Ռուբիկոն

Վլադիմիր Սոլովյով

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Դանիիլ Անդրեև

(հատված «Աշխարհի վարդը»1 գրքից)

Գրքի հեղինակի ճակատագիրը ողբերգական է, ինչպես շատերինը այդ ժամանակաշրջանում:

Դանիիլ Անդրեևը նախահեղափոխական շրջանի հայտնի ռուս գրող Լեոնիդ Անդրեևի որդին է: Ծնվել է 1906թ. Բեռլինում: Որպես ոչ պրոլետար գրողի որդի, չկարողնալով սովորել համալսարանում, նրան հաջողվեց այնուհանդերձ ավարտել բարձրագույն գրականագիտական կուրսերը: 1942-ի ձմռանը զորակոչվեց ռազմաճակատ, 1947-ին ձերբակալվեց և դատապարտվեց 25 տարվա կալանքի: Բանաստեղծություններն ու «Գիշերվա պանդուխտները» վեպը ոչնչացվեցին: Խրուշչովի օրոք ստեղծված հանձնաժողովը կալանքի ժամկետը կրճատեց մինչև 10 տարի: 1957-ի ապրիլին Անդրեևին ազատեցին: Բանտից նա վերադարձավ առողջական վատթար վիճակով: Կյանքի վերջին 2 տարիները նվիրեց բանտում գրած սևագիր աշխատանքների մշակմանը: Մահացավ Մոսկվայում 1959-ի մարտին:

«Աշխարհի վարդի» հեղինակը օժտված էր մետապատմությունը տեսնելու հատուկ ձիրքով: Կրոնական նրբին զգայունակությունն ու բանաստեղծական արտակարգ օժտվածությունը միաձուլվելով պայծառատեսական շնորհին` բանտային անտանելի տառապանքի պայմաններում նրա առջև բացեցին աշխարհներ, որոնցում հանգրվանում են համաշխարհային կյանքի և պատմության շարժիչ ուժերը:

Չափազանց հետաքրքրական են գրքի ռուսական մշակույթի մետապատմությանը նվիրված բաժնի «Առաքելություններ և ճակատագրեր» գլուխները: Մասնավորապես ռուս մեծ փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովին (1853-1900) նվիրված հատվածը, որը ներկայացնում ենք ստորև:

Ինչ տարօրինակ կերպար է Վլադիմիր Սոլովյովը ռուսական մշակույթի հորիզոնում: Հանճար չես անվանի, բայց ոչ էլ` սոսկ տաղանդ, այսինքն` որպես պոետ գուցեև տաղանդավոր, բայց ոչ շատ ականավոր, թեև նրա բանաստեղծություններում կա մի բան, որ տաղանդավոր հասկացությամբ չի սպառվում:

Արդարակյաց, – այո. Սոլովյովի բարոյական կերպարը բացառիկ էր: Սակայն հայտնի է նաև, որ իր շատ թուլություններից նա կյանքի օրոք այդպես էլ չկարողացավ ազատվել:

Փիլիսոփա, – այո. նա միակ ռուս փիլիսոփան է` առանց այլևայլության արժանի այդ անվանմանը, սակայն նրա փիլիսոփայական համակարգը մնաց կիսակառույց, ռուս մշակույթի պատմության մեջ մեծ նշանակություն չունեցավ, իսկ արտասահմանում գրեթե անհայտ մնաց:

Ով է նա: Մարգարե՞: Բայց որտե՞ղ, ի՞նչ ձևերով և ի՞նչ էր մարգարեանում նա:

Գուցե, վերջապես «լռակյաց մարգարե», ինչպես անվանեց նրան Մերեժկովսկին. որոշ հոգևոր իրողություններ ոչ թե բառերով, այլ իր անձի ողջ կերպարով խորհրդանշող մարգարե: Վերջին ենթադրությունը իրականությանը թերևս ամենամոտն է, բայց և այնպես իրականության հետ չի համընկնում: Սոլովյովի փիլիսոփայական գործունեությունը թելադրվում էր իր համար շատ վաղ ձևակերպված միտումով` ուղղափառության աստվածաբանական ուսմունքը հիմնավորել ժամանակակից դրական փիլիսոփայությամբ: Իհարկե, հաճախ նա անցնում էր այդ առաջադրանքի սահմանները, կյանքի որոշ փուլերում նույնիսկ շեղվում խիստ օրթոդոքսիայից, որի հետևանքով, օրինակ, նրա հիմնարար ”La Russie et l’église universellé” աշխատությունը չէր կարող հրատարակվել Ռուսաստանում: Բայց նա մշտապես ջանում էր չհայտնվել կրոնական մերժվածի դերում, և նրա համար հազիվ թե ավելի նողկալի բան լիներ, քան մոլորահայրի (epecuapx) ճակատագիրը:

Իհարկե նա մոլորահայր չդարձավ, բայց դարձավ նախակարապետը այն շարժման, որն ապագայում կորոշարկվի մինչև վերջ և որին ուղղափառ օրթոդոքսիան, առնվազն սկզբում, հավանաբար կվերաբերվի իբրև հերետիկոսությունից առանձնապես չտարբերվող երևույթի:

Մեծագույն ոգետես, այ թե ով էր Վլադիմիր Սոլովյովը: Նա որոշակի հոգևոր փորձ ուներ, երևի թե ոչ այնքան ընդգրկուն, որքան իր առջև բացված Շադանակարի2 շերտերի բարձրությամբ, ըստ իս Էկհարտի, Բյոմեի, Սվեդենբորգի, Ռամակրիշնայի, Ռամանուջայի, Փաթանջալիի փորձը գերազանցող, իսկ Ռուսաստանի համար ուղղակիորեն եզակի: Հոգևոր այդ փորձը երեք տեսիլքներն էին կամ, ինչպես Սոլովյովն է ձևակերպել դրան նվիրված իր պոեմում, «երեք հանդիպումները»: Դրանցից առաջինը տեղի է ունեցել 8 տարեկանում իր դաստիարակչուհու հետ եկեղեցի գնալիս, երկրորդը` երիտասարդ ժամանակ Լոնդոնի Բրիտանական թանգարանի գրադարանում, իսկ երրորդը` ամենանշանակալիցը, երկրորդից անմիջապես հետո, գիշերը, Կահիրեից ոչ հեռու` անապատում, ուր, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, նա ուղևորվել էր Անգլիայից ներքին ձայնի կանչով: Հետաքրքրվողների և այդ եզակի փաստաթղթին դեռ անտեղյակների ուշադրությունը հրավիրում եմ Սոլովյովի «Երեք հանդիպում» պոեմի վրա, որը վկայում է ինքն իր մասին: Այս պահին ես զրկված եմ դրանից մեջբերելու հնարավորությունից, իսկ փոխանցել պոեմի բովանդակությունը սեփական խոսքերով չեմ հանդգնում: Համարձակվում եմ միայն հաստատել, որ Սոլովյովը երեք անգամ վերապրել է (և 3-րդ անգամ հատուկ ընդգրկումով) Զվենտա-Սվենտանայի3 հայտնությունը, այսինքն` սքանչացումը Ռաորիս, Շադանակարի ամենաբարձր շերտերից մեկը, որում այդ ժամանակ գտնվում էր Զվենտա-Սվենտանան: Այդ հայտնությունը նա վերապրել է տեսիլքի ձևով` ընկալված հոգևոր տեսողությամբ, հոգևոր լսողությամբ, հոգևոր հոտառությամբ, տիեզերական համապատկերը և մետապատմական հեռանկարները իր օրգաններով ներհայելու միջոցով, այսինքն` հանկարծակիորեն իր մեջ արթնացած ընկալողության գրեթե բոլոր բարձրագույն օրգաններով: Կրոնի պատմության եվրոպական շրջանակներում որևէ համանմանություն կամ ավելի ճիշտ, նման հոգևոր փորձի նախադրյալ փնտրելիս Սոլովյովը Սոֆիայի` Աստծո գերիմաստության գնոստիկական գաղափարից բացի ուրիշ ոչնչի վրա չկարողացավ կանգ առնել: Բայց գնոստիկ Վալենտինի մոտ այդ գաղափարը բարդեցված է բազմահարթակ մտահայեցողական կառույցներով` Սոլովյովի փորձի հետ, ըստ երևույթին, բոլորովին չհամընկնող, առավել ևս, որ այդ թեմայի շուրջ ամեն մտահայեցում նա ինքը համարում էր անթույլատրելի և սրբապղծության համազոր: Այդ գաղափարը պատմական Քրիստոնեության մեջ ո՛չ հետագա զարգացում ստացավ, ո՛չ էլ, առավել ևս, աստվածաբանական մշակում և դոգմատացում: Դա բնական է, եթե հաշվի առնենք, որ Աստվածածին կանացի մոնադի4էմանացիան Շադանակար կատարվեց միայն 19-րդ դարի սկզբին. մետապատմական մի իրադարձություն, որ այն ժամանակ աղոտ ընկալել էր Գյոթեն, Նովալիսը և միգուցե Ժուկովսկին: Այդ պատճառով մինչև 19-րդ դարը Սոլովյովի փորձի նման փորձ պարզապես չէր կարող լինել: Շադանակարում նման փորձի առարկա դեռ գոյություն չուներ: Գնոստիցիզմի դարաշրջանում ընկալվում էր այլ բան` Քրիստոսի ծնունդից ոչ շատ առաջ տեղի ունեցած տիեզերական կանացիության ուժերի ներհոսքը Շադանակար, որը չուներ ոչ մի անձնականացում, ոչ մի կենտրոնացում որոշակի աստվածածին մոնադում: Այդ իրադարձության արձագանքը հասավ մեծ գնոստիկների գիտակցությանը և ձևավորեց Սոֆիայի գաղափարը: Արևելյան քրիստոնեության մեջ Աստծո գերիմաստության` Սոֆիայի կերպարը այնուամենայնիվ պահպանվեց, չնայած որ մնաց ոչ մի կերպ չկապված ուղղափառ աստվածաբանական վարդապետության հետ, նույնիսկ անուղղակիորեն հակասեց նրան: Մեկը մյուսի հետ կապելու թույլ փորձերը միայն անհեթեթության էին բերում, ինչպես ասենք Սոֆիայի ըմբռնումը իբրև Լոգոսի, Քրիստոսի պայմանական-խորհրդանշական արտահայտություն:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ 1981-ի մարտի 16-ին հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ Դյուսելդորֆ-Վերին-Կասսելում, 1973-ին լույս տեսած իր կենսագրության վերահրատարակման առիթով: Հարց – Քաղաքականության հասկացությունը Դուք փոխարինում եք արվեստի Ձեր սեփական հասկա­ցությամբ՝ «Սոցիալական պլաստիկայով» և… Մշակութաբանություն Բանավեճ Յոզեֆ Բոյս Ունկնդիրներից մեկը հարցնում է լուսավորության ժամանակաշրջանի սկզբի մասին և թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել Մարքսի ի հայտ գալու վրա, և վերջապես թե դրա շնորհիվ ինչ հակադրություններ են գոյացել միապետության ե կայսրության հանդեպ։ «Նախ սա հսկայական… Մշակութաբանություն Ակտիվ չեզոքություն – Կապիտալիզմի և կոմունիզմի հաղթահարումը Յոզեֆ Բոյս Յոզեֆ Բոյսը XX դարի երկրորդ կեսի գերմանացի այն արվեստագետն է, որը մեծ ալեկոծումներ առաջ բերեց համաշխարհային մշակույթի հետպատերազ­մյան փուլում, շրջանառության մեջ մտցնելով ար­վեստի ընդլայնված հասկացությունն ու «յուրաքան­չյուր մարդ արվեստագետ է»…