Ռուբիկոն

Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

***

Իտալական արվեստի վերջին տասնամյակներն անցել և զարգացել են ֆուտուրիզմի նշանաբանի ներքո: Մարինետտիի10 դպրոցն Իտալիայում հասկանալի էր և պիտանի:

Այն բուրժուական ապստամբություն էր քարացած գավառի դեմ: Իտալական արդյունաբերությունը սկսել էր զարգանալ, և նրա որոշ բնագավառներ, օրինակ` ինքնաշարժների արտադրությունը, կարող էին մրցել միջազգային շուկայում: Միլանը ստենդալյան գավառից վերածվել է մեծարդյունաբերական կենտրոնի, և իտալական կյանքի նոր տրոփյունն արդեն զարկում էր նրա գործարաններում: Նոր արդյունաբերությունը նոր շուկաներ էր փնտրում և ամենից առաջ ցանկանում էր նվաճել ներքին շուկան:

Ֆուտուրիզմը նրան հասավ օգնության:

Դասական արվեստի անշարժության փոխարեն ֆուտուրիզմը հռչակեց արտադրության նոր կազմակերպման շարժունությունը: Պայքար գնաց ընդդեմ անցյալի, ընդդեմ նրա գավառի` իր հայեցողական և անշարժ կյանքով հանդերձ, ընդդեմ մակաբույծ քաղաքների, որոնք ապրում են օտարերկրացիների հաշվին, ընդդեմ թանգարանների, ընդդեմ հուշարձանների:

Օրվա աստված հռչակվեցին ինքնաշարժը, օդանավը, էլեկտրականությունը:

Միլանը ջանում էր նվաճել Իտալիան:

Անցան տարիներ: Լոմբարդիան նվաճեց բազմաթիվ նոր շուկաներ, սակայն ֆուտուրիզմը, որպես նոր արվեստի դպրոց, չնվաճեց իտալացիներին: Ֆուտուրիզմը չտվեց ոչ մի նշանակալից ստեղծագործություն և մեռավ:

Մարինետտին, այդ նրբագեղ ապստամբը, սուսուփուս ամուսնացավ և (օ~ սարսափ), ապրում է գեղեցիկ Կապրի11 կղզում և բանաստեղծություններ է գրում լուսնի մասին: 

Կարրան և Բոլան12 վաղուց թողել են նոր դպրոցը և վերադարձել են դասականությանը: Ֆուտուրիզմի մասին Իտալիայում այլևս չեն խոսում:

Եվ ամեն ինչ ընթացավ` ինչպես առաջ:

Այստեղ շատ դահլիճներ և հազարավոր նկարներ ու հարյուրավոր քանդակներ կան, սակայն չկա ոչ մի նշանակալից ստեղծագործություն, որի առջև մարդ կանգ առնի:

Ամենուրեք իտալական թեթևությունն է ու գեղեցկությունը: Տաղանդի դրոշմ, նկարելու և գույների ներդաշնակությունից օգտվելու կարողություն,ակադեմիական ճշգրիտ կառուցում և հաճախ` վարպետություն: Սակայն խորություն չկա: Չկա և ինքնատիպություն:

Իտալացիները կրկնում են Փարիզին տասը տարի անց: Համոզվածություն չկա: Կարծես նայում են աչքերիդ` լա՞վ է արդյոք:

Շատ են խոսում Սպադինիի13 մասին: Տաղանդավոր, սովորական նկարիչ: Վարպետություն և թեթևություն: Գույների պայծառություն, բնականություն: Չի ձևացնում, գիտի` ինչ է ուզում: Տեսնում է իր աչքերով և մատուցում է անմիջականորեն: Նրա նկարների տոնայնությունը և

գծերը ներդաշնակված են զգացումին:

Նրա մեջ կա որոշ լիրիզմ, սակայն չկա թափ, չկա պոռթկում: Սպադինին ազնիվ նկարիչ է:

Խոսում են նաև Ֆելիչե Կազորատիի14 մասին: Նրա շագանակագույն երանգների ներքո մոլեգնում է ներքին, խորունկ կյանքը: Նա աղքատ է գույների մեջ, սակայն նրա մարմինների գծերը համարյա քանդակային են և դուրս են գալիս շրջանակների միջից: Այնտեղ որոշ մետաֆիզիկություն կա, սակայն` թվացյալ: Նա պարզապես նայում է կյանքին որպես շատ լուրջ և շատ կարևոր բանի: Պարզուկ է և խիստ: Նա հավանաբար միակ նկարիչն է ողջ պավիլյոնում, որ փնտրում է, սակայն նրա փնտրտուքը գույներից դուրս է, ավելի շուտ` գծերի և արտահայտությունների մեջ:

Երկրորդական նկարիչների մի քանի ստեղծագործություններում առկա են ժամանակակից քաղաքական կյանքի արձագանքներ:

Պոմեոլինիի ֆաշիզմն անճաշակ է և վատ: Երիտասարդների ամբոխը, որ ձգտում է նոր կյանքի, վատ է պատկերված և կեղծ է գույների մեջ: Մուսոլինին պատկերված է քանդակով: Ադոլֆե Վիլդը նրան դարձրել է վատ դիմահարդարված դերասան: Կեղծ և շինծու: Սակայն, հավանաբար նա հենց այդպիսի՞ն է:

Ֆուտուրիզն անցավ` հետք չթողնելով, և գավառն ապրեց իր հին, քաղքենի կյանքով ավելի վատ, քան առաջ:

Բոլոր այդ Տիտոները, Միկետիները15, Կինիները և Պոմեոլինիները և հազարավոր մյուսները վաղուց արդեն ձանձրացրել են, վաղուց դադարել ենաշխատել ու ապրել և իտալական արվեստին նոր խոսք չեն ասում:

***        

Հոլանդացիները:

Այս տարի ոչ մի նկար և ոչ մի քանդակ չեն ուղարկել: Երեք դահլիճ` փայտանկարներով: Պատերից աչքի են զարնում սև ստվերներ, ինչպես մթնշաղի մեջ գոթական տաճարների տարօրինակ կերպարանքները:

Շատ շարժում, շատ կյանք:

Համարձակ,    կտրուկ հարված և հարուստ երևակայություն: Մոլեգին ծովի փրփացող ալիքների մոտ Քլոսթերի մերկ «Ձկնորսները» որսում են արտասովոր ձկներ: Էքմանը պատկերում է «Հայրերի», որոնք նոր կյանք են կերտում և նպատակասլաց գնում են ինչ-որ հեռու տեղ: Էսերսը16 մի քանի շտրիխով հաղորդում է «Գարնան» ողջ պոեզիան, և նրա փորագրությունը շնչում է թե՛ լռությամբ և թե՛ ուրախությամբ:

Արտասովոր եկեղեցիներ արտասովոր Քրիստոսներով: Աշտարակներ և պողպատե զրահներով ռազմիկներ: Բազմաթիվ դիմանկարներ և ողջ Հոլանդիան` իր հողմաղացներով և ջրանցքներով:

Այստեղ ամեն ինչ հետաքրքիր է և ամբողջական:

***

Բելգիան ուղարկել է ժամանակակից թանգարանային վարպետների: Գրեթե ոչ մի նոր բան չկա, բայց փոխարենը այստեղ կարելի է տեսնել Լարմանսի17ստեղծագործությունների ողջ հավաքածուն:

Խուլ և համր նկարիչ Լարմանսը: Եվ նրա բոլոր հերոսները կարծես նույնպես խուլեր և համրեր են: Փոխարենը` ի՛նչ ուժգնություն և ի՛նչ պարզություն:

Ահա բանվորների և կանանց հազարանոց ամբոխը, որ կարմիր դրոշով գնում է ֆաբրիկա` բողոքելու: Լուրջ և խիստ դեմքեր, մկանուտ մարմիններ. միասնական, անընկճելի կամքի մարդիկ, որոնք պայքարում են ավելի լավ վիճակի համար:

Զգացվում է զանգվածի շարժումը` իր իրավունքի խորին գիտակցությամբ միաբանված: Նկարը խորապես մտածված է և գեղեցիկ վրձնված:

 Ահա նշանավոր «Կույրը և կաթվածահարը», «Հին ջրաղացը», «Ձմեռը» և շատ ուրիշներ: Լարմանսն ամենաուժեղ ժամանակակից բելգիացի նկարիչն է, գույների զարմանալի իմացությամբ, ձևի պարզությամբ և դաշտանկարի մեջ խորին թափանցությամբ: Նա անմիջական է և վառ, ողբերգական և հասարակ: Նրա մեջ կա ողջ նորաձև Վերհառնը18 և ողջ ֆլամանդական դպրոցը` ժամանակակից արդյունաբերական կյանքի պրիզմայի միջով:

Նոր է Կրետեն Ժորժը: Ամեն ինչ երկրաչափորեն պարզ է: Գույները դասավորված են երեխայորեն, առանց խառնուրդի, բայց որքա~ն տրամադրություն կա այդ կանանց մեջ` խայտաբղետ շալերով և մեր աչքերին պարզորեն նայող: 

Գեղեցիկ է Էմիլ Կլոզի19 «Հուլիսյան երեկոն»: Այն իմպրեսիոնիզմի բարձրագույն արտահայտություն է: Գույների և լույսի ի՛նչ հարստություն, և ի՛նչ հզոր, առողջ պոեզիա:

Ժան Անսորն, ինչպես միշտ, տարօրինակ է և հանճարեղ: Նրա «Հրեշտակների անկումը» երևակայությամբ հիշեցնում է միջնադարյան ֆլամանդացի վարպետներին, իսկ «Ծեր մելամաղձոտ կանայք» նկարը կծու սատիրա է, համարձակ ու նաև` գեղարվեստական: Անսորը կարողանում է նաև լուրջ նկարիչ լինել, ինչպես, օրինակ, «Գորշ հագած կինը» կտավում: Գեղեցիկ դիմանկար` ձևով և գույներով. արտահայտիչ, վառ և պարզ: Նրա մոտ ռուբենսյան վրձինը երբեմն միախառնվում է Դեգասի20 վարպետությանը: Նա դիպուկ է և իրավացիորեն անողոք, այստեղից էլ նրա ողբերգականությունը:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Արա Գուրզադյան. երկու խոսք Սերգեյ Ստեփանյան «Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը` վերածվում է ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է»:… Մշակութաբանություն «Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին Արա Գուրզադյան XXI դարի ստորոտին նորից պանդխտության մեջ հայտնվածի ճշմարտության պեղումներից, մշակութային մայրցամաքների հերթական հայտնագործումից և սահմանների տարանջատող պաթոսը անընդհատ խեղդելուց հետո, մենության մեջ խրված սիրտը աշխարհագրության իմաստը վերծանելու… Մշակութաբանություն Հատվածներ օրագրից Արա Գուրզադյան 23.09.97 Փարիզում եմ: Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել,…