Ռուբիկոն

Նամակներ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

[Քրոջը]1

[Միլան, 26 հունվարի 1770թ.]

Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել: Բայց ինձ տխրեցնում է, որ դու այդպիսով ստիպում ես պր. ֆոն Մյոլկին2 անվերջ հոգոցներ հանել ու տառապել և որ նրա հետ չես գնացել սահնակ քշելու, ինչ է թե կարող էր քեզ գետնին տապալել: Պատկերացնում եմ, թե այդ օրը նա քանի թաշկինակ է կեղտոտել լաց լինելով: Մինչ այդ էլ, երևի, 2 լոտ գինեքար է ընդունել իր մարմնի ամբողջ անմաքրությունը դուրս մղելու համար: Ոչ մի նորություն չունեմ, բացի նրանից, որ Լայպցիգում մահացել է պոետ պր. Գելլերտը3 ու մահից հետո այլևս ոչ մի բանաստեղծություն չի ստեղծի:

Հենց    նոր, մինչև այս նամակին անցնելը, Դեմետրիոյից4 մի արիա ավարտեցի, որը սկսվում է այսպես.

Misero tu non sei:

Tu spieghi il tuo Dolore 

e se non clessti amore 

Ritrove almen pietà

Misera ben so io

che nel secreto taccio 

amo, non spero e taccio

e l’idol mio nol sà5

Մանտուայում օպերան սքանչելի է, խաղում են Դեմետրիո6: Պրիմադոննան լավ է երգում, բայց ցածր ձայնով, ու եթե բեմում նրան չտեսնես և միայն լսես, կարող է թվալ, թե չի երգում, քանի որ բերանը բացել չգիտի, ամեն ինչ նվնվոցով է դուրս բերում, ինչը, սակայն, մեզանում բոլորովին նորություն չի: La secunda Dona7-ն գրենադյորի է նման, նա նաև ուժեղ ձայն ունի և առաջին բեմելի համար երևի թե վատ չի: Il primo uomo il musico8-ն գեղեցիկ է երգում, անունը Կասսելի է: Il secund o homo9-ն արդեն ծեր է, դուրս չի գալիս, անունը <…>, նա տենոր է: Մի երգիչ կա, Օտինի է անունը, որը վատ չի երգում, բայց բավականին ծանրաշարժ է, ճիշտ ինչպես բոլոր իտալական տենորները: Նա մեր լավ բարեկամն է: Մեկ ուրիշը, անունը չգիտեմ, երիտասարդ է, բայց երևելի մի բան չի: Primo ballerino10-ն լավն է, պրիմա բալերինան` նույնպես. ասում են շուն չի11, թեև չգիտեմ, մոտիկից չեմ տեսել: Մնացածը ոչնչով չեն առանձնանում: Այստեղ կա մեկը, որ դեռ խակ է, լավ է թռչկոտում, բայց չէ, այն չի, ինչպես գրում են: Խռնչում են խոզի պես: Նվագախումբը վատը չի: Կրեմոնայում նվագախումբը լավն է, առաջին ջութակի անունը Սպանյոլետտո է: Պրիմադոննան վատ չի, բայց կարծում եմ, արդեն պառավ է շան պես, ավելի լավ խաղում է, քան` երգում: Նա կինն է մի ջութակահարի, որն օպերայում է նվագում: Երգչուհու անունը Մազի է: Օպերան կոչվում է La clemenza di Tito12: Seconda Dona-ն բեմում շուն չի, երիտասարդ է, բայց հազվագյուտ մի բան չի: Primo huomo Musico Զիկոնյանին հաճելի ձայն է, գեղեցիկ Cantable: Մյուս երկուսը` ներքինիները, երիտասարդ են և իրենց տեղում: Տենորի անունը non lo so13, հաճելի մարդ է, շատ նման է Վիեննայի le Roi14-ին Ժնևյան լճի15 ափին: Ballerino promo16-ն լավն է, Ballerina prima-ն` մի իսկական գամփռ շուն: Այնտեղ կար մի պարուհի, որ վատ չէր պարում, և այն, ինչ Capo d’opera-ի համար չի նախատեսված, թատրոնից դուրս և թատրոնում բնավ չի դիտվում17: Այստեղ էլ կար մի խակ երևույթ, որի ամեն մի թռիչքը խեղկատակությամբ էր ուղեկցվում:

Միլանի մասին, ճիշտն ասած, շատ բան չեմ կարող գրել, օպերայում դեռ չենք եղել, լսել եմ, որ գնալու տեղ չի: Primo uomo Ապրիլեն18 լավ է երգում, մենք նրան լսեցինք մի եկեղեցում, ուր գնացինք հենց այն պահին, երբ այնտեղ մեծ տոնախմբություն էր: Մադամ Պիչինելլին Փարիզից, որ երգեց մեր համերգին, այստեղ հանդես է գալիս օպերայում: Պարոն Բիզը, որ մի ժամանակ պարում էր Վիեննայում, այժմ այստեղ` Միլանում է պարում: Օպերան (որ բեմադրվում է այստեղ) կոչվում է Didone abbandonata19: Այս օպերան շուտով վերջին անգամ է ներկայացվելու, ապագայում սպասվում է մեկ ուրիշը, որ գրում է սինյոր Պիչչիննին20, նա այստեղ է` Միլանում: Լսել եմ, որ նրա օպերան կոչվում է Caesaro in Eccito21: Այստեղ նաև տոնական di Ballo22-ներ են լինում: Հենց օպերան վերջանում է, սկսվում է di ballo-ն: Կոմս դե Ֆիրմինանի23 տան տնտեսուհին վիեննացի է, անցած ուրբաթ մենք ճաշեցինք այնտեղ: Եկող կիրակի կրկին այնտեղ ենք ճաշելու: Մնաս բարով ու հազար անգամ համբուրիր in vece mia24 մայրիկի ձեռքերը: Մնում եմ քո հավատարիմ եղբայրը մինչ ի մահ:

Վոլֆգանգ դե Մոցարտ 

Հոխենտալի ազնվական

Գանձատան բարեկամ25

[Միլան] Հունվարի 26, 1770

[Մորն ու քրոջը]

Բոլոնիա, 21 օգոստոսի 1770թ.

Ես նույնպես դեռ ողջ եմ, ուրեմն և` շատ ուրախ: Այսօր էշ քշելու ցանկություն ունեցա: Քանի որ դա սովորություն է Իտալիայում, մտածեցի` ինչու ես էլ չփորձեմ: Մենք պատիվ ունենք շփվելու մի իսկական դոմինիկացու26 հետ, որը սուրբ է համարվում: Թեև ես դրան շատ չեմ հավատում, որովհետև նա նախաճաշին հաճախ շոկոլադ է խմում ու անմիջապես հետո` մի մեծ բաժակ թունդ իսպանական գինի: Անձամբ պատիվ եմ ունեցել ճաշելու այդ սրբի հետ: Նա ճաշին մի լավ գինի խմեց, վերջում` մի լիքը գավաթ թունդ գինի, հետո երկու մեծ կտոր սեխ կերավ, մի քանի դեղձ, տանձ և հինգ գավաթ սուրճ խմելուց հետո կուլ տվեց մի ամբողջ սկուտեղ թռչուն, երկու լիքը պնակ լիմոնով կաթ: Գուցե նա այդ ամենին հավելում էր ջերմեռանդություն, բայց չեմ կարծում, քանի որ դա արդեն չափից ավելի կլիներ, չէ՞ որ նա ճաշի և ընթրիքի միջև շատ բաներ է ճաշակում:

[Քրոջը]

Միլան, 24 օգոստոսի 1771թ.

 Սիրելի քույրիկ,

Ուղևորության ժամանակ ստիպված էինք դիմադրել սարսափելի շոգին և փոշու լկտի հարվածներից հաստատ կխեղդվեինք ու տանջամահ կլինեինք, եթե սթափ չմնայինք: Ամբողջ ամսվա ընթացքում ոչ մի կաթիլ անձրև չի եկել (միլանցիներն են ասում), միայն այսօր մի քիչ անձրև կաթկթեց, բայց հիմա նորից արև է ու նորից շատ շոգ: Ինչ որ խոստացել ես ինձ (Դու գիտես, թե ինչ… օ~ Դու, Դու թանկագինս), պարտավոր ես կատարել, խնդրում եմ Քեզ, իսկ ես, հաստատ, պարտքի տակ չեմ մնա: Արքայադուստրը վերջերս մի գործնական հավաքի ժամանակ շատ բլբլաց […] ու ցաքուցրիվ դուրս տվեց: Ուրիշ ոչ մի նորություն չունեմ:

Մի նոր բան դո՛ւ ինձ գրիր: Իմ բարևները բոլոր լավ բարեկամներին ու բարեկամուհիներին: Համբուրում եմ մայրիկի ձեռքը: Հիմա շոգից շունչս կփչեմ, զբաղված եմ մարմնիկս քրքրելով: Addio, լավ եղիր:

 Վոլֆգանգ

Մի ջութակահար կա մեր վերևում, ևս մեկը` մեր ներքևում, մի երգահան, որ դաս է տալիս մեր կողքին, մի հոբոյահար` մեր դիմացի վերջին սենյակում: Ինչպիսի~ զվարճալի մթնոլորտ` երաժշտություն հորինելու համար: Մտքեր են, որ գալիս են:

[Քրոջը]

Վիեննա, 14 օգոստոսի 1773թ.

Հուսով եմ, իմ թագուհի, որ վայելում ես առողջության բարձրագույն աստիճանը և հաստատ կարող ես ժամանակ առ ժամանակ, կամ ավելի շուտ` երբեմն-երբեմն, կամ ավելի լավ` այսուհետ, կամ էլ ավելի լավ է` qualche volta27, ինչպես իտալացիներն են ասում, ինձ զոհաբերել Քո կարևոր ու համառ որոշ մտքերից (որոնք անվերջ ծագում են Քո ամենաչքնաղ և ամենահուսալի խելոք գլխում, որ Դու սեփականացրել ես գեղեցկությանդ հետ մեկտեղ), թեև նման նուրբ տարիքից ու կին արարածից վերն ասվածից գրեթե ոչինչ չի կարելի պահանջել. Դու, օ~ թագուհիս, այնպես ես տիրապետում այդ ամենին, որ ամաչեցնում ես տղամարդկանց, այո, նույնիսկ իմաստուն ծերունիներին:

Կարդալ նաև

Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես…