Բանավեճ
Ծիծաղ։
Ունկնդիրներից մեկը հարցնում է ստեղծարարության, ոգեգիտության ե բնագիտության հարաբերության մասին։
Բոյս.
«Դրանք փոխներթափանցման մեջ են։ Ով բնագիտության մեթոդները տարածում է հոգու ոլորտի վրա, նա ոգեգիտության տիրույթում է։ Բայց նա պետք է դա որոշակի գիտակցությամբ անի, որպեսզի հետո ծավալվի՝ ազատվելով այսպես կոչված բնագիտական մտածողական մեթոդի սոսկ նյութական թելադրանքի ճնշումից։ Դրա համար էլ «ծավալվել» հասկացությունը կարևոր է։ Չէ որ այնտեղ անցում կա։ Վիլֆրիդ Հայդտը վերջերս խոսել է կենտրոնական եվրոպացու կատարելիք կամրջի ֆունկցիայի մասին։ Կամրջի այդ ֆունկցիան նա պետք է կատարի գրեթե յուրաքանչյուր առանձին հասկացության բոլոր հնարավոր կետերում։ Չկա տակավին մի հասկացություն, որ կարիք չունենա մեկնաբանության ու կամրջման (Brückenschlag)՝ մարդուն օգտակար պահի մեջ ներհոսելու համար։ Այսինքն՝ դա ոչ թե հակադրություն է, այլ պարզապես սոսկ ընդլայնում։ Ինչ ցավալի կլիներ, եթե ահռելի այն ընդունակությունները, որ ձեռք էր բերել մարդը կարգապահության միջոցով, ճշգրիտ, մաթեմատիկական, տրամաբանական, խիստ հասկացություններով արտաքին աշխարհում մտածելու համար, եթե դա զուր եղած լիներ, և նա նույն ճշգրտությամբ, բարեխղճությամբ, պատասխանատվությամբ չկարողանար շարունակել աշխատել այն ոլորտի ուղղությամբ, որը հաջորդ, ապագա, պարզաբանման ենթակա դաշտն է. լուծել ազատության հարցը, մարդուն ստրկացնող կոմունիզմի և կապիտալիզմի, որպես երկակի համակարգի, հաղթահարման խնդիրը, ազատագրվել, այսինքն՝ իրագործել մարդկային աշխատանքի ազատագրումը։ Ինչ ցավալի կլիներ, եթե մարդը ուշադրության չարժանացներ այն, ինչ մի կողմից՝ այդտեղ արդեն արվել է, իսկ մյուս կողմից՝ դրանով էլ ավիրվել։ Ես ասում եմ՝ մարդ պետք է հասկանալ սովորի ճշգրիտ բնագիտության յանուսյան գոյացությունը և դրա հետ կապված տեխնոլոգիան։ Ու պետք է նաև այդ բաների համար հումոր ունենա, կարծում եմ դա կարևոր է։ Կարևոր է, որ հումորով լի ձևերով կարելի լինի մարդուն պատմել, թե ամբողջն ինչպես է փոխակերպելի (transformierbar)։ Իրականում դա այդքան էլ դժվար չէ։ Որոշակի մեթոդիկա է անհրաժեշտ։ Սակայն հարկ չկա ինքդ քո մեջ քչփորես։ Ոչ։ Հասարակ զրույցը մարդկանց բերում է ստեղծագործական կարողության ահռելի աճի. հասարակ զրույցը, ներկայացնում է հենց այն, ինչը ես չեմ կարող։ Ես կարիք չունեմ մշտապես ներկայացնելու այն, ինչ ես կարող եմ. ամենից առաջ ներկայացնելու նաև այն, ինչ ես չեմ կարող»։
Ունկնդիրներից մեկը կարծում է, որ շփոթեցնող է, երբ կապիտալի հին հասկացությանը նորն են հակադրում։
Բոյս.
«Բայց դա հավանաբար շփոթեցնող է, որովհետև դու սովոր չես մտածելու։ Քանզի դու սովոր ես մտածելու, թե դրամն է կապիտալը։ Սակայն հենց այդ դրամը, որն այսօր իշխանություն ունի մարդկանց վրա, ինչը, այսպես կոչված տնտեսագիտական տենդենցներում կապիտալ են համարում, բնավ կապիտալ չէ։ Բայց եթե դա դուրս է բերվում տնտեսական կյանքից և իր ֆունկցիայի մեջ է մտնում, ինչը նա օբյեկտիվորեն ունի որպես բոլոր ստեղծարար պրոցեսների ղեկավարման պահ, ապա այդ դրամն ինքնին ղեկավարման պահ է, ձևավորման պահ կապիտալի համար։ Իսկ ի՞նչ է դեռ մնում։ Տնտեսական կյանքում կապիտալը մնում է երկակի կերպարով, երբ իրականում այն միակն է։ Քանզի մարդը, որն աշխատանքի մեջ է մտնում իր ընդունակությամբ, այն որոշակի արդյունքի է բերում, որոշակի արտադրանքի։ Բանն էլ հենց դա է։ Մարքսն ունակ չէր դրա մասին մտածելու։ Իսկ ինչու՞ ունակ չէր։ Որովհետև նա շատ հպարտ էր իր մատերիալիստ լինելով։ Նա հիրավի մատերիալիզմ էր դավանում։ Եվ զարմանալի չէ, որ նա վերանայելու ոչինչ չուներ ֆինանսական այն համակարգի առումով, որ Ադամ Սմիթն ու Ռիկարդոն էին զարգացրել որպես ժամանակակից դրամափոխանակություն-տնտեսություն։ Նա կարծում էր, թե դասակարգային պայքարի և բուն կապիտալիզմի տենդենցների միջոցով կլուծվի բանը։ Նա հավատում էր դրան։ Կապիտալի էության վերաբերյալ որոշակի ոչինչ չկա այնտեղ կամ կա հավանաբար արտացոլված ձևով միայն, երևում է, թե ինչպես է նա ձգտում դրան։ Օրինակ, կապիտալի իսկական հասկացությունից ինչ-որ բան կա Մարքսի գործերում, նրա ջերմության մեջ իբրև մտածողի և կամողի։ Նրա ջերմության մեջ է վերապրելի կապիտալի հասկացությունը, ոչ թե նրա հասկացությունների»։
Ունկնդիրը ցանկանում է նորից մատնանշել, որ Մարքսի դրույթներում ընդունակության ե համերաշխության կապն է կապիտալ կոչվում։
Բոյս.
«Հնարավոր է, որ նա այստեղ-այնտեղ ասած լինի նաև դա, ես դա հաճույքով ընդունում եմ։ Այդուհանդերձ, իր զարգացումով, արդիական ապագա հասարակությանն ուղղված կապիտալի դերի մասին նա ոչինչ չի ձևակերպել։ Ե՛կ դրա շուրջ չվիճենք։ Ես չե՛մ էլ ուզում իրավացի լինել։ Ես միայն արդյունքներ ներկայացրեցի իմ արհեստանոցից, այն, ինչ մշակել եմ ինքս։ Ես կարիք չունեմ իրավացի լինելու, դա այլ տեղում կվճռվի։ Բայց այդ նյութը տեղից շարժել է պետք»։
Ունկնդիրներից մեկը հակադրություն է տեսնում այն բանում, թե մարդը բնականությունը կորցրել է 200 տարի առաջ, իսկ հետո թե մարդը այնժամանակ է միայն սովորել ոտքերի վրա կանգնել։
Բոյս.
«Ինչ դու ասացիր, լավ է։ Ես պետք է հիմնավորեմ դա՝ բնականաբար ելնելով ներսից. մարդը նշված ժամանակաշրջանում սովորեց միանգամայն ինքնուրույն դառնալ և իրոք իր մտածողությամբ բախվել մատերիային՝ այդ մատերիան իր հետազոտման կենտրոնը դարձնելու վերապրումով։ Չէ՞ որ հույներն ու հռոմեացիները դա չեն արել։ Հույներն ու հռոմեացիներն, օրինակ, արժանիքներ են նվաճել՝ իրավական կուլտուրա հիմնելով։ Այնտեղ չկար այն աղերսը, որ կապող օղակ դառնար մարդու, որպես նյութական աշխարհի վերլուծողի (սա կարևոր հասկացություն է), և արթնացող ինքագիտակցության միջև։ «Վերլուծություն» հասկացության հայտնվելու պահին մարդը լիակատար մարմնավորված է։ Նա վերապրում է իրեն մատերիայի վրա վայրէջք կատարած։ Նա, ով իրավունքի ոլորտում կուլտուրա է հիմնում, ուրիշ ոլորտում է. սրտի ուժերն են այնտեղ։ Նա, ով արվեստով է զբաղվում, ինչպես հին մշակույթները, ինչպես հույները, նա այլ ոլորտում է. նա ճախրում է բնության մեջ և հենց այդ պատճառով էլ հավանաբար կարող է շատ ավելի լավ կապվել բնության հետ։ Իսկ այդ ճշգրիտ, բնագիտական մտածողի խիստ նախատիպարը, որ ինքն է մատերիա դարձել և իր մեջ է վերցրել կարծրախտը՝ մեռած մատերիայի բյուրեղացումն ինքնին, որի շնորհիվ, սակայն, նա կարող է հատկապես խիստ տրամաբանական և չափողական նրբին հասկացություններ առաքել համակարգչի նման, ուրեմն, իրոք այնպես է նյութականացել, որ կարելի է ասել՝ նա մարմնավորված է։ Նա լիովին մատերիայի մեջ է։ Նա Գողգոթայի վերապրումն ունի այժմ։ Եվ դա նա պետք է վերծանի։ Այդ պատկերը նա պետք է վերծանի։ Այդտեղ նա պետք է հարությունն իրագործի, քանզի դա նախապատկերն է (Urbild)։ Ընդհանրապես, շատ բան առեղծվածային է, այսինքն՝ որ մարդ պետք է տրվի պատկերների, ձևերի և կերպարների։ Դրանք ամենուր են, այդ առեղծվածները։ Ո՞վ գիտի՝ տակավին ի՞նչ է զառ-մանուշակը (Steinmütterchen, анютины глазки)»։