Վլադիմիր Սոլովյով
Ինքը` Սոլովյովը կարծում էր, որ Սոֆիայի գաղափարի կապը ուղղափառ ուսմունքի հետ անցյալ դարի իննսունական թվականներին դեռ արդիական չէ բացահայտ հարցադրման իմաստով, լավ հասկանալով, որ նման ահռելի իրականության ներխուժումը կարծրացած քրիստոնեական դոգմատիկայի ոլորտ կարող է կոտրել այն և նոր պառակտում առաջացնել եկեղեցում: Իսկ պառակտումը նա համարում էր մեծ չարիք` սատարող ապագա հակաքրիստոսին և, ինչպես հայտնի է, ամենից շատ ջանում էր իրականացնել հակառակը` եկեղեցիների միավորումը: Այդ պատճառով էլ մինչև իր վաղ ընդհատված կյանքի վերջը այդպես էլ չհռչակեց իր նոր հայտնությունը` թույլ տալով իրեն այդ մասին հաղորդել իր անհավակնոտ, թեթև բանաստեղծական ստեղծագործությունում միայն, իսկ նրա անձնական համեստությունն ու խորին ողջախոհությունը, որ ի դեպ արտահայտվում էր լեզվի բյուրեղյա պարզության մեջ, նույնիսկ զուտ փիլիսոփայական իր աշխատություններում, հուշեցին նրան երեք հանդիպումների մասին պատմությունը (նրա կյանքի երեք ամենանշանակալից իրադարձությունները) համեմել կատակային, ոչ հավակնոտ կենցաղագրությամբ: Պոեմը մնաց գրեթե անհայտ, այն մարդկանց շրջանից դուրս, որոնք հատուկ հետաքրքրվում են նման փաստաթղթերով. մեզանում` սակավաթիվ մարդկանց, նույնիսկ հեղափոխությունից առաջ, իսկ ներկայումս է՛լ ավելի զրկված իրենց մեկուսի պատերից դուրս ինչ-որ կերպ դրսևորվելու հնարավորությունից: Սակայն այդ պոեմի նույն թեմային նվիրված Սոլովյովի որոշ այլ լիրիկական բանաստեղծությունների ազդեցությունը նկատվեց թե՛ դարասկզբի իդեալիստական փիլիսոփայության` Տրուբեցկոյի, Ֆլորենսկու, Բուլգակովի և թե՛ սիմվոլիստների պոեզիայի, հատկապես Բլոկի վրա:
Վերն ասվածից կարծես թե պարզ է, որ Զվենտա-Սվենտանայի գալիք ծնունդը Երկնային Ռուսաստանում դեմիուրգ Յարոսվետի5 և Նավնայի6ուժերով ուղղակիորեն կապված է Սոլովյովի գաղափարների հետ, քանզի Զվենտա-Սվենտանան ոչ այլ ինչ է, քան Աստծո Կանացիության ասպեկտի արտահայտությունը Շադանակարի համար: Պարզ է, հետևաբար, որ Հավերժ Կանացիության հայտնությունից բխող նման գաղափարները չեն համընկնում օրթոդոքս քրիստոնեության մեջ երրորդության ըմբռնման հետ: Եվ զարմանալի չէ, որ քրիստոնեության վերամիավորման և ոչ թե դրա դավանաբանական աղանդավորական հետագա տրոհման մասին հոգացող Սոլովյովը չէր շտապում հռչակել իր մարգարեական հոգևոր փորձը:
Հավանաբար կար նաև երկրորդ պատճառը: Կրոնի պատմությանը քաջատեղյակ Սոլովյովին չէին կարող հայտնի չլինել փաստեր, համաձայն որոնց կրոնական կազմակերպությունների և ծիսակարգի մեջ աստվածային-արական ու աստվածային-իգական տարբերության մասին պատկերացումների ներխուժումը հղի է բացառիկ վտանգներով: Ոգեպես ոչ բավարար հասկացված, բավականաչափ խստորեն չտարանջատված մարդկության սեռական ոլորտից, այդ ներխուժումները բերում են ոգեղենության մթագնումների հենց սեռական տարերքով, տիեզերական ոգեղեն ամուսնության սրբապիղծ նույնացմանը զգայական սիրո հետ և հանգեցնում ծիսական այլասերման: Գերմարդկային և վերաշխարհիկ կանացի գեղեցկության այդ կերպարում Զվենտա-Սվենտանայի ներհայումի դրական փորձն ըստ երևույթին այնքան ցնցող էր Սոլովյովի համար, այնքան անհամատեղելի որևէ մարդկային կամ տարերային երևույթի հետ, որ այսուհետ ոգետեսին վանում էին հակադիր շերտեր տանող ամեն տեսակ վայրէջքները: Նա գիտեր, և լավ գիտեր Մեծ Անառակուհու գոյության մասին, նաև հնարավոր այն նենգափոխումների մասին, որ հետամտում են կրքոտ, հակասական հույզերի մթագնող շերտերի միջով Հավերժ Կանացիության կանչը որսացող ցանկացած ոչ բավականաչափ հստակ, դեռ չամրացած գիտակցություն: Բայց մարդկության մեծ տարեր- քայնության, ժողովուրդների մարմինը կերտող ու պահպանող Լիլիթի կերպարի գոյությունը, ըստ երևույթին, նրա համար մնաց անորոշ: Երկու թե երեք անգամ նա օգտագործում է «Ռամկական Աֆրոդիտե» արտահայտությունը, երևի թե նկատի ունենալով տարերքային և սատանայական երկու սկզբունքների անորոշ միախառնումը: Սոլովյովի պատկերացումներում անկասկած է դրանց խառնաշփոթն ու չտարանջատվածությունը: Բայց այդ ուղղությամբ հետամտող վտանգի նույնիսկ այդքան անորոշ մատնանշումը, այնուհանդերձ, չափազանց անհրաժեշտ էր: Ալեքսանդր Բլոկի հետ կատարվածից հետո, կարելի է միայն ափսոսալ, որ Սոլովյովի այդ նախազգուշացումը ավելի մշակված կերպով չէր արվել:
Բնավ իր մեղքով չէր, որ Սոլովյովի առաքելությունը մնաց անավարտ: Ոգետեսության մակարդակից մարգարեության մակարդակի անցնելու համար նրան այլևս ոչինչ չէր մնում մարդկային որոշ չնչին թուլություններ հաղթահարելուց բացի և երևի թե կասկածից վեր է, որ եթե նրա կյանքը մի քանի տարով ևս երկարեր, այդ թուլությունները կհաղթահարվեին: Սոլովյովի առաքելությունը հենց Զվենտա-Սվենտանայի մասին մարգարեության և Աշխարհի Վարդի առաջացման պատմական և կրոնական նախադրյալների ստեղծման մեջ էր: Այդ դեպքում Աշխարհի Վարդը, ավելի ճիշտ, նրա կորիզը կարող էր ծնվել դեռ ուղղափառության մեջ` վերափոխելով և մոտեցնելով այն աջ թևի բոլոր հոգևոր հոսանքներին: Դա կարող էր տեղի ունենալ Ռուսաստանում նույնիսկ սահմանադրական միապետության պայ- մաններում: Սոլովյովը պետք է որ ընդուներ հոգևոր աստիճան և ոգետեսի, արդարակյացի և հրաշագործի իր հեղինակությամբ բարձրացնելով այն ժողովրդի աչքում չտեսնված բարձունքի` դառնար եկեղեցու ղեկավար և վերափոխիչ: Հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին Սոլովյովի ներքին տեսադաշտում ավելի ու ավելի հստակ էին բացվում պատմության վերջին արհավիրքների հեռանկարները և հակաաստծո գալիք արքայության համայնապատկերը ու նա կենտրոնացավ եկեղեցիների միավորման, նույնիսկ քրիստոնեության հետ հուդայականության և իսլամի ապագա միավորման երազանքի վրա` ընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար, որն արդեն ոչ հեռու ապագայում ուր- վագծվում էր հակաքրիստոսի գալուստով: Նրա նամակներում առկա են անվիճելի ապացույցներ, որ կյանքի վերջին տարիներին իր կոչումը նա տեսնում էր այդ պայքարի համար հասարակական-կրոնական գիտակցությունը նախապատրաստելու մեջ: Մենք չենք կարող իմանալ, թե կրոնապաշտական ինչպիսի կազմակերպական և կառուցվածքային ձևերում նա կհամատեղեր այդ խնդրի հետամտումը Հավերժ Կանացիությանը մարգարեաբար ծառայելու հետ: Այդ ձևերը կախված կլինեին ոչ միայն սոսկ իրենից, այլև ռուսական և համաշխարհային պատմության օբյեկտիվ պայմաններից: Բայց հենց այդ պատմության ընթացքը ևս ուրիշ կլիներ, եթե 20-րդ դարի առաջին երեսուն տարիները լուսավորված լինեին այդ պայծառագույն մարդու կերպարի փայլով, որ ուղղակիորեն գնում էր բոլոր ժամանակների մեծագույն տեսանողն ու հրաշագործը դառնալու ճանապարհով:
Կոչվածությունը մնաց անավարտ, քարոզչությունը` թերասած, իսկ հոգևոր գիտելիքը մինչև վերջ ոչ մեկին չփոխանցված. ուժերի ծաղկուն շրջանում Սոլովյովին Էնրոֆից պոկեց դիվային այն կամքը, որը նրանում ճշտորեն տեսնում էր անհաշտ ու վտանգավոր թշնամուն: