Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935
մերը բարձրանում է մեզնից, ինչպես շոգին տաք կերակուրից: Օ~, ժպիտ, բայց ու՞ր:
Երբ ըստ «Գիրք ծննդոցի» պատկերացման և ցուցումի դրախտը փակվեց մարդկային առաջին զույգի ետևում և արտաքսված մարդը սփռվեց մնացած ազատ երկրի վրա, պատահեց նաև, որ մարմինն ու հոգին կամ հոգին և ոգին բաժանվեցին իրարից, և ձևավորվեց մի նոր աշխարհ` ոգու աշխարհը, գաղափարների աշխարհը, նաև մոնումենտալի աշխարհը, այն աշխարհը, որում անջըրպետ է դրված վայելքի և աշխատանքի, բավականության և պարտականության միջև:
Ռիլկեի տարածության աշխարհը ամենաորոշակի իմաստով ո՛չ ոգու, ո՛չ էլ գաղափարների կամ մոնումենտալության, այլ ամբողջապես հոգու աշխարհ է: Որն իր նմանը չունի ժամանակակից բանաստեղծների մոտ: Ոգին լոկ հոգու եզրն է, պառակտում, սիրահարների պառակտում: Ռիլկեի մասին սկզբում նշված նոր գրքի հեղինակը լիովին իրավացի է, երբ ասում է, որ նրա մոտ կան միայն սիրողներ և սիրեցյալներ, բայց ոչ սեր որպես այդպիսին, Էրոս: Ռիլկեն բնավ պլատոնական մարդ չէ, որի համար սերը, դրա գաղափարն ու հասկացությունը ավելի էական են, քան ինքնին սիրողները, ինչպես Գասպարա Ստամպան, ինչպես պորտուգալական միանձնուհին և այլք: Կամ եթե կարելի է խոսել Ռիլկեի պլատոնիզմի մասին, ապա դա այն մարմնից է, որում ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ զրկանքը բավականություն է դառնում.
Սիրահարներ, ձեզ, իրար հերիքողներիդ
ես հարցնում եմ մեր մասին: Դուք բռնում եք ձեզ:
Ապացույցներ ունե՞ք:
Որքան ցնցող է սա` ապացույցներ ունե՞ք: Իսկական պլատոնականն ունի. գաղափարում և կարգավորվածությունում հասկացությունների միջոցով, գաղափարների և կարգավորվածության մոնումենտալության մեջ, և դրանով ապրում է այսպես ասած a priori: Ինչպես էլ որ նա ուզենար անասելի «Դուք բռնում եք ձեզ»-ը տարանջատված տեսնել հաճախ չափազանց ասելի ապացույցներից: Ռիլկեն, սակայն, ուզում էր, որ մենք մեր բռնելով, «անսահման» բավականության միջով գանք ապացույցի: Որից էլ բնականաբար կարող են գոյանալ զանազան արատներ և ոչ թե մեղքեր ինչոր դոգմատիկ իմաստով: Որքան ինձ հայտնի է, Ռիլկեն երբեք չի մոտեցել Չինաստանի ոգեղեն աշխարհին, այնուհանդերձ դրանից ինչ-որ բան ապրում էր նրանում, քանզի այն ևս չի տեսնում կամ չի գտնում ոչ մի պատճառ բանականը դրախտայինից զատելու համար, կամ այդպիսի տարանջատման մեջ կարող է լոկ տափակության արտահայտություն տեսնել:
Ռիլկեի տարածության և հոգևոր աշխարհը, սակայն, իր բարձրագույն նմուշն ունի ոչ այնքան հին Չինաստանում, որքան հին Եգիպտոսում, այնուհետև, չնայած անհամեմատ ավելի խոր իմաստով, հին էտրուսկների շիրիմների աշխարհում: Այստեղից էլ` նրա գիտակցական-անգիտակցական նախասիրությունը այդ երկուսի հանդեպ: Մահվան մասին արդեն հիշատակված պատկերացումը, սեփական մահը ծնելու գաղափարը, հազարամյակներ առաջ հատուկ է եղել հին ժողովուրդների հուղարկավորության ծեսերին:
Ես պետք է անդրադառնամ Քրիստոսի կերպարի հետ Ռիլկեի ունեցած հարաբերությանը, որից ելնելով ժամանակին նրան նվիրված իմ հիշողություններում փորձ է արվել մուտք գործել նրա երկերի մեկնության մեջ: Քրիստոսը վերջ դրեց հին ժողովուրդների շիրիմների և դրանով էլ տարածության աշխարհին: Նրա բառերի իմաստը սա է` թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին: Իսկ նրա ինքնազոհ մահվան իմաստը նաև նրանում է, որ մենք չծնենք մեր սեփական մահը կամ որ բուրգերի դարաշրջանի հին արքաների սեփական մահվան այդ ծննդաբերությունը նրանից ի վեր կորցրել է իր իմաստը և դրա մասին այլևս խոսք լինել չի կարող: Ճիշտ այդպես էլ այն առկա չէ նաև ողբերգության մեջ, չնայած որ կարող է առկա լինել նաև Դիոնիսոս Զագրեևսի մյութոսում (Վ. Օտտոյի նշանավոր «Դիոնիսոս» գրքի առնչությամբ), այն աստծո, որը բզկտում է, իսկ հետո բզկտվում: Սակայն ողբերգության զգացողությունը Ռիլկեին պակասում էր նույնքան, որքան Մարդաստծոն: Կարելի՞ է արդյոք ավելի զերծ լինել դրանից, – ես նկատի ունեմ Քրիստոսի իմաստից, – Մորը Որդուց վեր դասելով (ինչը լոկ տարածության աշխարհում է հնարավոր) և «Մարիամի կյանքի» պիետայում Մարիամից հետևյալ բառերը լսելով`
Այժմ դու իմ ծնկներին ես, Եվ ես քեզ այլևս չեմ կարող ծնել:
Այստեղից ուղիղ ճանապարհ է տանում ութերորդ էլեգիա, որը նա ինձ է նվիրել:
Օ~, երանություն փոքր արարածների,
որ միշտ մնում է նրանց հասունացող ընդերքում.
օ~, երջանկություն մոծակի, որ դեռ թռչկոտում է ներսում,
նույնիսկ երբ հարսանիք է անում. քանզի ընդերքն
ամեն ինչ է:
Ես լավ հիշում եմ, թե նա ինչպես էր խոսում մոծակի ներքին երջանկության մասին այդ էլեգիան գրելուց շատ տարիներ առաջ Դուինոյի կենդանաբանական այգում մեր այն զրույցներից մեկի ժամանակ, երբ խոսքը նաև միջնորդի ու միջնորդության և դրա հետ նրա հարաբերության մասին էր: Հավանաբար ընծայական ուղերձը կապված է թե՛ ունիվերսալ դիմագիտության իմ նախագծում որոշակի տեղերի և թե՛ «Թիվ և դեմք»-ի ներածականի հետ: Երբ ես տեսա նրան վերջին անգամ 1923-ի ամռանը, Դուինյան գարնանային շաբաթներից տասը տարի անց, մենք այդ մասին այլևս չխոսեցինք: Մեր միջև այդ մասին այլևս ասելիք էլ չկար:
Շիրիմի և ընդերքի մասին այստեղ ասվածի հետ կապված հարկ է կարդալ նրա ամենանշանակալից բանաստեղծություններից մեկը` «Ռեքվիեմը», որ գրվել է երիտասարդ կոմս Վոլֆ ֆոն Կալկրոյթի մահվան առիթով: Ինքնասպանության մասին ավելի վեհորեն, քան այստեղ երբևէ չի խոսվել: Խոսքը ոչ թե որևէ հին հռոմեացու կամ ստոիկի, ոչ էլ քրիստոնյա մարդու, այլ հոգու ինքնասպանության մասին է տարածության աշխարհի ներսում:
Որ դու քանդել ես: Որ քո մասին դա
պիտի ասվի բոլոր ժամանակներում:
Ես ասացի, որ մոնումենտալը Ռիլկեի աշխարհից մնում է վտարված, ընդ որում սահմանափակումով չհապաղելու համար, նկատի ունեմ ոգեղեն աշխարհի մոնումենտալությունը: Իհարկե կա նաև հոգեղեն աշխարհ, որը ծածկվում է շիրիմների աշխարհով: Ռիլկեն դա տեսնում էր, կամ դրան էր ձգտում նրա հոգին: Այստեղից էլ ծագում է նրա սերը կամ նախասիրությունը փոքրերի հանդեպ: Որքանով որ նրա համար կար ոչ թե սերն ինքնին, այլ կային միայն սիրահարներ և սիրեցյալներ, նույնքանով էլ կար ոչ թե մեծությունը, այլ կային միայն մեծ իրեր, արքաներ, Հայր Աստված, Մովսես, թագավոր, որի առջև է գալիս Եսթերը բանաստեղծության մեջ, և հետո արդեն փոքրերը, մոծակները: Իսկ դրանց արանքում ինքն էր, բանաստեղծը, լարվածն ու լարողը:
Ռիլկեն զերծ էր պատմականության գաղափարի կամ գաղափարների կապակցման, ինչպես նաև իդեալական կապերի զգացողությունից: Այստեղից ևս մենք հասնում ենք նրա տարածության աշխարհին և Քրիստոսի կերպարի նրա չըմբռնմանը, որը ինչ-որ չափով կանգնած է մյութոսի և պատմության սահմանին: Ռիլկեն ուզում էր կամ կարող էր միայն ըմբռնել մյութոսը:
Իսկ այժմ ես գալիս եմ վերջինին` երազի և այնուհետև Ֆրոյդի հոգեվերլուծության տեսության հետ Ռիլկեի ունեցած հարաբերությանը: Այստեղ ևս մենք պետք է նրա տարածության աշխարհը դիտենք որպես հիմք նրան լիովին ըմբռնելու համար, նրա տարածության աշխարհը` բացահայտելի երազների շերտերով, որում նման շերտերի կամ շերտավորումների կազմավորմանը նպաստելուց բացի ժամանակին ոչ մի ուրիշ ֆունկցիա չի մնում: Պետք է նկատի առնել, որ Ռիլկեին (ինչ էլ որ դրա դեմ չբերվի սովորական ընթերցողի անորոշ պատկերացումներից) միանգամայն անհնար է բնորոշել իբրև երազների բանաստեղծ, ինչպես օրինակ Սուինբըրնի կամ Հոֆմանսթալի դեպքում, որի Անդրեաս ֆրագմենտը իր որակի մեջ իբրև երազի բանաստեղծություն հասավ նրբագեղության բարձրագույն աստիճանին: Ռիլկեն կյանքում ևս բնավ երազող չէր: Նրան կարելի է ավելի շուտ մեդիալ (medial) հասկացությամբ բնորոշել: Փաստորեն կարելի է ասել, որ նրա համար երազելու և տեսնելու միջև կարծես ոչ մի տարբերություն չկար կամ էլ որ նրա համար երազելն ու տեսնելը այնքան մեկ էին, որքան հոգին ու տարածությունը:
Գերմաներենից թարգմանությունը`Արա Գուրզադյանի
Rudolf Kassner «Buch der Erinnerung»