Ռուբիկոն

Նամակներ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Բախն այստեղ երկու օպերա է գրել, որոնցից առաջինը [Թեմիստոկլ], ավելի շատ հաջողություն է ունեցել, քան երկրորդը [Լուցիոս Սուլլա]: Քանի որ Միլանում ես էլ եմ նման բան գրել, ուզում էի այն տեսնել: Հոլցբաուերից տեղեկանալով, որ Ֆոգլերի մոտ դա կա, խնդրեցի նրան տալ ինձ: «Սրտանց Ձեզ կուղարկեմ հենց վաղը, սակայն այնտեղ խելքին մոտ շատ բան չեք գտնի»: Մի քանի օր հետո, տեսնելով ինձ, հեգնանքով հարցրեց. «Դեհ, տեսա՞ք այնտեղ գեղեցիկ մի բան: Որևէ բան դուրս բերեցի՞ք Ձեզ համար»: «Բավականին գեղեցիկ մի արիա»: «Ի՞նչ, ինչպե՞ս է կոչվում,– հարցրեց նա մեր կողքին կանգնած ինչ-որ մեկին,– այդ ո՞ր արիան է»: «Դե, Բախի գարշելի արիան, խոզություն»: «Հա, Pupille amate63, նա դա հաստատ պունշի գոլորշու ազդեցության տակ է գրել»: Ինձ թվում էր` հիմա կքաշեմ նրա ծամից ու կպոկեմ, բայց ձևացրեցի, թե չեմ լսել և առանց որևէ բան ասելու թողեցի դուրս եկա: Նա Կուրֆյուրստին էլ է արդեն իր ծառայությունը մատուցել:

Արդեն պատրաստ է տիկին Ռոզա Կաննաբիխի64 համար գրված սոնատը: Անցյալ կիրակի իմ հաճույքի համար կապելլայում երգեհոնի վրա նվագեցի: Եկա Kyrie65-ի ժամանակ, նվագեցի նրա վերջը, իսկ երբ քահանան ավարտեց Gloria-ն, կատարեցի մի կադենցիա, որն այնքան էր տարբերվում նրանից, ինչին այստեղ սովոր են, որ բոլորը աչքերն էին ոլորում: Հատկապես Հոլցբաուերը ինձ դիմելով` ասաց. «Եթե իմանայի, թե ինչ է լինելու, դրա տեղը ուրիշ մեսսա կդնեի»:

«Այո,– ասացի ես,– դրանով Դուք ինձ իմ տեղը ցույց կտայիք»: Ծերուկ Տյոսկին66 և Վենդլինգը67 կողքիցս չէին հեռանում: Մարդիկ ծիծաղելու լավ առիթ էին ստացել: Ժամանակ առ ժամանակ Pizzicato էր լինում: Ես էլ ամեն անգամ ստեղներին հարվածելով էի ձայնակցում: Ահավոր ուրախ տրամադրություն ունեի: Benedictus-ի փոխարեն այստեղ միշտ անհրաժեշտ են համարում նվագել:

Դեհ, ես էլ sanctus-ից վերցրեցի մի գաղափար (թեմա) ու դա ֆուգավորելով ավարտեցի: Պետք էր տեսնել դրանց դեմքերը: Վերջում` ita miss est-ից հետո, նվագեցի մի ֆուգա: Պեդալն այստեղ մերի նման չի: Դա ինձ սկզբում մի քիչ շփոթեցրեց, բայց ես անմիջապես սթափվեցի: Ստիպված եմ արդեն վերջացնել [նամակս]: Թող հայրիկը մեզ առայժմ Մաննհայմի հասցեով գրի, այդպես ավելի վստահ կարելի է լինել, իսկ ես կհոգամ, որ նամակները մեզ հասնեն: Միսլիվեչեկի68 սոնատներին ծանոթ եմ: Չէ՞ որ դրանք նվագել եմ Մյունխենում, շատ թեթև են ու ականջի համար հաճելի: Քրոջս, որին իմ բարեմաղթանքներն եմ ուղարկում, մի խորհուրդ կտայի. թող նա դրանք նվագելիս ավելի շատ էքսպրեսիա, gusto69 և կրակ ներդնի, ու թող անգիր անի: Քանի որ դրանք այնպիսի սոնատներ են, որ մարդիկ կհավանեն: Ու նաև հեշտ են հիշվում, դժվար չի լինի անգիր անել և ուշադրության արժանացնել, եթե անհրաժեշտ ճշգրտությամբ կատարվեն: Համբուրում եմ հայրիկի ձեռքերը և մնում Ձեր ամենահնազանդ որդին`

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

1. Մարիա Աննա (կամ Նանեռլ, ինչպես նրան տանն էին կոչում) (1751-1829) – Վոլֆգանգի ավագ քույրը:

2. Ֆրանց ֆոն Մյոլկ (1748-1800), – Մարիա Աննայի երկրպագուն, Վոլֆգանգի ընկերը, Մոցարտներին մտերիմ մի ընտանիքի զավակ, հետագայում պալատական խորհրդական Զալցբուրգում:

3. Գելլերտ, Քրիստիան Ֆյուրխտեգոտ, (1715-1769) – գերմանացի գրող:

4. «Դեմետրիո», լիբրետոյի տեքստ, հեղինակ` Պյետրո Մետաստազիո (1698-1782), այդ տեքստի հիման վրա մի շարք երաժշտական կոմպոզիցիաներ են ստեղծվել, Մոցարտի կոմպոզիցիան չի պահպանվել:

5. Դու դժբախտ չես. պատմիր քո ցավը

և թե սեր չարթնացնես,

գոնե գթություն կգտնես:

Ես այնքան դժբախտ եմ, 

որ գաղտնի եմ պահում,

որ սիրում եմ` լուռ ու անհույս,

և կուռքն իմ դա չգիտի:

(իտ. տողացի թարգմ.)

6. Պյետրո Մետաստազիոյի լիբրետոյի հիման վրա գրված օպերա, հեղինակ` Հասսե, Յեհան Ադոլֆ (1699-1783): 

7. Երկրորդ պարտիան կատարող երգչուհի (իտ.):

8. Առաջին պարտիան կատարող երգիչ (իտ.):

9. Երկրորդ պարտիան կատարող երգիչ (իտ.):

10. Գլխավոր պարող (իտ.):

11. Այստեղ և հետագայում շան հետ համեմատությունը վերաբերում է, հավանաբար, դերասանի արտաքինին, ասել է թե` վատ չի նայվում բեմում (ծ. թարգմանչի):

12. «Տիտոյի գթասրտությունը» (La clemenza di Tito) – օպերա, կոմպոզիտոր` Յոհան Ադոլֆ Հասսե, լիբրետտո` Պյետրո Մետաստազիո:

13. Չգիտեմ (իտ.):

14. Արքա (ֆր.), մեկնաբանվել է նաև իբրև ազգանուն` Լերուա:

15. Բնագրում` Leman (ֆր.), ժնևյան լիճ:

16. Գլխավոր պարող օպերայում (իտ.):

17. Բնագրում` und in dem Theater kein Hund ist, այն է` թատրոնում բնավ շուն չի, որ կարող է նշանակել նաև «թատրոնում տեղ չունի»: 

18. Ապրիլե Ջուզեպպե (1732-1813) – իտալացի երգիչ:

19. «Լքյալ Դիդոնան» (Didone abbandonata) – ենթադրվում է, որ խոսքն այստեղ Նիկոլո Գոմելլիի (1714-1774) օպերայի մասին է, լիբրետոյի հեղինակ` Մետաստազիո:

20. Պիչչիննի, Նիկոլա (Նիկոլո) (1729-1800) – իտալացի օպերային հայտնի կոմպոզիտոր:

21. «Կեսարը Եգիպտոսում» (Casare in Egitto) – Պիչչիննիի այս օպերան գրված է Կառլո Գոլդոնիի (1702-1793) կողմից վերամշակված Ջակոմո Ֆրանչեսկո Բուսսանիի տեքստի հիման վրա: Վերջինս նաև օպերայում երգիչ է եղել:

22. Պարահանդես (իտ.):

23. Ճիշտը` Ֆիրմիան, Կառլ Յոզեֆ (1716-1792) – ավստրիական գրավատների վարչության ղեկավար, հովանավորում էր Մոցարտների ընտանիքին:

24. Իմ փոխարեն (իտ.):

25. Մոցարտը նամակները ստորագրելիս հաճախ է կատակում:

26. Պյետրո Յերվոնիցկի – որբ ջութակահարների խնամակալ:

27. Այստեղ` մի քանի անգամ (իտ.):

28. «Կեղծ այգեպանուհին» (La finta giardiniera) – պրեմիերան կայացել է 1775-ի հունվարի 13-ին Մյունխենի Սալվատոր թատրոնում:

29. Մարիա Աննա Սոֆիա – կոմս Մաքսիմիլիան III Յոզեֆ Բավարացու (1727-1777) կինը:

30. Ցայլ (Ցայլլ), Ֆերդինանդ Քրիստոֆ – կոմս Վալդբուրգ (1719-1786), 17772-ից` եպիսկոպոս Խիմզեեում, Մոցարտի մշտական հովանավորը:

31. Ավստրիական պալատում ռազմական խորհրդական Յոհան Էռնստ ֆոն Անդրետտերի ընտանիքը պատկանել է Մոցարտների ծանոթների շրջանակին: Ենթադրվում է, որ ակնարկն այստեղ վերաբերում է նրա որդուն` Յուդաս Տադեուսին:

32. Հավանաբար Վոլֆգանգի պատանեկան ընկերներից մեկը:

33. Կոլորեդո, Հիերոնիմուս (Յոզեֆ) – կոմս (1732-1812), 1772-ից Զալցբուրգի իշխան-արքեպիսկոպոս:

34. և այլն (լատ.), այստեղ վերաբերում է չհիշատակված մյուս կոչումներին:

35. Եկեղեցական հարսանյաց հանդես (լատ.):

36. Այստեղ խոսքը «Սև արծվի մոտ» կոչվող իշխանատան տիրոջ` Յոզեֆ Ալբերտի մասին է, որին էրցհերցոգ անվանելով` հավանաբար ակնարկում է Սաքսոնիայի դուքս Ալբերտին (Ալբերտ Կազիմիր, 1738-1822):

37. Դյուբրեյ, Շառլ Ալբեր – ջութակահար Մյունխենի պալատական նվագախմբում:

38. Ջուզեպպե Տարտինի (1692-1770) – իտալացի ջութակահար և կոմպոզիտոր:

39. Հայդն, Յոհան Միխայիլ (1736-1806) – ավստրիացի կոմպոզիտոր և կոնցերտմայստեր Զալցբուրգում, Յոզեֆ Հայդնի կրտսեր եղբայրը և Մոցարտների տան բարեկամը:

40. Քառորդային դադար (պաուզա):

Կարդալ նաև

Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես…