Ռուբիկոն

Նկարչի տեքստը, Աստիճաններ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Արվեստի ներքին կյանքի մեջ (հետևաբար և հոգուս մեջ) խորանալու ունակությունն այնքան թափ առավ, որ ես երբեմն անցնում էի արտաքին երևույթների կողքով առանց նկատելու դրանք, մի բան, որ առաջ ուղղակի անհնար էր: Որքան կարող եմ դատել, խորանալու այդ ունակությունը ես ինձ չեմ պարտադրել դրսից, այն ապրել է իմ ներսում նաև դրանից առաջ օրգանական կյանքով, թեև սաղմնային վիճակում: Եվ ահա, պարզապես եկել է ժամանակը, այն սկսել է զարգանալ, պահանջելով նաև իմ օգնությունը` վարժություններով:

Տասներեք թե տասնչորս տարեկանում կուտակածս դրամով վերջապես գնեցի ոչ մեծ փայլեցրած արկղ յուղաներկերով: Մինչև օրս չեմ մոռանում տպավորությունը, ավելի ճիշտ` պարկուճից դուրս եկող ներկից ծնվող ապրումը: Բավական է մատներով սեղմես` անմիջապես հանդիսավոր, հնչեղ, մտազբաղ, երազկոտ, ինքնամփոփ, խորապես լուրջ, աշխույժ չարաճճիությամբ, թեթևության հոգոցով, թախծի զուսպ հնչողությամբ, հանդուգն ուժով ու համառությամբ, համառ ինքնատիրապետմամբ, հավասարակշռության տատանվող անհուսությամբ մեկը մյուսի ետևից դուրս են գալիս այդ տարօրինակ էությունները` ներկեր անվամբ,– իրենք իրենցով կենդանի, ինքնաբավ, օժտված բոլոր անհրաժեշտ յուրահատկություններով հետագա ինքնուրույն կյանքի համար և ամեն ակնթարթ պատրաստ ենթարկվելու նոր համադրությունների, խառնվելու միմյանց, ստեղծելու անվերջանալի թվով նոր աշխարհներ: Դրանցից մի քանիսն արդեն հոգնած, թուլացած, կոշտացած ընկել են տեղում մեռյալ ուժերի նման, որպես կենդանի հիշողություններ ճակատագրով մերժված երբեմնի հնարավորությունների մասին: Ինչպես պայքարի մեջ կամ ճակատամարտում, դրանք պարկուճներից դուրս են գալիս թարմ, կոչված` փոխարինելու հին, հեռացած ուժերին: Ներկապնակի մեջտեղում արդեն գործի անցած ներկերի մնացորդների հատուկ աշխարհն է, ներկեր, որոնք թափառում են կտավների վրա, անհրաժեշտ մարմնավորումներով, հեռու իրենց սկզբնական ակունքից: Դա աշխարհ է, որ առաջացել է արդեն ավարտված նկարների մնացորդներից, նաև որոշակի է և ստեղծված է պատահականություններով, նկարչին խորթ ուժերի առեղծվածային խաղով: Այդ պատահականություններին ես շատ եմ պարտական. դրանք սովորեցրել են բաներ, որոնց մասին չես լսի ոչ մի ուսուցչից կամ վարպետից: Հաճախ եմ զարմանքով ու սիրով զննել դրանք: Երբեմն ինձ թվացել է, թե վրձինը անհողդողդ կամքով գույներ խլելով այդ կենդանի, գեղեցիկ էություններից, ծնում է յուրահատուկ երաժշտական հնչողություն: Թվում էր, երբեմն լսում եմ խառնվող ներկերի թշշոցը: Թերևս նման բան կարելի էր զգալ գաղտնիքներով լի ալքիմիկոսի խորհրդավոր լաբորատորիայում:

Ինչ-որ առիթով լսել էի, որ ականավոր մի նկարիչ (չեմ հիշում` հատկապես ով) արտահայտվել է այսպես. «Երբ նկարում ես, կտավին ուղղված մեկ հայացքի դիմաց պետք է կես հայացք ուղղես ներկապնակին և տասը հայացք` նատուրային»: Գեղեցիկ է ասված, բայց ես շուտով հասկացա, որ ինձ համար այդ համամասնությունը պետք է ուրիշ լինի. տասը հայացք կտավին, մեկը ներկապնակին, կես հայացք նատուրային: Ես հենց այդպես սովորեցի կռիվ տալ կտավի հետ, հասկացա նրա թշնամական համառությունն իմ երազանքի նկատմամբ և վարժվեցի բռնի ուժով նրան ենթարկել այդ երազանքին: Հետզհետե սովորեցի չտեսնել կտավի այդ սպիտակ, համառ, քմահաճ գույնը (կամ լոկ մի ակնթարթ նկատել այն ստուգելու համար), իսկ դրա փոխարեն տեսնել այն տոները, որոնց վիճակված է փոխարինել նրան. այդպես աստիճանաբար ու դանդաղորեն վարժվում էի մեկ սրան, մեկ մյուսին:

Գեղանկարչությունը դղրդալից բախումն է տարբեր աշխարհների, որոնք կոչված են պայքարի ճանապարհով և աշխարհների այդ պայքարի մեջ ստեղծելու նոր աշխարհ, որի անունն է ստեղծագործություն11: Ամեն ստեղծագործություն, նաև տեխնիկապես, առաջանում է այնպես, ինչպես տիեզերքն է առաջացել,– այն անցնում է աղետների միջով որպես նվագախմբի քաոսային մռնչյուն, ի վերջո վերածվելով սիմֆոնիայի, որի անունն է ոլորտների երաժշտություն: Ստեղծագործության արարումը տիեզերք է:

Այդպես հոգեկան կյանքի ներքին իրադարձություններ դարձան գունապնակի ներկերից և դեռևս պարկուճների մեջ ապրող ներկերից եկող տպավորությունները, այն ներքուստ մեծազոր և արտաքուստ համեստ մարդկանց նման, ովքեր կարիքի դեպքում հանկարծ բացում են մինչ այդ թաքնված ուժերը և շարժման մեջ դնում: Այդ ապրումները ժամանակի ընթացքում դարձան մտքերի ու գաղափարների ելակետ` հասնելով իմ գիտակցությանն արդեն առնվազն տասնհինգ տարի առաջ: Ես գրանցում էի պատահական ապրումները և հետո միայն նկատեցի, որ դրանք բոլորն օրգանական կապի մեջ են միմյանց հետ: Ինձ համար ավելի ու ավելի պարզ էր դառնում, և ես ավելի ուժգնորեն էի զգում, որ արվեստի ծանրության կենտրոնը գտնվում է ոչ թե «ձևի» բնագավառում, այլ բացառապես ներքին ձգտման (բովանդակության) մեջ, որը հրամայաբար իրեն է ենթարկում ձևը: Հեշտ չէր հրաժարվել ոճի, դարաշրջանի, ձևի տեսության առաջնակարգ նշանակության մասին եղած սովորական տեսակետից և բացեիբաց ընդունել, որ արվեստի գործի որակը կախված է ոչ թե նրանում արտահայտված ժամանակի ֆորմալ ոգու աստիճանից, ոչ թե որոշակի շրջանում անսխալ համարվող ձևի ուսմունքին նրա համապատասխանությունից, այլ նկարչի ներքին ցանկության (= բովանդակության) ուժից միանգամայն անկախ աստիճանից, նրա ընտրած և հենց իրեն հարկավոր ձևերի բարձունքից: Ինձ համար, ի միջի այլոց, պարզ դարձավ, որ «ժամանակի ոգին» ձևային հարցերում ստեղծում են հատկապես և բացառապես այդ լիաշունչ նկարիչները` «անհատականությունները», ովքեր իրենց համոզչությամբ նվաճում են ոչ միայն պակաս ինտենսիվ բովանդակություն, կամ լոկ արտաքին ձիրք ունեցող (առանց ներքին բովանդակության) ժամանակակիցներին, այլև դարեր անց ապրող նկարիչների սերունդներին: Եվս մեկ քայլ,– բայց այնքան շատ ժամանակ պահանջող, որ անհարմար եմ զգում մտածել այդ մասին,– և եկա եզրակացության, որ արվեստի հարցի հիմնական ողջ իմաստը որոշվում է միայն ներքին անհրաժեշտության հիմքի վրա, որն ամեհի ուժ ունի և կարող է մի ակնթարթում տակնիվեր շուռ տալ տեսական հայտնի բոլոր օրենքներն ու սահմանները: Եվ միայն վերջին տարիներս կարողացա սիրով և ուրախությամբ բավականություն ստանալ իմ անձնական արվեստին «թշնամական» «ռեալիստական» արվեստից և սառը անտարբերությամբ անցնել «ձևի տեսակետից կատարյալ» ստեղծագործությունների կողքով, որոնք իբր իրենց ոգով հարազատ են ինձ: Սակայն այժմ գիտեմ, որ «կատարելությունը» լոկ երևութական է, անցողիկ, և չի կարող գոյություն ունենալ կատարյալ ձև առանց կատարյալ բովանդակության. ոգին է որոշում նյութը, ոչ թե հակառակը: Անփորձությունից հրապուրված աչքը շուտով պաղում է, իսկ ժամանակավորապես խաբված հոգին շուտով ետ է շրջվում: Իմ առաջարկած չափանիշը թույլ կողմ ունի, քանզի «անապացուցելի» է (մանավանդ այն մարդկանց աչքում, ովքեր զուրկ են ոչ միայն ակտիվ, ստեղծագործ, այլև պասսիվ բովանդակությունից, այսինքն այն մարդկանց աչքում, ովքեր դատապարտված են մնալու ձևի մակերեսին, անընդունակ խորանալու բովանդակության անչափելիության մեջ): Սակայն Պատմության մեծն Ցախավելը, որ սրբում է արտաքին աղբը ոգու ներքինից, հայտնվում է նաև այստեղ, որպես վերջին, անկաշառ դատավոր12: Այսպես աստիճանաբար իմ հոգում արվեստի աշխարհը բաժանվում էր բնության աշխարհից, մինչև որ վերջապես այդ երկու աշխարհները ձեռք բերեցին կատարյալ անկախություն մեկը մյուսից:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ Ջորջ Սանտայանա ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…