Ռուբիկոն

Նկարչի տեքստը, Աստիճաններ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

հիասթափություն, հիվանդագին կասկածամտություն սե-

փական ուժերիս հանդեպ, հատկապես սեփական արտահայտամիջոցները գտնելու կասկածները պաշարեցին ինձ: Շուտով աչքիս նաև չափազանց էժան թվացին սարսափելի խորհրդավոր, թաքնված ժամանակի` այդ շրջանում իմ սիրելի տարրերի այդպիսի մարմնավորման միջոցները:

Այդ շրջանում առանձնապես շատ էի աշխատում, հաճախ մինչև ուշ գիշեր, քանի դեռ հոգնածությունը չէր ջլատում ինձ` հասցնելով ֆիզիկական սրտխառնուքի:

Այն օրերը, երբ չէր հաջողվում աշխատել (որքան էլ հազվադեպ լինեին դրանք), ինձ կորած էին թվում, թեթևամտորեն և անխոհեմաբար վատնված: Քիչ թե շատ տանելի եղանակի պայմաններում ամեն օր էտյուդներ էի անում հին Շվաբինգում, որն այն ժամանակ դեռևս լիովին չէր ձուլվել քաղաքի հետ: Արվեստանոցում աշխատելուս և կոմպոզիցիոն փորձերիս հիասթափության օրերին բացառիկ համառությամբ բնանկարներ էի անում, որոնք խռովում էին հոգիս, ինչպես թշնամին մարտից առաջ, որ ի վերջո հաղթում էր ինձ: Հազվադեպ էին այդ էտյուդները, թեկուզ մասամբ, բավարարում ինձ, թեև երբեմն աշխատում էի դրանցից կենարար հյութ քամել նկարի տեսքով:

Այնուամենայնիվ, էտյուդնիկը ձեռքիս թափառումներս` որսորդի զգացողությամբ սրտում, ավելի քիչ պատասխանատու էին թվում, քան նկարային փորձերս կոմպոզիցիայի որոնումների ասպարեզում, որոնք արդեն այն ժամանակ կրում էին մասամբ գիտակցական, մասամբ անգիտակից բնույթ: Ինքը կոմպոզիցիա բառը ներքին թրթիռ էր առաջացնում: Հետագայում կյանքիս նպատակը դարձրեցի «Կոմպոզիցիա» նկարելը: Ժամանակ առ ժամանակ մշուշոտ երազանքներում աչքիս առջև անորսալի կտորներով նկարվում էր անորոշ ինչ-որ բան, որ երբեմն վախեցնում էր իր համարձակությամբ: Լինում էր, երազում տեսնում էի ավարտուն նկարներ, որոնցից արթնանալիս միայն աննշան մանրուքների հետք էր մնում: Մի անգամ, տիֆով հիվանդ, բարձր ջերմության մեջ` ամենայն հստակությամբ տեսա ամբողջ մի նկար, որը, սակայն մի տեսակ ցրիվ եկավ իմ մեջ, երբ ապաքինվեցի: Տարիներ անց, տարբեր շրջաններում, նկարեցի «Վաճառականների ժամանումը», այնուհետև «Խայտաբղետ կյանքը», և, վերջապես, շատ տարիներ հետո «Կոմպոզիցիա II»-ում ինձ հաջողվեց արտահայտել այդ ցնորական տեսիլքի ամենաէականը, ինչն ի դեպ, գիտակցեցի միայն վերջերս: Սկզբից ևեթ արդեն միայն «կոմպոզիցիա» բառն իմ ականջին հնչում էր աղոթքի նման, հոգիս լցնելով երանությամբ: Այսօր էլ ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, թե հաճախ որքան թեթևամտությամբ են վերաբերվում նրան:

Էտյուդներ անելիս լիովին ազատություն էի տալիս ինձ, ենթարկվելով նույնիսկ ներքին ձայնիս «քմայքներին»: Մածկիչով շտրիխներ ու հարվածներ էի տեղում կտավին, չմտահոգվելով տների ու ծառերի մասին, հնարավորինս ուժեղացնելով առանձին գույների հնչեղությունը, որքան ներում էին ուժերս: Իմ հոգում հնչում էր մոսկովյան իրիկնաժամը, իսկ աչքերիս առջև ծավալվում էր մյունխենյան գունային աշխարհի հզոր, պայծառ, ստվերների մեջ խոր թնդացող սանդղակը: Հետո, մանավանդ տուն վերադառնալիս, խոր հիասթափություն: Իմ գույներն աչքիս թույլ էին թվում, տափակ, ամբողջ էտյուդը` բնության ուժը հաղորդելու անհաջող ջանք: Որքան տարօրինակ էր կարծիք լսել, թե ես չափազանցնում եմ բնական գույները, թե այդ չափազանցումն իմ աշխատանքները դարձնում են անհասկանալի և իմ միակ փրկությունը կլիներ սովորել «բեկել տոները»: Դա այն ժամանակ էր, երբ հրապուրվել էի Կարրիերի գծանկարով և Ուիսթլերի գեղանկարչությամբ: Ես հաճախ էի կասկածում արվեստի իմ ՙըմբռնմանը՚, նույնիսկ աշխատում էի բռնի ուժով ինքս ինձ համոզել, ստիպել սիրելու այդ նկարիչներին: Սակայն այդ արվեստի մշուշապատությունը, հիվանդագին, մի տեսակ քաղցրավուն անզորությունը կրկին ինձ ետ էին մղում, և ես կրկին վերադառնում էի «գույների խմբերգի» հնչեղության, լիության իմ երազանքներին, իսկ ժամանակ անց նաև կոմպոզիցիոն բարդությանը: Մյունխենյան քննադատությունը (որ մասամբ, և հատկապես առաջին գործերիս ժամանակ բարյացակամ վերաբերմունք ուներ)8 իմ «գունային հարստությունը» բացատրում էր «բյուզանդական ազդեցություններով»: Իսկ ռուսական քննադատությունը (գրեթե առանց բացառության ինձ ծածկելով անբարեկիրթ արտահայտություններով) գտնում էր, որ ես Ռուսաստանին մատուցում եմ արևմտաեվրոպական (այնտեղ նույնիսկ արդեն հնացած) արժեքներ ջրիկացրած տեսքով կամ էլ խորտակվում եմ մյունխենյան վնասակար ազդեցության տակ: Այն ժամանակ ես առաջին անգամ տեսա, թե ինչպիսի թեթևամտությամբ, անգիտությամբ և առանց ամաչելու է գործում քննադատների մեծ մասը:

Այդ հանգամանքով է բացատրվում սառնասրտությունը, որով խելացի նկարիչները լսում են ամենաչարամիտ կարծիքներն իրենց հասցեին:

Իմ հակումը «քողարկվածի», «թաքցվածի» նկատմամբ օգնեց հեռանալ ժողովրդական արվեստի վնասակար կողմից, որն առաջին անգամ ինձ հաջողվեց տեսնել այդ արվեստի բնական միջավայրում և սեփական հողում` Վոլոգոդյան նահանգ կատարած իմ ճամփորդության ընթացքում: Համակվել էի այնպիսի զգացումով, ասես մեկնում էի ինչ-որ ուրիշ մոլորակ, սկզբում ճամփորդեցի երկաթուղով մինչև Վոլոգդա, այնուհետև մի քանի օր շոգենավով հանդարտ և ինքնամփոփ Սուխոնա գետով մինչև Ուստ-Սիսոլսկ, իսկ հետագա ճանապարհս ստիպված եղա շարունակել տարանտասով անվերջանալի անտառների միջով, երփներանգ բլուրների, ճահիճների, ավազուտների միջով և անսովորությունից փորոտիքս ճմլող «սայլուղով»: Այն, որ ուղևորվում էի մենակ, անչափելի հնարավորություն էր տալիս անարգել խորանալու շրջապատի և ինքս իմ մեջ: Ցերեկները հաճախ այրող շոգ էր լինում, իսկ գրեթե անվերջալույս գիշերներն` այնքան ցուրտ, որ նույնիսկ քուրքը, կաճյակները, զիրյանական գդակը, որոնք ստացել էի ճանապարհի համար Ն. Ա. Իվանիցկիի9 միջնորդությամբ, երբեմն բավարար չէին, և ես գորովանքով եմ հիշում, թե ինչպես էին կառապանները վերմակը քաշում վրաս, երբ քնիս մեջ բացվում էի: Գյուղեր էի մտնում, որտեղ բնակիչները` դեղնա-մոխրագույն դեմքերով ու մազերով, ոտքից գլուխ նույնպես դեղնա-մոխրագույն հագուստով, կամ ճերմակերես, կարմրաթուշ, սև մազերով, հագնված էին այնքան վառ ու գույնզգույն, որ ասես երկոտանի շարժուն նկարներ լինեին: Երբեք իմ հիշողությունից չեն ջնջվի մեծ, երկհարկանի, նախշազարդ խրճիթները` պսպղուն ինքնաեռը պատուհանին: Ինքնաեռն այստեղ ՙճոխության՚ առարկա չէր, այլ` առաջին անհրաժեշտություն. որոշ գյուղերում բնակչությունը սնվում էր գրեթե բացառապես թեյով (իվանչայով), չհաշված յասնիի կամ յաշնիի (վարսակի) հացը, որ հեշտությամբ չէր հանձնվում ո՛չ ատամներին, ո՛չ ստամոքսին,– ամբողջ բնակչությունն այնտեղ ապրում էր փքված փորով: Ահա այդ արտասովոր խրճիթներում էլ առաջին անգամ հանդիպեցի այն հրաշքին, որը հետագայում դարձավ իմ աշխատանքների տարրերից մեկը: Այստեղ սովորեցի նկարը չդիտել կողքից, այլ անձամբ գտնվել նկարի մեջ, ապրել նրանում: Լավ հիշում եմ, թե ինչպես կանգ առա շեմին` անսպասելի տեսարանի առջև: Սեղան, նստարաններ, գոռոզ ու վիթխարի վառարան, պահարաններ, սնդուկներ,– ամեն ինչ նկարազարդված էր գույնզգույն, խոշորագիծ նախշերով: Պատերին` լուբոկներ. սիմվոլիկ ներկայացված հսկա, ճակատամարտ, գույներով վերարտադրված ասք: Կարմիր անկյուն` ամբողջապես ծածկված նկարված ու տպագիր սրբապատկերներով, և դրանց առջև կարմիր մարմրող կանթեղ, ասես մտքում ինչ-որ բան իմացող, ինքն իրենով ապրող, խորհրդավոր կերպով շշնջացող համեստ ու հպարտ աստղ: Երբ վերջապես մտա սենյակ, ինձ շրջապատեց գեղանկարչությունը և առավ իր մեջ: Այդ պահից այդ զգացումն ապրում էի անգիտակցաբար, թեև նման զգացում ունեցել էի մոսկովյան եկեղեցիներում, հատկապես Ուսպենսկի տաճարում և Վասիլի Բլաժեննիում: Ճամփորդությունից վերադառնալուց հետո այդ զգացումն ավելի որոշակի ընկալեցի ռուսական նկարազարդ եկեղեցիները, հետագայում նաև բավարական ու տիրոլյան մատուռներն այցելելիս: Անշուշտ, ներքուստ ապրումներս գունավորվում էին միմյանցից միանգամայն տարբեր ձևով, քանզի դրանք առաջացնող աղբյուրներն էին մեկը մյուսից այնքան տարբեր ձևով գունավորված. եկեղեցի~, ռուսակա~ն եկեղեցի, մատու~ռ, կաթոլիկակա~ն մատուռ:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ Ջորջ Սանտայանա ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…