Ռուբիկոն

Նկարչի տեքստը, Աստիճաններ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հաճախ էի արտապատկերում այդ զարդանախշերը, որոնք երբեք չէին կորչում մանրուքներում և նկարված էին այնպիսի ուժով, որ առարկան ինքն էր լուծվում դրանց մեջ: Այս և մի քանի այլ տպավորություններ գիտակցությանս հասան բավական ուշ:

Հավանորեն հենց այդպիսի տպավորությունների ճանապարհով էին մարմին առնում հետագա ցանկություններս, նպատակներս արվեստում: Մի քանի տարի ինձ զբաղեցնում էին դիտողին նկարի մեջ մտցնելու որոնումները, այնպես, որ նա պտտվի նկարի մեջ, ինքնամոռաց ձուլվի նրան:

Երբեմն հաջողվում էր. ես դա տեսնում էի որոշ դիտողների դեմքին: Նախշազարդ առարկայի վրա գեղանկարչության ունեցած անգիտակից-դիտավորյալ ներգործությունից, որով առարկան ստանում է ինքնալուծման ունակություն, աստիճանաբար ավելի էր կոփվում առարկան նկարի մեջ չնկատելու, այն, այսպես ասած, աչքաթող անելու իմ ունակությունը: Ավելի ուշ, արդեն Մյունխենում, ես մի անգամ սեփական արվեստանոցում դյութվել էի անսպասելի մի տեսարանով: Վրա էր հասնում մթնշաղը: Ես տուն էի վերադառնում էտյուդից, դեռևս խորասուզված աշխատանքիս, մտքերիս մեջ, թե ինչպես էր հարկավոր աշխատել, երբ հանկարծ աչքիս առջև հայտնվեց աննկարագրելի գեղեցիկ, ներքին կրակով այրվող նկար: Սկզբում ապշեցի, բայց անմիջապես արագորեն մոտեցա այդ առեղծվածային նկարին, որ արտաքին բովանդակության տեսակետից միանգամայն անհասկանալի էր և բացառապես կազմված էր գունագեղ բծերից:

Եվ առեղծվածի բանալին գտնվեց. դա իմ սեփական նկարն էր` կողքի վրա պատին հենված: Հաջորդ օրը ցերեկային լույսով նույն տպավորությունն առաջացնելու փորձը հաջողվեց կիսով չափ. թեև նկարն առաջվա նման դրված էր կողքի վրա, բայց նրանում զանազանվում էին առարկաները, և չկար մթնշաղի նուրբ լեսումը: Մի խոսքով, այդ օրն ինձ համար անվիճելիորեն պարզ դարձավ, որ առարկայականությունը վնասում է իմ նկարներին:

Իմ առջև ծառացան ամենաբազմազան հարցերի սոսկալի խորությունը, պատասխանատու ծավալը: Եվ ամենագլխավորը. ինչո՞վ փոխարինել մերժված առարկան:

Զարդանախշման վտանգն ինձ հայտնի էր, ոճավորված ձևերի մեռյալ, խաբուսիկ կյանքը` ներհակ:

Հաճախ աչք էի փակում այդ հարցերի վրա: Երբեմն թվում էր, թե դրանք ինձ մղում են դեպի սխալ, վտանգավոր ուղի: Եվ միայն տարիների համառ աշխատանքով, բազմաթիվ զգուշավոր մոտեցումներով, նորանոր անգիտակցական, կիսագիտակցական, ավելի ու ավելի հստակ ու ցանկալի ապրումներով, գեղարվեստական ձևերն իրենց ավելի ու ավելի մաքուր, վերացական վիճակով ներքուստ վերապրելու շարունակ զարգացող ունակությամբ հասա գեղարվեստական այն ձևերին, որոնց վրա և որոնցով ես այսօր աշխատում եմ և որոնք, հույս ունեմ, կստանան շատ ավելի կատարյալ տեսք:

Չափազանց շատ ժամանակ պահանջվեց, մինչև որ գտա հարցի պատասխանը` ինչո՞վ պետք է փոխարինվի առարկան: Հաճախ, հետադարձ հայացք գցելով անցյալիս վրա, ես հուսաբեկ տեսնում եմ այդ որոշումը պահանջած տարիների երկար շարանը: Այստեղ ես գիտեմ լոկ մի սփոփանք. երբևիցե ուժ չեմ ունեցել կիրառելու ձևեր, որոնք առաջացել են տրամաբանական մտորման ճանապարհով, ոչ զգացումի ճանապարհով: Չեմ կարողացել հորինել ձևեր, ինձ համար տանջալի է տեսնել զուտ մտացածին ձևերը: Բոլոր ձևերը, երբ էլ դրանք օգտագործել եմ, ինձ մոտ են եկել «իրենք իրենց». հայացքիս առջև կանգնել են կատարելապես պատրաստ,– ինձ մնում էր ընդօրինակել,– կամ էլ կազմավորվել են արդեն աշխատանքիս երջանիկ ժամերի ընթացքում: Երբեմն դրանք երկար և համառորեն չէին հանձնվում, ես ստիպված էի լինում համբերությամբ, հաճախ նաև սրտի դողով սպասել, մինչև որ հասունանան իմ ներսում: Այդ ներքին հասունացումները դիտարկման ենթակա չեն, դրանք խորհրդավոր են և կախված են գաղտնի պատճառներից: Միայն ասես հոգու մակերևույթին է զգացվում աղոտ ներքին խմորումը, ներքին ուժերի յուրահատուկ լարումը, ավելի պարզորոշ կանխագուշակելով երջանիկ պահի գալուստը, որը տևում է մերթ մի ակնթարթ, մերթ ամբողջ օրեր: Կարծում եմ, որ հոգեկան բեղմնավորման, պտղի հասունացման, կծկումների և ծնունդի այդ ընթացքը լիովին համապատասխանում են մարդու սաղմնավորման ու ծնունդի ֆիզիկական ընթացքին: Միգուցե այդպես են ծնվում նաև աշխարհները:

Սակայն այդ «վերելքները» իրենց լարման ուժով ու որակով միանգամայն տարբեր են: Միայն փորձը կարող է սովորեցնել դրանց առանձնահատկություններն ու օգտագործման եղանակները: Ես ստիպված եղա մարզվել` սանձերը ձեռքումս պահելու համար, ինքս ինձ թույլ չտալու անզսպելի ընթացք, ղեկավարելու այդ ուժերը: Տարիների ընթացքում հասկացա, որ աշխատանքը տենդորեն տրոփող սրտով, կրծքի հեղձուկով (հետևաբար նաև կողերի ցավով), ողջ մարմնի լարումով չի տալիս անթերի արդյունքներ. այդպիսի վերելքին, որի ժամանակ ինքնահսկման և ինքնաքննադատության զգացումը երբեմն նույնիսկ չքանում է, հաջորդում է անխուսափելի անկումը: Այդպիսի գերլարված վիճակը կարող է, լավագույն դեպքում, շարունակվել մի քանի ժամ և բավականացնել ոչ մեծ աշխատանքի համար (այն գերազանց օգտագործվում է էսքիզների կամ ոչ մեծ բաների համար, որ ես անվանում եմ «իմպրովիզացիաներ»), բայց ոչ մի դեպքում բավարար չէ մեծ աշխատանքների համար, որոնք օրեր շարունակ պահանջում են համաչափ վերելք, համառ, չթուլացող լարում: Ձին հեծյալին տանում է սրընթաց ուժով: Բայց հեծյալն է ղեկավարում ձիուն: Տաղանդը նկարչին սրընթաց ուժով հասցնում է բարձր բարձունքների: Սակայն նկարիչն է ղեկավարում տաղանդը: Մյուս կողմից, միգուցե,– միայն մասամբ և պատահմամբ,– նկարիչն ի վիճակի է իր մեջ արհեստականորեն առաջացնելու այդ վերելքները: Սակայն իրեն է տրված գնահատել կամքից անկախ վրա հասնող վերելքի բնույթը, բազմամյա փորձը հնարավորություն է տալիս իր հոգում կասեցնելու նման պահերը, ժամանակավորապես լիովին ճնշելու դրանք այնպես, որ հետո դրանք հայտնվեն գրեթե որոշակի: Սակայն կատարյալ ճշգրտությունն, անշուշտ, անհնարին է նաև այստեղ: Համենայն դեպս, այդ բնագավառին վերաբերող փորձն ու իմացությունը ՙգիտակցականության՚, աշխատանքի «հաշվարկի» տարրերից մեկն են, որոնք կարող են նշվել նաև այլ անվանումներով: Անկասկած, նկարիչը պետք է իմանա իր ձիրքը ամենայն նրբությամբ և, լավ վաճառականի նման, թույլ չտա իր ուժերից կորցնել թեկուզ մի կաթիլ: Դրանց յուրաքանչյուր մասնիկը նա հղկում ու ողորկում է մինչև այն վերջնական հնարավորությունը, որ ճակատագրով վիճակված է իրեն10: Տաղանդի այդ մշակումը, հղկումը պահանջում է կենտրոնացման նշանակալից ունակություններ, երբեմն ի վնաս այլ ունակությունների: Այդ վնասը կրել եմ նաև ես:

Ես երբեք աչքի չեմ ընկել այսպես կոչված լավ հիշողությամբ. մանուկ հասակից չեմ կարողացել մտքումս պահել թվեր, անուններ, նույնիսկ ոտանավորներ: Բազմապատկման աղյուսակն իսկական տառապանք էր ոչ միայն ինձ, այլև հուսահատության դուռը հասած ուսուցչիս համար: Մինչև հիմա էլ չեմ հաղթահարել այդ անհաղթելի դժվարությունը և մեկընդմիշտ հրաժարվել եմ այդ գիտելիքից: Սակայն այն ժամանակ, երբ դեռ կարելի էր ինձ ստիպել ձեռք բերել ինձ անհարկավոր գիտելիքներ, իմ միակ փրկությունը եղել է տեսողական հիշողությունը: Այդ հիշողության շնորհիվ դեռևս վաղ պատանության հասակում, որքան բավարարում էին տեխնիկական գիտելիքներս, կարող էի տանը ներկերով վերարտադրել ցուցահանդեսում տեսած և ինձ առանձնապես շլացրած նկարները: Հետագայում հիշողությամբ արված բնանկարները երբեմն ավելի հաջող էին լինում, քան ուղղակի բնությունից նկարվածները: Այդպես եմ ստեղծել «Հին քաղաքը», այնուհետև տեմպերայով արված գերմանական, հոլանդական, արաբական պատկերների մի ամբողջ շարք: Սրանից մի քանի տարի առաջ հանկարծ նկատեցի, որ այդ ունակությունը սկսել է թուլանալ: Շուտով հասկացա, որ մշտական դիտարկման համար անհրաժեշտ ուժերը,– դեպի կենտրոնացումն ուղղված աճող ունակության հետևանքով,– բռնել են այլ ճանապարհ, որն ինձ համար դարձել է շատ ավելի կարևոր ու անհրաժեշտ:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ Ջորջ Սանտայանա ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…