Ռուբիկոն

Շարժում դեպի հավասարակշռություն

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հենրիկ Էդոյան

(Գրական ժանրերը XVII-­XIX դդ. գրականության մեջ)

 «Ոմանց անհատականությունը ավելի տարածական է, մյուսներինը` ավելի ժամանակային: Արդյոք դա չէ՞, որ պիտի լինի տարբերությունը հերոսների ու արվեստագետների միջև»,– գրում է Նովալիսը: Հերոսներն, ըստ էության, միշտ «ծավալվում» են դեպի տարածականությունը (թերևս սրանով կարելի է բացատրել նրանց նվաճողական ձգտումները, քանի որ նրանք, ի վերջո, կապված են տարածության նվաճումների հետ), իսկ արվեստագետները` դեպի ժամանակայինը. նրանք նվաճում են ոչ թե տարածականը, այլ ժամանակայինը, ժամանակը, որի մեջ հղկվում է, խորանում և կատարելագործվում նրանց հոգևոր աշխարհը: Մեկը բացվում է դեպի տարածությունը, մյուսը դեպի ժամանակը. բայց տարածականի միջոցով մեկը մոտենում է ժամանակին, մյուսը ժամանակայինի միջոցով մոտենում է տարածությանը, հետևաբար նրանք հանդիպում են մեկը մյուսին երրորդ չափման աշխարհում, ուր նրանք չեն հակասում, այլ ամբողջացնում են միմյանց, թեև նրանց շարժումը կատարվում է որոշակի մեկ ուղղությամբ (տարածական կամ ժամանակային): Տարածության հիմքում ժամանակն է, ժամանակի հիմքում` տարածությունը, այդ պատճառով` մոտենալով մեկին կարելի է գտնել մյուսին, և հակառակը: Ինքը` Նովալիսը նրանց արտաքին հակադրության մեջ տեսնում է ներքին նույնությունը. «Ժամանակը ներքին տարածությունն է, տարածությունը` արտաքին ժամանակը: (Վերջինի համադրույթը): Յուրաքանչյուր մարմին իր ժամանակն ունի. յուրաքանչյուր ժամանակ` իր մարմինը»: Արվեստագետի համար աշխարհը բացահայտվում է նախ և առաջ ժամանակային տեսանկյունից, որի միջոցով նա մոտենում է տարածությանը: Ժամանակն ընդունելով որպես հոգևոր սկզբունք` (ժամանակն իբրև հոգու տարածություն, նրա միջավայրը, ուր նա ստանում է շարժում և զարգացում) նա «հոգուց» մոտենում է «մարմնին» և իրենց նույնության մեջ (Ֆր. Շելլինգի «բացարձակ նույնության» գաղափարը) գտնում Ոգին` որպես դրանց ընդհանուր սկզբնաղբյուր: Որքան անվերջ է ժամանակը` այնքան անվերջ է տարածությունը, որքան սահմանափակ է տարածությունը, այնքան սահմանափակվում է ժամանակը, իսկ «հոգու» և «մարմնի» անտինոմիան լուծվում է ՙՈգու՚ մեջ (այս անտինոմիան Հեգելի նշած «դժբախտ գիտակցությունն» է, ներքին պառակտումը, որը հաղթահարվում է միայն բացարձակ ինքնագիտակցության կողմից):

«Ամենից կարևորը ճանապարհն է»,– գրում է Հեգելը: Հետևելով XVII-XIX դարերի գրականության անցած ճանապարհին կարելի է տեսնել, թե ինչպես է Արևմտյան գիտակցության «սլաքը» կլասիցիզմի «ոգուց» անցնում XVIII դարի «մարմնին» և ապա` ռոմանտիզմի «հոգուն»: Դա «ուղևորություն» է մարդու եռակազմ աշխարհում, երբ նրա գիտակցության «սլաքը» կանգնում է այս կամ այն կետի վրա և անցնում առաջ` ցույց տալով այդ աշխարհի նոր «հարթությունը»: Ռոմանտիզմի մեջ մարդկային հոգին սահմանափակվելով «սահմանափակ տարածության» կողմից ձգտում է ոչ թե դեպի անցյալը (ինչպես XVII դարի պոեզիայում), այլ` դեպի հավերժը, ուր «սահմանափակ տարածությունը» վերածվում է «անվերջ ժամանակի» (քիչ առաջ ասվածի համապատասխան): Ինֆորմացիոն ամենախոր պլանում կատարված փոփոխություններն արտահայտվում են արտաքին պլանում, վերակառուցում գրականության ստրուկտուրան, ստեղծում նոր լեզու և նոր ոճ: Առաջին հայացքից հստակորեն երևում են ժանրային սահմանները, նրանց տեղաշարժերը, վերադասավորությունները, նրանց հարաբերությունների, տարբերությունների և փոխներթափանցումների ողջ ընթացքը, որի մեջ գծագրվում է մարդու ներքին պատկերը` դիտված նրա ներքին կառուցվածքի (ոգի-մարմին-հոգի) որևէ մեկ անկյունից: Վերցնելով XVII-XIX դարերի երեք հարյուրամյակների գրական ուղին` տեսնում ենք, որ այդ անկյունը տեղաշարժվում է մեկից մյուսին` յուրաքանչյուր դեպքում ընդունելով տվյալ «մարմնի» (կամ մակարդակի) ձևա-էական սիստեմի (կամ` տվյալ հասկացության մտաձևի) ներգործությունը, նրա անմիջական վերա-անդրադարձը` այստեղից բխող բոլոր հետևանքներով (ինֆորմացիայի և նրա կառուցման օրինաչափություններով): XVII դարի կլասիցիստական արվեստում «սլաքն» ուղղված է դեպի Ոգին` մարդուն դիտելով վերանհատական «կոսմոսի» մեջ, որի «բանական իմպերատիվը» իշխում է նրա հոգևոր ողջ կառուցվածքի վրա, XVIII դարի Լուսավորչականության համար մարդը արտաքին աշխարհում ապրող «հասարակական էակ» է, հարաբերությունների սիստեմ, որի սկզբնաղբյուրը դրսում է, հասարակության կառուցվածքի մեջ, իսկ ռոմանտիզմը մարդուն պատկերացնում է «հոգու» տեսանկյունից` որպես ինդիվիդուում («Ես»-ի բացարձակացումը XVIII դարի վերջերի գերմանական փիլիսոփայության, մասնավորապես` Ֆիխտեի տեսության մեջ), որի միջով անցնում է հակասությունը առաջին երկուսի (Հ. Հայնեի նշած «համաշխարհային ճեղքվածքը»): Ռոմանտիկ արվեստագետը սեփական հոգու արտահայտման մեջ տեսնում է անհամապատասխանությունը այն ամենի, ինչ կատարվում է Ոգու ոլորտում և դրան հակադիր վիճակում հայտնված արտաքին աշխարհում:

Առաջինից նա ստանում է իր ներքին «իմպուլսները»` վերապրումները, գեղեցկի այն տեսիլքը, որ նա «գտնում» է իր զգացմունքների մեջ (բայց բացակայում է արտաքին աշխարհում), իսկ երկրորդից (իր միջավայրից, որը կարող է դառնալ ողջ արտաքին աշխարհը)` ողբերգականի ընկալումները, երբ արտաքին աշխարհում նա փնտրում է առաջինը (Ոգին) և չի գտնում, իսկ առաջինի մեջ բացակայում է իր կոնկրետ կեցության (եռակողմ էության երկրորդ իպոստասը) արտապատկերը:

Երկփեղկված «ես»-ը փնտրում է մեկի մեջ մյուսը, քանի որ ինքը («հոգին») տարրալուծված է երկուսի միջև. «մարմնի» մեջ տարրալուծված «հոգու» մասը փնտրում է Ոգին, որի մեջ ինքը բացակայում է, իսկ մյուս մասը Ոգու մեջ փնտրում է արտաքին աշխարհում իր կեցության հիմքերը և չի գտնում: Նա Ոգու մեջ չի փնտրում «ոգի» և արտաքին աշխարհում` «արտաքին աշխարհ», այլ գտնվում է երկու աշխարհների հակադարձ շարժումների կենտրոնում, իր վրա զգալով նրանց հոգե-ներգործության հետևանքները: Այդ պատճառով, ներքաշվելով «հոգու» խորքերը` նա ըմբոստանում է երկուսի դեմ (Բայրոնի «Կայենը» կամ «Մանֆրեդը»), հավասարապես ժխտելով և «ոգին» («Կայեն»-ում` Աստված), և արտաքին աշխարհը (նրա խորհրդանիշն է Աբելը), իսկ կտրվելով նրանցից, մնալով միայնակ, որպես «ինքնա-հոգի», իր խորտակված «մարդկային համաչափության» փլատակների վրա նա մոտենում է Լյուցիֆերին և իր վրա ընդունում լյուցիֆերյան «հակա-ոգու» ներգործությունը` «ոգու ազատության» փոխարեն ստանալով «հակա­ազատության» ազատությունը:

Բայրոնի ռոմանտիզմը նախկին Կոսմոսը կորցրած միայնակ հոգու ողբերգությունն է, որը լեզվի մեջ ձևավորվում է որպես լիրիկա և լիրիկական սկզբունք` անկախ նրա ժանրային պատկանելիությունից: Դա Բայրոնի մեղքը չէ, այլ`ճակատագիրը, որով XIX դարի սկզբներին պոեզիայի մեջ մարմնավորվում է ռոմանտիզմի լիրիկական ոգին, նրա պոետական աշխարհի համարժեք մոդելը: Ինչի մասին էլ գրի ռոմանտիզմը` միևնույն է, հիմքում դրված է նրա լիրիկական սկզբունքը, այդ պատճառով մի որոշակի մակարդակում «ռոմանտիզմ» և «լիրիզմ» տերմինները դառնում են նույնարժեք հասկացություններ: Ռոմանտիկական արձակը իր համարյա բոլոր դրսևորումներում ունի ընդգծված լիրիկական գունավորում1 :

Կարդալ նաև

Գրականություն Մարդն ըմբոստացած Ալբեր Կամյու I ՄԱՐԴՆ ԸՄԲՈՍՏԱՑԱԾ Ի՞նչ է ըմբոստացած մարդը: Մարդ, որ ասում է` ոչ: Բայց եթե նա մերժում է, ապա չի հրաժարվում. սա նաև այն մարդն է, որ իր այդ առաջին մղումով ասում է` «այո»: Ողջ կյանքում կարգադրություններ ստացած ստրուկը հանկարծ անընդունելի է համարում… Գրականություն Ֆրիդրիխ Հյոլդեռլինի երկու բանաստեղծությունները Վալտեր Բենյամին Վալտեր Բենյամինը (1892-1940) գերմանացի փիլիսոփա, գրականագետ և մշակույթի տեսաբան է: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի, Մյունխենի և Բեռնի համալսարաններում: 1933-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում: Սերտորեն համագործակցել է Հորքհայմերի… Գրականություն Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության…