Ակտիվ չեզոքություն – Կապիտալիզմի և կոմունիզմի հաղթահարումը
Այս տրամաբանությանը, կարելի է ասել, ես հանգիստ հետևել եմ, շատ փորձեր եմ դրել և շատ մարդկանց եմ սադրանքի ենթարկել։ Ես օգտագործել եմ սադրանքի ձևերը, որպեսզի մարդկանց մղեմ առհասարակ ուշադրության, այսինքն՝ զգոնության, ռեակցիայի։ Ես մտածում եմ այս կերպ, ես կանխատեսում եմ նման մի շարունակական ֆորումի մեր համատեղ մտահղացումը այստեղ՝ եռերկրյա անկյունում, գեղարվեստական այդ միջոցը մենք չպետք է թերագնահատենք և, ուրեմն, նաև չպետք է խարխափենք ուրիշներին հարցերով, պատկերներով և կերպարներով դիմակայելիս, որոնք սադրանքի են ենթարկում նրանց, այսինքն՝ ինչ-որ բան են առաջ բերում նրանց մեջ, քանզի սադրել իտալերեն նշանակում է «առաջ բերել» («Hervorrufen» բառացի՝ դուրս կանչել)։ Ինչ-որ բան են դուրս կանչում, իբրև արդյունք կատարվում է շատ հասարակ մի բան՝ զրույց է ծավալվում։ Ընդ որում, միանգամայն անհետաքրքրական է՝ այդ զրույցում մարդն իր սադրանքով պարտվում է, հաղթում է, թե ինչ-որ տեղ հավասարակշռության մեջ է մնում, այնպես, որ զրույցի ողջ այդ պրոցեսը նախ ապարդյուն է ընթանում։ Բայց վստահաբար մի բան է նկատելի, որ այն շարունակաբար, մշտական վարժանքով, երբեք չթուլացող, նույնիսկ աճող ինտենսիվությամբ տանելու դեպքում պահպանում է իր ուժը, այնպես որ մարդ ուժաթափ չի լինում այդ զրույցը շարունակելիս։ Կարծում եմ, որ սա արվեստի ընդլայնված հասկացության կարևորագույն արդյունքներից մեկն է՝ մարդուն, յուրաքանչյուր մարդու բնորոշել իբրև արվեստագետի, քանզի նա անհատ է, քանզի նա թերևս ոչ այլ ոք է, քան նա, ով այնպես է ներխուժում հարաբերությունների, օրինակ, նյութական աշխարհի մեջ, որ գոյանում է ինչ-որ արտադրանք, որևէ կերպար, ուստի այդ մարդը ըմբռնվում է որպես ընդունակություններ կրող, և այդ կոմպլեքսով ելակետն է բնորոշվում՝ պրիմատը, «պրիմատն» այստեղ իհարկե ոչ Լումանի իմաստով (չնայած որ շատ ճիշտ է նաև այն, որ տնտեսական կյանքը կարևորագույնն է մեր մշակույթի համար և որ մենք պետք է այնտեղ բանավիճենք), բայց այնուամենայնիվ տնտեսության մարդաբանորեն ըմբռնված հասկացությունը օրգանապես կապված է այդ ելակետի հետ։ Այդ ելակետը մարդկային ստեղծագործականության (Kreativität) մեջ է։ Այս բառը ևս լատիներեն արմատ է պարունակում և առնչվում է Աստծուն։ Մարդն այստեղ նմանեցվում է Աստծուն։ Կարծում եմ, որ մարդու կայացման պարագայում դա համապատասխանում է օբյեկտիվ ռեալությանը, այն է՝ աստվածային առաջնորդությունից դուրս գալը, ինքնահայտնաբերման գնալը և առնվազն իր մեջ բուն աստվածային էակին նկատելը։
Հենց նման մի վերապրումով, որը նա այսօր լոկ դժվարությամբ է գիտակցում, քանզի այդքան հասարակ ձևով դա նրան այլևս չի կարող տրվել, նա հավանաբար կվերհիշի, որ իրականում քրիստոնեական ճշմարտությունը ոչ միայն եղել է, այլ է, որը, սակայն, միջանկյալ շրջանում (եղել֊ի և է-ի միջև) լիովին անհետացել է գիտակցությունից, որ այո, Աստված ներքաշված է մարդու մեջ։ Այսինքն՝ այդ Աստծո արարչասկզբունքը, որն ասում է՝ «Ես ձեզ ազատ կդարձնեմ», կնշանակի ոչ այլ ինչ, քան այն, որ ստեղծագործականությունը ազատության գիտություն է։ Ստեղծագործականությունը տակավին մոդայիկ երևույթ չէ։ Այն, ինչպես բոլոր իշխանական համակարգերում, որոնք հետաքրքրված չեն մարդկային գիտակցականացմամբ, մեդիաների (հաղորդակցական միջոցների), այսինքն՝ իշխանական նման կառուցվածքների տնօրինող միջոցների շնորհիվ արժեզրկված է (heruntergewirtscaftet) ընդհուպ «fashionable creativity»–ի (մոդայիկ ստեղծագործականության)։ Մարդկանց ասում են. «Դե լավ, բայց չէ՞ որ դու քո հոբբին ունես», երբ այդ ամենը, որ համապատասխանում է մարդու ամենաբարձրագույն արժանիքին, նսեմացվում է և հասցվում հոբբիի բնույթ ունեցող մի բանի։ Նման հասկացության ի հայտ գալով՝ մարդն անմիջապես այնպես է մշակվում, որ ոչ մի ինքնագիտակցություն չի կարող գոյանալ նրա մեջ։ Այսինքն՝ սկիզբը նորից ընդունակությունն է – ինչ-որ բան կերտելու ընդունակությունը, նաև պարզապես զրույցի փորձում մարդուն միանգամայն շոշափելիորեն տրվող պարզաբանումը, որ այդ մարդու, որպես քանդակագործի, ի կատար ածած առաջին ձևակերտումը (Gestaltung), նրա մտածողության ձևերն են։ Որ նրա մտածողության ձևերը նրա զգացմունքների ձևերի հետ համագործակցելով խոսքի են մղվում նրա մտածողության ձևերի հետ, բնորոշում է նրան որպես խոսքային տիրույթի քանդակագործի։ Լոկ այս պնդումով թերևս ինքնին պատճառաբանված է, որ մարդը կերտող էակ է։ Եթե մարդը գիտակցում է սա, կգիտակցի նաև հետևյալը՝ որ նա դրանով իսկ ինքն իրեն որոշարկող էակ է։ Քանզի ազատության և
ստեղծագործականության հասկացություններից բխում է, որ դա նրա ուժն է, որը թույլ է տալիս նրան որոշարկելու իրեն։ Այդ հասկացության հետ օրգանապես կապված է սուվերեն (Souverän) հասկացությունը։ Ակնթարթորեն նրան պարզ է դառնում, որ պետության մասին ուսմունքներից, պետության մասին փիլիսոփայություններից, այսպես կոչված պետաիրավական պատկերացումների խառնաշփոթից ժառանգված այլևս ոչինչ տարրական նշանակություն իսկ չունի և որ պետական էությունը, այսինքն՝ վճռորոշ վերջին ատյանը նա ինքն է իբրև մարդ, բնականաբար իր եղբայրների և քույրերի հետ միասին։ Քանզի ազատություն հասկացությունը հետևողաբար բերում է այն բանին, որ ազատություն կարող է կոչվել միայն այն, ինչը հակառակն է կամայականության (նաև այսպես կոչված «ընտրության ազատության», որը, չէ՞ որ նույնպես կամայականության ոլորտին է պատկանում), որ ազատությունն իրականում ճիշտ գործունեություն է միայն այն դեպքում, երբ այն կարող է փոխըմբռնում ստեղծել մերձավորների և բնության բոլոր կապերի մեջ։ Երբ այդ փոխըմբռնումից այն վերածվում է ձևակերտող ակցիայի, ապա խոսքը ազատության մասին է։
Ես ուզում եմ մեկ անգամ ևս ետ վերադառնալ, ուրեմն, արվեստին հաջողվել է, – որոշ ձեռնարկումներ (Anfänge) այստեղ միանգամայն լավ են հաջողվել, – մոդեռնի շեմին բախվել մարդաբանական գիտակցության շեմին, ստեղծագործականության մարդաբանական հասկացությանը, մարդու էությամբ հիմնավորված ազատության հասկացությանը, բայց «արվեստն» այժմ ըմբռնված ոչ այնպես, ինչպես այն դեռ շարունակում է լայնորեն գործել մոդեռնի ոլորտում (դա երևում է օրաթերթերից) ընդհուպ մինչև մեր ժամանակները։ Այնտեղ, այդ ոլորտում, արվեստը մղվել է որմնախորշային գոյության։ Այն ոչ մի նշանակություն չունի օրվա մեծ հարցերի գործում, որոնց առջև կանգնած է մարդկությունը, և, ինչպես ստեղծագործականության հասկացությունը այս կամ այն կերպ օգտագործվում է որպես համակարգերի դեկորացիա, այնպես որ մասնավոր կապիտալիզմում, մասնավոր կապիտալիստական տնտեսակարգի աշխարհում, այդ համակարգի և այն տնօրինողների կողմից կարող է ասվել. «Տեսեք, թե ինչ ազատ ենք մենք։ Արվեստագետները կարող են անել այն, ինչ ուզում են»։ Տեսնում եք, որքան վատ է՝ արվեստագետները կարող են անել այն, ինչ ուզում են, – ինչը նրանք իրականում չպետք է անեն՝ ելնելով վերը ասվածից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես նորից թե՛ արևմուտքի, թե՛ արևելքի հասարակական համակարգերի իշխանական մանիպուլացիայի կողմից, այսինքն՝ ինչպես պետական– ցենտրալիստական, այնպես էլ մասնավոր-տնտեսական կապիտալիզմի սահմաններում նսեմացվում են, եզերք են մղվում բուն, մարդուց ժայթքել ձգտող զորություններն ու ոգեղեն ուժերը։ Լավագույն դեպքում նրանց խեղկատակի ազատությունն են թողնում. այդ արվեստագետները, ուրեմն, նաև խեղկատակներ են։ Նրանց թողնում են մի խաղադաշտ, որտեղ նրանք կարող են մոլեգնել, որպեսզի չկարողանան ազդեցություն ունենալ որևէ հարակից տիրույթի իրողության վրա, տիրույթ, որ գտնում է մարդը որպես կերտելի դաշտ մարդկային հանրության սուվերենի իր դիրքից։ Մենք, իբրև մտածող ու ճանաչող մարդ, ազատությունը կապերի ըմբռնման մեջ տեսնող մարդ, թերևս պետք է որպես հարակից դաշտ բնականաբար դիտենք այդ ձևակերտող գործունեության, այսինքն՝ այդ աշխատանքի մեջ մարդկային բոլոր հարաբերությունների իրավակարգավորումների դաշտը։ Սա է ամենից առաջ կերտելի նախանյութը։ Իրավական դաշտը պետք է մարդու, սուվերենի կողմից նորովի ձևավորվի։ Այդ դաշտը պետք է գտնի մի ձև, ինչպես Միքելանջելոն մի ձև էր գտել իր զանազան ֆիգուրների համար, որը հայտնի է մարդկանց, քանզի ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն է գործել նման հսկան։ Այդպես էլ մարդը իրավական այդ դաշտը Միքելանջելոյի նման պետք է վերափոխի զորեղ մի ֆիգուրի։ Ու իսկապես, միանգամայն բնական է, որ ձևերի այդ գոյացությունում վերջիններս հայտնվում են իրավունքների կարգով, որոնք ձևեր են ստեղծում մարդկային տնտեսության համար՝ ձևակերտման երրորդ դաշտում, իրավունքի ճիշտ ձևերը այն բանի Ինչպես-ի, Ով-ի, Երբ-ի, Որտեղ-ի վերաբերյալ, ինչը արտադրելի է մարդկային աշխատանքային դաշտի և սպառողական դաշտի շրջանակներում։ Վերը շարադրվածից նախ չի հետևում, թե մինչ այժմ իմ կողմից նկարագրվածի համար մենք կարիք ունենք մի հասկացության, ինչպիսին «քաղաքականությունն» է։ Եվ ես շատ եմ արժևորում, պնդում, որ մարդը նախ ձեռք բերի իր, որպես ձևակերտող էակի, պատկերը, որ այն ամենը, ինչը մարդկային ֆիգուրացիայի կարող է բերել սոցիալական օրգանիզմը, նախ դույզն ինչ կապ չունի քաղաքականության հետ, բայց այդ մասին մենք ուզում ենք հետագայում խոսել։ Այսպիսով, դուք տեսնում եք (արվեստի, ստեղծագործականության, ընդունակության, ազատության, մարդաբանական նոր ժամանակների ևս մի ապացույց՝ ժամանակի բարձունքում գտնվող հասկացության անհրաժեշտության համար), թե պետք է սովորել հասկանալ, որ մարդու անելիքն է՝ փնտրել ձևեր, իր արտադրանքների համար հայթայթել ուրիշին ցույց տալու արժանի ձև, որ ձևն, ուրեմն, հրապարակվում է և ոչ թե պահվում իր համար, այնպես որ բոլոր մարդիկ կարող են տեսնել այն։ Վերցնենք մի մեծ վայր կամ մի մեծ սեղան, որի վրա դրվում է ձևը և բոլոր մարդիկ դիտում են այդ ձևը ու խոսում դրա մասին։ Պարագաների բերումով նրանք դժգոհելու շատ բան ունեն այդ ձևից։ Եվ բանը ձևակերտման առաջին փորձի հաջողությունը չէ, այլ այն, որ այդ ձևը հրապարակվի, որ մարդն իր մերձավորներին ներկայանա այնքան բաց, իր բոլոր թուլություններով, այո, այնպես, որ նա ուղղակի բացի իր վերքերը (որ յուրաքանչյուր ոք ունի), դրանք ուրիշին ցույց տալու համար։ Ելնելով սրանից՝ նա կուզենա ներգործել ապագայի ձևակերտման վրա, ապագա, որ կառուցվելու է ուրիշների օգնությամբ։ Այսինքն՝ բառերի և հասկացությունների իմ այս կուտակումների միջով թերևս օրգանապես ի հայտ է գալիս այն, ինչ մենք ուզում ենք տեսնել։