Ռուբիկոն

Նկարչի տեքստը, Աստիճաններ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Սակայն դեռ երկար տարիներ ինքս ինձ թվում էի ցանցի մեջ խճճված կապիկ. կառուցման օրգանական օրենքները պատում էին մտադրություններս, և միայն մեծ ջանքերից ու փորձերից հետո հաջողվեց խորտակել «արվեստի ճանապարհին կանգնած պատը»: Այդպես վերջապես մուտք գործեցի արվեստի, բնության, գիտության, քաղաքական ձևերի, բարոյականության և այլնի աշխարհ, որոշակիորեն զգալով, որ այդ աշխարհներից յուրաքանչյուրն ինքնաբավ է, ղեկավարվում է իրեն հատուկ ինքնուրույն օրենքներով, ընդ որում այդ առանձին ինքնուրույն աշխարհները միասնաբար, իրենց վերջնական միավորմամբ կազմավորում են նոր, մեծ աշխարհ, որը մենք ընկալում ենք սոսկ տարտամ զգացումով, նախազգացումով:

Այսօր այդ աշխարհի հայտնագործություններից մեկի օրն է: Տարբեր աշխարհների կապը լուսավորվեց ասես կայծակով: Սարսափեցնելով և երջանկացնելով` այդ աշխարհներն անսպասելի դուրս եկան խավարից: Երբեք նրանք այդքան սերտորեն կապված չէին եղել միմյանց և երբեք այդքան խստորեն սահմանազատված չէին մեկը մյուսից: Այդ կայծակը ծնվել է մթնդած հոգևոր երկնքից, որը կախված էր մեր վերևում սև, հեղձուկ ու մեռյալ:

Այստեղից է Հոգևորի վսեմ դարաշրջանի սկիզբը:

Միայն ժամանակի ընթացքում և հետզհետե ինձ համար պարզ դարձավ, որ «ճշմարտությունն» ինչպես առհասարակ, այնպես էլ մասնավորապես արվեստում ինչ-որ X չէ, այսինքն լիովին անճանաչելի չէ, անշարժ կանգնած մեծություն չէ, որ այդ մեծությունն ընդունակ է շարժվելու և գտնվում է մշտական դանդաղ շարժման մեջ: Այն հանկարծ ինձ պատկերացավ որպես դանդաղ տեղաշարժվող խխունջ, որն ըստ երևույթին հազիվ է սողալով հեռանում նախկին տեղից, ետևից թողնելով կպչուն հետք, որից կառչում են կարճատես հոգիները: Եվ այստեղ նկատեցի այդ կարևոր հանգամանքը նախ արվեստի մեջ և միայն հետո հասկացա, որ այս դեպքում նույնպես միևնույն օրենքն է ղեկավարում նաև կյանքի այլ ոլորտները: Ճշմարտության այդ շարժումը չափազանց բարդ է. կեղծը դառնում է ճշմարիտ, ճշմարիտը` կեղծ, որոշ մասեր անջատվում են, ինչպես կեղևն է անջատվում ընկույզից, ժամանակը հղկում է այդ կեղևը, ահա ինչու ոմանք կեղևն ընկույզի տեղ են դնում, ահա ինչու կեղևին են պարգևում ընկույզի կյանքը, և մինչ կռվում են այդ կեղևի համար, ընկույզը գլորվում-գնում է հեռու, նոր ճշմարտությունն իջնում է ասես երկնքից և իր անվախճան բարձունքում թվում է այնքան ճշգրիտ ու ամրապինդ, որ ոմանք նրա վրայով մագլցում են վեր, կարծես փայտե ձողի վրայով, անվերապահորեն հավատալով, թե այս անգամ կհասնեն երկնքին… քանի դեռ դա չի կոտրվի և վրան ելած բոլոր հավատացյալները չեն թափվի անհուսության տիղմի մեջ, ինչպես գորտերը ճահճի մեջ: Մարդը հաճախ բզեզի է նման, որին մեջքից պահում են մատներով. խուլ անձկությամբ նա շարժում է թաթիկները, կառչում իրեն դեմ տրված յուրաքանչյուր շյուղից և չի դադարում հավատալուց, որ փրկությունն այդ շյուղի մեջ է: Իմ «անհավատության» շրջանում ինքս ինձ հարց էի տալիս, թե ո՞վ է ինձ պահում, ու՞մ ձեռքն է իմ դեմ շյուղ պարզում և նորից ետ քաշում, թե՞ ես պառկել եմ անտարբեր գետնի փոշու մեջ և ինքս եմ կառչում շյուղերից, որ ՙիրենք իրենց՚ բուսնել են շուրջս: Որքան հաճախ եմ, համենայն դեպս, զգացել այդ ձեռքը մեջքիս և դեռ մի ուրիշն էլ` աչքերիս վրա, օրը ցերեկով ինձ սուզելով սև գիշերվա մեջ:

Արվեստի զարգացումը ոչ-նյութական գիտելիքի զարգացման նման բաղկացած չէ հին ճշմարտությունները ջնջող և դրանք մոլորություններ հռչակող նոր հայտնագործություններից (ինչպես դա, ըստ ամենայնի, տեղի է ունենում գիտության մեջ): Արվեստի զարգացումը բաղկացած է հանկարծակի կայծականման փայլատակումներից, պայթյուններից, որ հրավառության «ծաղկեփնջի» նման բռնկվում են երկնքի բարձրերում և շուրջը սփռում գույնզգույն աստղեր: Այդ փայլատակումները կուրացուցիչ լույսով խավարից կորզում են նոր հեռանկարներ, նոր ճշմարտություններ, որոնք, ի դեպ, հիմքում ոչ այլ ինչ են, եթե ոչ օրգանական զարգացում, նախկին ճշմարտությունների օրգանական աճ. սրանք չեն ոչնչանում նոր ճշմարտություններից, այլ շարունակում են իրենց անհրաժեշտ, ստեղծագործական կյանքը, ինչպես որ դա անբաժանելի կերպով հատուկ է ամեն ճշմարտության, ամեն իմաստության: Եթե նոր ճյուղ է աճում, դրանից ծառաբունն ավելորդ չի դառնում. նրանով է պայմանավորվում ճյուղի կյանքը:

Դա սկզբնական ծառաբնի ճյուղավորումն է, ծառաբուն, որից «սկսվել է ամենը»: Իսկ ճյուղավորումը, հետագա աճը, հետագա բարդացումը, որ հաճախ այնքան անհուսորեն խճճված է թվում և հաճախ խճճում մարդու ճանապարհը,– ոչ այլ ինչ է, եթե ոչ անհրաժեշտ աստիճաններ դեպի հզոր սաղարթապսակը` մասեր և պայմաններ, որոնք ի վերջո կազմավորում են կանաչ ծառը:

Այդպիսին է նաև բարոյական էվոլյուցիայի ընթացքը, որ իբրև սկզբնաղբյուր ունի կրոնական բնորոշումներ ու հրահանգներ: Բարոյականության աստվածաշնչյան օրենքներն` արտահայտված պարզ, ասես տարրական երկրաչափական բանաձևերով,– մի՛ սպանիր, մի՛ շնացիր,– հաջորդ (քրիստոնեական) փուլում ստանում են կարծես ավելի ճկված, ալիքաձև սահմաններ. դրանց նախնական երկրաչափականությունը տեղը զիջում է արտաքուստ ավելի պակաս ճշգրիտ, ազատ ուրվագծին: Անթույլատրելի է համարվում ոչ միայն զուտ նյութական զանցանքը, այլև ներքին, դեռևս ոչ-նյութականության սահմաններից դուրս չեկած գործողությունը:

Այսպիսով, հասարակ, ճշգրիտ և ոչ ճկուն միտքը ոչ միայն չի մերժվում, այլև օգտագործվում է որպես անհրաժեշտ աստիճան նրանում արմատավորվող հետագա մտքերի համար: Եվ այդ հետագա ավելի մեղմ, պակաս ճշգրիտ և նվազ նյութական մտքերը նման են ավելի ճկուն նոր ճյուղերի, որոնք օդի մեջ նոր անցքեր են բացում:

Քրիստոնեությունը գնահատական տալիս կշեռքի վրա է դնում ոչ թե արտաքին, կոպիտ, այլ ներքին, ճկուն գործողությունը: Այստեղ է գտնվում արժեքների հետագա վերագնահատման արմատը, անընդմեջ, ուրեմն և այս պահին դանդաղ ստեղծվող հետագան, միաժամանակ այն ներքին ոգեշնչության արմատը, որ մենք աստիճանաբար ընկալում ենք նաև արվեստի բնագավառում: Մեր օրերում ուժեղ հեղափոխական ձևի մեջ: Այդ ճանապարհով ես հասա եզրակացության, որ ոչ-առարկայական գեղանկարչությունը ոչ թե նախկին ամբողջ արվեստի ջնջումն է, այլ ընդամենը հին ծառաբնի արտասովոր ու առաջնակարգ, կարևոր բաժանումը երկու գլխավոր ճյուղերի16, առանց որոնց անկարելի կլիներ կանաչ ծառի սաղարթապսակի կազմավորումը:

Այս հանգամանքը քիչ թե շատ պարզ ձևով յուրացրել եմ արդեն վաղուց, և պնդումը, թե ես ուզում եմ տապալել հին արվեստի շենքը, միշտ տհաճ տպավորություն է թողնում ինձ վրա: Ինքս երբեք չեմ զգացել իմ գործերում արվեստի արդեն գոյություն ունեցող ձևերի ոչնչացում, նրանցում հստակորեն տեսել եմ միայն արվեստի հետագա` ներքուստ տրամաբանական, արտաքուստ օրգանական անխուսափելի աճ: Ազատության նախկին զգացումը աստիճանաբար դարձյալ հասավ գիտակցությանս, և այդպես մեկը մյուսի ետևից փլվեցին կողմնակի, արվեստի էությանը չառնչվող պահանջները, որպիսիք նախկինում առաջադրում էի նրան: Դրանք ոչնչանում են հօգուտ մեն-մի պահանջի. ստեղծագործության ներքին կյանքի պահանջի: Ի զարմանս ինձ, նկատեցի, որ այդ պահանջը մեծացել է մի հիմքի վրա, որը հար և նման է բարոյական գնահատականի հիմքին17:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ Ջորջ Սանտայանա ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…