Նկարչի տեքստը, Աստիճաններ
Բայց ենթագիտակցությանս խորքում միաժամանակ վարկաբեկվել էր առարկան որպես նկարի անհրաժեշտ տարր: Մի խոսքով, իմ մեջ ձևավորվեց տպավորություն, թե իմ Մոսկվա-հեքիաթի մասնիկը, համենայն դեպս, արդեն ապրում է կտավի վրա3:
Ինձ թվաց, թե «Լոենգրինը»4 իմ հեքիաթային Մոսկվայի լիակատար իրականացումն է: Ջութակները, խորունկ բասերը և ամենից առաջ փողային գործիքները իմ ընկալմամբ մարմնավորում էին իրիկնամուտի ամբողջ ուժը, մտովի տեսնում էի բոլոր ներկերս, դրանք աչքիս առջև էին: Կատաղի, գրեթե խելահեղ գծեր էին նկարվում իմ դիմաց: Միայն չէի համարձակվում խոստովանել ինքս ինձ, որ Վագները երաժշտորեն պատկերել է «իմ ժամը»:
Բայց ինձ համար միանգամայն պարզ դարձավ, որ արվեստն առհասարակ ունի շատ ավելի մեծ զորություն, քան կարծում էի, և որ գեղանկարչությունն ունակ է դրսևորելու նույնպիսի ուժեր, ինչ երաժշտությունը: Եվ տանջալի էր այդ ուժերի որոնումներին ինքնուրույն նետվելու անհնարությունը:
Հաճախ, հակառակ ամեն բանի, ուժ չէի ունենում կամքս ենթարկելու պարտականությանը: Եվ ես տրվեցի չափազանց ուժեղ գայթակղության:
Իմ ճանապարհի ամենակարևոր խոչընդոտներից մեկը իրեն-իրեն փլվեց շնորհիվ զուտ գիտական իրադարձության: Դա ատոմի տրոհումն էր: Այն արձագանքեց իմ հոգում որպես ամբողջ աշխարհի հանկարծակի կործանում: Հանկարծ փլվեցին հաստաբեստ կամարները: Ամենայն ինչ դարձավ անիրական, խախուտ և փափուկ: Չէի զարմանա, եթե քարն անգամ օդ բարձրանար և լուծվեր նրանում: Գիտությունը ոչնչացված թվաց. նրա ամենագլխավոր հիմքը սոսկ մոլորություն է եղել, գիտնականների սխալ, որոնք աստվածային շենքը չեն կառուցել վստահ ձեռքով, քարը քարի ետևից, պայծառ լույսի տակ, այլ մթության մեջ, բախտաբերի, խարխափելով որոնել են ճշմարտությունը, մի առարկան կուրորեն ընդունելով մյուսի տեղը:
Արդեն մանկական տարիներից ինձ ծանոթ էին ներքին լարման տառապագին-բերկրալի, ներքին ցնցումների, աղոտ ձգտումների ժամերը, որոնք հրամայաբար պահանջում էին տակավին անորոշ, ցերեկը սիրտ ճմլող, շնչառությունը մակերեսային դարձնող, հոգին անհանգստությամբ լցնող ինչ-որ բան, իսկ գիշերը մտցնում էին ֆանտաստիկ երազների աշխարհը, որը լի էր և՛ սարսափով, և՛ երջանկությամբ: Հիշում եմ, որ գծանկարչությունը, որոշ ժամանակ անց նաև գեղանկարչությունը ինձ պոկում էին իրականության պայմաններից, այսինքն դնում էին ինձ ժամանակից ու տարածությունից դուրս և հասցնում ինքնամոռացության: Հայրս5 շուտ նկատեց իմ սերը գեղանկարչության հանդեպ և դեռևս իմ գիմնազիական շրջանում նկարչության ուսուցիչ հրավիրեց: Հստակ հիշում եմ, թե որքան հաճելի էր բուն նյութը, թե որքան հրապուրիչ, գեղեցիկ ու կենդանի էին թվում ներկերը, վրձինները, մատիտները, առաջին ճենապակյա, ձվաձև ներկապնակս, հետագայում արծաթյա թղթի մեջ փաթաթված ածուխները: Նույնիսկ բևեկնի հոտը այնքան դյութիչ էր, լուրջ ու խիստ, հոտ, որ այժմ էլ իմ մեջ գրգռում է ինչոր առանձնահատուկ, հնչեղ վիճակ, որի գլխավոր տարրը պատասխանատվության զգացումն է: Շատ դասեր, որ քաղել եմ իմ թույլ տված սխալներից, հիմա էլ հիշում եմ:
Երբ դեռ փոքրիկ տղա էի, ջրաներկով ներկեցի պտավոր ձիուկին, ամեն ինչ արդեն պատրաստ էր, բացի սմբակներից: Այդ զբաղմունքի մեջ նույնպես ինձ օգնող մորաքույրս, որ պետք է գործով դուրս գար տնից, խորհուրդ տվեց առանց իրեն սմբակներին ձեռք չտալ, սպասել իր վերադարձին: Մնացել էի մենակ իմ անավարտ նկարի հետ և տառապում էի վերջին,– և այնքան հասարակ,– գունաբծերը թղթին դնելու անհնարինությունից: Մտածեցի, որ բնավ դժվար չէ սմբակները մի լավ սևացնելը: Եվ որքան կարող էի, վրձնի վրա առա սև ներկը: Մի ակնթարթ, և ես տեսա չորս սև, թղթին խորթ, զզվելի գունաբծերը ձիու ոտքերին: Հետագայում այնքան ինձ հասկանալի էր իմպրեսիոնիստների վախը սևի նկատմամբ, իսկ ավելի ուշ ես ստիպված էի լրջորեն պայքարել իմ ներքին վախի դեմ, մինչև որ համարձակվում էի կտավի վրա դնել մաքուր սև գույնը: Երեխայի այդ կարգի դժբախտությունները շատ տարիների միջով երկար, երկար ստվեր են նետում հետագա կյանքի վրա: Նույնիսկ մինչև վերջերս ես մաքուր սևն օգտագործել եմ շատ ավելի տարբեր զգացումով, քան մաքուր ճերմականերկը:
Իմ ուսանողական շրջանի հետագա, առանձնապես ուժեղ տպավորությունները, որ նույնպես որոշակիորեն ուղեկցել են ինձ շատ տարիներ, եղել են Ռեմբրանդտը պետերբուրգյան Էրմիտաժում և ուղևորությունս Վոլոգդայի նահանգ, ուր գործուղվել էի Բնագիտության, մարդաբանության և ազգագրության մոսկովյան ընկերության կողմից: Իմ խնդիրը երկու բնույթի էր. ռուս բնակչության սովորութային քրեական իրավունքի ուսումնասիրություն (հետազոտություն նախնական իրավունքի բնագավառում) և դանդաղ վերացող, առավելապես որսորդությամբ ու ձկնորսությամբ ապրող զիրյանների հեթանոսական կրոնի մնացորդների հավաքում: Ռեմբրանդտն ինձ ապշեցրեց: Մուգի և բացի հիմնական բաժանումը երկու խոշոր մասերի, երկրորդ կարգի տոների լուծումն այդ խոշոր մասերի մեջ, այդ տոների միաձուլումը այդ մասերին, որոնք գործում են երկձայն ցանկացած տարածության վրա (անմիջապես հիշեցնելով Վագներյան շեփորները), իմ առջև բացեցին միանգամայն նոր հնարավորություններ, գույնի գերմարդկային ուժն ինքնին, նաև – առանձնահատուկ պայծառությամբ – այդ ուժի ավելացումը համադրման միջոցով, այսինքն հակադրության սկզբունքով: Պարզ էր, որ ամեն մեծ մակերես ինքնին բնավ գերբնական չէ, որ դրանցից յուրաքանչյուրն իսկույն իր ծագումը հայտնաբերում է ներկապնակից, բայց և այդ նույն մակերեսը ուրիշ, իրեն հակառակ մակերեսի միջոցով անկասկած ստանում է գերբնական ուժ, այնպես որ առաջին հայացքից անհավանական է թվում դրա ծագումը ներկապնակից: Սակայն ինձ հատուկ չէր ներմուծել նկատված հնարանքը սեփական աշխատանքներիս մեջ: Ուրիշների նկարներին ես անգիտակցաբար վերաբերվում էի այնպես, ինչպես այժմ բնությանն եմ վերաբերվում. դրանք առաջացնում էին ակնածալի ուրախություն, բայց և իրենց անհատական արժեքով խորթ էին մնում իմ հոգուն: Միաժամանակ բավական գիտակցաբար զգում էի, որ Ռեմբրանդտի այդ բաժանումը յուրահատկություն է հաղորդում իր նկարներին, որը դեռ ոչ ոքի մոտ չէի տեսել: Տպավորություն էր ստեղծվում, թե նրա նկարները տևում են, իսկ դա բացատրվում էր նախ մի, ապա մյուս մասը շարունակաբար սպառելու անհրաժեշտությամբ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ բաժանումը գեղանկարչությանն ընձեռում է կարծես նրան անմատչելի տարր` ժամանակ6:
Տասներկու, տասնհինգ տարի առաջ Մյունխենում արված իմ նկարներում աշխատել եմ օգտագործել այդ տարրը: Ունեմ ընդամենն այդպիսի երեք-չորս նկար, ընդ որում ցանկացել եմ նրանցից յուրաքանչյուրի բաղադրիչ մասում մտցնել գունեղ տոների, առաջին տպավորությամբ թաքնված, «անվերջ» շարք: Այդ տոները պետք է սկզբում (հատկապես մուգ մասերում) լրիվ թաքնված7 լինեին և միայն խորաթափանց, ուշադիր դիտողին հայտնվեին ժամանակի ընթացքում` նախ անորոշ, ասես գաղտագողի, ապա ստանային ավելի ու ավելի, շարունակ աճող, «զարհուրելի» հնչողություն: Ի մեծ զարմանս, նկատեցի, որ նկարում եմ Ռեմբրանդտի սկզբունքով: Դառը