկայացնում է կատարյալ գեղեցկություն: Առանց սահմանափակումների ու վերապահումների յուրաքանչյուր այդպիսի գլխում հայտնաբերվող կառուցվածքի բնական օրենքը նրան տալիս է այդ գեղեցկությունը: Հաճախ, այդպիսի «այլանդակ» գլխի առջև կանգնած, մտքումս կրկնում էի` «որքան խելացի է»: Այսինքն ինչ-որ անվերջորեն խելացի բան է ասում յուրաքանչյուր մանրամաս. օրինակ, ամեն մի ռունգն իմ մեջ արթնացնում է միևնույն երախտագետ զարմանքի զգացումը, ինչպես վայրի բադի թռիչքը, տերևի կապը ճյուղի հետ, լող տվող գորտը, հավալուսնի կտուցը: Գեղեցիկ-խելացիի նույն զգացումն էր անմիջապես առաջացել իմ հոգում Moillet-ի դասախոսությունների ժամանակ:
Հետագայում հասկացա, որ հենց այդ պատճառով ամեն այլանդակություն նպատակահարմար է և արվեստի երկի մեջ` գեղեցիկ:
Այդ ժամանակ էլ զգում էի, թեև տարտամ, որ իմ առջև բացվում է առանձնահատուկ աշխարհի գաղտնիքը: Սակայն ես ի զորու չէի այդ աշխարհը կապելու արվեստի աշխարհի հետ: Հաճախելով Հին Պինակոտեկան, տեսնում էի, որ մեծ վարպետներից ոչ ոք չի սպառել բնության կերտվածքի գեղեցկության ու բանականության ողջ խորությունը. բնությունը մնում էր անպարտելի: Երբեմն թվում էր, թե լսում եմ նրա ծիծաղը: Սակայն ավելի հաճախ նա ներկայանում էր վերացականորեն «աստվածային». արարում էր իր գործը, իր ճանապարհներով գնում դեպի հեռավոր մշուշներում անհետացող իր նպատակները, ապրում էր իր թագավորությունում, որն, ինչքան էլ տարօրինակ էր, ինձանից դուրս էր: Ուրեմն, ի՞նչ հարաբերության մեջ է արվեստը նրա նկատմամբ:
Մի քանի ընկերներ ինչ-որ առիթով տեսան իմ արտադպրոցական աշխատանքները, ինձ կնքելով «կոլորիստ» անունով: Ոմանք էլ, ոչ առանց չարախնդության, ինձ կոչեցին ՙպեյզաժիստ՚: Թե՛ այս, թե՛ այն հաճելի չէր, մանավանդ որ գիտակցում էի նրանց իրավացիությունը: Իսկապես, գույների բնագավառում ինձ ավելի ազատ էի զգում, քան գծանկարի: Իմ շատ համակրելի ընկերներից մեկը ասաց որպես սփոփանք, որ հաճախ կոլորիստներին չի հաջողվում գծանկարը: Բայց դա չէր փարատում իմ վախը սպառնացող աղետից, և ես չգիտեի` ինչ միջոցներով փրկվեմ դրանից:
Ֆրանց Շտուկն այդ ժամանակ «գերմանացի առաջին գծանկարիչն» էր, և ես գնացի նրա մոտ` հետս տանելով միայն դպրոցական աշխատանքներս: Նա վատ նկարված շատ բան գտավ գործերիս մեջ, խորհուրդ տվեց ևս մեկ տարի զբաղվել գծանկարչությամբ` հատկապես ակադեմիայում: Շփոթվել էի. ինձ թվում էր, որ եթե երկու տարվա ընթացքում չեմ յուրացրել գծանկարը, էլ երբեք չեմ յուրացնի: Մանավանդ որ տապալել էի ակադեմիական քննությունը: Բայց այդ հանգամանքն ինձ ավելի շատ բարկացրեց, քան թե հուսահատեցրեց. պրոֆեսորական խորհրդի15 հավանությանն արժանացած գծանկարների մեջ կային նույնիսկ այնպիսիները, որ ես կարող էի ամենայն իրավունքով համարել ապաշնորհ, տխմար և որևէ իմացությունից զուրկ: Միամյա տնային պարապմունքներից հետո երկրորդ անգամ ներկայացա Շտուկին` այս անգամ էսքիզներով (որոնք նկարելու համար պակասում էր հմտությունս) և մի քանի բնանկարային էտյուդներով: Շտուկն ինձ ընդունեց իր «գեղանկարչության» դասարանը, իսկ իմ հարցին գծանկարի մասին պատասխանեց, թե այն շատ արտահայտիչ է: Բայց իմ առաջին իսկ ակադեմիական աշխատանքի ժամանակ նա ամենայն վճռականությամբ բողոքեց գույնի նկատմամբ իմ ծայրահեղությունների դեմ և խորհուրդ տվեց որոշ ժամանակ աշխատել միայն սև ու սպիտակ ներկերով` նաև ձևի ուսումնասիրության համար: Ես հաճելիորեն զարմացել էի, թե նա ինչպիսի սիրով է խոսում արվեստից, ձևերի խաղի ու դրանց փոխադարձ ներթափանցման մասին, և մեծ համակրանք զգացի նրա նկատմամբ: Բայց նկատելով, որ նա առանձնապես աչքի չի ընկնում գունային բարձր ընկալունակությամբ, որոշեցի նրանից սովորել միայն գծանկարային ձևը և լիովին ապավինեցի նրան: Նրա մոտ իմ աշխատանքի այդ տարվա մասին, որքան էլ երբեմն բարկանում էի (այստեղ գեղանկարչության տեսակետից արվում էին ամենաանհնարին բաները), ի վերջո հիշում եմ երախտագիտությամբ: Շտուկը սովորաբար քիչ էր խոսում, այն էլ ոչ միշտ հստակ: Երբեմն ուղղումներից հետո երկար մտածում էի իր ասածների մասին և, ի վերջո, գրեթե միշտ համոզվում էի, որ նա ճիշտ է: Այդ ժամանակ իմ գլխավոր մտահոգությանը` նկարն ավարտելու անկարողությանը, նա օգնեց մեն-մի դիտողությամբ. ասաց, որ ես աշխատում եմ չափազանց նյարդային, առաջին իսկ վայրկյաններից խափանելով ամբողջ հետաքրքրությունը և անխուսափելիորեն փչացնելով այն հետագա աշխատանքի արդեն չոր մասում: «Ես արթնանում եմ մտածելով` այսօր իրավասու եմ անելու այս ու այս»: Այդ «իրավասուն» բացահայտեց լուրջ աշխատանքի գաղտնիքը: Եվ շուտով ես տանն ավարտեցի առաջին նկարս: