Նկարչի տեքստը, Աստիճաններ
Նկարել այդ պահը` պատանությանս տարիներին թվում էր նկարչի ամենաանհնարին և ամենավսեմ երջանկությունը:
Այդ տպավորությունները կրկնվում էին յուրաքանչյուր արևոտ օր: Դրանք հրճվանք էին բերում, հոգիս ցնցելով մինչև խորքը:
Միաժամանակ դրանք նաև տառապանք էին, ինչպես արվեստն առհասարակ, մանավանդ բնության համեմատությամբ սեփական ուժերս ինձ անսահմանորեն թույլ էին թվում: Պետք է անցնեին շատ տարիներ, մինչև ես զգացմունքի ու մտքի ճանապարհով հասնեի պարզ բացահայտման, որ բնության և արվեստի նպատակները (հետևաբար նաև միջոցները) էապես, օրգանապես, օրինաչափորեն տարբեր են և հավասարապես մեծ, ուստիև հավասարապես ուժեղ: Նման բացահայտումը, որով այժմ ղեկավարվում են իմ աշխատանքները, այնքան պարզ և բնականորեն սքանչելի, ազատել է անօգուտ ձգտումների անօգուտ տանջանքներից, որ պաշարում էին ինձ հակառակ իրենց անմատչելիության: Այն ջնջեց տառապանքներս, և բնության ու արվեստի բերկրանքն իմ մեջ հասավ չմթագնող բարձունքների: Այդ պահից ես կարողացա անարգել ըմբոշխնել երկու տիեզերական տարրերը: Վայելքին միացավ երախտագիտության զգացումը:
Այդ բացահայտումն ազատագրեց ինձ և բացեց նոր աշխարհներ: Ամենայն «մեռյալը» ցնցվեց և թրթռաց: Ոչ միայն գովերգված անտառները, աստղերը, լուսինը, ծաղիկները, այլև մոխրամանի մեջ մնացած ծխուկը, փողոցի ջրափոսից նայող համբերատար, հեզ սպիտակ կոճակը, հնազանդ կեղևի մի կտոր, որ ուժեղ ծնոտների մեջ առած խիտ խոտերի միջով քարշ է տալիս մրջյունը անհայտ, բայց կարևոր նպատակների համար, պատի օրացույցի թերթիկը, որին մեկնվում է ինքնավստահ ձեռքը, որպեսզի բռնի կերպով պոկի նրան օրացույցում մնացած թերթիկների տաքուկ հարևանությունից, – ամեն ինչ իմ առջև բացում էր իր դեմքը, իր ներքին էությունը, խորհրդավոր հոգին, որ ավելի հաճախ լռում է, քան խոսում: Այդպես իմ աչքին աշխուժացավ յուրաքանչյուր կետ թե՛ անդորրի, թե շարժման մեջ (գիծ) և բացեց իր հոգին: Դա բավական էր` ամբողջ էությամբ, բոլոր զգայարաններով «հասկանալու» արվեստի հնարավորությունն ու առկայությունը, արվեստ, որ հիմա, ի տարբերություն «առարկայականի», անվանում են «աբստրակտ»:
Բայց այն ժամանակ, վաղուց անցած-գնացած իմ ուսանողական տարիներին, երբ ես գեղանկարչությանը կարող էի ընծայել միայն ազատ ժամերս, համենայն դեպս, հակառակ տեսանելի անմատչելիության, փորձում էի կտավին հանձնել «գույների երգչախումբը» (այդպես էի արտահայտվում մտքումս), որ հոգիս էր խուժում բնությունից: Հուսահատ ճիգեր էի գործադրում` արտահայտելու այդ հնչողության ամբողջ ուժը, բայց ապարդյուն:
Միևնույն ժամանակ հոգիս անդադար լարման մեջ էին պահում նաև այլ, զուտ մարդկային ցնցումներ, այնպես որ չունեի ոչ մի հանգիստ ժամ: Դա համաուսանողական կազմակերպություն ստեղծելու ժամանակ էր, որի նպատակն էր` համախմբել ոչ միայն մեկ համալսարանի, այլև բոլոր ռուսական, վերջին հաշվով նաև արևմտաեվրոպական համալսարանների ուսանողությանը: Ուսանողների պայքարն ընդդեմ 1885 թվականի նենգ և բացահայտ կանոնադրության անդադար շարունակվում էր: «Անկարգությունները», բռնությունները մոսկովյան ազատության վաղեմի ավանդույթների դեմ, արդեն ստեղծված կազմակերպությունների ոչնչացումը իշխանությունների կողմից, դրանց փոխարինումը նորերով, քաղաքական շարժումների ստորգետնյա թնդյունը, ուսանողության շրջանում նախաձեռնության1 զարգացումը շարունակ բերում էին նոր ապրումներ` հոգին դարձնելով տպավորվող, զգայուն, թրթռոցների ունակ: Բարեբախտաբար ես գլխովին տարված չէի քաղաքականությամբ: Տարբեր զբաղմունքներ ինձ հնարավորություն էին տալիս վարժեցնելու անհրաժեշտ ունակություն` խորանալու այն նուրբ նյութական ոլորտի մեջ, որը կոչվում է ՙվերացականի՚ ոլորտ: Բացի իմ ընտրած մասնագիտությունից (քաղաքական տնտեսագիտություն, որտեղ աշխատել եմ շնորհաշատ գիտնական, այն հազվագյուտ մարդկանցից մեկի, ում հանդիպել եմ կյանքում, պրոֆեսոր Ա. Ի. Չուպրովի ղեկավարությամբ), ինձ մերթ հաջորդաբար, մերթ միաժամանակ հրապուրում էր հռոմեական իրավունքը (գրավելով իր նուրբ, գիտակցված, հղկված «կառուցվածքով», բայց ի վերջո չգոհացնելով իմ սլավոնական հոգին իր չափազանց սխեմատիկ սառը, չափազանց բանական և ոչ ճկուն տրամաբանությամբ), քրեական իրավունքը (որ առանձնապես և, թերևս, չափազանց բացառիկ կերպով գրգռել էր ինձ այն ժամանակ Լոմբրոզոյի նոր տեսությամբ), ռուսական իրավունքի պատմությունը և սովորութային իրավունքը (որ իմ մեջ առաջացնում էր զարմանք և սեր ի հակադրություն հռոմեական իրավունքի, իբրև օրենքի կիրառման էության ազատ և երջանիկ լուծում)2, այդ գիտության հետ առնչվող ազգագրությունը (ինձ խոստանալով բացել ժողովրդական հոգու գաղտնարանները):
Ես սիրում էի բոլոր այդ գիտությունները և այժմ երախտագիտորեն եմ մտածում այն ներքին վերելքի, միգուցե նաև ներշնչանքի պահերի մասին, որ ժամանակին ապրել եմ: Սակայն այդ պահերը դժգունում էին արվեստի հետ առաջին իսկ շփումից, – միակ բանը, որ ինձ դուրս էր բերում ժամանակի և տարածության սահմաններից: Գիտական պարապմունքներն ինձ երբեք չեն ընծայել այդպիսի ապրումներ, ներքին վերելքներ, ստեղծագործական ակնթարթներ:
Բայց ուժերս ինձ չափից ավելի թույլ էին թվում, որպեսզի իրավունք վերապահեի անտեսելու մյուս պարտականություններս և սկսեի նկարչի կյանքը, որն այն տարիներին ինձ անսահման երջանիկ էր թվում: Իսկ ռուսական կյանքն այն ժամանակ առանձնապես մռայլ էր, իմ աշխատանքները գնահատվում էին, և ես որոշեցի գիտնական դառնալ: Իսկ իմ ընտրած քաղաքատնտեսության մեջ ես սիրում էի, բացի աշխատանքային հարցից, միայն զուտ վերացական մտածողությունը: Փողերի, բանկային համակարգերի ուսմունքի գործնական կողմը անհաղթահարելի կերպով վանում էր: Սակայն ստիպված էի հաշվի առնել նաև այդ կողմը:
Այդ նույն ժամանակին են վերաբերվում երկու իրադարձություն, որոնք խոր դրոշմ թողեցին ողջ կյանքիս վրա: Դրանք էին. ֆրանսիական իմպրեսիոնիստների ցուցահանդեսը Մոսկվայում, հատկապես Կլոդ Մոնեի «Խոտի դեզը», և Մեծ թատրոնում բեմադրված Վագների «Լոենգրինը»:
Մինչ այդ ես ծանոթ էի միայն ռեալիստական գեղանկարչությանը, այն էլ բացառապես ռուսական, դեռևս մանչուկ` խորապես տպավորվել էի «Չէին սպասում»-ով, իսկ պատանի հասակում մի քանի անգամ գնացել եմ, երկար և ուշադիր ուսումնասիրել Ֆրանց Լիստի ձեռքը ռեպինյան դիմանկարում, բազմիցս հիշողությամբ արտանկարել եմ Պոլենովի «Քրիստոսը», հիացել եմ Լևիտանի «Թիակով», նրա աչքի ընկնող, գետում արտացոլված մենաստանով, և այլն: Եվ ահա հանկարծ առաջին անգամ ես նկար տեսա: Ինձ թվում էր, որ առանց կատալոգի գլխի չէի ընկնի, թե դա խոտի դեզ է: Այդ անորոշությունը տհաճ էր, կարծում էի, թե նկարիչն իրավունք չունի պատկերելու այդքան անհստակ: Տարտամորեն զգում էի, որ այդ նկարում չկա առարկա: Սակայն զարմանքով ու շփոթմունքով նկատում էի, որ նկարը հուզում, գրավում է ինձ, անջնջելի կերպով մխրճվում հիշողությանս մեջ և հանկարծ ու անսպասելի կանգնում աչքերիս առջև ամենաչնչին մանրամասներով: Այս ամենից չէի կարողանում գլուխ հանել, մանավանդ ի զորու չէի զգացածիցս անելու, ըստ այժմյան իմ տեսակետի, հասարակ եզրակացություններ: Բայց ինչը ինձ համար միանգամայն պարզ դարձավ, դա նախկինում իմ կողմից չնկատված, մինչև այժմ ինձնից թաքնված, իմ բոլոր համարձակ երազանքները գերազանցած երանգապնակի ուժն է: Գեղանկարչությունը բացում էր հեքիաթային ուժեր ու հմայք: