Ռուբիկոն

Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այստեղ ամեն ինչ վառ է, ամեն ինչ գունագեղ և բերկրալի: Այստեղ իրական կյանքն է: Եվ այցելուն ուրախանում է, վերստին առույգանում, սկսում է ժեստերով խոսել, վիճաբանել: Դիմում է հարևանին, խնդրում բացատրել, հարցնում է գները, հեռանում է և նորից վերադառնում: Այստեղ իրեն լավ է զգում, չնայած Տրոցկու մարտական ժեստին, կարմիր դրոշներին, հեղափոխական մոտիվներին: Իսկական արվեստն անում է իր գործը:

Ահա Կոնչալովսկին` 3 բարդ, հարուստ և անմիջական: Նրա գույները թրթռում են, և նյութն ապրում է րոպեական կյանքով: Նա որսում է ակնթարթը,բարդացնում և մասնատում է նկարի ռիթմը, աչքի է զարնում և լայն վրձնահարվածներով պատկերում թռուցիկ տպավորությունների ուրվագծերը:

Ահա Գրաբարը` պատկառելի և խիստ իր վառ իմպրեսիոնիզմի մեջ: Արխիպովը, որի նատուրալիզմը բնական է և բաց, հարուստ և վիրտուոզ, նկարը համարձակ է, և իրեղեն բազմազանությունը տրված է դրական երանգապնակով:

Ահա «Բուբնովի վալետ» խումբը` Կուպրինը, Ռոժդենստվենսկին, Կոնչալովսկին, որին արդեն հիշեցի: Այստեղ գույների բերկրանք է: Ձևի խնդիրները մի կողմ են թողնված, տարածական հարաբերակցություններ գրեթե գոյություն չունեն, բայց փոխարենը գույնը բնության երևույթների կենտրոնն է, էությունը: Որքա~ն հետաքրքիր լուսային էֆեկտներ կան և ինչպիսի~ մոտեցում իրեղեն-գունային հարստություններին:

Ահա օրիենտալիստների շլացումը` Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ, որի հանդեպ երիտասարդ քննադատներն արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Նրա` փոքր-ինչ ծայրահեղ դեկորատիվ մոտիվները, հիանալիորեն պատկերված հայկական բնանկարի համադրումները գույներով, նրա արբեցումը գորգային էֆեկտներով, նրա հեռապատկերի գլխապտույտ հեռուն`ամեն ինչ նոր է և հետաքրքիր: Հետաքրքրությունից զուրկ չէ նաև կոնստրուկտիվիստների լաբորատոր աշխատանքը: Նման, տվյալ պահին դեռևս ոչինչ չասող, աշխատանքն անշուշտ անհրաժեշտ է, քանի որ նրա մեջ տեսանելի է ստեղծագործական կիրք, եղածից անբավարարություն, նոր մշակութային արժեքներ ստեղծելու ծարավ: Ո՞վ գիտի, գուցեև նրանք հասնեն իրենց նպատակին: Ներկա պահին մեզ հետաքրքրում է նրանց աշխատանքի բուն պրոցեսը, նրանց որոնումների սկզբունքը: Մենք սիրում ենք նրանց հավատը:

Այն, ինչ որ առայժմ չկա` սյուժեների և կառուցումների վիթխարակերպությունն է, հեղափոխական ոգու, և եթե կուզեք` կենցաղի ամբողջական արտացոլումը:

Նոր մշակութային ստեղծագործության պաթոսը դեռևս չի արտացոլվել ռուսական նկարիչների գործերում, սակայն արդեն կան բոլոր տվյալները, որպեսզի մերկ փաստը վերածվի գեղարվեստական խորհրդանիշի:

Հենց դա էլ զգում է արտասահմանցի այցելուն: Հենց դա էլ նա սիրում է:

ԿԱՍՏՈՐ Վենետիկ

2.         ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

(Մեր սեփական թղթակցից)

Վենետիկը երազանքի քաղաք է:

Լագունայի լազուրը, նրբագեղ գոնդոլների հանդարտ ճողփյունը, սուրբ Մարկոսի բյուզանդական եկեղեցու վառ ոսկեզօծը, բարակ սյուների վրա կախված հսկայական աղյուսե դագաղ Դոժերի պալատը և ծիրանին, Սանսովինոյի4 քանդակի փայլը, ամեն, ամեն ինչ այստեղ ենթարկված է մի նշմարելի երաժշտական ռիթմի և ինչ-որ ներդաշնակության, որը մենք անվանում ենք գեղեցկություն:

Վենետիկը հիշողությունների քաղաք է: Վենետիկն ապրում է հեռավոր անցյալով. արևելքով, որտեղից բերեցին նրա ճարտարապետության լավագույն մասերը, նրա նկարչության հարուստ պատկերները, նրա խճանկարների թանկարժեք քարերը և նույնիսկ սուրբ հովանավորի` սուրբ Մարկոսի գողացված նշխարները: Ժամանակակից կյանքի պողպատյա կանչին Վենետիկն արձագանքում է իր զանգերի արծաթե համաղողանջով, լուռ, մահվան մասին խոսող իր ժպիտով և իր պալատների խամրած ոսկով: Նա ապրում է իր անջատ, մեկուսացած կյանքով, ինչպես մի թանգարան, ինչպես մոպասանյան կոթողը Փարիզի հրապարակում: Այն ոչ պիտանի, սակայն շքեղ իրողություն է:

Այստեղ Վագները, մորմոքվելով խոր վշտից, գրել է իր «Տրիստանի» լավագույն էջերը, և Նիցշեն Վենետիկն անվանել է civitas metaphysica` «մետաֆիզիկ քաղաք», անկման, մահվան քաղաք` ատելությամբ լցված իր մեծ ընկերոջ հանդեպ այն բանի համար, որ նա այստեղ է գրել «Տրիստանը»5:

Զուր է ժամանակակից արդյունաբերական կյանքի մուրճը բախում նրա դռները, ներխուժում նրա խուլ ջրանցքների մեջ, մեծ նավահանգիստ կառուցում նրա իսկ լագունայի մեջ, ֆաբրիկաներ` մոտակա Մեստրեում, մեծ ջրանցք` ընդհուպ մինչև Միլան: Վենետիկը պաշտպանվում է իր անհամար ջրանցքների և կամրջակների քնատ ջրերով, ննջում է գեղեցիկ քնով և աղքատ թագուհու պես վաճառում է իր ժպիտները:

Եվ առևտրականների մի մեծ խումբ, որ զբաղվում է հիշողությունների և պերճանքի հին առարկաների չարաշահմամբ, եռում է Վենետիկի պալատներում և ջրանցքներում և աղմկոտ ու աներեսաբար առևտուր է անում այն ամենով, ինչը մի ժամանակ կազմել է նրա մեծության, հզորության և հարստության հայտանիշը:

Վենետիկյան կերպարվեստի ցուցահանդեսը նույնպես օտարազգիներին գրավելու համար ստեղծված անհամար առևտրական ձեռնարկություններից մեկն է:

Ռեկլամներ…

–          «Աշխարհի լավագույն լողափը» Լիդո կղզո~ւմ:

–          Նկարների վերատպություններ և արհեստական քարե~ր: 

–          Ժանյակնե~ր:

–          Գոնդոլներ և հյուրանոցնե~ր: Էժանագին սերենադնե~ր:

–          Գեղարվեստական ցուցահանդե~ս:

–          Լուսնի լո~ւյս:

Այստեղ հանդիպում են նաև արտաքին գործերի նախարարներ: Գնում են, վաճառում: Ո՞վ ավելին կտա:

***

Շոգենավիկներ`         Վենետիկի      «տրամվայները»6: Քաղաքի ծայրամասում` մեծ պարտեզ7: Ինչպես ամենուրեք` Գարիբալդիի հուշարձանը. կանգնած է ժայռին, պատրաստ մարտի: Վատ արձան է, ինչպես Գարիբալդիի գրեթե բոլոր արձաններն Իտալիայում:

17-րդ դարի սկզբից մինչև մեր օրերն արվեստն Իտալիայում անկման մեջ է: Նոր` երրորդ Իտալիան, որ միավորման առաջին տարիներին խանդավառությամբ էր լի, հրապարակները ծածկեց իր հերոսների անհամար արձաններով և այժմ միայն հասկացավ, որ այդ ամենն արել է անտաղանդ կերպով: Վերջին անճաշակությունը Վիկտոր Էմանուելի8 վիթխարի հուշարձանն է Հռոմում: Նրա վրա քառասուն միլիոնից ավելի գումար են վատնել և ապա սարսափել են: Այժմ փորձում են շտկել կատարած սխալը, սակայն ուշ է… որքան շատ են շտկում (ոսկեզօծ արձաննե՛րը), այնքան վատ տեսք են ստանում:

Այստեղ, այս գեղեցիկ պարտեզում, որ ստեղծել են Նապոլեոնի հրամանով, բոլոր հուշարձանները գորշ տեսք ունեն և փչացնում են ծառուղիները: Եվ ով ասես այստեղ չկա. և՛ Վագները, և՛ Գունոն, և բազմաթիվ անհայտ հայտնիներ: Պարտեզի խորքում մի մեծ հրապարակ է և տարբեր երկրների պավիլյոնները:

Իտալիան Գալիլեո Կինիի9 մոդեռն ոճն է` իր որմնանկարչությամբ: Ծանր ոճ է, որտեղ ամեն ինչ խառնված է` Վերածննդի դարաշրջանը նախառաֆայելյանի հետ:

Կողքին Հոլանդիան է, Բելգիան, Հունգարիան և ուրիշներ: Վերջում, հենց լագունայի մոտ, ԽՍՀՄ պավիլյոնն է: Մեծ կարմիր դրոշ և լուսամուտից` Տրոցկու հսկայական դիմանկարը` ցուցահանդեսի լավագույն դիմանկարը:

Սակայն սկսենք իտալական պավիլյոնից:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Արա Գուրզադյան. երկու խոսք Սերգեյ Ստեփանյան «Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը` վերածվում է ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է»:… Մշակութաբանություն «Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին Արա Գուրզադյան XXI դարի ստորոտին նորից պանդխտության մեջ հայտնվածի ճշմարտության պեղումներից, մշակութային մայրցամաքների հերթական հայտնագործումից և սահմանների տարանջատող պաթոսը անընդհատ խեղդելուց հետո, մենության մեջ խրված սիրտը աշխարհագրության իմաստը վերծանելու… Մշակութաբանություն Հատվածներ օրագրից Արա Գուրզադյան 23.09.97 Փարիզում եմ: Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել,…