Բանավեճ
Ունկնդիրներից մեկը հարցնում է, թե ինչպես է Բոյսը վերաբերվում սխալվելու հնարավորությանը։
Բոյս.
«Բնականաբար սխալը միշտ հնարավոր է, դա պարզ է։ Բայց մենք մարդ ենք ոչ միայն սխալվելու մեր հնարավորությամբ։ ՉԷ՞ որ մենք մարդկության մի մասն ենք։ Եվ ես կարծում եմ, որ այդ մարդկությունը շատ բարձր է զարգացած իր դատողունակության առումով, եթե նա մեկ անգամ լուրջ սկիզբ դնի դրանով և չթուլացնի այն՝ դատելու հետևողական, տրամաբանական ընթացքում, եթե նա երբևէ սկսի։ Ես կարծում եմ, եթե նա երբևէ սկսի դրանով, կարող է շատ մեծ հաջողություն ունենալ Սովետական Միությունում և ողջ համակարգը տապալել։ Ես այն կարծիքին չեմ, թե Սովետական Միությունում, այսինքն՝ ռուս ժողովրդի մեջ կամ այդ զորեղ տափաստանային պետության ժողովուրդների մեջ դրանով ոչ մի հաջողության չէին հասնի։ Կարծում եմ, որ պատկերացումների անընդհատ ու մշտական արտադրության մեջ մարդիկ դա շատ արագ կճանաչեն։ Դա նրանք գիտեն, ըստ էության, արդեն այսօր։ Ուղղակի ինքնախաբեությամբ են զբաղված։ Եվ մեզ են սպասում։ Այսպիսին է մեղադրանքը։ Այսինքն՝ պետք չէ մշտապես վախենալ ռուսներից։ Վերջին հարցը, որ ծառացած է մարդու առջև, իրականում հետևյալն է՝ մի՞թե այդքան կարևոր է, որ այստեղ Բոդենզեեում (Bodensee) բոդենզեեցիներ են ապրում։ Այստեղ նույն հաջողությամբ կարող էին նաև ռուսներ ապրել։ Իսկ Բոդենզեեի ժողովուրդը թերևս կարող էր նաև Մոսկվայում լինել։ Արդյո՞ք միևնույնը չէ՝ այստեղով ռուսնե՞րն են քայլում, թե՞ ամերիկացիները։ Առհասարակ ինտենսիվ մի հնարավորություն չէ՞ր լինի արդյոք, եթե այստեղի բոլոր քայլողները ռուսներ լինեին։ Որ մեկ անգամ զրույցի բռնվես նրանց հետ»։
Ծափահարություն, ծիծաղ։
Որպես բանվոր ներկայացած ունկնդիրներից մեկը չի վստահում Կենտրոնական Եվրոպայի ուժերին, որովհետև այստեղից արդեն իսկ շատ մեծչարիք է ելել ինչպես կապիտալիզմը, այնպես էլ կոմունիզմը։ Նա ցանկանում է լսեի արդյո՞ք Բոյսը հավատում է Գերմանիայի նորառաջնորդության դերին։
Բոյս.
«Ոչ, այդ մասին ես չե՛մ էլ խոսել։ Բայց երևի թե հավատում եմ շվեյցարական առաջնորդությանը»։ Բուռն ծիծաղ։ «Այո, Շվեյցարիան թերևս կոնֆեդերացիայի հրաշալի գաղափար ուներ։ Բայց ու՞ր է այն մնացել։ Գոնե ձեզ կոնֆեդերանտ համարեք»։
Ունկնդիրներից մեկը չի հավատում, որ մարդն ինքնին զարգացել է վերջին 200 տարիների ընթացքում՝ տեխնիկական ձեռքբերումներիհասնելով հանդերձ։
Բոյս.
«Իսկ ես հավատում եմ դրան։ ճշգրիտ հարաբերություններով մտածելու անհրաժեշտությամբ մարդկային մտածողությունը մեծ բան է դարձել։ Իհարկե ոչ նյութական հիմքի վրա։ Այդտեղ ամեն ինչ աղտոտվել է։ Բայց ոգեղեն հիմքի վրա ինչ-որ բան ձեռք է բերվել։ Անհրաժեշտ է ավելացնել միայն, թե ինչն է այս դարաշրջանի ընթացքում միանգամայն անտեսվել, մարդը տեխնոլոգիական բաների մեջ իր տրամաբանական մտածողության առումով անվերջ հեռու է զարգացել, սակայն սոցիալականում նա միանգամայն անշնորհք է մնացել։ Այդ թերհարաբերակցությունը պետք է հարթեցվի։ Այդ ուղղությամբ պետք է, ուրեմն, կամրջվի, ընդլայնվի, բաց թողածը ետ բերվի։ Բայց դա մարդկային գիտակցության հարց է, և ամենևին էլ հեշտ բան չէ մարդու գիտակցության մեջ դա հստակեցնելը։ Մեկը կյանքի բերումով դա հասկանում է ավելի շուտ, մյուսը՝ ավելի ուշ։ Բայց բանն էլ հենց այն է, որ մենք բոլորս դա հնարավորին չափ շուտ հասկանանք։ Դրա համար անհրաժեշտ է այսպիսի կենտրոնա-եվրոպական ֆորումի առկայությունը։ Վերջապես այսպիսի կենտրոնա-եվրոպական ֆորումը սկզբունքորեն պետք է ունակ լինի նաև օրերից մի օր ազատ արտաքին քաղաքականության վարչություն աշխատեցնելու, այսինքն՝ ասելու՝ կուսակցությունների արածն այլևս չի կարող մեզ համար պարտադիր լինել։ Արտադրանքի շատ ավելի հետաքրքիր հասկացության հիման վրա մենք հավանաբար շատ ձգողական ներգործություն կունենանք այն մարդկանց վրա, որոնք մեծ ազդեցություն ունեն արևելքում և արևմուտքում, հյուսիսում և հարավում։ Մենք նրանց հավանաբար կկարողանանք մի սեղանի շուրջ հավաքել։ Ըստ իրադրության, մենք հարկադրված կլինենք նաև ստվերային կաբինետ կազմել։ Սրանք հնարավորություններ են, որոնք կարող են ծնվել դրանից։ Ստվերային կաբինետով այսօր հավանաբար հնարավոր լինի շատ ավելի հեռու գնալ, քան ակնթարթային դիրքով պառլամենտներում»։
Ունկնդիրներից մեկը հարցնում է այն արտադրանքի ձևերի մասին, որոնց մեջ կարող է ներմուծվել մարդկային ստեղծարարությունը։
Բոյս.
«Այո, այստեղ դա դեռ բացակայում է։ Պետք էր շատ ճշգրիտ ընդգծել, թե ինչպես է կապիտալը՝ մարդկային ընդունակությունն իր արտադրանքով, դրված աշխատանքի դաշտում, այսինքն՝ ինչն է այնտեղ անհրաժեշտ դառնում դրամական առումով։ Եթե այդ դրամը ճանաչված է որպես խաղաղության խառնակիչ տնտեսական կյանքում և իրավունքների վրա ներազդող աղբյուր իրավական բոլոր պրոցեսներում, ապա կգան ժողովրդավարական վարկային մի համակարգի։ Դա հասկանալի չի դառնա, եթե որևէ սեմինարում նորից ու նորից չքննարկվի։ Ես սոսկ հասկացությունն եմ տալիս։ Հետո գործ կունենանք ձեռնարկումների հետ, որոնք ազատ են, որոնցում մարդկային ստեղծարարությունը հիմնական բանն է։ Քանզի հենց դրանից է ծագում արվեստի ստեղծագործությունը։ Իսկ մենք վերջապես մեր արտադրանքից արվեստունակություն (Kunstfähigkeit) ենք պահանջում։ Մենք գիտենք, որ այսօր տնտեսական այս համակարգի շարժառիթը շահույթից է ելնում և ներդրված կապիտալի շահութաբերության մասին ենք մտածում, և միայն այդ մասին մտածում, արտադրանքի 90% աղբ է։ Եթե մենք մի փոքր արթուն աչքերով ենք փողոցներով քայլում և ցուցափեղկերը դիտում, նկատում ենք, որ ողջ արտադրանքի 90%-ի կարիքը մենք չունենք, և դրանք նույնիսկ վնասակար են մեզ համար։ Դա է արտադրվում այսօր։ Այլ կերպ կլիներ, եթե դրամի ու կապիտալի հասկացությունը նախ ժամանակին բնորոշ մակարդակով մտածվեր, այնուհետև բավականաչափ մեծ թվով մարդկանց կողմից ներմուծվեր՝ դառնալով մարդկային հանրության բաղադրիչն ու կարգադրիչը։
Ես կարծում եմ, որ պետք է ավարտեմ այժմ և սրտանց շնորհակալ եմ ձեր ունկնդրության համար և, ես դա զգացի, ձեր մասնակցության համար այն բանին, ինչը ես փորձեցի ներկայացնել։ Սրտանց շնորհակալ եմ»։
Ծափահարություններ։
Գերմաներենից թարգմանությունը՝ Արա Գուրզադյանի
Joseph Beuys. “Aktive Neutralität”
Free International University