Բանավեճ
Յոզեֆ Բոյս
Ունկնդիրներից մեկը հարցնում է լուսավորության ժամանակաշրջանի սկզբի մասին և թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել Մարքսի ի հայտ գալու վրա, և վերջապես թե դրա շնորհիվ ինչ հակադրություններ են գոյացել միապետության ե կայսրության հանդեպ։
«Նախ սա հսկայական մի փաթեթ է, որ պետք է մշակվի շատ հանգիստ ու երկար զրույցներում։ Բայց լուսավորության մասին թերևս պետք է ասել, որ մարդու պարագայում դրանով ոչինչ չի լուսավորվել, որ միայն մի բան է լուսավորվել մի դաշտում, ինչը ինքն իրենով է լուսավորում, եթե մարդ տրամաբանորեն և հետևոդականորեն է գործում դրանում։ Եթե մեկ անգամ սկսում են չափել, թե որքան մեծ է ինչ-որ բան, որքան է կշռում և թե ինչպիսի միավորներով այն կարելի է որոշարկել, ասենք, ֆիզիկական օրինաչափությունների սահմաններում, ապա շարունակում են այդ տրամաբանությամբ և լուսաբանում ինչ-որ բան, ինչը ակամայից ինքն իրենով է լուսաբանվում։ Եթե դա անում են՝ զսպելով իրենց, այսինքն՝ իբրև մտածող մարդ լրիվ պասսիվանում են և միայն տրամաբանական քայլերով առաջանում, – ինչը ճշգրիտ, բնագիտական մտածողության մեթոդն է, ըստ որի մարդն իբրև մտածող էակ միանգամայն պասսիվ է դառնում և լոկ արտաքին, տրամաբանական համակարգ է գործի մեջ դնում և միանգամայն անհաղորդ է մնում (նա պետք է այդպիսին էլ լինի այդ դաշտում), – այնուհետև լուսաբանվում է այդտեղ այն, ինչը մենք ֆիզիկայում, քիմիայում և այլն, բնության նյութական օրենքների կապերի ցայսօր ձեռք բերված իմացություն ենք անվանում։ Ես չհասկացա, թե Դուք ի՞նչ նկատի ունեք կայսրություն ասելով»։
Ունկնդիրն ավելացնում է, որ Բիսմարկը սոցիալիստական իդեաների դեմ էր տրամադրված ն որ առաջին համաշխարհային պատերազմընորից ամեն ինչ հարթեցրեց։
Բոյս.
«Այստեղ հավանաբար բավարար կլինի ասել, որ ես չեմ փորձել խոսել սոցիալիստական այդ գաղափարների մասին։ Քանզի չէ որ հենց դրանք բերեցին այս քաոսին, երկընտրանքին, որում մենք այսօր գտնվում ենք արտաքին բնության ավիրման, մարդու հոգևոր բնության ավիրման հետ մեկտեղ։ Այդպես ամեն ինչ ավարտվեց։ Սոցիալիզմի այդ ըմբռնումը, այսինքն՝ այն կարելի է անվանել սոցիալական շարժման պատմություն, անկասկած շատ հետաքրքրական և ուսանելի պատմություն է։ Սակայն շատ շուտով մտածողության սխալների, ճանաչողական սխալների պատճառով, քանզի դրանք մատերիալիստական ինքնասահմանափակումից են գոյանում, նրանում առաջացան սոցիալականի աղավաղված պատկերներ, որոնք հանգեցրին սովետական ցենտրալիզմին, մարդկային աշխատանքում մարդկային ազատության իմպուլսի իր լիակատար բացառմամբ։ Ի՞նչ գործ ունի Բիսմարկն այստեղ, ես հիմա չգիտեմ։ Նա անտարակույս ևս հաստատ չգիտեր։ Յուրաքանչյուր ոք այսօր այստեղ դահլիճում ավելի հաստատ գիտի, քան Բիսմարկը»։
Ծիծաղ։
«Իհարկե պետք է ասել, որ մարդկանց գլխին նաև շատ բան է կուտակված։ Ֆրանսիական հեղափոխությունից ի վեր զարգացումն այնքան արագ է կատարվել, որ այսօր կարելի է ասել՝ Գյոթեին, Շիլլերին կամ Նովալիսին անտիկ աշխարհից, Սոկրատեսից բաժանող հեռավորությունը չէ, որ շատ ավելի փոքր է, քան Գյոթեի և արդի ժամանակների միջև ընկած հեռավորությունը։ Գյոթեն, Նովալիսն ու Շիլլերը, ըստ էության, դեռ մի աշխարհում էին, որը շատ նման էր անտիկ աշխարհին։ Այնտեղ իրականում գրեթե ոչինչ չէր փոխվել։ Գյոթեի և Շիլլերի ժամանակներում մարդիկ գրեթե ապրում էին այդ նույն պայմաններում։ Կային ձիեր՝ անվակառքով, կար կառք՝ վրան կառապանով։ Դա կար արդեն հռոմեական խաղասպարեզում կամ թերմոֆիլներում։ Պետք է մեկ անգամ պարզ դառնա, թե նյութի հետ բախվելու շնորհիվ ինչպիսի զորեղ պայթյունով կատարվեց գիտակցության ընդլայնումը դեպի ճշգրիտ մեթոդիկա, – ես դա անվանում եմ մարդու լիակատար մարմնավորման պրոցես, – թե որքան պայթյունային եղավ զարգացումը հետո և թե որքան մենք պիտի զգուշանանք, որ դա այժմ հաջող ընթանա, ասենք միանգամայն նաիվորեն՝ հաջող ընթանա»։
Կին ունկնդիրներից մեկի միջանկյալ հարցը՝ թե ինչու է նա՝ Բոյսը, այդ իրադրությունն անվանում «լիակատար մարմնավորում»։
Բոյս.
«Որովետև այնտեղ մարդն առաջին անգամ բոլորովին միայնակ է ինքն իր հետ։ Հին ուժերը սպառվել են։ Վերջապես, չէ՞ որ գերմանական կայսրերը ևս, ասենք Օտտո III-ը կամ Հոհենշտաուֆենները մասամբ դեռ իսկական դրածո առաջնորդներ էին Աստծո ողորմածությամբ։ Իրականացավ հասարակության մեջ մարդու առաջնորդությունը առանձին անձանց կողմից։ Սա կարելի է ավելի հստակորեն տեսնել, եթե վերադառնանք բուրգերին, որտեղ դեռ միայն ոգեշնչողն (Inspirator) է հայտնի, որտեղ ժողովրդից ոչինչ չի մնացել բուրգերի փաստաթղթերում։ Դեռ միայն ոգեշնչողն է տեսանելի, առաջնորդն ինքը։ Մնացած ամեն բան անհետացել է։ Դա տեսնում ենք նաև Մովսեսի պարագայում։ Եթե սովորում ենք ընթերցել մարդկային գիտակցության պատմությունը, տեսնում ենք, որ այդ Մովսեսն էլ է արդեն ինչ– որ բան իրագործել մատերիալիզմի ուղղությամբ, պարզապես հրեական պատմությունը, որ մի տեսակ ինքնուրույնության պրոցես է, արտահայտված է, իհարկե, Սինա լեռան այդ երկխոսությունում, երբ նա վերևից տեղեկացավ, թե ինչպիսին պիտի լինի սոցիալական օրգանիզմը»։
Կին ունկնդիրներից մեկը ցանկանում է իմանալ, թե այսօր ինչ է հայտնի հոգու մասին, եթե Ֆրոյդը, ինչպես ասվեց, այդ մասին ոչինչ չի ասել։
Բոյս.
«Այո, հոգու մասին քիչ բան գիտեն, ես ընդունում եմ դա։ Կան իհարկե մարդիկ և ուղղություններ ժամանակի մեջ, որոնք հոգու մասին թերևս ավելի ընդգրկուն գիտելիքներ ունեն, որոնք ուրեմն հոգու հետազոտությամբ են զբաղվել, ինչը ստորերկրյա տիրույթում թաքնված կարմիր թելի պես ձգվում է ժամանակի միջով և որոշակի տրադիցիա է ունեցել։ Գյոթեն, օրինակ, շատ բան գիտեր հոգու մասին, չնայած այդտեղ անպայմանորեն շարունակ չի խոսվում հոգեբանությունից, – իզմից։ Նրա ողջ ստեղծագործությունը թերևս միաժամանակ նաև մարդկային հոգևոր էության նկարագրություն է։ Գյոթեն ձեռնադրված էր (eigenweiht) հոգու այդ հարցերում։ Նա ջանք էր թափում դրա համար, նա ընդգրկուն պայքարի մեջ էր դրա համար, Նովալիսը՝ նույնպես։ Մենք Նովալիսին էլ ենք համարում մեծ հոգեբան և հոգեհետազոտող։ Եվ մենք տեսնում ենք մեր արդի ժամանակների ամենամեծին, դա Ռուդոլֆ Շտայներն է, որը մարդկային հոգու մասին խոսել է ընդգրկուն ձևով՝ ներառելով մարդկային աշխատանքի բոլոր ոլորտները։ Պետք է բնականաբար մեկ անգամ ականջ դնել։ Ես կարծում եմ, որ շատերը մտածում են, թե մարդկային հոգու մասին ինչ-որ բան իմանալու համար պետք է իրենց մեջ խորասուզվեն։ Սակայն Յոհան Վոլֆգանգ Գյոթեին արդեն իսկ պարզ էր, որ դա այդպես չէ, որ մարդու հոգին անհնար է տարանջատել մնացած բոլոր հոգիներից։ Նա գիտեր, որ մարդն իրեն այլևս չի կարող ինքն իր մեջ ճանաչել։ Իր ապրած ժամանակաշրջանում դա արդեն իսկ պարզ էր նրա համար։ Նրան պարզ էր, որ մարդն իրեն կարող է ճանաչել միայն ուրիշի մեջ։ Ոչ միայն ուրիշի, այսինքն՝ սոցիալական կամ սիրային առումով, այլև սիրային առումով աշխարհի մնացած բոլոր տրվածությունների մեջ՝ քարերի (Mineralien), բույսերի, աստղերի, կենդանիների, բնության, որ, երբ մարդը ներսուզվում է այդ բնության մեջ, այնտեղ տեսնում է ինքն իրեն։ Տակավին Նովալիսն էր, որ ասել էր այդ՝ Սաիսի գաղտնիքը. «Ես եմ անցյալը, ներկան և ապագան։ Ոչ մի մահկանացու երբևէ չի բարձրացրել իմ քողը»։ Եվ այդտեղ մի բանաստեղծություն կա մի մարդու մասին, որը վարժանքի ուղին անցնելով՝ բարձրացնում է քողը, այնուհետև բանաստեղծությունում ասվում է՝ «Ու ի՞նչ տեսավ նա, օ՜ հրաշք … ինքն իրեն»։ Այսինքն՝ դա ձեռքբերումի, վարժանքի խնդիր է։ Իսկ հետո բնականաբար կարելի է նաև վերցնել այն, ինչը հետաքրքիր է Ֆրոյդի գործերում։ Չէ՞ որ նման միակողմանիությունները այնքան էլ սխալական չեն, որ չնչին իսկ ճիշտ բան չլինի նրանցում»։