Նամակներ
Վոլֆգանգ
Ահա և Քեզ խելքը գլխին մի բան:
[Քրոջը]
Մյունխեն, 14 հունվարի 1775թ.
Փառք Աստծո, երեկ, այսինքն` [ամսի] 13-ին, իմ օպերան28 ներկայացվեց բեմում և այնքան լավ անցավ, որ ուղղակի անհնարին է մայրիկին նկարագրել ամբողջ աղմուկը: Նախ ասեմ, որ թատրոնն այնպես լեփլեցուն էր, որ շատերը ստիպված եղան ետ դառնալ: Ամեն անգամ, յուրաքանչյուր արիայից հետո ծափերի տարափից ահավոր աղմուկ էր բարձրանում, բոլորը viva մաեստրո էին գոռում: Նորին Պայծառափայլություն կուրֆյուրստուհին և այրի29 տիկինը (որոնց հետ ես vis à vis էի) նույնպես ինձ bravo էին ասում: Օպերայի ավարտից հետո, մինչև բալետի սկսվելը, երբ սովորաբար լռություն է տիրում, անվերջ ծափահարում ու bravo էին գոչում, մի պահ դադար էին առնում ու կրկին սկսում, և այսպես շարունակ:
Հետո ես հայրիկի հետ գնացի ինչ-որ սենյակ, որտեղ ամբողջ արքունիքն էր, և բոլորը պարտադիր կարգով Նորին Պայծառափայլությունների` կուրֆյուրստի և կուրֆյուրստուհու, մյուս բարձր աստիճանավորների ձեռքն էին համբուրում, բոլորը շատ բարեհամբույր էին:
Այսօր վաղ առավոտյան Նորին Իշխանափայլ Գերաշնորհ Խիմզեեի եպիսկոպոսը30 մարդ էր ուղարկել հայտնելու իր շնորհավորանքները, քանի որ բոլորի կողմից օպերան գերազանց ընդունելության էր արժանացել: Ինչ վերաբերում է մեր վերադարձին, ապա դա շուտով չի լինի. մայրիկը թող նման հույսեր չփայփայի և հետո, նա պիտի որ իմանա, թե ինչ լավ բան է մի քիչ շունչ առնելը… մենք դեռ էլի մտադիր ենք բավականին շուտ վերադառնալ: Իմ այստեղ մնալու իրական պատճառն այն է, որ օպերան եկող ուրբաթ ներկայացվելու է կրկին, իսկ ներկայացման ժամանակ ես շատ եմ պետք, թե չէ սրանք կարող են իմացածն էլ լրիվ մոռանալ, քանի որ այստեղ շատ անհեթեթ բաներ են լինում:
1000 անգամ համբուրում եմ մայրիկի ձեռքերը: Իմ ողջույնները մեր բոլոր լավ բարեկամ-բարեկամուհիներին: Բարի մաղթանքներս պարոն Անդրետտերին31, թող ների ինձ, որ դեռ չեմ պատասխանել նրան, բոլորովին ժամանակ չեմ ունեցել: Դա կանեմ անպայման հաջորդ անգամ: Adieu; Հազար պաչիկներ Բիմբեռլին32…
Զալցբուրգի արքեպիսկոպոս Հիերոնիմուսին33
Զալցբուրգ, 1 օգոստոսի 1777թ.
Նորին Իշխանափայլ, Գերաշնորհ [Սրբազան Հայր]
Սրբազան Հռոմեական Կայսրության Իշխան [տիրակալ]
Երկրի Սրբազնագույն իշխան և Տեր Տեր
Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ etc.34, ես չեմ հանդգնում անհանգստացնել Ձեզ մեր տխուր հանգամանքների մանրամասն նկարագրությամբ. իմ հայրը սույն թվականի մարտի 14-ին Ձեզ ուղղած իր խնդրագրում հպատակի խոնարհությամբ, պատվի ու խղճի մտոք արդեն իսկ ծանուցել է Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ etc.-ին ամբողջ ճշմարտությունն այդ մասին: Իսկ քանի որ դրան չի հետևել արքունի ողորմած բարեհաճ Ձերդ Իշխանափայլի որոշումը, հայրս մեկ ամիս սպասելուց հետո խոնարհաբար խնդրել է Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհ etc.-ից մեզ բարեհաճորեն մի քանի ամսով շրջագայելու թույլտվություն արտոնել և դրանով իսկ կրկին աջակցել մեզ, քանի որ առանց Սրբազան Հոր բարեհաճության և բարձր հրամանի անկարելի է, որ Նորին Մեծության կայսեր սպասվող այցելության առիթով տրվելիք երաժշտության ապահովումը փոխանցվի մեկ ուրիշին: Ուստի հայրս խոնարհաբար այդ թույլտվությունն է խնդրել: Սակայն, Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհը մերժել է նրան և բարեհաճել է արտահայտել այն կարծիքը, թե ես (միևնույն է, թե միայն կիսով չափ եմ ծառայության մեջ) կարող եմ ըստ ամենայնի միայնակ շրջագայել: Մեր հանգամանքները անհապաղ լուծում են պահանջում. հայրս որոշել է ինձ միայնակ ճանապարհել: Սակայն այս պարագայում ևս Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ etc.-ն մի քանի առարկություններ է արել: Երկրի Սրբազնագույն իշխան և Տեր Տեր, ծնողները ջանում են իրենց զավակներին ոտքի կանգնեցնել, որ նրանք կարողանան ինքնուրույն վաստակել իրենց հացը: Եվ որքան շատ է Աստծո կողմից զավակներին տրված տաղանդը, այնքան ավելի են նրանք պարտավորված գտնել տաղանդի օգտակար կիրառությունը, որ բարելավեն իրենց սեփական և իրենց ծնողների վիճակը, աջակից լինեն ծնողներին և ինքնուրույնաբար հոգան իրենց հաջողության ու ապագայի մասին:
Ավետարանը ուսուցանում է մեզ լինել տաղանդի նման շահառու: Ուստի Աստծո առջև իմ սուրբ պարտքն է հոգալ հորս մասին, որն անխոնջ զոհաբերել է իր ամբողջ ժամանակը իմ դաստիարակությանը, իմ ուժերի չափով շնորհակալ լինել նրան, թեթևացնել նրա բեռը, հոգ տանել իմ և իմ քրոջ մասին. ինձ համար շատ ցավալի բան կլինի, եթե դաշնամուրին տրամադրած նրա բազում ժամերը օգտակար կիրառություն չգտնեն:
Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ etc., թույլ տվեք ըստ այդմ խոնարհաբար խնդրել Սրբազան Հորից ազատել ինձ իմ ծառայողական պարտականությունից, քանի որ ես ստիպված եմ օգտագործել (շրջագայության համար) գալիք աշնան ամիսը, որպեսզի չենթարկվեմ առաջիկա ցրտաշունչ ամիսների վատ եղանակի վտանգներին: Հուսով եմ, որ Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհ etc.-ն դժկամությամբ չի ընդունի իմ այս համեստ խնդրանքը, քանի որ Սրբազան Հայրը դեռ երեք ամիս առաջ, երբ ես խնդրում էի Վիեննա գնալու թույլտվություն, ինձ բարեհաճորեն բացատրեց, որ ոչ մի սպասելիք չունենամ և ավելի լավ է իմ հաջողությունը փնտրեմ մեկ այլ տեղ:
Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ [Սրբազան Հայր], թույլ տվեք հայտնել իմ խորին շնորհակալությունը բոլոր բարձրագույն շնորհների համար և հույս տածել, որ հասուն տարիքում ես կկարողանամ առավել մեծ հաջողությամբ ծառայել Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհ [Սրբազան հորը]. ակնկալելով արդարամիտ բարձրագույն ողորմածություն և բարեհաճություն` ներկայանում եմ
Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհին
Երկրիս սրբազնագույն Իշխանին
և
Տեր Տիրոջը
մեծապես հավատարիմ և խոնարհ
Վոլֆգանգ Մոցարտ
[Հորը]
Մյունխեն, 6 հոկտեմբերի 1777թ.
Mon très cher Père,
Մայրիկը չի կարող գրել: Առաջինը` դա նրան հոգնեցնում է, երկրորդը` գլխացավ է առաջացնում: Ուրեմն, քավության նոխազը ես եմ:
Այս պահին պատրաստվում եմ պարոն պրոֆեսորի հետ այցի գնալ օրիորդ Կայզերուհու մոտ: Երեկ մեզ մոտ` այս տանը, հոգևոր հարսանիք էր կամ altum tempus Eclesiasticum35: Պարեր եղան, բայց ես միայն 4 մենուետ պարեցի ու ժամը 11-ին վերադարձա սենյակս, քանի որ բազմաթիվ կանանցից միայն մեկն էր, որը տակտից չէր շեղվում, և դա օրիորդ Կեզերն էր` կոմս Պերուզի (որն եղել է Զալցբուրգում) պարոն քարտուղարի քույրը:
Պարոն պրոֆեսորը բարի գտնվեց և ինձ իզուր սպասեցնել չտվեց. ուրեմն, օրիորդ Կայզերուհու մոտ չեմ գնա, որովհետև նրա հասցեն չգիտեմ: Նախանցյալ օրը, դա ամսի 4-ին էր, շաբաթ օրը, մի փոքր ակադեմիա (համերգ) էր մեզ մոտ Նորին Թագավորական Մեծություն Էրցհերցոգ Ալբերտի36 անվանակոչության տոնի կապակցությամբ: Այն սկսվեց 3-ն անց կեսին և ավարտվեց ժամը 8-ին: Ներկա էր նաև պարոն Դյուբրեյը37, որին հայրիկը պիտի որ հիշի: Նա Տարտինիի38 աշակերտն է: Կեսօրին նա [Ալբերտի] կրտսեր որդուն` Կառլին, ջութակի դաս էր տալիս, և ես ներս մտա հենց այդ պահին: Նախկինում շատ չէի վստահում նրան, բայց տեսա, թե ինչ խնամքով է դաս տալիս, իսկ երբ մենք զրույցի բռնվեցինք համերգային ջութակների մասին, նա շատ խելացի դատողություններ էր անում` մշտապես կիսելով իմ կարծիքը: Այնպես որ, հիմա ես փոխել եմ իմ ունեցած կարծիքը նրա մասին: Այժմ համոզված եմ, թե նա հենց այն ջութակահարն է, որն ինձ պետք է, իսկական նվագախմբային ջութակահար է: Խնդրեցի նրան վաղը կեսօրին գալ մեր փոքրիկ ակադեմիան: