Ռուբիկոն

Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ռուդոլֆ Կասսներ

Մի քանի շաբաթից կլրանա ինը տարին, երբ ես նրա մահվան անմիջական ազդեցության տակ հրապարակեցի իմ հիշողությունները նրա մասին, որոնցում փորձ էր արվում նաև, նման պարագաներում հնարավոր հակիրճությամբ, վեր հանել նրա անձնավորության և ստեղծագործության հիմնարար ճշմարտությունը: Այսօր, վաթսուն տարի է, ինչ նա աշխարհ եկավ Պրահայում, երևի թե ամենամեծ որդին այդ քաղաքի, ուր նա հազվադեպ պիտի վերադառնար իր կյանքի ընթացքում: Այսօր, երբ ես կրկին ուշադրությամբ ու ջանասիրությամբ անցա նրա ողջ ստեղծագործության միջով, այն դեպքում, երբ դրա հետ եմ տարիքս առել, նա երևաց ինձ ավելի նշանակալից, կարևոր ու լեցուն, քան երբևէ, այնպես որ ես նրա ժամանակակիցներից ոչ մեկին չեմ կարող դասել նրանից վեր և միայն շատ քչերին կդնեմ նրա կողքին:

Գեղարվեստով և մտասևեռությամբ Գերմանիայի բանաստեղծներից նրան համազոր էր Շտեֆան Գեորգեն, սակայն փայլը, որ ճաճանչում է Ռիլկեի բանաստեղծություններից, ավելի մաքուր է: Հավանաբար Գեորգեն` առավել կրքոտը նրանցից, ավելի ծանր էր աշխարհի և իր հետ փոխհարաբերություններում, ինչ-որ բան նրա բանաստեղծություններում մնում է բռնի, կարծր, ոչ բարի, և չմոռանանք, որ Ոգու արքայությունում ամենայն բռնի, բռնաբարող բան անխուսափելիորեն պատճառ է դառնում աղտոտության, անթափանցիկության: Ի դեպ, որպեսզի այլևս կասկածի տեղիք չտանք, Ռիլկեն մաքուր մարդկայինի մեջ խորագույն, ներքին համեստության հետ մեկտեղ որպես բանաստեղծ միշտ գիտակցում էր սեփական բարձր ռանգը: Օրինակ նրան կարող էր հավանաբար վիրավորել արհամարանքը (Գեորգեի երկրպագուների կողմից), հատկապես երբ դա դրսևորվում էր բավական ծիծաղելի, նույնիսկ ուղղակի անհեթեթ ձևով, ինչպես որ իրոք ժամանակ առ ժամանակ տեղի էր ունենում, բայց դա երբեք չէր կարող նրան դրդել կասկածել իր ուժերին: Այսօրվա մարդու, առավելապես գրողների սովորական դարձած թերարժեքության գիտակցությունը օտար էր նրան, նրա հոգին չափազանց ազնվական էր: Կյանքում ինձ հանդիպած բազմաթիվ մարդկանցից նա անկասկած ամենագրավիչն էր, կամ միանգամից ասենք` ով ամենաշատն էր պահպանել տեսակը: Նա ամբողջովին ներծծված էր տեսակով: Ամեն բան նրանում տեսակ ուներ կամ տեսակ էր:

Ես ինքս հաստատ երբեք նույնիսկ չէի փորձի Ռիլկեի կողքին դնել Նիցշեին կամ նրանցից մեկի հետ հիշատակել մյուսին: Ռիլկեի մասին գրքերից մեկում (Կատարինա Քիպպենբերգի գրած) սակայն, դա արվում է բազմաթիվ տեղերում, դրա համար էլ ես մի պահ ուզում եմ անդրադառնալ այդ երկու միանգամայն հակադիր, ինչ-որ առումով անհամատեղելի ոգիների ու մարդկանց համեմատությանը, ընդ որում ելնելով դիմագիտությունից: Նիցշեն ականջի մարդ էր, Ռիլկեն` աչքի: Նիցշեի մուգ աչքերը սևափայլ աստղերի նման բոցավառվում էին սրատես ակնոցների շատ հաստ ապակիների ետևից: Նա մարգարե է ուղն ու ծուծով, բանը նրա դեպքում երբեք շատ կամ քիչ հաջողված կանխատեսումների մեջ չէ, ինչը միշտ էլ հեշտ է տրվում և ավելին չարժե, քան ուղեղի մյուս հատկությունները, ասենք` լավ հիշողությունը, ո՛չ, Նիցշեն ուներ վկայողի ասպեկտը, նա ուներ մարգարեի փորոտիքը, նրա սիրտը, նրա երիկամները: Այստեղից էլ նրա ասելը, տեղեկացնելը, նրա ամբողջական, հրաշալի մուտքն ու սկիզբը: Սակայն ինչպես է նա բացակայում այնտեղ, որտեղ աչք է պահանջվում: Ինչպես չի տեսնում այդտեղ` իրեն և ուրիշներին օգնելով ինչ-որ տեսակ սրամիտ, ձանձրալի բաներով: Չկա թերևս ավելի ձանձրալի բան, քան այն սրամտությունը, որում ձանձրալին, թվում է, հասնում է անտանելիության:

Իսկ Նիցշեի դատողություններից շատերը արդյո՞ք նախապաշարումներ չեն, այդ իսկ պատճառով մարգարեական մարդու նախապաշարումներ: Եվ նրա գաղափարներից շատերը` սխալ գաղափարներ: Արդյո՞ք «Նույնականի վերադարձը» սխալ գաղափարի հրաշալի օրինակ չէ, լսողության մարդու գաղափարի, սխալ մարգարեի ճշմարիտ գաղափարի կամ ճշմարիտ մարգարեի սխալ գաղափարի:

Անմիջականորեն կամ կողմնակիորեն իմ ճանաչած բոլոր մարդկանցից ոչ ոք այդքան ոչ պիտանի չէր մարգարեի կարգավիճակի համար կամ հակված չէր մարգարեականին, որքան Ռիլկեն: Նրա ծիծաղը, որ անմոռանալի է այն երբևէ լսածների համար, պոռթկուն, հաճախ կարծես նրան իսկ ցնցող, երեխայի սրտառուչ ծիծաղը, որում ինչ-որ բան կար նաև չափազանց բարի, տիրոջը անսահման նվիրված շան ծիծաղից կամ մռութը ծամածռելուց, ասում եմ` տղամարդկանց մոտ իմ տեսած ամենահրաշալի այդ ծիծաղը կարող էր մեկնվել որպես բողոք մի բանի դեմ, այսինքն` նրանում մարգարեականի հնարավորության վերաբերյալ ընկերների կամ ընկերուհիների հավանական ենթադրությունների կամ ակնարկների դեմ: Պետք էր միայն տեսնել ու մտածել ամբողջապես տեսողական այդ մարդու դեմքը: Անտանջ, երիտասարդ, ի դեպ միանգամայն ոչ երաժշտական, բնավ ոչ «մեծ» ճակատ, ունքերի դյուրաբեկ, հստակ աղեղներ, ամենաերկնագույն երկու աչքեր, երկնագույն, որը երբեմն հանդիպում ենք ֆրանսիացի ազնվականների` 17-րդ դարի Բուրբոնների մոտ, աչքեր, որ միաժամանակ տղայի են և պայծառատեսի, իսկ ավելի ներքև` տգեղ, երևի թե սլավոնական քիթ, առանց ազնվականության, բայց փոխարենը զգացող, ինչպես ոչ մեկ ուրիշ քիթ, զգալուց առաջ հոտոտող, բառերի շնչառության ու փոթորկի մեջ փքվող, երբ ընթերցում էր միայն իրեն հատուկ ձևով: (Նիցշեի քիթը, ըստ էության, նշանակալից չէր, [սակայն նրա քրոջ մոտ այն արտահայտված էր որոշակիորեն], այն կարծես բռնաբարված ու իր կենսատարածության մեջ ճնշված էր ճակատի ու ծնոտի միջև): Ռիլկեի դեմքն ավարտվում էր բերանում, լցվում էր բերանը. գետաբերան էր այդտեղ: Այդպիսի բերանից հետո կամ ներքև այլևս չկար ծնոտ, որ դիտարկելի լիներ: Այդ մեծ բերանը, որ առկա էր, որպեսզի բառերը լցվեն Մեծ, ավելի Մեծ, Ընդհանրական բանի մեջ, ինչ-որ հիվանդագին, մահացած պահ ուներ իր մեջ: Եվ ինչպես չի համաձայնեցվում դա նրա այն ուսմունքի հետ, ըստ որի յուրաքանչյուր ոք պետք է մահանա իր սեփական մահով, պետք է ծնի իր սեփական մահը: Ուսմունք, որը, – մենք դրան դեռ անդրադառնալու ենք, – ծնվել է սխալ գաղափարից ճիշտ այնպես, ինչպես Նիցշեի «Նույնականի վերադարձը»: Միայն թե այստեղ մենք գործ ունենք տեսողական մարդու գաղափարի հետ, մի մարդու, որը հաճախ շատ սուր է տեսնում, չափազանց շատ է նայում կամ չափազանցնում է տեսնելը:

Մեր առջև են ժողովված նրա երկերը: Նրա մահից ի վեր ավելացել է միայն մի հատոր` «Ուշ շրջանի բանաստեղծություններ»-ը: Նամակները բացառիկ կերպով լրացնում են նրա երկերը: Երկերն ու նամակները այստեղ կարելի է համեմատել բաճկոնի և աստառի հետ, սակայն վերջինս այնքան թանկարժեք կտորից է, որ թերևս կարելի է մտածել բաճկոնը աստառով դուրս հագնելու մասին: Անկասկած, կան ավելի կարևոր կամ նույնքան կարևոր նամակներ, սակայն ոչ ավելի գեղեցիկները: Եվ այստեղ էլ հենց առիթ է ընձեռվում պատասխանելու այն առարկությանը, որը երբեմն դառնում է հնչեղ, ըստ որի դրանք բոլորն ի սկզբանե գրվել են որպես երկերի լիակատար ժողովածուի բաղկացուցիչ մաս` հետմահու հրապարակվելու համար: Այդ առարկությունը քննադատության չի դիմանում արդեն իսկ այն պատճառով, որ հիմնված է Ռիլկեի ողջ անձնավորության թերըմբռնման վրա, քանզի Ռիլկեն բացահայտ կամ քողարկված և ոչ մի նախադրյալի ներքո երբեք չի գործել արվեստի ու բնության, սպոնտանության ու ռեֆլեքսիայի, նաիվի ու սենտիմենտալի և այլնի Շիլլերից հետո գերմանացիների համար չափազանց սովորական դարձած հակաթեզերով: Հակաթեզերի վրա խարըսխվող և առանց դրա շունչ չառնող ամենայն ճարտասանություն միշտ եղել է նրան միանգամայն օտար և հեռու:

Կարդալ նաև

Գրականություն Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926) Ռուդոլֆ Կասսներ Հունիս 1914: Մենք երկուսով հյուր էինք Դուինոյում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող այն ամրոցում, որտեղ Ռիլկեն երեք տարի առաջ գրել էր իր առաջին «Դուինյան էլեգիաները»: Այդ ընթացքում ամրոցն ավերվել էր իտալական նռնակներից և նորից վերակառուցվել… Գրականություն Վարիացիա ըստ մի «Մտքի»* Պոլ Վալերի Անհուն տարածությունների հավիտենական լռությունը սարսափեցնում է ինձ: – Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա… Գրականություն Հայկական հակաժողովրդական հեքիաթներ Գրիգոր Բաբայան Ինչո՞ւ «հակաժողովրդական», քանզի նորիցնոր պիտի ասենք. «Ափսոս էս ազգը, որ էս ժողովրդի ձեռքն է ընկել»: Հայ Ազգագրության և բանահյուսության նախշակար հանդերձանքի ծոպերից կառչած` շատերը մոռանում են, որ աշխարհիկի և հոգևորի մոտավոր ու կցկտուր կապը…