Վլադիմիր Սոլովյով
Նրա բարոյական անձի, գաղափարների, նույնիսկ արտաքին կերպարի (բառի բուն իմաստով, մարգարեի իդեալական կերպարի) հմայքը մեծ ազդեցություն ուներ իր ժամանակակիցների որոշակիորեն նախատրամադրված շրջանների վրա, չնայած նրա կրոնական ուսմունքի ողջ անավարտությանը: Նրա մահից մինչև հեղափոխությունը անցած, 15 տարիների ընթացքում, հրատարակվել է նրա երկերի բազմահատոր ժողովածուն և արդեն մի ամբողջ գրականություն է ի հայտ եկել Սոլովյովի և նրա փիլիսոփայության մասին: Բայց այդ աշխատանքի ընթացքը 40 տարով ընդհատվեց այն մեկի նախորդների գալուստով, ում մասին նա զգուշացնում էր: Օրհնյալ Ալեքսանդրի կյանքի ողջ մի հատվածի վրա Տագանրոգից հետո իջած գերեզմանային լռության քողի պես, լռության խուլ ջրերը իջան նաև Վլադիմիր Սոլովյովի անվան վրա: Նրա երկերն ու նրա մասին աշխատությունները դարձան գրեթե անհասանելի, իսկ փիլիսոփայի անունը երբեմն սողոսկում էր Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունների էջատակի ծանոթագրություններում, որպես հետադիմության անփառունակ գաղափարախոսի, որ երիտասարդ բանաստեղծին ներշնչել էր իր որոշ ամենահետադիմական գաղափարները: Ռուսաստանի փիլիսոփայական աղքատությունը փիլիսոփայության գագաթներ հռչակեց 19-րդ դարի այնպիսի գործիչների, որոնց ակտիվում կային միայն հրապարակախոսական, գրական-քննադատական կամ գիտա-հանրամատչելի հոդվածներ և 2-3 գեղարվեստական տեսակետից թույլ վեպեր: Իսկ Ռուսաստանի միակ փիլիսոփան, որ ստեղծել էր մեթոդաբանորեն անթերի և միանգամայն ինքնուրույն «Վերացական սկզբունքների քննադատությունը», «Բարության արդարացումը» սքանչելի թեոդիցեան և մի շարք նախախնամական կոնցեպցիաներ` «Ընթերցումներ աստվածամարդկության մասին», «Երեք զրույցներ», «Ռուսաստանը և տիեզերական եկեղեցին» գործերում, կարծես գոյություն էլ չէր ունեցել: Բանը հասավ նրան, որ մտավորականների ամբողջ սերունդներ նույնիսկ չէին լսել Վլադիմիր Սոլովյովի անունը, որ թաղված է խաչազրկված տապանաքարի տակ Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանոցում:
Այն, որ Ռուսաստանի Սինկղիտոսում7 զորեղ է Պուշկինը, մեծ է Դոստոևսկին, փառահեղ է Լերմոնտովը, արևի նման է Տոլստոյը, բնական և օրինաչափ է թվում: Որքան կապշեին միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ, եթե նրանց ցույց տրվեր, որ Ռուսաստանում մոռացության մատնված իդեալիստ-փիլիսոփան այժմ ստեղծագործում և հասու է այնպիսի աշխարհների, ուր նույնիսկ դեռ չեն բարձրացել Սինկղիտոսի լուսատուներից շատերը:
Ծանոթագրություններ
- Աշխարհի վարդը – Վերջին դարի գալիք համաքրիստոնեական եկեղեցի, որ միավորելու է անցյալի եկեղեցիները և ազատ համագործակցելու է բոլոր լուսավոր ուղղություն ունեցող կրոնների հետ: Այս իմաստով Աշխարհի վարդը միջկրոնական է կամ համակրոնական: Նրա հիմնական խնդիրն է հնարավորին չափ մեծաքանակ մարդկային հոգիների փրկությունը և գալիք հակաաստծո հոգևոր ստրկացման վտանգից զերծ պահելը: Մարդկության մեջ Աշխարհի վարդի հայտնվելը Զվենտա-Սվենտանայի եթերային ծնունդի արտացոլումն է զատոմիսներից8 մեկում:
- Շադանակար – Մեր մոլորակի բրամֆատուրայի10 հատուկ անունն է: Կազմված է ահռելի քանակի (240-ից ավելի) տարանյութ շերտերից` արտատարածական և արտաժամանակային:
- Զվենտա-Սվենտանա – Մեծն աստվածածին մոնադ, Հավերժ Կանացիության արտահայտությունը, մոլորակային Լոգոսի Հարսնացուն, որ տիեզերական հոգևոր բարձրունքներից իջել է Շադանակարի վերին շերտերը մոտավորապես դար ու կես առաջ և պարտավորված է պայծառացած (ոչ ֆիզիկական) մարմնավորում ընդունել մարդկության զատոմիսներից մեկում: Այդ մետապատմական իրադարձությունը երկրային Էնրոֆում9 կարտացոլվի իբրև Աշխարհի վարդի հայտնություն:
- Մոնադ – նախնական, անբաժան անմահ հոգևոր միավոր` աստվածածին կամ Աստծո կողմից արարված: Տիեզերքը իրենից ներկայացնում է մոնադների անթիվ բազմություն և նրանցով ստեղծվող բազմատեսակ նյութականություններ:
- Յարոսվետ – Աստծո կողմից արարված մոնադ, մարդկության մեծագույն դեմիուրգներից (արարիչներից) մեկը: Ռուսական մետակուլտուրայի ժողովրդաառաջնորդը: Անվանումը պայմանական է:
- Նավնա – Աստվածածին մոնադ, Մեծ Քույրերից մեկը, ռուսական մետակուլտուրայի իդեալական տաճարային Հոգին: Անվանումը պայմանական է:
- Սինկղիտոսներ – Մետակուլտուրաների զատոմիսներում բնակվող պայծառացած մարդկային հոգիների բազմություններ:
- Զատոմիսներ – Մարդկության բոլոր մետակուլտուրաների բարձրագույն շերտերն են, դրանց երկնային երկրները, ժողովրդաառաջնորդող ուժերի հենարանը, սինկղիտոսների կացարանը: Աշխարհի վարդի զատոմիսի` ներկայումս արարող Արիմոյայի հետ մեկտեղ զատոմիսների ընդհանուր քանակը հասնում է 34-ի:
- Էնրոֆ – Մեր ֆիզիկական շերտի անվանումն է, ժամանակակից աստղագիտական տիեզերքին համազոր հասկացություն: Բնորոշվում է նրանում առկա եռաչափ տարա- ծությամբ և միաչափ ժամանակով:
- Բրամֆատուրա – Գրեթե յուրաքանչյուր երկնային մարմին ունի մի շարք տարբեր նյութական շերտեր, որոնք կազմում են փոխկապակցված և փոխպայմանավորված համակարգ: Բրամֆատուրաներ են կոչվում այն համակարգերը, որոնք միավորված են իրենց շերտերում ընթացող պրոցեսների ընդհանրությամբ: Մեր համաստեղության բրամֆատուրաներից շատերում դրանց շերտերը միավորող հիմնական պրոցեսը նախախնամության և դեմոնական ուժերի պայքարի պրոցեսն է: Սակայն կան այնպիսի բրամֆատուրաներ, որ լիովին ենթարկվել են դեմոնական իշխանությանը, և այնպիսիք, որ արդեն լիովին դրանից ազատվել են:
Ռուսերենից թարգմանությունը` Սուսաննա Գյուլամիրյանի
Д. Андреев. «Роза Мира»