Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935
Այստեղից էլ հասկանալի է դառնում Ռիլկեի բանաստեղծական չափն ու ռիթմի գերակայությունը, նույնիսկ ավելին` դրա և յուրաքանչյուր ռիթմի ըմբռնումը: Նաև այն, որ Ռիլկեն երբեք ոտանավոր գրող, ստրոֆե կառուցող չէր կարող լինել Պլատենի և ուրիշների նման, որոնցից մաքուր, սուրբ տարածությունը` հոգու և փոխակերպության տարածությունը, հիմնովին խույս է տվել: Ռիլկեի սոնետները որպես այդպիսին, որպես սոսկ ձև բնավ համոզիչ չեն:
Նրա այդ տարածության աշխարհին ես կուզեի մի բան էլ ավելացնել. Ռիլկեն ռոմանտիկ չէր, նրա լիրիկան բազմաթիվ և շատ որոշակի պատճառներով ռոմանտիկական չէր: Իսկ ռոմանտիկական «ծուլության» տեղում, որի դեմ ոչինչ չէր կարող առաջ քաշվել արդեն իսկ այն պարզ պատճառով, որ դրանից էր ծլարձակել վերջին և ամենախտացած ռոմանտիկի` Մյորիկեի հրաշագեղ ծաղիկը, նաև ռոմանտիկական ՙհղացման՚ տեղում Ռիլկեն դնում է «աշխատանքը», մի հասկացություն և բառ, որը նա անբասիր կերպով փոխառել էր տարածության մեջ աշխատող արվեստագետների արվեստանոցներից կամ որի նշանակությունը նա հաստատել էր նրանց և հատկապես Ռոդենի մոտ: Ռոմանտիկներին անհնար է պատկերացնել գերմանական երաժշտությունից դուրս, իսկ նրանց ամենագեղեցիկ երգերը տեքստեր են նոտաների համար:
Ռիլկեի բանաստեղծությունները գտնվում են, ես կրկնում եմ, տարածական արվեստների հետ անմիջական հարաբերության մեջ: Ռիլկեն, եթե նրան պատմականորեն ճշգրիտ ֆիքսելու լինենք, կանգնած է 19-րդ դարի եվրոպական բարձր լիրիկայի ներսում, այն շարժման վերջում, որն Անգլիայում սկիզբ է առել երբեք բավարար գնահատանքի չարժանացած Ջոն Քիթսով և կարող է բնորոշվել որպես տեսողական մարդու լիրիկա, եթե ուզում ենք այն տարբերակել Այխենդորֆի կամ Մյորիկեյի գերմանական երգեցիկ երգից աշխարհի իմ դիմագիտական պատկերի իմաստով: Սա չի նշանակում ավելին, քան սոսկ հավաստում և ուղղված է հատկապես նրանց դեմ, ովքեր հավանաբար նաև Ռիլկեի ստեղծագործությունը կուզենան տեղադրել բարոկկոյի հասկացության կամ հավաքական անվան ներքո, ըստ որում մի շարք պատճառներով, քանզի Ռիլկեն մի ժամանակ հին ավստրիացի է եղել, ծագումով Պրահայից է, բարոկկոյի աշխարհի ամենագեղեցիկ քաղաքից, և վերջապես հաճելի է, բացի այդ նաև միանգամայն անվտանգ, այդպիսի ճոխ բառով ամեն տեսակ թռիչքներ գործելը զարմացած հասարակության առջև:
Իսկ այն, ինչ տարբերակում է Ռիլկեին Ջոն Քիթսի հետևորդներից, ավելի ճիշտ` ինչում նա գերազանցում է նրանց, բոլորովին այլ բան է, քան բարոկկոն, մի բան, որն ի վերջո կարող էր հաջողվել միայն գերմանացուն, այն էլ հատկապես հին Ավստրիայի գերմանացուն` հստակ խորացում: Այս բառը ցավոք չարչրկված է: Ես կարծում եմ սակայն, որ այստեղ իրոք, ինչպես ասում են, ընկղմում է կատարվում և հետքն ավազուտի միջով մեզ բերում է ակունքներին, որոնք խցանված էին թվում, և ամեն բան, այդպիսով, կարող էր ավելի հոսուն, շարժուն, հառնող ու անհատակ ներկայանալ: Այստեղից մենք նորից եկանք տարածության մեր աշխարհին, քանզի փաստորեն ուրիշների մեծամասամբ էսթետային պատկերների աշխարհն այստեղ դարձել է պատկերի և տարածության աշխարհ, իսկ տարածությունը` հոգի: «Տարածություններ էակներից», այսպես է անվանում նա երկրորդ էլեգիայում ամենագեղեցիկներին` հրեշտակներին:
Իմ մատնանշած տարածության աշխարհի այս գաղափարից մենք կարող ենք և պետք է ձեռք բերենք Ռիլկեի բանաստեղծության հոգևոր աշխարհի համար վճռորոշ ու որոշարկող մնացյալ ամենը: Եվ ես ուզում եմ այստեղ ընդհանուր առմամբ, քայլ առ քայլ, հաջորդաբար ներկայացնել այն, ինչ պատկերում է նրա էությունը, ընդ որում մենք կպարզենք նաև, որ չկա բարձր ռանգի որևէ բանաստեղծի մեկ այլ ուսմունք (ինչ տեսակի էլ որ այն լինի), քան այն, որ խոսում է մեզ հենց բանաստեղծի և բանաստեղծության, ստեղծագործողի և ստեղծագործության լիակատար միասնությունից: Մնացած ամեն ինչ գրեթե լոկ շաղակրատանք է, միանգամայն աննպատակ ու անիմաստ, անօգուտ ձեռնարկում: Իհարկե միշտ չէ, որ հեշտ է այդ միասնությունը ու դրանից կամ դրանով ուսմունք ձեռք բերելը և ընթերցողից պահանջում է նույնքան շրջահայացություն և արժանապատվություն, որքան անձնվիրություն: Ռիլկեի համար միանգամայն վճռորոշ ու տարածության աշխարհի հասկացությունից գրեթե տրամաբանական հետևանք է երևութանում ինձ այն, որ Ռիլկեի մարդը, իսկ դա միշտ սիրող մարդն է («իրար հերիքողները»), որ Ռիլկեն ինքը, նրա հոգին երբեք դրախտից դուրս չի եկել կամ դուրս բերելի չէր: Նշանավոր այն վտարմանը նա իրեն փաստորեն առնչված չէր զգում: Աստված հեռացել էր (առնվազն շատ երկար ժամանակով) կամ անտեսանելի էր դարձել նրան, հրեշտակները վստահաբար անհետացել են այդտեղից և աստղերի ետևն անցել, իսկ մարդը` ոչ: Այդ իսկ պատճառով վերջինս զգալիորեն կամ, ավելի ճիշտ, էապես չէր անջատվել կենդանուց, կամ էլ մարդու և կենդանու միջև առնվազն օտարացում էր գոյացել: Սա կարևոր է, բայց ոչ այնքան կարևոր, որքան այն, որ դրանից էլ Ռիլկեի մարդուն բոլոր պարագաներում մի բան է պակասում. համառությունը, Կայենի համառությունը, Լյուցիֆերի և բոլոր լուսաբերների ու մերժվածների համառությունը: Կա՞ արդյոք մի աշխարհ, որում համառությունն այդքան անպատկերացնելի և անիմաստ լինի, ինչպես Ռիլկեի աշխարհն է: Համառության այդ պակասն իհարկե դեռ խոնարհություն չէ կամ նման մի բան, որ ցանկանում են վերագրել Ռիլկեին եռանդուն քարոզիչները: Այստեղից է, որ միանգամայն հասկանալի են դառնում էլեգիաների հրեշտակն ու այն պարագան, որ վերջինս ընդհանուր ոչինչ չունի քրիստոնեական – կաթոլիկական հրեշտակի հետ, որի մասին, ի դեպ, խոսում է Ռիլկեն վերջին հատորի նամակներից մեկում:
Յուրաքանչյուր հրեշտակ ահավոր է:
Այժմ պարզ է, որ այդ պատճառով հետևյալ երկու հասկացությունները կամ գաղափարները, կամ էլ պատկերացումները չեն հանդիպում Ռիլկեի մոտ` մեղավորությունն ու առավել ևս մեղքը: «Մեղսավոր» մարդը նրա տարածության աշխարհի ներսում կարող է թերևս արատավոր լինել ինչպես կենդանիները, որոնցից մարդը, ինչպես ասվեց, երբեք իրականում չի անջատվել, ինչպես օրինակ` կապիկները, որ արատներ ունեն, բայց ոչ մեղքեր: Ես կարող եմ պատկերացնել, որ Ռիլկեն պետք է որ անտանելի համարեր Ամֆորտասի նման մեկին «Պարսիֆալում», եթե նա երբևէ փորձ արած լիներ մուտք գործել Ռիխարդ Վագների իր համար օտարագույն աշխարհը: «Մեղսավորը» նրա աշխարհում բացթողողն է, «վրիպողը», ոչ մաքուր հակասության մարդը, ոչ ճշգրիտը, նա, ով չի հասնում գոյին (որպես միակ նպատակի, ապրողների և մեռյալների միասնության և միացումի աշխարհում): Մեծագույն ներթափանցումով դա շոշափվում է վերը մեջբերված երկրորդ էլեգիայում`
Քանզի այնտեղ, ուր մենք զգում ենք, գոլորշիանում ենք, ա~խ, մենք
արտաշնչում ենք մեզ այլուր. փայտետապից փայտետապ
թողնում ենք մենք նրբին բուրմունք: Մեկն ասում է մեզ ահա`
այո, դու արյանս մեջ ես մտնում, այս սենյակը, գարունը
լցվում է քեզնով: Ի՞նչ օգուտ, նա չի կարող մեզ պահել, մենք անհետանում ենք նրանում և նրա շուրջ: Իսկ նրանք, որ գեղեցիկ են, օ~, ո՞վ ետկպահի նրանց: Տեսանելիությունն անդադար հառնում է նրա դեմքին ու գնում առաջ: Ինչպես ցողը վաղնջյան խոտից,