Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին

Երաժշտական պրակտիկայում առաջին ձևը համեմատաբար քիչ է հանդիպում, այն դեպքում, երբ երկրորդը լայն օգտագործում ունի և՛ ժողովրդական, և՛ պրոֆեսիոնալ արվեստում: Օգտագործման այդպիսի մեծ մասշտաբները, ըստ այնմ, անհնար է արդարացնել որևէ աննշան միտումով կամ էլ պարզապես պատահականությամբ: Իսկապես, այդ դեպքում ինչպիսի՞ երաժշտական կամ ոչ երաժշտական մի հիմնագաղափար կարող է ընկած լինել վեր կամ վար ընթացող սեկվենցիայի հիմքում, որի օղակները շարժվում են սեկվենցիայի շարժման ուղղությանը հակառակ: Կա՞ արդյոք իրականության մեջ որևէ նմանակ, հիշեցնող մի բան, մի միտք կամ գաղափար, որն արդարացներ տվյալ երաժշտական-կոմպոզիցիոն հնարի այդ աստիճան լայն տարածման փաստը: Հարցադրումը դիտելով նման լույսի տակ, հնարավոր է ընդունել, որ նման հակասական շարժումը, որի փոքր և մեծ վեկտորների ուղղությունը հակադիր է, այսինքն` շարժման ընթացքում չեն համընկնում, ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտության մեջ բազմիցս նկարագրված բարդ շարժումը, սակայն այն տարբերությամբ, որ այդ օրինաչափությունը տարածվում է երաժշտության վրա և այդքանով իսկ ստանում անալոգիայի նշանակություն: 1922 թվականին պետրոգրադյան մաթեմատիկոս Ալեքսանդր Ֆրիդմանը մանրակրկիտ վերլուծելով Այնշտայնի հարաբերականության տեսության մի շարք հավասարումներ, եկավ մի տարօրինակ եզրակացության, որ տիեզերքն ունեցել է սկիզբ. մոտ 10 միլիարդ տարի առաջ մեկ կետից, որում մատերիան գտնվել է ահռելի ճնշման տակ սեղմված, տեղի է ունեցել աննկարագրելի ուժի պայթյուն, որից հետո վայրկյանի հազարերորդ մասում սկզբնական, այսպես կոչված, սինգուլյար վիճակից մատերիան դուրս է մղվել բոլոր ուղղություններով: Սկզբնական ոչ մեծ մասշտաբներ ունեցող կոսմոսում պայթյունի հետ զուգահեռ ծագել են ժամանակը և տարածությունը: Ըստ Ֆրիդմանի հաշվարկումների, կոսմոսի սկզբնական ընդլայնումը շարունակվել է և այժմ էլ դեռ մենք կարող ենք դիտարկել այն` կարմիր տեղաշարժի էֆեկտի ձևով, երբ գալակտիկաները և աստղային համաստեղությունները ասես «փախչում» են` անընդհատ հեռանալով միևնույն մեկ կետից: Եվ այդ «փախչելը» կատարվում է արագացումով. որքան այդ կետից գալակտիկաները հեռու են գտնվում, այնքան մեծ են նրանց արագությունները:
Ռելյատիվիստական կոսմոլոգիայի ոչ ստացիոնար` ընդլայնվող տիեզերքի այս տեսությունը ունի մի շարք տարբերակներ, սակայն աննշան բացառությամբ, այն իր հիմնական գծերով ընդունված է ժամանակակից գիտության կողմից որպես միակ հնարավոր կոսմոլոգիական մոդել: Տիեզերքի զարգացմանը վերաբերող տեսությունները ընդլայնվող կոսմոսի ապագայի վերաբերյալ հանգում են երկու` մեկը մյուսին հակադիր եզրակացությունների. կամ տիեզերքի ընդլայնումը կշարունակվի անվերջ, կամ էլ գրավիտացիոն ուժերն, ի վերջո, կարգելակեն այդ ընդլայնումը:
Առաջին դեպքում տիեզերքի անընդհատ ընդլայնումը կհասցնի մի անկենդան վիճակի, որտեղ կդադարի ամեն մի պրոցես, շարժում. երկրորդ դեպքում գրավիտացիոն ուժերը կարգելակեն «փախչող» գալակտիկաների վազքը, որից հետո տեղի կունենա հետադարձ շարժում դեպի սկզբնական փուլը` գալակտիկաների սեղմում մինչև սինգուլյար վիճակ, կվանտյան օբյեկտ, կետ: Ժամանակակից գիտության մեջ գոյություն ունի ռելյատիվիստական այդ տեսության մի տարբերակ, համաձայն որի հետադարձ շարժումը պետք է որ տեղի ունենա ճշգրիտ ձևով, այսինքն` տիեզերքը սեղմվելու պրոցեսում կանցնի այն փուլերով, որոնցով ժամանակ առաջ անցել էր ընդլայնվելու պահին:
Հնարավո՞ր է արդյոք կոսմոլոգիական այս երևույթը որևէ ձևով նկարագրել, դիտարկել կամ էլ մոդելավբորել: Նկարագրել այն հնարավոր է, անշուշտ, բնական լեզվի միջոցով (և դա վաղուց արդեն իրականացվել է): Ինչ վերաբերում է դիտարկմանը, ապա բացի կարմիր տեղաշարժի էֆեկտից, գոյություն ունեն բազմաթիվ օժանդակ փաստեր, որոնք խոսում են հօգուտ այդ տեսության: Կոսմոլոգիական այս տեսությունը ունի նաև իր մոդելավորումը մաթեմատիկական միջոցներով: Մարդկային գիտակցական մյուս գործողություններից հավանաբար միայն կինեմատոգրաֆն է, որ կկարողանա արտացոլել այդ երևույթը` իմիտացնելով այն կամ նրա առանձին դրվագները որևէ ֆանտաստիկ ֆիլմում:
Մյուս բոլոր դիսցիպլինների համար բացառված է նման իմիտացումը և, էլ առավել, մոդելավորումը: Իսկ երաժշտական լեզո՞ւն: Չէ՞ որ այդ լեզվին հատուկ ընդհանրացված բնույթը, որի դեպքում յուրաքանչյուր մանրամաս վերացարկված է ամեն մի էմպիրիկ կացությունից, տեսականորեն պետք է որ ունենա հնարավորություն բացահայտելու, մոդելավորելու հոգեկան աշխարհի, ինչպես նաև իրականության ամենաբարդ երևույթները:
Անշուշտ, խոսքը, ինչպես արդեն ասվել է, ձևական անալոգիաների մասին չէ, որոնցում արտաքին որևէ հատկության ձևական նմանողությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ որևէ լուրջ դատողության համար:
Այսպես, հետևյալ հատվածի երկու` վերևի և ներքևի ձայները ներկայացնում են սկզբնական ces հնչյունից շատ արագ տեմպով մեկը մյուսից սրընթաց հեռացող երկու մեղեդիական գծեր: Հիշեցնո՞ւմ է սա, թեկուզ հեռավոր ձևով, մեկ ընդհանուր կենտրոնից «փախչող» աստղային համակարգերի շարժումը: Իհարկե` ոչ: Իսկ եթե հիշեցնում է, ապա միմիայն ձևական առումով, որպես պարզ նմանողություն, քանի որ այդ անալոգիան հիմնված է միմիայն ընդլայնման գաղափարի ձևական ընդհանրության վրա:

Այդ գաղափարի ռեալիզացումը, սակայն, հնարավոր է նաև ամենատարբեր ոլորտներում, տարբեր միջոցներով և ձևերով, որոնցում այդ շարժումը միշտ չէ, որ ունի էական նշանակություն:
Եթե բերված օրինակում ենթադրենք, որ շարժումն ընթանում է նաև արագացումով (auderando), ապա այդպիսի անալոգիայում որոշակիորեն նվազում է ձևական կողմը, քանի որ նմանողությունն արդեն արտահայտված է երկու պարամետրերով: Իհարկե, վերջինիս զուտ քանակական կողմը հսկայական դեր ունի մոդելավորման հարցում:
Սակայն առանձին դեպքերում եթե նմանվող ընդհանուր գիծը աչքի է ընկնում իր եզակի, ունիկում բնույթով, ապա հնարավոր է, որ մոդելավորումը իրականացվի շատ ավելի փոքր քանակի պարամետրերի ընդհանրության հիմքի վրա:

Հետևյալ օրինակը մի կանոն է` հիմնված խեցգետնաքայլ ճշգրիտ իմիտացիայի վրա:
Proposta-ն այս օրինակում շարժվում է մինչև 9-րդ տակտի վերջը (S n\any), որից հետո սկսվում է risposta-ն` նախկին վերևի ձայնը շարադրվում է ներքևում, իսկ ներքևինը` վերևում: Ըստ որում, իմիտացիան S կետից շարադրվում է հակառակ ուղղությամբ (crabs)` հնչյուն առ հնչյուն ճշգրտությամբ վերարտադրելով ողջ անցած ճանապարհը, ասես, ժամանակի ընթացքին հակառակ:
Բերված օրինակը կարելի է դիտել որպես մոդելավորում կոսմոլոգիական ժամանակակից այն տեսության, որը նկարագրվեց վերը: Իսկապես, ընդլայնվող տիեզերքը, որը համաձայն ժամանակակից պատկերացումների` ինչ-որ պահի շարժվելու հետ (crabs) մեկ առ մեկ անցնելով նախկինում արդեն անցած բոլոր փուլերը, ըստ էության, այն աստիճան եզակի երևույթ է բնության մեջ, որ դժվար է դիմադրել գայթակղությանը նույնացնելու այն մեկ ուրիշ, այս դեպքում, երաժշտական արվեստում հաճախ հանդիպող խեցգետնաքայլ շարժման հետ` դիտելով վերջինս որպես կոսմիկական այդ երևույթի երաժշտական մոդելավորում: