Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին
Արծվի Բախչինյան
Կոստան Զարյանի (1885–1969) բազմալեզու մեծածավալ գրական ժառանգությամբ զբաղվողները դեռևս երկար ժամանակ հայտնաբերելու և ուսումնասիրելու շատ նյութ կունենան:
Բախտիար Հովակիմյանի` 2005-ին հրատարակված «Հայոց ծածկանունների բառարանի» շնորհիվ պարզվեց, որ Կոստան Զարյանը 1924–1925 թթ. աշխատակցել է Թիֆլիսի «Զարյա Վոստոկա» («Արևելքի արշալույս») ռուսերեն օրաթերթին` Կոստար գրչանվամբ: Այս մասին Հովակիմյանին վկայել է Զարյանն ինքը: Սկսելով տարերային որոնումներ «Զարյա Վոստոկայի» վերոհիշյալ տարեթվերի էջերում` մենք հայտնաբերեցինք ընդամենը երկու հոդված 1924 թվականի նոյեմբերյան համարներում, որոնք Իտալիայից ուղարկված թղթակցություններ են Վենետիկի միջազգային ցուցահանդեսի մասին: Առաջին հոդվածը` «ԽՍՀՄ-ը վենետիկյան կերպարվեստի ցուցահանդեսում» վերնագրով, լույս է տեսել նոյեմբերի 4-ի, իսկ երկրորդը` «Վենետիկյան միջազգային ցուցահանդեսում» վերտառությամբ, նոյեմբերի 11-ի համարներում: Ի դեպ, առաջին հոդվածը ստորագրված էր ոչ թե Կոստար, այլ Կաստոր, ինչը ակնհայտորեն տպագրական վրիպակ է:
Հարկ է նկատել, որ նույն ցուցահանդեսի մասին Զարյանը երկու թղթակցություն է ուղարկել նաև Երևանի «Նոր ակոս» գրական-գեղարվեստական շաբաթաթերթին` «Խորհրդային Միությունը վենետիկյան ցուցահանդեսում» (1924, թիվ 9) և «Վենետիկի միջազգային կերպարվեստի ցուցահանդեսը»(1924, թիվ 15-16) վերնագրերով:
Դրանք վերահրատարակել է Յուրի Խաչատրյանը 1999-ին Երևանում լույս տեսած Կոստան Զարյանի «Նավատոմար» ժողովածուում (էջ 202-213): Կարելի էր ենթադրել, թե այս թղթակցությունները մեկը մյուսի պարզ թարգմանությունն են, մինչդեռ կերպարվեստի մեծ գիտակ և խորահմուտ քննադատ Կոստան Զարյանը մշտապես նոր ասելիք է ունեցել իր տեսածի վերաբերյալ և տարբեր լեզուներով գրել է միանգամայն տարբեր հոդվածներ:
Կոստան Զարյանը ավելի քան մեկուկես տարի Երևանում ապրելուց և տեղի համալսարանում ընդհանուր գրականության պատմություն դասավանդելուց հետո 1924-ի հունիսին ընտանիքով վերադարձել է արտասահման (Ֆրանսիա, ապա`Իտալիա): Այստեղից նա աշխատակցել է Երևանի «Պայքար» և, ինչպես նշեցինք, «Նոր ակոս» և «Զարյա Վոստոկա» պարբերականներին: Սակայն վերջինի հետ Զարյանը նախկինում էլ կապ է ունեցել, որի գրական-մշակութային «Պլամյա» («Բոց») հանդեսում հրատարակել է «Մեր նկարիչները» հոդվածը (1923, դեկտեմբերի 1, թիվ 14):
Թարգմանաբար հրապարակվող երկու նորահայտ հոդվածները լրացնում են Կոստան Զարյանի արվեստաբանական ժառանգությունը: Չնայած առաջին թղթակցության ընդգծված գաղափարախոսական ուղղությանը (Զարյանը տակավին նոր էր հեռացել ԽՍՀՄ-ից և դեռևս հավատով էր լցված համայնավար երկրի հանդեպ), այն ևս մեկ անգամ ներկայացնում է Զարյան արվեստաբանի ինքնատիպ վերլուծությունները: Այն ոչ թե պարզ լրագրություն է, այլ արվեստի քննադատություն և գրականություն:
Հայ գրողին հայերեն թարգմանելը մեզ հետաքրքիր խնդիրներ առաջադրեց, նախևառաջ` ձգտել թարգմանության լեզուն հնարավորինս հարազատացնել Զարյանի հայերենին: Թեև մենք առհասարակ հակված ենք օտար բառերը թարգմանել հայերեն (տաղավար` պավիլյոնի, ապագայապաշտություն` ֆուտուրիզմի, նշանաբան` լոզունգի փոխարեն և այլն), սակայն տվյալ դեպքում որոշեցինք շատ բառեր գործածել այնպես, ինչպես Զարյանն է ժամանակին գործածել: Օրինակ, մենք «պրիմիտիվը» դիտմամբ թարգմանել ենք ոչ թե «պարզունակ», այլ «պարզուկ», քանի որ այս բառը Զարյանն արդեն գործածել էր նույն նկարչի մասին իր հայերեն խոսքում: Եվ կամ` Զարյանը երբեք չի գործածել բնանկար բառը, այլ` դաշտանկար, ուստիև մենք ևս ընդունեցինք այդ բառաձևը:
Թարգմանված տեքստի որոշ անուններ և իրողություններ, մեր կարողացած չափով ծանոթագրել ենք` զանց առնելով հանրահայտ անունները:
1. ԽՍՀՄ-Ը ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ (Մեր սեփական թղթակցից)
Կարելի է առանց չափազանցության ասել, որ ԽՍՀՄ-ի պավիլյոնը ամենից հետաքրքիրն էր, ամենակենդանի կետը նկարների այդ հսկայական շուկայի, որ կոչվում է վենետիկյան կերպարվեստի ցուցահանդես:
Մեր պավիլյոնը մի գեղեցիկ պատասխան է բոլոր սպիտակգվարդիականներին, որոնք անդադարում շեփորում են, թե ԽՍՀՄ-ում ամեն ինչ մեռել է, ամեն ինչ հանգել, և բոլոր մշակութային արժեքները ոչնչացել են:
Վենետիկում ներկայացված մեր նկարիչներն ապացուցեցին, որ հին կերպարվեստի բոլոր արժեքները ոչ միայն պահպանվել են, այլև փորձ է արվում կերտել այն նորը, որն անվիճելիորեն կդառնա ծնվող պրոլետարական մշակույթի հիմքը:
– Պետք է խոստովանեմ,– ինձ ասաց արվեստի հայտնի գիտակ, տաղանդավոր քննադատ Բարբանտինին1,– որ ռուս նկարիչների ցուցահանդեսն ինձ զարմացրեց: Բոլորը մեզ ասում էին, թե Ռուսաստանում մակերեսային պլակատայնությունից բացի ուրիշ ոչինչ չկա, իսկ այստեղ մենք հանկարծ տեսնում ենք նկարների մի ամբողջ շարք` մեծ մասամբ հետաքրքիր և նշանակալից: Մինչդեռ ասում էին` ամեն ինչ կործանվել է…
Եթե ուշադրություն դարձնենք, որ ցուցահանդես են այցելում տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք գալիս են Իտալիայի բոլոր ծայրերից և արտասահմանից, ապա հեշտ է հասկանալ, թե ինչ մեծ նշանակություն ունի այն մեզ համար քարոզչության առումով, արվեստի ասպարեզում մեր նվաճումները ծանոթացնելու առումով: Վենետիկյան ցուցահանդեսը ԽՍՀՄ-ի կողմից առաջին փորձն է` մշակութային ասպարեզ դուրս գալու և մյուս մեծ երկրների հարևանությամբ ցույց տալու այն խորը ներքին աշխատանքը, այն անվիճելի ձեռքբերումները, որ բերել է հեղափոխությունը:
Վենետիկում մեր պավիլյոնի շուրջը շատ վեճեր եղան: Իտալացի քննադատների մեծ մասը մեր նկարիչներին վերաբերվում էր մեծ համակրանքով և որոշ զարմանքով: Սակայն իտալական կյանքի ժամանակակից ազգայնամոլական պսիխոզը չէր կարող չարտահայտվել կիսապաշտոնական, այսպես ասած, ակադեմիական քննադատների կարծիքներում:
–Խորհրդային հանրապետությունների պավիլյոնը,– ասում էին նրանք,– լարած ռումբ է, սակայն մենք ենք տվել այդ ռումբի նյութը (նկատի ունեն տեխնիկական նյութը):
Եթե հարցը վերաբերեր հին վարպետներին` Տրեչենտոյից մինչև 18-րդ հարյուրամյակը, Վերածննդի հզոր դարաշրջանին, ապա, անշուշտ, մենք չէինք վիճի: Իտալիան հայրենիքն է հիանալի գեղարվեստական դպրոցների, հանճարեղ վարպետների, անգերազանցելի ստեղծագործությունների, որոնց բոլորն էլ պարտական են, որոնցից բոլորն էլ սովորել են:
Սակայն չէ՞ որ խոսքն այդ մասին չէ: Խոսքն այն նոր հոսանքների և նոր արժեքների մասին է, որոնք այսպես թե այնպես արտացոլվել են ռուս նկարիչների գործերում: Այդտեղ իտալական ժամանակակից նկարչությունը մեղք չունի: Իտալացի նկարիչները տաղանդավոր կերպով կրկնել են (այն էլ մի քանի տարի հետո) Վան Գոգին, Դերենին, Մատիսին, կուբիստներին, և առայժմ, չնայած բարձրագոչ հայտարարություններին, ոչ մի դրական, տիպիկ իտալական արժեք չեն դրսևորել: Եվ անգամ նույն այդ վերադարձը կլասիցիզմին, խստաշունչ նկարին, նկարի տրամաբանական կառուցմանը, զուսպ գույներին, որոնց մասին այստեղ այնքան շատ են գրում, ընդամենը փարիզյան վերջին մոդայի ուշ նմանակումն է: