Ռուբիկոն

Նամակներ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ամենասկզբում նվագեցինք Հայդնի39 երկու կվինտետը, բայց, ցավոք, նրան գրեթե անհնարին էր լսել, նա չէր կարողանում առանց սխալվելու չորս տակտ իրար ետևից նվագել, չէր գտնում ապլիկատուրան, իսկ sospirs40, կարծես, ընդհանրապես գոյություն չուներ նրա համար:

Ամենալավ բանը նրա մեջ այն էր, որ շատ քաղաքավարի էր և գովում էր կվինտետները, բայց մնացածը… Սակայն ես նրան ոչինչ չէի ասում, փոխարենը նա էր շարունակ ասում. «Կներեք, կրկին սխալվեցի: Փոքրիկ գործ է, բայց շատ գեղեցիկ»: Ես անընդհատ կրկնում էի. «Անհանգստանալու բան չկա, այստեղ բոլորը մերոնք են»: Հետո նվագեցի իմ C և Es կոնցերտները41 և իմ տրիոն42: Նվագակցումը շատ գեղեցիկ էր: Ադաժիոյում ստիպված եղա նվագել նրա պարտիայի 6 տակտերը: Ավարտեցի իմ վերջին կասացիայով B-ից43: Բոլորը զարմանք էին կտրել: Այնպես էի նվագում, կարծես ամբողջ Եվրոպայի մեծագույն ջութակահարը լինեի:

Դրանից հետո կիրակի օրը ժամը երեքին գնացինք պարոն ֆոն Համմի44 մոտ:

Այլևս գրելու ժամանակ չունեմ, թե չէ չեմ հասցնի վերցնել պարոն ֆոն Կլայնմայերի45 նամակը: Խիմզեեի եպիսկոպոսը այսօր մեկնեց Զալցբուրգ: NB. Քրոջս ուղարկում եմ Շուստերի46 6 դուստրերը à Clavicembalo e Violino47: Դրանք այստեղ հաճախ եմ նվագել, վատ չեն: Եթե մնամ այստեղ, ես էլ 6-ը կանեմ նույն gusto48-ով, քանի որ դրանք շատ սիրված են այստեղ: Ուղարկում եմ դրանք, միայն թե դուք երկուսով կարողանաք դիվերտիրանալ49: Addio50: Համբուրում եմ 1000 անգամ Ձեր ձեռքերը, իսկ քեզ, իմ սիրելի Նանեռլ, խնդրում եմ մի քիչ էլ համբերել: Մնամ Ձեր ամենահնազանդ որդի`

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

 [Հորը]

Մյունխեն, 10/11 հոկտեմբերի 1777թ.

…Նորից մի օպերա գրելու անասելի մեծ ցանկություն ունեմ: Ճիշտ է, տարբերակը երկար է, բայց ճիշտը դա է: Բայց և մենք դեռ շատ հեռու ենք այն ժամանակից, երբ ես պարտավորված կլինեմ գրել այդ օպերան: Մինչ այդ, շատ բան կարող է փոխվել: Կարծում եմ, որ այն [առաջարկությունը] այնուամենայնիվ կարելի է ընդունել: Իսկ եթե մինչ այդ չկարողանամ ծառայության անցնել, eh bien51, որպես հոգեպահուստ ունեմ Իտալիան: Կառնավալի ընթացքում ես հաստատ կունենամ իմ 100 դուկատը: Եթե մեկ անգամ Նեապոլում [օպերա] գրեմ, ապա ինձ անմիջապես կսկսեն ամենուր հրավիրել: Հայրիկը լավ գիտի, որ գարնան, ամռան և աշնան ընթացքում կարելի է, որտեղ էլ լինի, մի օպերա-բուֆ գրել` ուղղակի վարժանքի համար, որ պարապ չմնամ: Ճիշտ է, դրանով շատ չես վաստակի, բայց գոնե ինչ-որ բան է, և հետո, այդպես կարելի է ավելի պատիվ ու համբավ ձեռք բերել, քան 100 համերգներով Գերմանիայում: Ինձ էլ է դա շատ գոհացնում, քանի որ զբաղված կլինեմ երաժշտություն գրելով, ինչն իմ միակ ուրախությունն ու ցանկությունն է [Passion]: Իսկ եթե որևէ տեղ ծառայության հնարավորություն գտնվի, կամ գոնե դրա հույսը նշմարվի, ապա scritura52-ն լավ հանձնարարական է ինձ համար, ուշադրություն է գրավում, իմ արժեքն էլ ավելի է բարձրացնում:

Բայց, դեհ, խոսում եմ էլի, ասում եմ` ինչ սրտովս է անցնում…

Եթե հայրիկն ինձ հիմնավոր կերպով ապացուցի, որ իրավացի չեմ, կհամաձայնեմ, թեև դժկամությամբ, քանի որ ես հիմա միայն օպերայի մասին եմ ուզում լսել. բավական է միայն հայտնվել թատրոնում, լսել ձայներ… օ~, ես այլևս ինձ կորցնում եմ…

[Հորը]

Մաննհայմ, 13 նոյեմբերի 1777թ.

Mon très cher Père53,

Ստացանք վերջին երկու` հոկտեմբերի 29-ի և նոյեմբերի 6-ի նամակները: Ստիպված եմ այժմ դրանց միասին պատասխանել: Այն նամակը, որտեղ ասվում է, թե ես պիտի աշխատեմ Մաննհայմում նախ հանդիպել Բեկեի54 ծնողներին, շատ ուշ ստացա, որպեսզի դա իրականացնեմ, իսկ անձամբ իմ մտքով նման բան չէր կարող անցնել, քանի որ իրականում ես դրա կարիքը չունեմ: Հիմա հայրիկն ուզում է իմանալ, թե նա [Բեկեն] ինչպես ինձ ընդունեց,– այդպես չէ՞,– բավականին լավ և շատ քաղաքավարի: Նա ինձ հարցրեց, թե ուր եմ մտադիր մեկնելու, ասացի` հավանաբար Փարիզ: Հետո նա ինձ շատ խորհուրդներ տվեց` ասելով, որ ինքը վերջերս է եղել Փարիզում և որ այնտեղ դասեր տալը շատ նպաստավոր կլինի ինձ համար, որովհետև Փարիզում դաշնամուրը շատ բարձր է գնահատվում: Նա անմիջապես միջոցներ ձեռնարկեց, որ հրավիրվեմ պաշտոնական ճաշկերույթին. աշխատում էր, որ ես իշխանավորների հետ խոսելու հնարավորություն ունենամ: Շատ էր ափսոսում, որ ինքը չի կարող տանից դուրս գալ և անձամբ այդ զրույցի հնարավորությունը ստեղծել ինձ համար, ասաց, թե կոկորդը ցավում է (և դա իրոք այդպես էր):

Ափսոսում էր նաև, որ չի կարողանալու իմ պատվին կազմակերպել համերգ, որովհետև բոլորն անհայտ ուղղություններով հանգստանալու են մեկնել: Նրա խնդրանքով նվագեցի կլավիկորդով, որը շատ լավն է: Նա հաճախ Bravo էր ասում: Ես նվագում էի սրտիս ուզածը ու նվագեցի ex B և D սոնատները, մի խոսքով` նա շատ քաղաքավարի էր, իսկ ես բարեհամբույր էի, բայց նա չափազանց լուրջ էր: Խոսեցինք տարբեր բաների մասին, ի միջի այլոց նաև Վիեննայի, որ, օրինակ, կայսրը բոլորովին էլ երաժշտության մեծ սիրահար չի: Նա ասաց. «Ճիշտ է, նա պասաժների [saz] գիտակ է, բայց դրանից բացի ուրիշ ոչինչ չգիտի: Հիշում եմ (այստեղ նա սկսեց տրորել ճակատը), պիտի նվագեի նրա առջև ու չգիտեի, թե ինչ եմ նվագելու, սկսեցի ֆուգաներ նվագել ու նման երեխայություններ, այնպես որ, մտքումս ծիծաղում էի այդ ամենի վրա»: Ես մտածեցի, որ այլևս չեմ դիմանա ու կասեմ նրան. «Տեր իմ, գուցե և ծիծաղում էիք, բայց հազիվ թե այնպես ուժգին, ինչպես կծիծաղեի ես, եթե լինեի Ձեզ լսողի դերում»: Հետո նա ասաց (և դա իրոք ճշմարիտ էր ասված), որ կայսեր մոտ` կաբինետում, համերգներ են տալիս, որոնցից նույնիսկ շները կարող են փախչել: Այստեղ ասացի, թե նման համերգներին միշտ գլխացավ եմ ունենում, եթե ժամանակին չեմ կարողանում գլուխս առնել ու փախչել: «Օ, ոչ, ինձ հետ նման բան չի լինում, վատ երաժշտությունը չի ազդում իմ նյարդերի վրա, իսկ այ լավ երաժշտության դեպքում կարող եմ գլխացավ ունենալ»: Այստեղ ես կրկին մտածեցի, թե քեզ նման հիվանդ գլուխը իրոք պիտի ցավի, երբ լսում է մի բան, որ չի կարողանում ընկալել: Հիմա մի փոքր այստեղից: Երեկ Կաննաբիխի55  հետ գնացի պարոն ինտենդանտկոմս Սավիոլիի56 մոտ իմ նվերը վերցնելու: Դա հենց այն էր, ինչ ենթադրում էի: Ոչ, փող չէր, [այլ] մի գեղեցիկ ոսկյա ժամացույց: Բայց հիմա ինձ ավելի հաճելի կլիներ ստանալ 10 կարոլին, քան ժամացույց, որը շղթայով և կախազարդով հանդերձ մոտ 20 կարոլին կարժենա: Ճանապարհին մարդ փողի կարիք ունի: Այժմ, Ձեր թույլտվությամբ, արդեն ունեմ 5 ժամացույց և ամենայն լրջությամբ մտադրվել եմ վարտիքիս յուրաքանչյուր ոտքին կարել տալ ժամացույցի մի փոքրիկ գրպան, ու մեծամեծ պարոնների մոտ գնալիս երկու ժամացույց կրել (բացի այդ` դա նաև մոդա է այսօր), որպեսզի այսուհետ ոչ մեկի մտքով չանցնի ինձ ժամացույց պատիվ անել: Նամակից երևում է, որ հայրիկը դեռ չի կարդացել Ֆոգլերի գիրքը57: Ես այն արդեն կարդացել եմ, Կաննաբիխից վերցրի: Հիմա նրանից [Ֆոգլերից] մի պատմություն անեմ` շատ կարճ: Նա շատ խղճուկ ձևով դրսևորեց իրեն: Ցուցադրեց իր կարողությունը դաշնամուրի վրա, աշխարհ հանեց մի բալետ: Նրան խղճացին: Կուրֆյուրստը նրան Իտալիա գործուղեց: Երբ կուրֆյուրստը եկավ Բոլոնիա, հարցրեց պ[ադրե] Վալոտիին Ֆոգլերի մասին. «O altezza, questo e un grand uomo! Etc58»: Նա հարցրեց նաև պ[ադրե] Մարտինիին59. «Altezza; è buono; ma à poco à poco. quando sarà un poco più vechio, più sodo. si farà, si farà, ma bisogna che sie cangi molto»60: Երբ Ֆոգլերը վերադարձավ, դարձավ հոգևորական ու միանգամից պալատական կապելլան: Մի Miserere աշխարհ բերեց, որը, բոլորի ասելով, լսելու բան չէ, քանի որ ամբողջովին սխալներով է արված: Առանձնապես լավ գովեստներ չլսելով իր մասին, գնաց կուրֆյուրստի մոտ ու բողոքեց` ասելով, թե նվագախումբը իրեն վարկաբեկելու նպատակով միտումնավոր կերպով վատ է նվագում: Մի խոսքով, նա կարողացավ ամեն ինչ իր օգտին գլխիվայր շրջել (նույն կարգի մանրմունր վատ, բայց իր համար շահեկան խաղեր է արել նաև կանանց հետ) և, այդպիսով, ի վերջո դարձավ վիցեկապելմայստեր: Նա հիմարի մեկն է, երևակայում է, թե ինքն է, որ կա ամենից լավն ու ամենակատարյալը: Ամբողջ նվագախումբը` վերից վար, չի սիրում նրան: Նա շատ անախորժություններ է պատճառել Հոլցբաուերին61: Նրա գիրքը ամենաշատը կարող է հաշվել սովորեցնել, բայց ոչ կոմպոզիցիա: Ասում է, թե կարող է 3 շաբաթում կոմպոզիտոր սարքել, 6 ամսում` երգիչ, բայց ո՞վ է տեսել նման բան: Նա արհամարհում է մեծագույն վարպետներին: Իմ առջև քամահրանքով արտահայտվեց Բախի մասին62:

Կարդալ նաև

Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության… Երաժշտություն Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արթուր Ավանեսով Քշիշտոֆ Պենդերեցկու մասին գրելը գուցե ավելի դյուրին է, քան ժամանակակից որևիցե մի այլ կոմպոզիտորի: Նրա ստեղծագործությունները, մանավանդ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում, ժամանակին խորհրդանշում էին այն նորը և գրավիչը, ինչով լի էր… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես…