Ակտիվ չեզոքություն – Կապիտալիզմի և կոմունիզմի հաղթահարումը
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ֆենոմենը աշխարհի համար հանելուկ է դարձել։ Կարելի է ասել, որ այն, ինչ այստեղ գերմանալեզու մարդկանց մեջ է գոյացել, շատ մարդկանց համար մագնիս է՝ մեծ ոճի բանավեճի թեմա։ Եվ եթե այսօր մարդիկ Գերմանիա են գալիս և ինչ-որ բան են դիտում, լինի դա մայր տաճար, եկեղեցի, ռոմանական կամ գոթական ճարտարապետություն, թե արվեստի միջազգային մեծ ցուցահանդես են այցելում, ապա իրոք ճշգրիտ դիտարկող հայացքը կարող է եզրակացնել, որ այդ մարդիկ իրականում սոսկ տաճարներ չեն դիտում, նրանք իսկապես այսօր այդ տաճարը դիտում են մի հետաքրքրասիրությամբ, թե ինչ է առաջացել Գերմանիայի այս արևմտյան մասում, որը նրանք չեն կարողանում մեկնաբանել, որի մասին նրանք այս կամ այն կերպ են դատում, որը, սակայն, նրանց այնուամենայնիվ հմայում է, և նրանք հարցնում են՝ ի՞նչ է դուրս գալիս այդպիսի մի շարժումից, այդպիսի մի իմպուլսից։
Ես այս երկրորդ ասույթից հետո, որն իսկապես մարդուն ամբողջովին ոգեղենացած էակ է դիտում, որն իր մարմնով այլևս չի գտնվում երկրային հարաբերություններում և իր մարմնականը այդ կանխորոշված մոդելում է թողել՝ ընդհանրապես դրանով օբյեկտիվ բնույթ ունեցող հարաբերությունների մեջ մտնելու համար, ինչը ելնելով այդ օբյեկտիվ բնույթից նպաստում է ստեղծվելիքի լիարժեք որակին, ճիշտն ասած, իմ մեջ ցանկություն առաջացավ հարցնելու. – «Այդ դեպքում ինչու՞ ենք մենք դեռ ծառեր տնկում»։ Եթե մարդուն տրված է, հոգևոր ուղին բռնելով, այս երկրագունդը լքելու հնարավորություն՝ ֆիզիկական, մարմնական սարսափելի դժվարությունների և ծանր տառապանքների մեջ, որ հատկապես մեր ժամանակն է բերել մարդկությանը, էլ ի՞նչ իմաստ ունի ծայրահեղ ջանքերն ուղղել այն բանին, որն ամբողջապես մարդկային էակի ֆիզիկական մասին է պատկանում։ Ես ուզում էի այս կետը սոսկ նշել, որպեսզի հետո ասեի, թե մարդու հենց հոգևոր ապագայի համար ֆիզիկականը նախապատրաստելուց բացի ուրիշ այլ միջոց չկա, որպեսզի գոյանա բուն ոգեղենը։ Այսպիսով, իմ ասույթները, որոնք ուղղված էին մարդկային չափազանց հեռահար ապագային, այստեղ բերվեցին պարզաբանելու համար, թե որքան կարևոր է ֆիզիկական աշխարհն իր բոլոր դժվարություններով, իր բոլոր տառապանքներով, որոնց առնչվում են մարդիկ և իրենց բոլոր իրական ջանքերով, այնուամենայնիվ, ձգտում են նորից ինչ-որ բան կառուցել այն ամենից, ինչը լիովին արդեն զրկվել է կյանքից ու խեղվել, դա կշարունակի այս մոլորակի էվոլուցիայի ընթացքը, որպեսզի երկրագնդից կարողանա զարգանալ այն, ինչը կարող է միայն երկրագնդից զարգանալ։ Բայց դա միաժամանակ նշանակում է, որ այն ամենը, ինչը ապագայում կկատարվի երկրի վրա մարդկանց միջոցով, ֊քանզի էլ ուրիշ ու՞մ միջոցով այն կարող էր կատարվել, – մարդու ստեղծածն է։ Ողջ ապագա բնությունը, յուրաքանչյուր պահին տնկված ծառը իր մեջ կրում է մարդու հատկանիշները։ Այսուհետև կատարվող յուրաքանչյուր գործ մարդու ստեղծածն է շատ ավելի լայն իմաստով, քան ամենայն անցյալում արված բան։ Քանզի ամեն անցյալ այս պահից առաջ, թերևս լայն իմաստով, դեռ եղել է այն, ինչը ոգեշնչող, առաջնորդող ուժերով մարդուն հասցրել է այնտեղ, որտեղ նա ինքնուրույն դարձավ մոտ 200 տարի առաջ, երբ իսկապես մարմնավորվեց երկրագնդի վրա՝ սեփական ոտքերով հասնելով այս մոլորակին։ Այստեղ ծագեց մատերիալիզմը որպես մտածելակերպ, որպես գիտական մտածելակերպ, Աստծո կողմից միանգամայն լքված մարդուն սեփական ոտքերի վրա կանգնեցնելու համար, որպեսզի նա մատերիայի հանելուկը իր իսկ ուժերով կարողանա լուծել։ Այս կետից սկսած մենք պետք է մի կողմից հասկանանք, թե ինչ սարսափելի արդյունքների է հասցրել մարդուն մատերիալիզմը իր ճշգրիտ բնագիտական մտածողության մեթոդով, իսկ մյուս կողմից տեսնենք, թե ինչ ահռելի ունակություններ են առաջացել մարդու մեջ դրա դիսցիպլինացման միջոցով, այս ամենը նախ և առաջ նրա մեջ ինչ-որ բան է գիտակցականացրել, ինչը անվանում են ինքնագիտակցություն, կամ մարդու «ես»–ի գիտակցություն։ Այսինքն՝ մատերիալիզմի դեպքում մենք գործ ունենք մի մեծ ու զորեղ բանի հետ, որը պետք է սովորենք դատել երկու տարբեր տեսանկյուններից։ Մենք պետք է իրոք այդ մատերիալիզմի գաղտնիքը բացենք։
Այս փուլում, որը կարելի է բնութագրել նաև որպես «մոդեռնի» փուլ, ի հայտ են գալիս անձնավորություններ, մարդկային խմբեր, ժամանակի հոսանքներ, ոճեր, խորհրդանիշեր, որոնք կարող են իբրև մեծ հանելուկ ընկալվել, օրինակ, արվեստում։ Այսպես կոչված մոդեռնում, այսինքն՝ ժամանակակից արվեստում կարելի է գտնել խորհրդավոր հանելուկների մի առատություն։ Բավական է միայն մտածել Մոնդրիանի, Պիկասսոյի, սյուրռեալիզմի, կուբիզմի, Ռուսաստանում՝ սուպրեմատիզմի մասին, և մենք տեսնում ենք, որ առաջանում է մի նորացում՝ կապված ազդանշան տալու հետ, այսինքն՝ հայտնվում են սիմվոլներ, որոնք ինչ-որ բան են մատնանշում, և սա դեռ կարիք ունի լուծման։ Այդ սիմվոլները չեն ենթադրվում իբրև ինչ-որ ոճի տափակ, մոդայիկ նորարարություններ։ Թեպետ մոդեռնը իր շատ հայտնագործություններում ընդունակ է լոկ ոճական նորարարության, այնուամենայնիվ նա ունի նաև մի մեծ հավելյալ արժեք, որը, արվեստի մասին ասված Պիկասսոյի մի նախադասությունում, արտահայտված է հետևյալ կերպ. «Արվեստը նրա համար չէ, որ մեր բնակարաններն ու ննջարանները զարդարի։ Արվեստը զենք է թշնամու դեմ»։ Ո՞վ է թշնամին։ Այստեղ Մոդեռնի ներսում մի վկայություն է արվում արվեստի մարդկային ունակության վերաբերյալ, որ լրջորեն է պետք ընդունել։ Այստեղ ինչ-որ բան է ասվում մարդու մասին, որը նրան ներկայացնում է որպես մեծ միջոցներ ունեցող մեկի։ Եթե ես խոսելու լինեի իմ մասին, ապա կասեի, որ իմ կյանքի որոշակի մի պահի շատ հեռացա խրթին մտահայեցողություններից, և այն ամենին, ինչը գիտական տերմի նաբանություններում և որոշ գիտական գործառույթներում ինձ ինտելեկտուալ մեծամտություն է թվացել, պարզապես հետադարձ մի հարց ուղղեցի, թե ինչպիսի ազդեցություն են գործել դրանք իմ կյանքի, իմ դասընկերների կյանքի վրա՝ դպրոցում, իմ պատերազմական ընկերների կյանքի վրա՝ պատերազմում, իմ ուսանողական ընկերների կյանքի վրա՝ համալսարանում։ Չէ՞ որ ես տեսել եմ, որ այդ մարդիկ տարվել են ինչ-որ բանով, և սա դեռ մանկությունից է նկատելի եղել։ Ես նկատել եմ, որ ինչ-որ բան ավարտվել է տարաբնույթ, բայց անընդհատ աճող ընդունակությունների առումով։ Ես ծանոթացել եմ շատ ընդունակ, հանճարեղ մարդկանց հետ։ Եվ կարծում եմ, թե այս խնդրին պետք է միանա նաև այն հարցը, որ նման բանը բնականաբար երբեք չի ավարտվում և որ մարդկանց մեջ սկզբունքորեն ապրում է ինչ-որ բան, որը զարգանում է։ Իսկ թե որքան կարող է այն զարգանալ, ապա դրան բնականորեն, այսինքն՝ ելնելով առարկայից, նման դիտարկումից հետո անհնար է սահմաններ դնել։ Այսպիսով, բոլոր այն պատկերացումները, որոնք որպես գաղափարախոսություններ առկա են մոդեռնում, ես դիտել եմ իբրև այդ դարաշրջանի ավարտ, քանզի այդ գաղափարախոսությունները ի վիճակի չեն եղել ըմբռնելու զարգացման գաղափարը, այսինքն՝ ընդունելու առհասարակ մարդկային էություն հասկացությունը և նրա կենսաբանական դրվածքը ծնունդի և մահվան միջև, այսինքն՝ այն, ինչը թերևս պետք է այնուհանդերձ մատնանշի մոդեռնում առկա ազդանշանը ու խորհրդանշի աշխարհը, ինչպես և Պաբլո Պիկասսոյի այն մի արտահայտությունը՝ թե դա պարզապես մարդու՝ մեկ ուրիշ վարպետության անցնելու շեմն է։ Երբ ես մոդեռնում դեռևս արձանագրում եմ այս տարբերությունը, թե արվեստը մի բան է, որը կյանքի հետ իրականում կապ չունի այնքան ժամանակ, քանի դեռ չի ներգործել այդ կյանքի հարաբերությունների վրա և որ մոդեռնի ճիշտ այս փուլում է առաջացել այն, ինչը ձևավորել է պետության մեր նոր հասկացությունը, կուսակցությունների հասկացությունը, ի հայտ բերել ժամանակակից բնագիտությունները, տվել անձնավորություններ, որոնք, ճիշտ է, կարոացան չափազանց հետաքրքիր փորձեր դնել շեմային այս իրադրության վրա, մի իրադրություն, որի մեջ սակայն, ասեմ ուղղակի, ինքնին արվեստի հասկացության, ունակության, ստեղծագործականության ըմբռնման դրվածքը պարզապես որոշակի կետից առաջ չի գնացել, ապա սա կապված է մի մշակութային պատկերացման հետ, ինչը մոդեռնին է պատկանում, այսինքն՝ մատերիալիզմին, միակողմանի գործող, ճշգրիտ բնագիտական մտածողության ժամանակին, և, ուրեմն, չէր կարող ընդհանրապես ըմբռնել կյանքն իր լայն իմաստով, կյանքից հետո՝ հոգին, ավելի լայն իմաստով, հոգուց հետո՝ ոգին, էլ ավելի ընդգրկուն իմաստով, ոգուց հետո՝ ոգու ավելի բարձր մակարդակները։ Եվ այդ պատճառով ինձ համար վերապրելի դարձավ, որ այդ մոդեռնը իր ազդանշաններով նշանակում է ոչ այլ ինչ, քան մարդուն տրված շեմ՝ բոլորովին այլ մի զորության տանող, այսինքն՝ արվեստի բոլորովին այլ մի գաղափարի, որը պետք է իր ոգեղեն զորությամբ հանդերձ համապատասխանի այդ տեսակ մարդուն։ Դա կլիներ արվեստի մարդաբանական հասկացություն։ Այսինքն՝ պատմական պրոցեսի տրամաբանությունը կապված մարդու ընդունակության հետ, հասկացվում է մոդեռնի ներսում իր գաղափարախոսություններով և միակողմանիություններով հանդերձ։ Այն թույլ է տալիս իրեն տրամաբանորեն տեղափոխել մարդաբանական շրջանակներում արվեստի և ընդունակության այդ հասկացության հետագա մետամորֆոզի մեջ։ «Մարդաբանական շրջանակներ» ասելով այստեղ նկատի ունենք մարդաբանական այդ դաշտի բոլոր պարամետրերի հետ հարաբերվածությունը։ Իսկ դա շատ կոնկրետ և ռեալ նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ արվեստագետ է։ Մարդը նկարագրելի է սոսկ որպես ընդունակությունների կրող։