Ակտիվ չեզոքություն – Կապիտալիզմի և կոմունիզմի հաղթահարումը
Յոզեֆ Բոյս
Յոզեֆ Բոյսը XX դարի երկրորդ կեսի գերմանացի այն արվեստագետն է, որը մեծ ալեկոծումներ առաջ բերեց համաշխարհային մշակույթի հետպատերազմյան փուլում, շրջանառության մեջ մտցնելով արվեստի ընդլայնված հասկացությունն ու «յուրաքանչյուր մարդ արվեստագետ է» կարգախոսը։ Նա գեղարվեստական-աշխարհայացքային բոլորովին նոր մոտեցումների եզրերին իր գործով ու կեցվածքով մինչև վերջ պայքարեց այդ գաղափարների իրագործման համար, արևմտյան նյութապաշտական աշխարհում նոր ձևերով ու մեթոդներով հաստատելով կոնկրետ հոգևորի գերակայությունը՝ համամարդկային արժեքների կոնտեքստից։
«Ակտիվ չեզոքության» գաղափարն իր մեջ ամփոփող այս դասախոսությունը Յոզեֆ Բոյսը կարդացել է իր մահից մեկ տարի առաջ, 1985 թ-ի հունվարի 20–ին, Կենտրոնական Եվրոպայի Բոդենզեե լճի շվեյցարական ափին գտնվող Ռոռշախ քաղաքում, կիրակի առավոտյան, մոտ 600 ունկնդիրների առջև։
Այս ընթացքում կոմունիզմի հաղթահարման փորձերը կարծես հաջողություն ունեցան, սակայն ոչ թե իրական հոգևորի «ակտիվ չեզոքության», այլ կապիտալիզմի «քողարկված ակտիվության» շնորհիվ։ Իսկ թե ինչպիսի՞ն է լինելու կապիտալիզմի հաղթահարումը կապիտալիզմով ցույց կտա հասարակության «չեզոք ակտիվության» կուլտուրայի ձևավորման օգտակար գործողության գործակիցը, որի մասին Բոյսն ի վիճակի կլիներ դասախոսություն կարդալու միայն հետմահու։
Արա Գուրզադյան
Մեծարգո ժողովականներ և սիրելի բարեկամներ.
Քանի որ այստեղ գործ ունենք մի միջոցառման հետ, որը հենց նոր նշված թեմային է ծառայում, և այս թեմայի ներքո ծրագրում նկարագրված են նաև այստեղ հավաքված մարդկանց որոշ մտադրությունները, – իսկ այն, որ ծրագրում նաև ժամերգություն է նախատեսվում, հավանաբար արդեն մատնանշում է մարդկանց սահմանազանց ոգեզորությունը, որ նրանք դեռ պահպանում են քաղաքական ուժերի միջև, – ինքս ինձ ասացի՝ էկումենյան ժամերգության նման մտադրությանը հավանաբար կսազեր նաև մի քանի ասույթ ավելացնել։ Այդ իսկ պատճառով ես երկու ասույթ հորինեցի, որոնք կարոդ են ոչ թե հասկացվել, այլ պետք է մեդիտացվեն։ Առաջին ասույթը կոչվում է՝ «Der Primat» («առաջնայինը»)։ «Պրիմատ»–ի այս հասկացությունը ես կապում եմ Նիկլաս Լումանի մի հասկացության հետ. վերջինս համակարգերի հայտնի հետազոտող է, և, իմ կարծիքով իրավամբ, հաստատել է, որ մարդկությունը իր ներկա դրվածքով (Gestelltsein) իր ներկա գործունեություններում բնորոշելի է սոսկ որպես քաղաքակրթության հասկացություն կամ որպես մշակույթ, երբ ջանում ես այդ հասկացությունն օգտագործել տնտեսական կյանք հասկացության տակ։ Եվ այսպես, ես կարդում եմ այդ ասույթը.
«Պատկերացնենք, որ մարդը, մարդկությունը տեղափոխվել է միանգամայն մաքուր, հոգևոր մի վիճակ, այսինքն՝ մահացել է, ապա դրանով նա, միևնույն է, ոչ մի կերպ չի կարողանա տնտեսականից դուրս գտնվել։ Ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը – կապիտալը – համարում ունեն նաև վերզգայականում, այո՛, դրանք հենց վերզգայական սուբստանցիայի ձևեր են, կենդանի էակներ, իրականություններ, որովհետև դրանք իդեաներ են»։
Երևի թե այս ասույթը վերջում մեկ անգամ ևս կարդամ։ Այժմ երկրորդ ասույթը, այն վերաբերում է ակտիվ չեզոքության համար ֆորում հիմնելու մտադրությանը. իսկական ոգեղեն մի ձեռնարկում (Unternehmenszusammenhang), որը պետք է ճառագի և ազդեցություն ունենա հնարավորին չափ շատ մարդկանց վրա։
Այսպիսով, երկրորդ ասույթը կոչվում է «դեպի ակտիվ չեզոքություն»։
«Պատկերացնենք բոլոր գերմանալեզու մարդիկ բերվել են ամբողջովին հոգևոր, ակտիվ մի վիճակի, սրանով մենք կհասնեինք մեր ցանկացածին, այսինքն՝ ակտիվ չեզոքության։ Սակայն նրանք այդ զուտ հոգևորի օրենքներով դրան կհասնեին ոչ թե հենց իրենց, այլ բոլոր մյուս ժողովուրդների համար»։
Դրան ավելացնենք, որ սրանում մարդու էության մասին ինչ-որ բան է ասվում, որն այստեղ, Երկրի վրա, մարդու տեղադրվածության վերաբերյալ մատերիալիստական գիտության պատկերացումների սահմաններում ծավալվող ընդհանուր դիսկուսիաներում ամենևին չի հայտնվում, մարդու բուն զորությունը իր ոգու մեջ է, որն ավելի մեծ է, քան ամբողջ աշխարհը, այն չի վերջանում մարմնով, չի վերջանում մահով, սկսվում է նրա կյանքից առաջ և շարունակվելու է կյանքից հետո։ Երբ զգուշորեն փորձում ես խոսք բացել մարդու այդպիսի պատկերի մասին, ապա այն վստահորեն ընդունվում է Երկրագնդի շատ մարդկանց ու ժողովուրդների կողմից, սա նշանակում է, որ դա արձագանք կունենա։ Էութայինը, էութենականն է (Substanzhalt) շոշափվում մարդու մեջ։ Եվ նույնիսկ, եթե մարդկային մասսաները, մարդկանց մեծամասնությունը մարդկանց աշխատանքի, միանգամից ասեմ, մարդկային տնտեսության և գործունեության նման տեսակետը չեն ընդունում, ապա մարդկանց բավական մի մեծ թիվ բավարար կլինի աշխարհը փոխելու համար։ Եկեք կոնկրետ թվեր չասենք մարդկանց այդ բավականաչափ մեծ քանակության մասին, ես կարծում եմ, սակայն, որ ազդեցությունը աշխարհի, այս պլազմայի վրա, որով ամբողջովին պատված է Երկրագունդը ոգեղենում, կարող է «Սոցիալական Սուբստանց», պարզապես սոցիալական սուբստանց կոչվել, և որ այդ սուբստանցը կարող է նեգործվել (impulsiert) նաև երեք, չորս կամ յոթ հոգու կամ տասնվեց, քսանմեկ, երեսուներեք հոգու կողմից …
Որ այս պատկերացումը աբսուրդ չէ, այլ համապատասխանում է կոնկրետ իրականության, ապացուցում է նաև այն, որ մենք ինչ-որ բանով ներգործելու բացարձակ անհնարինության դեպքում, այլևս կանգնած չենք բացարձակ զրոյում, այնուամենայնիվ նշենք ուսանողական խռովության, ուսանողական շարժման, արտապառլամենտական ընդդիմության ժամանակները։ Եկեք ետ նայենք դեպի այդ ժամանակները, որոնց առումով կարող ենք պնդել, թե նման մի շարժում ևս տանուլ է տվել, բայց, այնուհանդերձ, շարունակել է գործել բոլորովին այլ մարդկանց մեջ։ Դա նշանակում է, որ որոշակի իմպուլսներ են փոխանցվել քչերի միջոցով, որոնք լրիվ այլ ուղղությամբ են գործել։ Մենք տեսնում ենք, որ ուսանողական շարժումից հետո դեմոկրատական հասարակության համար շարժումը ավելի առաջին պլան մղվեց, մենք տեսնում ենք կազմակերպության ձևեր, որոնք զբաղվում են տարրական և ուղղակի դեմոկրատիայի հասկացությամբ, մենք տեսնում ենք քաղաքացիական նախաձեռնություններ, մենք տեսնում ենք կազմակերպության ձևեր, որ առաջանում են շատ փոքր շրջանակներում, բայց մենք տեսնում ենք նաև ավելի մեծ շարժումների առաջացում, որոնց այնուհետև կոչեցին «էկոլոգիական շարժում»։ Մենք տեսնում ենք, որ այդ էկոլոգիական շարժումից նույնիսկ մի խմբավորում կազմվեց, որն այսօր ներկայացված է Ֆեդերատիվ Հանրապետության շատ պառլամենտներում, ես նկատի ունեմ «Կանաչ կուսակցությունը»։ Ինչ էլ որ կատարվի «Կանաչ կուսակցության» հետ և ինչ ներկուսակցական հակասություններ ու ներքին պայքարներ էլ առաջանան, այնուամենայնիվ դա իմ ասածի ապացույցն է՝ որ սկզբում քիչ թվով մարդիկ կարող են ինչ– որ բանի նպաստել, ինչը որոշ ժամանակ անց ավելի տեսանելի ու նկատելի է դառնում։