Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին
Ֆուտուրիստները, իտալական կյանքի թանգարանային մթնոլորտի միակ կենդանի մարդիկ, վաղուց արդեն կազմալուծվել են, և եթե այսօր, ոգևորված խորհրդային պավիլյոնով, նրանք աշխարհի տարբեր կողմեր հեռագրեր են ուղարկում, թե «շուտով Միլանում նշանակված է ֆուտուրիստական համագումար, որպեսզի մարդկային մտքին տրվի նոր ուղղություն», այն հերթական դատարկահունչ կոչերից մեկն է, որ ոչ մեկի ոչինչ չի պարտավորեցնում և որին բոլորը սովոր են վերաբերվել քմծիծաղով:
Ոչ մի կերպ չժխտելով Իտալիայի ժամանակակից նկարիչների բոլոր փորձերի արժանիքը, նրանց մշակութային կարևոր դերը, այնուամենայնիվ, ես չեմ տեսնում ոչ մի այնքան նշանակալից երևույթ, որը կարող է ուժեղ ներազդել ռուս նկարիչների վրա, որոնք այժմ ներկայացված են Վենետիկում:
Ազդեցություն կա, սակայն այն գալիս է ուրիշ կողմից` Վան Գոգից, Դերենից, Մատիսից և ուրիշներից: Եվ ապա, վերջիվերջո, այս կամ այն տեխնիկական նրբության կամ նկարի կառուցման և գույների ըմբռնման նոր մոտեցման ձեռքբերումը չի կարող նպատակ լինել, այլ միայն միջոց` տվյալ իրականության կամ տվյալ ապրումների արտահայտման համար:
Եվրոպացի նկարիչների համար, մեծ մասամբ, տեխնիկական որոնումները գլխավոր մտահոգություն, գրեթե նպատակ են:
Ժամանակակից կյանքի անկումային մթնոլորտում նկարիչն իրեն զգում է իրականությունից օտարացած, սոցիալական պայքարից դուրս, միայնակ և չբավարարված: Նրա ներքին աշխարհն անկայուն է և ծանր, նա աջից ձախ է նետվում, հենակետ է փնտրում իր արվեստի մեջ ու չի գտնում և վերջիվերջո իր հոգեկան ժայթքումն արտահայտում է տեխնիկայի մեջ: Նա նման է մանուկի, որն ամեն ինչ ջարդում է, փորձում է բոլոր միջոցները` դրսևորելու համար իր եսը, արտահայտելու իր անհատականության այն էությունը, որն ինքն էլ չի հասկանում:
Հաճախ այս պրոցեսը կատարվում է` տուրք տալով մոդային, կամ էլ նկարների վաճառականին, որի աքցանների մեջ է գտնվում նկարիչը: Վաճառականը մի խորամանկ միջնորդ է իրազեկ հավաքորդի և մոդայիկ նկարչի միջև: Գլխավորապես դրանով կարելի է բացատրել նոր տեխնիկայի կատաղի հետապնդումը ժամանակակից եվրոպացի նկարիչների կողմից:
Վենետիկյան ցուցահանդեսում ռուս նկարիչները հետաքրքիր են հենց նրանով, որ նրանց մոտ չի զգացվում այդ խորթացումը կյանքից: Տեխնիկան, նույնիսկ նորագույնը, նրանց համար միջոց է` արտահայտելու նոր տրամադրություններն այն հեղափոխական մթնոլորտի, որի մեջ նրանք ապրում են:
Եվ երբ իտալացի «ակադեմիկոսները» հայտարարում են, թե ռուս նկարիչները ցանկանում են մեզ զարմացնել մեր իսկ, արդեն իր դարն ապրած տեխնիկայով, նրանք չեն հասկանում, որ այդ տեխնիկան խորհրդային մթնոլորտում բնական և անհրաժեշտ է, մինչդեռ բուրժուական Եվրոպայի համար այն ընդամենը հետաքրքիր և անհասկանալի հորինվածք է:
Վերցնենք թեկուզ Աննենկովի2 դիմանկարները, և հատկապես Տրոցկու վիթխարակերպ դիմանկարը, որն այնպես բոլորի ուշադրությունն է գրավում:
Այստեղ կուբիզմը գեղեցիկ ձևով կիրառված և բոլորին հասկանալի է, քանի որ անխուսափելի միջոց է դեմքի և միջավայրի դինամիկության արտահայտման համար: Հեղափոխական Կարմիր բանակի ոգին իր անզուսպ պոռթկման մեջ, անողոք պայքարի մթնոլորտը գեղեցիկ կերպով ձևավորվել են այդ տեխնիկայի կոտրտված գծերի և վերակառուցված պլանների մեջ:
Կուբիզմը շարժում է շրջանակներից դուրս: Գծերի և պլանների անկյունայնությունը, սահմանագծված ձևերի մեկուսի գունեղ մեկնաբանությունը և վրձնի ենթարկումը ինքնուրույն երանգայնությանը հաղորդում են բնական շարժում խորության և լայնության մեջ… Երկրաչափական ձգտումը, ողորկությունների և խորանարդների մեքենական շարժումը վերափոխվում են գծերի և գույների մոլեկուլային շարժման:
Այն ժամանակ, երբ եվրոպացի նկարիչների գործերում այս տեխնիկայի կիրառումը մեծ մասամբ թողնում է ինչ-որ անավարտի, անհասկանալիի, բնությունից օտարացածի տպավորություն, Աննենկովի գործերում` հատկապես Տիխոնովի, Պոլենսկու, Տրոցկու դիմանկարներում, այն փոխարկվում է թրթռացող մթնոլորտի, շարժման, իրականության:
Այնտեղ ոգին համապատասխանում է ձևին:
Եվրոպական արվեստում կան ընդհանուր հոսանքներ, որոնց ազդեցությանը ենթարկվել են գրեթե բոլոր ժամանակակից նկարիչները: Սեզանի անունը ճակատագրորեն կապված է մեր օրերի մշակութային շարժումների բոլոր քիչ թե շատ խոշոր երևույթների հետ: Տարօրինակ կլիներ, եթե ռուսական նկարչությունն իր նվաճումների մեջ անտեսեր նման երևույթը և իր մեջ չարտացոլեր նրա լավագույն կողմերը:
Ոչ մի կասկած չկա, որ իր զարգացման ընթացքում, խորացնելով և արտահայտելով ժամանակակից դարաշրջանի հեղափոխական ոգին` ԽՍՀՄ-ի արվեստը կկարողանա վերջիվերջո բացարձակապես ազատվել օտար ազդեցություններից և դնել այն նոր արվեստի հիմքը, որը նրանից սպասում են: Սակայն մշակույթը մեկ օրում չի ստեղծվում. արվեստում նոր արժեքները հեշտ չեն տրվում, տարիներ են անհրաժեշտ, պետք են նոր գիտակցության կազմակերպում և տեխնիկական նյութական հնարավորություններ:
Առայժմ ոչ մի տեղ չի զգացվում այնքան աշխուժություն, բերկրալից, լուրջ աշխատանք, որքան այստեղ` խորհրդային պավիլյոնում: Ցուցահանդեսի այս հատվածն ուրախ տեսք ունի, լեցուն է կյանքով, այնտեղ վառ և արևոտ կերպով զգացվում է անզուսպ պոռթկում, թեթև և անկաշկանդ թափ, ընդարձակություն:
– Այստեղ հողի բույր կա, կարծես գարուն լինի այստեղ,– ասաց ինձ մի ծանոթ իտալացի:
Նա իրավացի էր. այստեղ ամեն ինչ երիտասարդ է:
Ես դիտմամբ հետևում էի այցելուների տրամադրությանը: Ահա նրանք լուռ թափառում են իտալական պավիլյոնի մեծ սրահներում: Դիտում են, լրջորեն ինչ-որ բան են փնտրում և շուտով հասկանում են: Այստեղ ամեն ինչ ասված է հասարակ բառերով, ամեն ինչ նկարչական է և նրբորեն գեղեցիկ:
Հոլանդացիների մոտով նրանք անցնում են արագ (և ափսոս, որ այդքան արագ) անվերջանալի փորագրությունների մոտով: Բելգիացիների մոտ լրջանում են, հաճախ փոխում են դիրքը, կարծես հարմար հենակետ են փնտրում, և երկար նայում են կատալոգի մեջ:
Իսպանական պավիլյոնում նրանց համար մի քիչ սարսափելի է. նրանք նկարներին նայում են որպես հեռավոր համայնապատկերի: Արագ անցնում են անգլիացիների մոտով, վազելով կտրում դահլիճները` գրեթե կանգ չառնելով, և մտնում են ֆրանսիացիների մոտ: Ինչ-որ բան են փնտրում և զարմացած նայում են միմյանց: Այցելուները հոգնել են: Մի րոպե նստում են այգում և նայում ինչոր տեղ հեռուն: Նրանց համար ձանձրալի է, նրանք բավարարված չեն:
Գերմանացիների մոտ ծանր է: Բոլորը ծանոթ բաներ են, այդ բոլորը տեսել են վերատպություններում:
Սակայն ահա վերջին պավիլյոնը: Մտնե՞լ, թե՞ չմտնել: Նայում են` տարօրինակ ճարտարապետություն: Ինչ-որ մեկը ցույց է տալիս մեծ կարմիր դրոշը: Խորհրդային Ռուսաստան, բոլշևիկներ. ո՞վ գիտի, ի՞նչ մտքեր են անցնում լրիվ հոգնած և հիասթափված այցելուների ուղեղներով: Եվ կարծես թե նրանք մի քիչ վախեցած են: Սակայն ահա վճռում են մտնել, բարձրանում են սանդուղքներով և ինչ-որ բան են շշնջում: